Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՊԱՐՏԱԴԻ՞Ր ԵՆ

Հունվար 31,2006 00:00

«Առավոտի»
նամակագիրները անհանգստացած են Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներով Մի քանի
օրից Փարիզում կայանալիք Քոչարյան-Ալիեւ հանդիպումը եւ դրա ընթացքում հնարավոր բանակցությունները,
պարզվում է, անհանգստացնում են ոչ միայն քաղաքական գործիչներին: «Առավոտը» վերջին
օրերի ընթացքում ստացել է ղարաբաղյան կոնֆլիկտին առնչվող մի քանի նամակ, որոնցում
թերթին առաջարկվում է ավելի շատ անդրադառնալ բանակցությունների սեղանին դրված առաջարկներին
ու հնարավոր զարգացումներին: Իսկ մեկ այլ նամակագիր՝ ՀՀ քաղաքացի Վահե Գարոյանը խնդրում
է «այս հիմնախնդրով զբաղվող որեւէ մասնագետի՝ քաղաքականությամբ չզբաղվող քաղաքացու
համար մատչելի ձեւով պատասխանել խոհանոցային քննարկումների ընթացքում» առավել հաճախ
բարձրացվող հարցերին: Հարցերից մեկը պարոն Գարոյանը ձեւակերպել է այսպես.
«Գոյություն ունի տեսակետ, ըստ որի՝ ոչ բոլոր հաղթողներն են պահել իրենց գրաված տարածքները:
Օրինակ, 1735-1739 թթ. ռուս- թուրքական պատերազմից հետո, հաղթելով կռվի դաշտում,
ռուսական դիվանագիտությունը չկարողացավ ամրապնդել իր հաղթանակը Թուրքիայի հետ բանակցությունների
ընթացքում եւ վերադարձրեց Ղրիմն ու այլ տարածքներ: Հարց՝ հետո ի՞նչ»: Նամակագիրն
ընդվզում է այս «նախադեպը դրոշակ դարձնելու» դեմ՝ հուսալով, որ «գուցե դա ռուսական
դիվանագիտության տգիտությո՞ւնն է եղել»: Հաջորդ հարցը, որին պատասխան է ակնկալում
մեր նամակագիրը, ավելի շուտ հռետորական է: Նա նախ հպարտությամբ փաստում է, որ «առաջին
անգամ թուրքերը մեզ հետ նստում են բանակցությունների սեղանի շուրջ, եւ առաջին անգամ
մենք խնդրողի դերում չենք», ապա ենթադրում. «Գուցե մեզ համար սա լավագույն հնարավորությո՞ւնն
է ժխտելու 1920թ. Անտանտայի գագաթաժողովում Բրիտանիայի վարչապետ Լոյդ Ջորջի խոսքերը.
«Եթե հայերն ի վիճակի չեն պաշտպանելու իրենց իսկ սեփական սահմանները, այդ ժողովրդից
ոչ մի օգուտ չկա, եւ դաշնակից կառավարություններից ոչ մեկը չի կարող օգնել նրանց
նույնիսկ մեկ գումարտակով»: Գուցե սա փորձությո՞ւն է՝ կկարողանա՞նք դիմակայել ճնշումներին,
արդյոք միանշանա՞կ է, որ փոխզիջումներն անխուսափելի են»: Մյուս երկու նամակները
(ընդ որում, դրանցից երկուսը, ակնհայտորեն, հեղինակված են միեւնույն անձնավորության
կողմից, քանի որ մեկը մեկին կրկնվում են որոշ պարբերություններ) ստացել ենք Մուրադյան
Աննայից եւ Բեգունց Աննայից: Նամակագիրներն անհանգստանում են Արցախի շուրջ խաղաղապահ
զորքեր կանգնեցնելու հեռանկարից: «Մի՞թե հայերը թեկուզ մի անգամ իրենց պատմության
ընթացքում չեն կարող սովորել ուրիշների սխալների վրա: Մի՞թե բավական չէ Կոսովոյի
սերբական բնակչության ողբերգական փորձը, երբ խաղաղապահները նրանց ոչ միայն չպաշտպանեցին,
այլեւ քաջալերեցին ալբանական զինյալներին՝ խաղաղ բնակչության վերացման գործում: Արցախում
խաղաղությունը մենք վաստակել ենք հսկայական արյամբ եւ անջնջելի կորուստների գնով,
եւ ոչ ոք իրավունք չունի սպառնալիքի տակ դնել Արցախի հայերի ապագան՝ հանուն այսրոպեական
քաղաքական շահերի»,- գրում են Աննաները, որոնցից Մուրադյանը ներկայանում է. «Ես հասարակ
հայուհի եմ, 27 տարեկան եւ ներկայումս ապրում եմ ՌԴ-ում: Ինձ համարում եմ իսկական
հայուհի եւ չեմ կարող անտարբեր նայել, թե ինչպես են իմ Հայրենիքի գլխին ամպեր կուտակվում:
Զգո՛ն եղեք, շուտով կկայանա ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որտեղ ծրագրվում
է որոշել Արցախի մի քանի շրջանների հանձնումը, ինչը կբերի ՀՀ-ի՝ որպես պետության,
լիակատար պարտության եւ հետագայում կիրականանա թշնամիների հնագույն երազանքը՝ ՀՀ-ն
կվերանա աշխարհի երեսից»: Իսկ Բեգունց Աննան նաեւ վերլուծում է. «Խաղաղապահների մուտքը
Արցախի հարավ Իրանի կողմից կընկալվի որպես իրենց վրա հյուսիսից (որտեղ Իրանի դիրքերն
ավելի թույլ են) հարձակվելու Արեւմուտքի նախապատրաստություն: Այդ դեպքում ամբողջ
ՀՀ-ն եւ Արցախը կդառնան Իրանի համար թիրախ: Իրանա-ամերիկյան հակամարտության դեպքում
կողք չեն քաշվի Թուրքիան, Ադրբեջանը, ՌԴ-ն, եւ յուրաքանչյուրս հասկանում է, որ նման
վիճակում ՀՀ-ն ոչ թե անկախությունը չի պաշտպանի, այլ կդադարի գոյություն ունենալ:
Այսօր հայ-ադրբեջանական հակամարտության գծում հայերն ունեն օպտիմալ դիրքեր: Իսկ մեր
զինված ուժերի նահանջը կբերի ծախսերի աճի, դիրքերի թուլացման, իսկ պատերազմի դեպքում,
որով մեզ սպառնում են հարեւանները՝ աննպաստ դիրքերի»: Գրեթե նույն փաստարկներն
է բերում երեկ «Առավոտին» դիմած Արամ Խալդյանը: Ըստ նրա, Արցախի ազատագրված տարածքներում
խաղաղապահ զորքերի տեղակայմամբ «հայկական բանակը խոստովանում է, որ ինքը ընդունակ
չի պաշտպանել հայ ազգի անվտանգությունը, իսկ դա նշանակում է, որ հայ ժողովուրդը կորցնում
է իր վերջին հպարտությունը»: Եվ վերջապես, մեր նամակագիրը՝ Արմեն Խանոյանցը
շեշտում է, որ անթույլատրելի է ազատագրված տարածքները հանձնելը՝ «ինչ-որ մշուշոտ
հանրաքվեի խոստման դիմաց», քանի որ «այդ տարածքների յուրաքանչյուր մետրը հայերի արյամբ
է թաթախված, ովքեր մահացան՝ գիտակցելով անվտանգության գոտու կարեւորությունը խաղաղության
համար: Անվտանգության գոտու առկայությունը միակ երաշխիքն է, որ հայերի արյունն այլեւս
չի թափվի»: Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել