Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղնիքդ անուշ, քաղաքապետ

Հունվար 31,2006 00:00

Երեկ դատարանը մերժեց Նոյեմբերյանի քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանի հայցն ընդդեմ «168 ժամ» թերթի:

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, սկսվեց Նոյեմբերյանի քաղաքագլուխ Սերյոժա Ամիրաղյանի հայցի քննությունը: Նա դատի էր տվել «168 ժամ» թերթին՝ պահանջելով հերքում տպագրել անցյալ տարի նոյեմբերի 26-28-ին հրապարակված «Շենքը նվիրել են ավագանուն» վերնագրով հրապարակմանը: Հրապարակման հեղինակները Նոյեմբերյանի բնակիչներն էին, որոնք, ըստ թերթի, բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին եւ ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանին: Քաղաքապետն իր հերթին չէր հավատում, որ Նոյեմբերյանից ինչ-որ մեկը կգա թերթի խմբագրություն. «Բերեք նրան՝ ես իմ հրաժարականը կտամ: Ո՞վ է եղել այդ մարդը, որ նման տեղեկություն է հաղորդել թերթին: Աղբյուրն եմ ուզում իմանալ: Մի երկու հատ պախարակենք-պրծնենք»: Դատարանում քաղաքապետը ուներ երկու ներկայացուցիչ՝ Վարդան Խեչյանը եւ Սոնա Գուլքանյանը: Իսկ «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանի շահերը ներկայացնում էր փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

Քաղաքապետի իրավախորհրդատուն՝ Վ. Խեչյանը դատարանին ներկայացրեց 2006թ. հունվարի 27-ի անշարժ գույքի կադաստրի Նոյեմբերյանի տարածաշրջանային (Նոյեմբերյանի մասնաճյուղի) գրությունն այն մասին, որ հոդվածում վիճարկվող շենքը, այն է՝ Կոմիտասի 1 հասցեում գտնվող բաղնիքի նկատմամբ գործարքներ չեն կատարվել, այն գտնվում է քաղաքապետարանի ենթակայության ներքո, հետեւաբար բաց նամակում տպագրված տեղեկությունը, թե շենքը նվիրել են ավագանուն՝ իրականությանը չի համապատասխանում: Դատարան ներկայացված հայցը ձեւակերպված էր այսպես. «պատվի, արժանապատվության, գործարար համբավի»: Երբ թերթի ներկայացուցիչը ասաց, թե դրվագ առ դրվագ ներկայացրեք, որ ոտնահարվել է ձեր պատիվը, ձեր արժանապատվությունը եւ գործարար համբավը, կողմը դարձյալ մեջբերեց բաց նամակի տեղեկությունը, ըստ որի, բաղնիքի շենքը քաղաքապետը նվիրել է իր նախընտրական շտաբի ներկայացուցիչներից մեկին: Ըստ Լեւոն Բաղդասարյանի, թերթում արգելվում է գրաքննություն եւ ցանկացած քաղաքացի օգտվում է խոսքի ազատության իր իրավունքից: «Օրենսդրության մեջ չկա մի դրույթ, որով արգելվեր նման բովանդակության բաց նամակը»: Նա ներկայացրեց նաեւ, որ թերթի խմբագրությունը ստացել է քաղաքապետի գրությունը, որը որպես այլընտրանքային կարծիք, տպագրվել է նույն թերթում:

«168 ժամի» գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը դատարանին հայտնեց, որ իրենք ստանում են թե բանավոր, թե գրավոր դիմումներ, նամակը եղել է պատշաճ, ստորագրված եւ ինքը պարտավոր չէ հայտնել աղբյուրը՝ նամակագիրների անունները, քանի որ տվյալ բաց նամակը չի սպառնում հանրային շահերին եւ անվտանգությանը: Երբ տեղից ռեպլիկներ էր նետում քաղաքապետը, այդ ժամանակ չդիմացավ դատավոր Գ. Կարախանյանը, ասելով. «Իմացեք, էս ձեր քաղաքապետարանում չեք եւ առանց թույլտվության մի խոսեք»: Քաղաքապետի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց «Հայփոստից» մի գրություն, ըստ որի՝ «168 ժամը» Նոյեմբերյանում ստանում են 3 օրինակ, իսկ մնացածը սպառվում է փոստային բաժանմունքներում: Թերթի՝ հերքումից հրաժարվելը նա դիտեց «ինչ-որ ձեւով թերթը փորձում է բաժանորդային ծավալները մեծացնել»:

Դատարանը մերժեց հայցը, իսկ «Առավոտի» այն հարցին, թե արդյոք քաղաքապետը բողոքարկելո՞ւ է կայացրած վճիռը վերադաս ատյանում, Ս. Ամիրաղյանը պատասխանեց. «Վերաքննիչն ինձ պետք չի: Ես կդիմեմ համապատասխան մարմիններին՝ քրեական գործ հարուցել: Էլ ի՞նչ թուղթ բերեմ, որ հավատան, որ բաղնիքը տեղից չի շարժվել»: Ի դեպ, նա Հանրապետական կուսակցության անդամ է:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031