Լրահոս
Օրվա լրահոսը

Մերկապարուհի չդարձան

Փետրվար 25,2006 00:00

Հայաստանում ապօրինի շահագործման են ենթարկել ուկրաինուհիների
Ուկրաինայի բնակչուհիներ Վիկտորյա Լուկյանենկոն եւ Տատյանա Մալաշենկոն 2005թ.
հուլիսին ժամանում են Երեւան՝ գիշերային ակումբում մերկապարուհի աշխատելու միջոցով
գումար վաստակելու, թեեւ մերկապարով նախկինում չէին զբաղվել: «Զվարթնոց» օդանավակայանում
նրանց դիմավորում է Մասիս քաղաքում գտնվող «Էլիզա» գիշերային ակումբի տնօրեն Սոս
Մելիքսեթյանը, որը, նախնական համաձայնության գալով Ուկրաինայում ժամանակավորապես
բնակվող ՀՀ քաղաքացի Աշոտ Հովսեփյանի հետ, վերջինիս խնդրել էր մերկապարուհիներ հավաքագրել:
Մատուցած ծառայության համար Սոս Մելիքսեթյանը Աշոտ Հովսեփյանին յուրաքանչյուր պարուհու
համար խոստացել է 150 դոլար, իսկ աղջիկներին առաջարկել է համապատասխան աշխատանքային
պայմանագրով յուրաքանչյուր ամիս 700-ից 1000 դոլար վճարել: «Ընկերուհուս՝
Յուլյա Մագալյասի միջոցով ծանոթացել եմ Աշոտ Հովսեփյանի հետ, որը որպես միջնորդավճար
յուրաքանչյուր ամիս 100 ԱՄՆ դոլար ստանալու պայմանով առաջարկեց մեկնել Հայաստան եւ
1000 ԱՄՆ դոլար աշխատավարձով մերկապարուհի աշխատել գիշերային ակումբում: Աշոտը հայտնեց,
որ փոխադրման, ապրելու, սնվելու ծախսերը կհոգա ակումբի ղեկավարությունը, որը որեւէ
կերպ չի սահմանափակի իմ իրավունքները եւ ցանկության դեպքում հնարավորություն կտա
անարգել վերադառնալ հայրենիք: Մերկապարի հետ առնչություն չունենալով՝ նյութական ծանր
վիճակից ելնելով համաձայնեցի 2 ամիս աշխատել»,- պատմում է 16-ամյա Վիկտորյա Լուկյանենկոն:
Սեպտեմբերին Աշոտ Հովսեփյանը Հայաստան է ուղարկում եւս երկու ուկրաինուհու՝
Դիաննա Գալավանովային ու Ելենա Վինիկովային: Չորս կանանց Սոս Մելիքսեթյանը տեղավորում
է գիշերային ակումբին կից «Արգիշտի» հյուրանոցային համալիրում: Չկորցնելու պատրվակով
նրանցից վերցնում է անձնագրերն ու հայտնում, որ աշխատանքային պայմանագիր չի կնքելու,
1000 դոլար աշխատավարձը չի վճարելու եւ վաստակած գումարը բաժանելու է հավասարապես՝
50-50 տոկոսադրույքով: «Քանի որ նախկինում մերկապարով չէի զբաղվել, համապատասխան
հագուստներ չունեի, ուստի Սոսը ձեռք բերեց դրանք ու որպես պարտք ամրագրեց իմ եւ ընկերուհիներիս
վրա: Բացի այդ, հայտնեց, որ փոխադրման ու այլ ծառայությունների համար մեր վրա կատարված
ընդհանուր ծախսը կազմել է 3000 դոլար, պահանջեց որպես պարտքի մարում յուրաքանչյուր
օր աշխատած գումարը թողնել ակումբում, եւ համաձայնեց ազատ արձակել միայն պարտքն ամբողջությամբ
մարելու պայմանով: Ես հրաժարվեցի այդ պայմաններով աշխատել եւ պահանջեցի ինձ վերադարձնել
հայրենիք, սակայն Սոսը մերժեց: Ստիպված՝ օգոստոսի 2-ից մինչեւ նոյեմբերի 15-ը աշխատեցի,
իսկ նոյեմբերի 15-ին ոստիկանության աշխատակիցները «Արգիշտի» հյուրանոցից մյուս երեք
ուկրաինուհիների հետ ինձ տեղափոխեցին ոստիկանություն»,- արդեն ոստիկանությունում
տված ցուցմունքում գրել է անչափահաս Վիկտորյան: Նոյեմբերի 18-ին ՀՀ գլխավոր
դատախազությունը քրեական գործ հարուցեց «Մելջուլսան» ՍՊԸ-ին պատկանող «Էլիզա» գիշերային
ակումբի տնօրեն Սոս Մելիքսեթյանի դեմ մարդկանց ապօրինի առեւտրի համար: Արարատի մարզի
առաջին ատյանի դատարանը Սոս Մելիքսեթյանին դատապարտեց երկու տարվա ուղղիչ աշխատանքների:
Աշոտ Հովսեփյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ԼԻԱՆԱ
ՍԱՅԱԴՅԱՆ. www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել