Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՆՈՐԻՑ ՍՏՈՐԱԳՐԵԼ

Փետրվար 28,2006 00:00

Նման
խոստում ստացանք երկու պատգամավորից, որոնք արդեն իսկ հրաժարվել են Սահմանադրական
դիմումի ներքո իրենց ստորագրությունից: Երեկ ԱԺ-ի դիմաց ցույցի էր դուրս եկել
Հյուսիսային պողոտայի ու Բուզանդի փողոցի նախկին բնակիչներին, նաեւ Դալմայի այգիների
վարձակալներին միավորող «Պետական կարիքների զոհեր» կազմակերպությունը՝ բողոքելով
այն պատգամավորների դեմ, ովքեր ՍԴ-ից ետ էին վերցրել իրենց ստորագրությունները: Կազմակերպության
ղեկավար Վաչիկ Հակոբյանը ստորագրություններից հրաժարված 6 պատգամավորներից հատկապես
առանձնացրեց Կենտրոնի ընտրված պատգամավոր Վլադիմիր Բադալյանին, որը պատճառաբանել
էր, թե այլեւս «ամեն ինչ ավարտվել է, որեւէ բան ետ բերել հնարավոր չէ»: Վաչիկ Հակոբյանը
հեռակա հարց ուղղեց նրան. «Բա էլ ինչի՞ համար եք դուք՝ չպիտի՞ պաշտպանեք Կենտրոնի
բնակիչների շահերը»: Զարմանք հայտնեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ
Ռաֆիկ Պետրոսյանի պատճառաբանության կապակցությամբ, թե ստորագրել է, առանց տեղյակ
լինելու ՍԴ դիմումի ձեւակերպմանը. «Ո՞նց կարող է իրավաբանը ստորագրել առանց կարդալու:
Կարող է՝ այդ ստորագրությամբ իր տունն էլ էին խլում իրենից»: «Ժողպատգամավոր» խմբի
քարտուղար Վահրամ Բաղդասարյանի պատճառաբանությանն էլ, թե ստորագրել էր 6 ամիս առաջ,
երբ իրոք լուրջ խնդիր կար, իսկ այժմ իրեն դիմած «բնակիչներն իրենք էին ասում, որ
բավարարված են»՝ Վաչիկ Հակոբյանն առարկեց. «Սո՛ւտ է ասում: Բուզանդի փողոցի վերջին
բնակիչներին հազիվ 10 օր առաջ ծեծելով գցեցին դուրս… Քանի տարի է՝ պայքարում ենք,
ոչնչի չենք հասել, ոչ մեկը չի ստացել համարժեք փոխհատուցում»: Ցուցարարների հետ պատգամավորներից
հանդիպեց միայն ստորագրահավաքի կազմակերպիչը՝ «Արդարություն» խմբակցության անդամ
Վարդան Մկրտչյանը: Ըստ Վաչիկ Հակոբյանի՝ իրենց հետ զրուցեց նաեւ ԱԺ իրավաբանական
ծառայության ղեկավարը, որը խոստացավ արծարծված խնդիրների մասին զեկուցել ԱԺ նախագահին
եւ հաջորդ օրը տեղեկացնել արդյունքների մասին: Իսկ մինչ այդ՝ դարձյալ զրուցեցինք
այն պատգամավորների հետ, ովքեր հրաժարվել էին իրենց ստորագրություններից: Պարզվեց,
որ ասենք «Ժողպատգամավոր» խմբի անդամ Լեւոն Խաչատրյանն այս թեմայով իրենց վերաբերյալ
ծաղրանկարները փակցնում է առանձնասենյակի պատին: Մեր հարցին, թե քաղաքացիների բողոքի
ցույցն իրեն չի՞ մտահոգում՝ պատասխանեց. «Դիմումի ներքո ստորագրել էինք 7-8 ամիս
առաջ: Եվ համոզված էինք, թե այդ փաստաթուղթը այն ժամանակ պիտի դրվեր շրջանառության
մեջ: Բայց անցել է այսքան ժամանակ, եւ առանց ինձ տեղյակ պահելու խնդիրների ավելանալու
կամ պակասելու մասին… Չգիտեմ, այդ հարցերն 9 ամիս անց լուծվե՞լ են, ի՞նչ փուլում
են: Ես համարեցի անբարոյական, որ իմ կարծիքը շրջանցել են, ինձ հետ լրացուցիչ չեն
խորհրդակցել եւ չեն համաձայնեցրել»: Մեր նկատառմանը, թե 9 ամիս անց էլ չի փոխվել
իրավիճակը՝ իրենց սեփականությունից հարկադիր զրկված մարդիկ չեն ստացել համարժեք փոխհատուցում՝
Լեւոն Խաչատրյանը պատասխանեց. «Ինձ պետք է ներկայացնեին՝ 9 ամիս հետո հրատա՞պ են
նույն խնդիրները: Ես չգիտեմ դա՝ Կենտրոնն իմ ընտրատարածքը չէ»: Մեր հարցին՝ եթե տեղեկանա,
որ նույն խնդիրները մնացել են՝ դարձյալ կստորագրի՞, պրն Խաչատրյանը պատասխանեց. «Այո՛,
կստորագրեմ: Թող հիմա հավաքեն ստորագրություններ. այդ ժամանակ կտեսնենք՝ ով կստորագրի,
ով՝ չէ»: Արծրունի Ղալումյանը մեզ վստահեցրեց, թե իրեն ստորագրությունը ետ
վերցնել չեն պարտադրել, իսկ հրաժարվելն այսպես բացատրեց. «Հիմնականում այն էր պատճառը,
որ 6-7 ամիս ձգվել էր»: Նույն հարցին, թե մի՞թե այդ ընթացքում որեւէ բան փոխվել էր
այդ մարդկանց վիճակի մեջ՝ պրն Ղալումյանը պատասխանեց. «Չէր փոխվել ու չէր էլ փոխվելու»:
Իսկ Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Եթե որոշ մարդիկ խնդիրներ ունեն՝ իմ հայտարարությունը
նրանց չի վերաբերել: Արդեն ասել եմ, որ ստորագրությունները հավաքել են 8-9 ամիս առաջ:
Այդ ժամանակ ինձ դիմել էին 2 քաղաքացի, ես նրանց ուղարկել եմ քաղաքապետարան, կադաստրի
վարչություն՝ ճշտումների համար: Եվ նրանք այժմ արդեն բավարարված են, հարցը լուծված
է: Իմ ասածն այդ է եղել: Կարող են այժմ էլ 1-2 կամ 5 հոգի դժգոհ լինել: Դա չի նշանակում,
թե բոլորի հարցը չի լուծվել կամ բոլորի հարցը լուծվել է: 9 ամիս հետո ստորագրություններ
հանձնողը նախ պետք է գար նորից համաձայնեցներ՝ մենք տեղյակ էլ չենք եղել, որ այդ
ստորագրությունները դեռ ուժի մեջ են: Կարելի էր թարմացնել ստորագրությունները: Ես
պատրաստ էի նորից ստորագրել, եթե խնդիր լիներ: Բայց առանց մեր գիտության՝ 9 ամիս
հետո տարել-հանձնել է»: Մեր նկատառմանը, թե աշնանը ՍԴ դիմելու համար մինչ սահմանադրական
փոփոխությունները 44 ստորագրություն էր հարկավոր, այդ հիմա է բավական 27-ը՝ Վահրամ
Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Դե, ուրեմն, նորից կհավաքեինք 27-ը: Խնդիրը հիմնավորված
ներկայացնելու դեպքում՝ կրկնում եմ, նորից եմ պատրաստ ստորագրել»: Նշենք, որ Վարդան
Մկրտչյանը երեկ խոստացել է, թե շարունակելու է ստորագրահավաքի գործընթացը: Հուսով
ենք, որ պատգամավորները այս անգամ էլ չեն հրաժարվի իրենց խոստումից: Որքան էլ հակառակը
պահանջեն վարչապետը կամ Երեւանի քաղաքապետը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728