Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը հույսը չի կորցրել

Փետրվար 28,2006 00:00

Նա իր մասին մեզ կհիշեցնի մարտին

2005-ի տարեվերջին հասարակության կողմից լքված ընդդիմությունը, մասնավորապես՝ «18»-ի միավորման շրջանակներում, հայտարարում էր, թե 2006-ի հունվարի վերջերին նոյեմբերի 27-ի հանրաքվեով սկիզբ դրված «շարժման» նոր փուլ է սկսելու, ձեւավորելու է «Քաղաքացիական նախաձեռնություն», որը լինելու է ընդդիմության գործողությունների գլուխն ու ուղեղը: Հունվարն ու փետրվարն անցան, իսկ ընդդիմության այս նախաձեռնության մասին հասարակությունը, թերեւս, չի էլ հիշում:

Երեկ ընդդիմադիր, դեռեւս վերջնականապես չտրոհված այս ձեւաչափի՝ «18»-ի անդամ կուսակցության՝ «Ժողովրդավարական Հայրենիքի» նախագահ Պետրոս Մակեյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, թե ընդդիմության պասիվությունը միայն թվացյալ է այն իմաստով, որ նա հրապարակային ակտիվ գործողություններ առայժմ չի ձեռնարկում: Բայց իրականում, ըստ պարոն Մակեյանի, ընդդիմությունը ձեռքերը ծալած չի նստել. «Ընդդիմությունը, ի դեմս իր տարածքային կառույցների, զբաղված է կազմակերպչական խնդիրներով եւ «Քաղաքացիական նախաձեռնության» ձեւավորմամբ: Մենք առայժմ հաշվառում ենք մարզերում մեզ համակրողներին, ովքեր կարող են դառնալ քաղաքացիական նախաձեռնության պոտենցիալ անդամներ: Կարծում եմ, այս շաբաթ ընդհանուր հայտարարի կգանք, եւ առաջիկա օրերին, երեւի մինչեւ մարտի 15-ը, նախաձեռնող խմբի մեծ հավաք կլինի»: Պ. Մակեյանի հավաստմամբ, այն, ինչով հիմա զբաղված է ընդդիմությունը, նրա ծրագրերի միայն առաջին փուլն է, իսկ «երկրորդ փուլում ընդդիմությունը կայցելի մարզեր եւ կփորձի այդ մարդկանց ներգրավել սկսված պրոցեսում»: Ի պատասխան մեր այն հարցադրմանը, թե՝ արդյո՞ք անցյալ տարեվերջին ընդդիմության անարդյունավետ գործողություններից հետո մարդիկ կրկին կհավատան ընդդիմությանն ու ձեռք կմեկնեն նրան, առավել եւս, երբ ընդդիմության պնդմամբ, երկրում վախի մթնոլորտ կա, պրն Մակեյանն ասաց. «Կարծում եմ, իրավիճակն ինքը կթելադրի հաղթահարել վախի մթնոլորտը, մանավանդ, որ բոլորովին էլ միանշանակ չէ՝ ժողովո՞ւրդն է իշխանություններից վախենում, թե՞ հակառակը»:

Կուսակցության նախագահի պնդմամբ, ընդդիմության ակտիվ գործունեության համար հիմա պարարտ հող եւ նպաստավոր պայմաններ կան. «Նախ, ժողովրդի վերաբերմունքը իշխանությունների հանդեպ ինչպես եղել, այնպես էլ մնում է, եւ նա պատրաստ է իշխանափոխության համար գործողությունների: Մյուս կողմից, Ղարաբաղի հարցում իշխանությունները, մեղմ ասած, փակուղային վիճակում են հայտնվել, բացի այդ, գազի սպասվող թանկացումը, արտաքին ազդակները շատ նպաստավոր են ընդդիմության համար»:

Արդյո՞ք ընդդիմությունը հավատարիմ է մնալու իր հանրահավաքային մարտավարությանը:

«Մենք քննարկում ենք հնարավոր բոլոր տարբերակները, բայց ընդհանուր մոտեցում դեռ չի ձեւավորվել: Իհարկե, ինչ-որ փուլում հանրահավաքները, կարծում եմ, պարտադիր են լինելու»,- կարծիք հայտնեց Պ. Մակեյանը:

Որքան հայտնի է, ընդդիմությունը միատարր չէ անգամ «18»-ի շրջանակներում:

«Ընդհանուր առմամբ, ընդդիմության շրջանակներում հիմա բանակցություններ են գնում գաղափարական հենքի վրա միավորումներ ձեւավորելու ուղղությամբ»,- պարզաբանեց կուսակցության նախագահը: Իհարկե, պարոն Մակեյանի համոզմամբ, այս փուլում «ռեժիմի դեմ ճիշտ է պայքարել համաժողովրդական, համազգային շարժում սկսելով: Սա՝ առաջին փուլում: Երկրորդ փուլում՝ իշխանափոխությունից հետո, բնականաբար, կուսակցությունները միավորումներ պետք է ձեւավորեն միմիայն գաղափարական ընդհանրություններից ելնելով»:

Բայց առայժմ, ինչպես Մակեյանն է ասում՝ առաջին փուլում ընդդիմության գերխնդիրը մինչեւ 2007թ.-ն էլի իշխանափոխություն անելն է. «Ամեն ինչ պետք է անել, որ խորհրդարանական ընտրությունները իշխանությունների նախատեսած սցենարով չգնան: Հակառակ դեպքում 2007-ը կլինի 2005-ի նոյեմբերի 27-ի կրկնությունը: Եթե սա չկարողանանք անել, ապա 2007-ի խորհրդարանական ընտրությունները ընդդիմությունը պետք է օգտագործի իրավիճակը երկրում վրացական սցենարով փոխելու համար»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել