Լրահոս
Օրվա լրահոսը

Գիծը բացեցին ու փակեցին

Փետրվար 28,2006 00:00

Չնայած ուղեւորների դժգոհությանը, երթուղու բիզնեսը մինչեւ 100 տոկոսանոց շահույթ չապահովի՝ նոր գիծ չեն բացի:

Տարիներ շարունակ Թբիլիսյան խճուղու բնակիչները դժգոհում էին, որ «Երիտասարդական» մետրո, Շրջանային գնացող երթուղի չկա եւ իրենք ստիպված են երկու տրանսպորտ փոխել: Քանի որ բուհերը հիմնականում տեղակայված են քաղաքի հենց այդ հատվածում, այս խնդիրը հատկապես ուսանողների գրպանին է հարվածում: Նոր երթուղի բացելու խնդրանքով բնակիչները բազմիցս դիմել են Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն, սակայն նրանց մերժել են՝ պատճառաբանելով, որ դա եկամտաբեր գիծ չէ, եւ որ երթուղու տերը վնասով կաշխատի: Բացի այդ, մայրաքաղաքի տրանսպորտի պատասխանատուները մատնացույց են անում Թբիլիսյան խճուղով անցնող մի քանի այլ միջմարզային երթուղիներ: Սակայն դրանք նախատեսված են սպասարկելու Կոտայքի մարզի ուղեւորներին ու մարզից գալիս են արդեն գերբեռնված եւ քաղաքի ուղեւորներին չեն վերցնում: Ավելին, ուշ ժամերին այդ միջմարզային երթուղայինները վերադառնալիս քաղաքի ուղեւորներից ուղեվարձը կրկնակի են գանձում՝ 200 դրամ, այլապես նախօրոք հորդորում են չնստել: Բնակիչների ինտենսիվ բողոքների արդյունքում «Ավտոբուս» ՓԲԸ-ն «Երիտասարդական» մետրո գնացող նոր՝ թիվ 23 երթուղագիծը բացեց, սակայն բնակիչների ուրախությունը կարճ տեւեց. մի քանի օրից գիծը փակեցին:

Խնդրի առնչությամբ «Ավտոբուս» ՓԲԸ-ի շահագործման գծով տնօրեն Սամվել Պողոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ նոր գիծ բացելը եղել է քաղաքապետարանի պահանջը, «ինչը բավարարելու համար ոչ թե նոր ուղեգիծ բացեցինք, այլ փորձարկման համար երկարացրինք արդեն գործող թիվ 23 ավտոբուսի երթուղին մինչեւ Շամպայն գինիների գործարան եւ հյուսիսային ավտոկայան: Այն Հարավ-արեւմտյան թաղամասից գնում է մինչեւ Աբովյան պուրակ: Սակայն բավականին ցածր ցուցանիշներ արձանագրվեցին եւ գերհագեցած երթուղային ցանցի պայմաններում թիվ 23 ավտոբուսի հետագա շահագործումը դարձավ անիմաստ: Վարորդները նույնիսկ վառելիքի գինը չհանեցին: Նրանց օրական եկամուտը հինգ հազար դրամ էլ չէր կազմում: Քաղաքապետարանը նույնպես մի քանի օր ուղեւորահոսքի չափագրում արեց եւ նույն բանում համոզվեց»: Ի դեպ, նշյալ հասցեով անցնող քաղաքային միակ երթուղայինը թիվ 96-ն է, որը սպասարկում է Ռադիոկայմից Կոմիտասով դեպի Գում գնացող երթուղին:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել