Լրահոս
Օրվա լրահոսը

ՁՄԵՌԱՅԻՆ 20-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ

Փետրվար 28,2006 00:00

Մարզական
մեկնաբաններ Սլավա Սարգսյանի ու Կարեն Գիլոյանի եզրափակիչ ռեպորտաժը Թուրինից Օլիմպիական
խաղերի նախավերջին օրը մեդալների վերջին հավաքածուն խաղարկեցին լեռնադահուկորդները:
Մեկնարկ ելավ 97 մարզիկ: Ծաղկաձորցի Աբրահամ Սարկախյանը վիճակահանությամբ հանել էր
95 համարը: Սահուղին շատ բարդ էր ու արագընթաց: Եվ հենց այդ պատճառով էլ շատերը,
իսկ ավելի ստույգ՝ 34 դահուկորդ վերջնագիծ չհասավ: Մեր մարզիկն իրեն զգում էր բավական
վստահ ու մրցատարածքը հաղթահարեց 1.10,69 վայրկյան արդյունքով: Դա թույլ տվեց Աբրահամին
հանդես գալ եզրափակիչ մրցահերթում: Մեր լեռնադահուկորդը փորձեց բարելավել որակավորման
փուլում ցույց տված իր արդյունքը: Ու դա ստացվեց: Ճիշտ է, մի պահ մրցուղու վերին
ու ամենաբարդ տեղանքում Աբրահամը երերաց եւ քիչ էր մնում դուրս գար մրցատարածքից,
բայց ուժերի լարմամբ պահեց իրեն ու վերջնագիծ հասավ 1.05, 52 վայրկյանում: Ի վերջո,
Սարկախյանը գումարային 2.16,21 արդյունքով ամփոփիչ աղյուսակում հանգրվանեց 46-րդ
հորիզոնականում: Մրցումից հետո նա ասաց, որ իրեն շատ են օգնել Ֆրանսիայում անցկացրած
ուսումնամարզական հավաքները եւ, իհարկե, հենց այստեղ՝ Սիստրիերիի մրցուղում անցկացրած
մարզումները, որոնք օգնեցին ավելի լավ ծանոթանալ օլիմպիական մրցուղու տեղանքին, բարելավել
վարպետությունը եւ հասնել այդպիսի արդյունքի: Աբրահամի մրցելույթը հայ օլիմպիականների
վերջին մասնակցությունն էր Թուրինում ավարտվող Խաղերին: Կիրակի օրը երեկոյան
ձմեռային 20-րդ օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողության ժամանակ կազմակերպված
շքերթում Հայաստանի դրոշը, ինչպես բացման ժամանակ, տանում էր գեղասահորդ Վազգեն Ազրոյանը:
Այսօր մեր օլիմպիական պատվիրակությունը վերադառնում է Երեւան: Օլիմպիական
խաղերի ամբողջ ընթացքում Թուրինի հետ ամենօրյա կապը պահպանեց մեր մարզական մեկնաբան
Աշոտ Հակոբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել