Լրահոս
Օրվա լրահոսը

«TV-ՆԵՐԸ

Փետրվար 28,2006 00:00

«TV-ՆԵՐԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՈՑ ԵՆ» Ցեղասպանության մասին ֆիլմը ցուցադրելու համար ճանաչված կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանից հովանավոր են պահանջել: Կինոռեժիսորի հետ հերթական զրույցն ունեցանք հայ կինոյի ներկա պրոբլեմների մասին: Սկզբում անդրադարձանք հետեւյալ իրողությանը: Օրինակ, քաղաքակիրթ երկրների մայրաքաղաքների կենտրոններում գտնվում են տվյալ ազգի խորհրդանիշերը՝ Ազատության արձանը, Էյֆելյան աշտարակը եւ այլն: Երեւանի կենտրոնում Լենինի արձանը փոխարինվեց հսկայական խաչով, վերջինն էլ՝ մեծ էկրանով, որն արդեն տարիներ շարունակ ռեկլամներով (այդ թվում՝ թուրքական արտադրանքի), ոչ բարձրակարգ հայկական երգերով եւ այլնով «զարդարում» է մեր մայրաքաղաքի կենտրոնը: Գուցե այդ մեծ էկրանը օգտագործվեր հայ կինոռեժիսորների ֆիլմերի գովազդման միջոց, ինչից դեռեւս ձեռնպահ են մնում հայաստանյան TV-ները: Տ. Խզմալյանի ֆիլմերը, որ մասնակցում ու մրցանակներ են շահում Լոնդոնից Տորոնտո, Մոսկվայից Ստամբուլ, չգիտես ինչու, չեն հետաքրքրում մեր TV-ներին: 2005թ. համաշխարհային մուլտիմեդիայի շրջանակներում (Թունիս), ուր ներկա էին 50 պետությունների նախագահներն ու վարչապետները, Անդրանիկ Մարգարյանը ստացավ Տ. Խզմալյանի «Արամ Խաչատրյան» ֆիլմի շահած գլխավոր մրցանակը՝ որպես աշխարհի լավագույն մշակութային նախագիծ: Անգամ այս դեպքում մենք հնարավորություն չենք ունեցել էկրաններին կամ TV-ներով դիտել այդ ֆիլմը: Այս առիթով մեր զրուցակիցն ասաց. «Փաստորեն՝ որեւէ բան տեղի չունեցավ ոչ իմ կյանքում, ոչ մեր երկրի կինոարվեստում: Իսկ եթե ֆիլմ նկարահանեի Արամ Ասատրյանի մասի՞ն…»: Մեր զրուցակիցը համոզված է, որ կինոն արվեստի այն տեսակներից է, որտեղ պետք է լինի պետության շունչը: «Մինչդեռ չկա մեր երազած հասարակությունը, գաղափարախոսությունն ու պետությունը: Փոխարենը հարկային տեսուչների, կաշառակերների հավաքածու է: Մեծ խելք ունենալ պետք չէ՝ հասկանալու, որ նրանց քիչ է հետաքրքրում կինոարվեստը: Չեխովը իր օրագրի էջերում գրել է՝ քանի Տոլստոյը ողջ է՝ ամոթ է սրիկայություն անել: Ինչպես ցույց են տալիս վերջին տարիները, Հայաստանում այլեւս ամոթ չէ լինել սրիկա»: Մեր զրուցակիցը նշելով, որ կինոն, ինչպես արվեստի մյուս տեսակները, հաղորդակցության միջոցներ են, հիշեցրեց, որ հենց կինոն ստեղծեց կինոթատրոնները. «Ցավոք, հիմա դահլիճներից կինոն տեղափոխվել է TV-ներ: Չմոռանանք, որ հեռուստատեսությունը, որ ստեղծվել էր իբրեւ զանգվածային լրատվության միջոց, դադարել է ու վերածվել զանգվածային առեւտրի միջոցի»: Ինչ վերաբերում է Երեւանի կենտրոնում գտնվող մեծ էկրանին, պարոն Խզմալյանը կատակով ասաց, որ սարսափեցնող նմանություն է տեսնում աշխարհահռչակ Ջորջ Օրվելի 1948-ին գրված «1984» վեպի հետ, որտեղ պետությունը TV-ների «հսկող աչքերի»՝ թաքնված տեսախցիկների միջոցով կոնտրոլ էր անում ամեն անհատի ու ամեն ինչ: Հետաքրքրությանը՝ հնարավոր չէ՞ մեր կինոթատրոններում ցուցադրվող ֆիլմերից առաջ ներկայացնել հայ ռեժիսորի որեւէ վավերագրական, ընդամենը մի քանի րոպեանոց ֆիլմ, եւ ինքը նման խնդրանքով դիմե՞լ է TV-ներին, պարոն Խզմալյանը հայտնեց. «Այսօր մեր կինոթատրոններում ֆիլմերից առաջ արվում են միայն գեղարվեստական ֆիլմերի գովազդներ: Ցեղասպանության 90-րդ տարելիցի առիթով «Արմին Վեգներ՝ ցեղասպանության լուսանկարիչը» ֆիլմիս ցուցադրման համար դիմել էի TV-ներին: Պարզվեց, որ պետք է գտնեի ցեղասպանությունը գովազդող հովանավոր, որպեսզի այն ցուցադրվեր, ինչին, բնականաբար, չգնացի»: Իսկ ինչպե՞ս պետք է մեր կինոարտադրանքը ցուցադրվի եւ պրոպագանդվի Հայաստանում՝ հարցի առնչությամբ Տ. Խզմալյանն ասաց. «Ամեն մեկս առանձին եւ բոլորս միասին նախ պետք է ստեղծենք քաղաքացիական հասարակություն: Միայն այդ դեպքում կհասնենք նպատակ կոչվածին ոչ միայն կինոարվեստում: Այդ գործընթացը 70-ականներին սկսվեց, 88-ին հասնելով գագաթնակետին՝ հասկանալի պատճառով ընդհատվեց»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Ուղիղ մեկ տարի է, ինչ Տ. Խզմալյանից հետո հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայի տնօրենն է բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը: Նա հրաժարվեց ասել, թե իր պաշտոնավարության օրոք քանի ֆիլմ է նկարահանվել, պատճառաբանելով, որ ամեն ինչ պատրաստվում է հայտնել առաջիկայում հրավիրվելիք մամլո ասուլիսում: Ի դեպ, Տ. Խզմալյանի օրոք՝ 1997-2005թթ. տարեկան նկարահանվել է 3-4 ֆիլմ, որոնց մի մասը 10 միջազգային մրցանակի է արժանացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել