Լրահոս
Օրվա լրահոսը

2007-ԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԽԱԼ Է

Մարտ 31,2006 00:00

Ասում
է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը Հայաստանյան ընդդիմությունն
անցած տարիների ընթացքում ժամանակ առ ժամանակ իշխանափոխություն իրականացնելու հարցում
իր հաջողությունները պայմանավորում էր նաեւ արտաքին ուժերի կամ այլ կերպ ասած` «դրսի»
աջակցությամբ: Ուստի իր որեւէ գործողության ծրագրի տապալումը ընդդիմությունը պայմանավորել
է ոչ միայն իշխանությունների ռեպրեսիվ գործողություններով, այլեւ «դրսի» աջակցության
կամ չեզոքության հանգամանքով: Մյուս պայմանը, որի առկայությամբ է ընդդիմությունը
պայմանավորում իշխանափոխության հաջողությունը՝ ԼՂ հիմնախնդիրն է. արտաքին ճնշումներ՝
հարցը լուծելու համար, փաստաթղթի ստորագրում, որը բողոքի ժողովրդական ալիք կբարձրացնի,
կամ՝ չստորագրում, որի արդյունքում այդ «դուրսը» կփորձի ընդդիմության միջոցով փոխել
իշխանությունը: Ա. Կարապետյանի դիտարկմամբ, 2003-2005-ին արտաքին աշխարհը
Հայաստանով հետաքրքրված չէր: Նա զբաղված էր այլ խնդիրների լուծմամբ, ուստի Հայաստանում
տիրող հարաբերական կայունությունը նրան ձեռնտու էր հատկապես ԼՂ խնդրի լուծման համատեքստում:
Միջազգային հանրությունը, ըստ պարոն Կարապետյանի, չէր ուզում Հայաստանով զբաղվել
այնքան ժամանակ, քանի դեռ գոնե թվացյալ կայունություն կար՝ իշխանությունն ուժեղ է,
ընդդիմություն գոյություն չունի: Արտաքին աշխարհին թվում է, որ Հայաստանը պետք է
շարժվի էվոլյուցիոն ճանապարհով, որովհետեւ իրավիճակն է այդպիսին՝ պայքարողների բազմությունը
չկա: Նա պատրաստ էր հանուն ԼՂ խնդրի լուծման աչք փակել մեր ժողովրդավարության ցածր
մակարդակի վրա: «Հիմա Հայաստանում նոր իրավիճակ է: Կա Իրանի հարց, ու մենք
տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր հետապնդող երկրների համար դարձել ենք հետաքրքիր:
Ընդ որում, այս դեպքում էլ Հայաստանը չէ, որ հետաքրքրել է աշխարհին: Այդ հետաքրքրությունը
ծագեց այն ժամանակ, երբ առաջացան Իրանի խնդիրը ու դրա հետ կապված ԼՂ հիմնախնդրի լուծման
անհրաժեշտությունը: Որքանով այս խնդիրներն օրակարգում կլինեն եւ Հայաստանն էլ հետաքրքիր
կլինի, այնքանով աշխարհաքաղաքական զարգացումները կհանգեցնեն Հայաստանի ներքին խմորումներին:
Հիմա եկել է պահը, երբ աշխարհը կհիշի այն ժամանակները, թե ինչպես Քոչարյանը
իշխանության եկավ, համոզված եղեք, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված հարցաշարին ստիպված
են լինելու պատասխանել ուրիշները»,- համոզմունք հայտնեց Ա. Կարապետյանը: Այս
դեպքում ո՞րը պետք է լինի հայաստանյան ընդդիմության անելիքը: «Այս իմաստով
ընդդիմությունն, իհարկե, անելիք ունի, բայց երկու շատ կարեւոր հանգամանք կա: Այն
ընդդիմությանը, որը պատրաստվում է 2007-ի ընտրություններին ու իշխանությունների հետ
պայմանավորվելով` ընդդիմության դեր է ուզում խաղալ, ուզում եմ ասել՝ շուտ եք սկսել:
Իշխանությունները նրանց «քցելու» են: 2003-ին Արա Աբրահամյանին բերեցին, ռամկավարների
հետ պտտացրին, վերջում «քցեցին»: Դա քաղաքական սխալ կլինի: Իմ կարծիքով, հիմա պատգամավորական
մանդատի համար կռիվ տալու ժամանակը չէ»,- հայտարարեց «Նոր ժամանակների» նախագահը:
Վերջինիս փոխանցմամբ, իր գլխավորած կուսակցության անելիքն ապագայի հաշվարկով
հստակ է՝ «եթե այս երկրում բան չփոխվի մինչեւ 2007-ը, ընտրություններ, որպես այդպիսին,
չեն լինելու»: Ա. Կարապետյանը հիշեցրեց, որ դեռեւս 2005թ.-ին կուսակցությունը
հայտարարել էր ապրիլից սկսել ազգային հեղափոխության ծրագրի իրագործումը: «Սեւանում
մեզ կրակոցներով են կանգնեցրել, բայց մենք այդ գործընթացը շարունակելու ենք: Մենք
դրանից ետ չենք կանգնել: Մենք ո՛չ իշխանությունների հետ պայմանավորվածությունների
ենք գնում, ո՛չ էլ ծախվում ենք: Ես առաջարկում եմ հետեւյալը. եթե աշխարհաքաղաքական
դաշտում սրացումներ լինեն, մենք պետք է պատրաստ լինենք իշխանությունը վերցնելու:
Կոնկրետ մեր կուսակցությունն ու մեր այն գործընկերները, ովքեր կհասկանան, որ իշխանությունների
հետ պայմանավորվելն անիմաստ է, կհամագործակցենք այս խնդրի շուրջ»,- իր մոտեցումները
շարադրեց Ա. Կարապետյանը: Պատասխանելով մեր այն հարցին, թե՝ «Նոր ժամանակներն»
այսօր բանակցո՞ւմ է արդյոք այլ կուսակցությունների հետ, ասաց. «Դեռ՝ ոչ: Ժամանակ
է պետք այդ ամենը հասկանալու համար: Իհարկե, կան կուսակցություններ, որոնց հետ հնարավոր
է համագործակցել սրա շուրջ»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել