Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Ն ՆԵՐՍԻՑ ԿՔԱՅՔԱՅԻ ԻՐԱՆԸ

Մարտ 31,2006 00:00

ԱՄՆ-Ն
ՆԵՐՍԻՑ ԿՔԱՅՔԱՅԻ ԻՐԱՆԸ Ամիսներ տեւած երկար ու ձիգ բանակցություններից
ու խորհրդատվություններից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերջապես արձագանքեց
Իրանի շուրջ ստեղծված միջազգային բավականաչափ բարդ իրադրությանը: Նախօրեին
խորհրդի 15 անդամները ընդհանուր փոխզիջմամբ ընդունված մի փաստաթղթով Իրանին կոչ արեցին
ձեռնպահ մնալ ուրանի հարստացմանն ուղղված հետագա աշխատանքներից, իսկ ՄԱԳԱՏԷ-ին պարտավորեցրին
մեկ ամսվա ընթացքում զեկուցել, թե որքանով է Իրանը կատարում վերոհիշյալ պահանջը:
Ըստ զանազան խողովակներով ստացվող հաղորդագրությունների, Անվտանգության խորհուրդը,
այնուամենայնիվ, այդպես էլ չի հստակեցրել, թե ի՞նչ միջոցներ կարող են կիրառվել Իրանի
դեմ՝ ՄԱԿ-ի պահանջը չկատարելու դեպքում: Երեկ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ
Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ ԳԴՀ-ի արտգործնախարարների եւ բարձրաստիճան դիվանագետների
մասնակցությամբ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված լրացուցիչ քննարկումներ պետք
է կայանային Բեռլինում: Այս ամենով հանդերձ, Իրանը ոչ միայն ՄԱԿ-ին ընդառաջ
ինչ-ինչ քայլեր չի ձեռնարկում, այլեւ որոշակի ցուցադրական գործողություններով կարծես
էլ ավելի է ընդգծում իր անհանդուրժողական եւ ըմբոստ կեցվածքը: Երեկ հայտնի է դարձել,
որ Իրանը մտադիր է մասշտաբային զորախաղեր անցկացնել ինչպես ցամաքում, այնպես էլ Պարսից
եւ Օմանի ծոցերում: Ըստ որոշ տվյալների, վարժանքներին կմասնակցեն 17 հազարից ավելի
զինվորներ եւ նավաստիներ: Իրանցի զինվորականների հավաստմամբ, հատուկ ուշադրություն
է դարձվելու Օրմուզի նեղուցի շրջանի զորավարժություններին, որը Պարսից ծոցը միացնում
է Հնդկական օվկիանոսին: Հարկ է նշել, որ հենց այս նեղուցով է ապահովվում ողջ աշխարհում
արդյունահանվող նավթի մատակարարումների 25%-ը: Ըստ այդմ, միանգամայն օրինաչափ
է նաեւ Թեհրանի հիմնական ընդդիմախոսի՝ ԱՄՆ-ի հերթական գնահատականը Իրանի վարչախմբին:
Սենատում կայացած ունկնդրումների ժամանակ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտարարել
է, թե ներկայումս «Իրանը ԱՄՆ-ի համար ամենամեծ սպառնալիքն է»: Նա Թեհրանին մեղադրել
է ահաբեկչության, Իրաքի ներքին գործերին միջամտելու, ինչպես նաեւ Լիբանանում եւ պաղեստինյան
ինքնավարությունում իրադրության ապակայունացմանն աջակցելու մեջ: Ընդսմին, Ռայսն ընդգծել
է «Թեհրանի ահաբեկչական գործունեության» դեմ հանդես եկող երկրների կոալիցիան ընդլայնելու
անհրաժեշտությունը: Ընդ որում, Ահմադինեջադի ռեժիմին մեղադրելով Իրաքի իրադրության
ապակայունացման մեջ, Ռայսը չի թաքցրել Վաշինգթոնի մտադրությունը՝ ազդեցություն գործելու
հատկապես Իրանի ներքաղաքական կյանքի վրա: «Մեր տրամադրության տակ կան մի շարք լծակներ,
այդ թվում այնպիսիք, որոնք հնարավորություն են ընձեռում սրել իրանական ժողովրդի եւ
վարչակազմի միջեւ եղած հակասությունները»,- ասել է պետքարտուղարը: Ինչեւէ, ՄԱԿ-ի
ԱԽ-ի կողմից Իրանի նկատմամբ ավելի հստակ վերաբերմունք կդրսեւորվի թերեւս մեկ ամսից:
Տ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել