Լրահոս
Օրվա լրահոսը

494 ՄԻԼԻՈՆԸ «ԱՆՁՆԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՉԻ ԾԱԽՍԵԼ»

Մարտ 31,2006 00:00

«Չենջի
գործը» երկրորդ ատյանում էլ ավարտվեց Մայրաքաղաքի Ագաթանգեղոսի 29 հասցեի
տարադրամի փոխանակման կետի տնօրեն Գարիկ Մարգարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի
դատաքննությունն օրեր առաջ ավարտվեց նաեւ ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ
դատարանում: Փոխվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի 2005թ. հոկտեմբերի
19-ի դատավճիռը պատժի մասով. 6 տարվա ազատազրկումը «ի վերջո» (ձեւակերպումը վերաքննիչ
դատարանինն է) դարձավ 4 տարի 3 ամիս 14 օր: Գ. Մարգարյանը 2004թ. օգոստոսի 29-ից
մինչեւ 2005թ. հոկտեմբերի 19-ը գտնվել է նախնական կալանքի տակ եւ առաջին ատյանի դատարանը
մեկ օրը հաշվեց ազատազրկման մեկուկես օրվա դիմաց: Սակայն վերաքննիչը Մարգարյանին
կալանքի վերցրեց կրկին դատարանից: Գործի էությունը հետեւյալն է: Գ. Մարգարյանը
մոտ 46 քաղաքացիներից ստացել էր խոշոր չափերի դրամ, ԱՄՆ դոլար եւ եվրո գումարներ՝
«փոխանակելու կամ հավելավճարով վերադարձնելու», սակայն հետագայում գումարները չէր
վերադարձրել: Գումարը կազմել էր 494.303.145 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար: Տուժող
ճանաչված 46 անձանցից նախաքննության մարմնին դիմեցին նրանք, ովքեր մեծ գումարներ
էին կորցրել. Էդուարդ Թադեւոսյան, Վարդան Պետրոսյան, Սուրեն Բաղդասարյան, Վահագն
Շահգալդյան, Վարուժան Վարդանյան, Մուշեղ Միքայելյան: Առաջին ատյանի դատարանը քրգործով
անցնող մյուս տուժողների հայցերը թողել է առանց քննության՝ վերապահելով նրանց քաղգործով
մտնել դատարաններ: Ինքը՝ «չենջի» տնօրենը դատարանում հայտնել է, որ տոկոսով
գումար է տվել, «մատուցել է ծառայություններ իր հաճախորդներին», սակայն «հիմնական
պրոբլեմը սկսվել է տարադրամի մեծ տատանումների պատճառով»: Ավելին, երբ իր մոտ են
եկել ոստիկանությունից եւ իրեն կանչել են Կենտրոնի ոստիկանություն, դա «խուճապի մեջ
է գցել» իր հաճախորդներին. 494 միլիոն դրամը Մարգարյանը հայտարարել է, թե իր «անձնական
կարիքների վրա չի ծախսել»: Եվ նաեւ պնդել է, որ չի հրաժարվում գումարները վերադարձնել:
Այնուամենայնիվ, սակայն, հասկանալով, որ ոչ մի աշխատանքով չի կարողանա 494 մլն վաստակել,
ՀՀ վերաքննիչ դատարանում ամբաստանյալը ասել էր. «Որեւէ մեկի վնասը չի հատուցել, չի
կարող վերադարձնել, ոչ մեկին, չի աշխատում, եկամտի աղբյուր չունի» եւ խնդրել է կայացնել
արդարացման դատավճիռ: Հայտնի «չենջմենը» իրեն մեղավոր չի ճանաչել: Թե նախաքննության,
թե դատաքննության ժամանակ նա հայտարարել էր, թե «իր մոտ հափշտակելու միտք չի եղել,
իր մոտ եղել են շատ գումարներ, եթե ցանկանար, կվերցներ եւ կգնար»: Ըստ շրջանառու
լուրերի, Գ. Մարգարյանի «տանիքը» ՀՀ նախագահի աշխատակազմում էր: «Չենջմենը» գումարները
«ֆռռացրել» է իր իսկ նշած՝ ցածր տոկոսներով: Օրինակ, Վահան Ալեքսանյանից վերցրել
է 10 հազար դոլար, ապա 80 հազար եւ «ֆռռացրել» 3%-ով: Կամ Տիգրան Ալեքսանյանից վերցրել
է 150 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որը չի վերադարձրել: Արման Կատվալյանից
վերցրել է (ըստ գործի նյութերի) 2.310.000 ՀՀ դրամ եւ չի վերադարձրել: Տուժողներից
շատերը պնդել են, թե Մարգարյանը «չարաշահել է իրենց վստահությունը» եւ որ գումարն
իսկ ընդունելու պահից էլ նա գիտեր, որ այն չի կարողանալու վերադարձնել: ՀՀ
կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը պաշտոնական գրությամբ դատարանին
հայտնել էր, թե անհատ ձեռնարկատեր Գ. Մարգարյանը «հարկային պարտավորություն չունի»,
իսկ «արտարժույթի առքուվաճառքի գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի
ամսական եկամուտների չափն ու իրացման շրջանառության ծավալը կապ չունեն ամսական հաստատագրված
վճարի չափից»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել