Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր են դատելու

Ապրիլ 29,2006 00:00

Ֆուտբոլային
ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է 23 երկրների այն 23 գլխավոր
մրցավարների անունները, ում վստահվել է սպասարկել Գերմանիայում կայանալիք ֆուտբոլի
Աշխարհի գավաթի եզրափակիչ մրցաշարի 64 հանդիպումները: Ահա նրանք. Եսսամ Աբդ
Էլ Ֆատահ (Եգիպտոս), Կառլոս Ամարիլյա (Պարագվայ), Բենիտո Արչունդիա (Մեքսիկա), Կառլոս
Բատրես (Գվատեմալա), Մասիմո Բուզակկա (Շվեյցարիա), Քոֆի Կոջիա (Բենին), Ֆրանկ Դը
Բլեկերե (Բելգիա), Մասսիմո Դե Սանտիս (Իտալիա), Հորասիո Էլիսոնդո (Արգենտինա), Վալենտին
Իվանով (Ռուսաստան), Տորու Կամիկավա (Ճապոնիա), Խորխե Լարիոնդա (Ուրուգվայ), Շամսուլ
Մայդին (Սինգապուր), Մանուել Մեխուտո Գոնսալես (Իսպանիա), Մարկուս Մերկ (Գերմանիա),
Լուբոշ Միխել (Սլովակիա), Գրահամ Փոլ (Անգլիա), Էրիկ Պուլա (Ֆրանսիա), Պետեր Պրենդերգաստ
(Ջամայկա), Օսկար Ռուիս (Կոլումբիա), Մարկ Շիլդ (Ավստրալիա), Կառլոս Սիմոն (Բրազիլիա),
Կիրոս Վասսարաս (Հունաստան): Աշխարհի առաջնությունում առաջին անգամ կգործի,
այսպես կոչված, «աջակցության ու զարգացման խումբը», որի կազմում ընդգրկված կլինեն
7 գլխավոր եւ 14 եզրային մրցավարներ: Նրանք խաղերը սպասարկելու իրավունք կստանան
միայն այն ժամանակ, եթե հիմնական մրցավարներն ինչ-ինչ պատճառներով չեն կարողանա կատարել
իրենց աշխատանքը: Այս խմբի գլխավոր մրցավարներն են. Խալիլ Ալ Գամդի (Սաուդյան Արաբիա),
Կառլոս Չանդիա (Չիլի), Ժերոմ Դամոն (Հարավային Աֆրիկա), Մոհամեդ Գեզազ (Մարոկկո),
Լուս Մեդինա Կանտալեխո (Իսպանիա), Մարկո Ռոդրիգես (Մեքսիկա) եւ Ռոբերտո Ռոզետտի (Իտալիա):
Ինչպես տեսնում ենք, գլխավոր մրցավարների ցուցակում Եվրոպայի տասը ներկայացուցիչ
կա: Այս ցուցակները հաստատել է ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեն, որը գլխավորում է ՈՒԵՖԱ-ի
փոխնախագահ, իսպանացի Անխել Մարիա Վիլյար Լյոնը, Ցյուրիխում անցկացված մրցավարների
երկրորդ սեմինարից հետո, որին մասնակցել է 44 գլխավոր մրցավար: Վերջինիս խոսքերով՝
ընտրություն կատարելը շատ դժվար է եղել եւ նախապատվությունը տրվել է այն մրցավարներին,
ովքեր վերջին մեկուկես տարում ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացված, ինչպես նաեւ Եվրոպայի,
միջմայրցամաքային ու ազգային առաջնությունների, Չեմպիոնների լիգայի եւ ՈՒԵՖԱ-ի գավաթի
խաղարկությունների հանդիպումները սպասարկելու հարուստ փորձ ունեն կուտակած: Սեմինարի
ժամանակ բոլոր դատավորները բժշկական եւ հոգեբանական ստուգում են անցել, ինչպես նաեւ
ֆիզպատրաստականության հատուկ թեստեր են հանձնել: Նրանց նաեւ բացատրել են մրցավարներին
ներկայացվող այն նոր պահանջները, որոնք անհրաժեշտ է խստորեն պահպանել՝ համաձայն կանոններում
IFAB-ի կատարած փոփոխությունների: Խոսքը վերաբերում է ժամանակը ձգձգելուն, կոպիտ
խաղին, սիմուլյացիային եւ մրցակցի մարզաշապիկից քաշելուն: Մրցավարական կոմիտեն
առաջին անգամ նպատակահարմար է համարել, որպեսզի հանդիպումները վարող մրցավարական
խումբը ներկայացնի կամ մի երկիր, կամ էլ առնվազն նույն կոնֆեդերացիան: «Դրանք մրցավարների
ներդաշնակ խմբեր են, որոնք գործում են ավելի արագ ու ավելի հստակ»,- ասվում է մրցավարական
կոմիտեի հայտարարության մեջ: Բայց նաեւ ավելացվում է, որ գլխավոր մրցավարների օգնականների
հետ կապված որոշումները կկայացվեն վերջիններիս համար Ֆրանկֆուրտում հրավիրվելիք հերթական
սեմինարից հետո միայն, որտեղ յուրաքանչյուր մրցավար կունենա երեք օգնական, որոնցից
առնվազն երկուսը պետք է թեստերը հաջող անցնի: Հակառակ դեպքում՝ նրանք գլխավոր մրցավարի
հետ միասին կհանվեն ցուցակից ու նրանց կփոխարինեն ուրիշ քառյակներ: Ք.
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել