Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջ սերո՞ւնդ, թե՞ փող

Ապրիլ 29,2006 00:00

Պետությունը
հարյուրավոր միլիոններ է ծախսում մանկապատանեկան սպորտը զարգացնելու համար, բայց
20 միլիոնի խնդիր չի կարողանում լուծել: Մարզակառույցների հիմնանորոգման եւ
գույքային հարցերի՝ կառավարության իրականացվող ծրագրերը խթանել են հանրապետությունում
մասսայական ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացումը: Այսօր առաջնային ուշադրություն
է դարձվում այն մարզական օջախներին, որոնք ոչ միայն նպաստում են զանգվածային սպորտի
տարածմանը, այլեւ մեծ սպորտի զարգացման ուսումնամարզական պետական ծրագիր են իրականացնում:
Հենց դրա համար էլ վերոնշյալ ծրագրերի քննարկման ու հաստատման ժամանակ ոչ մի տարբերություն
չի դրվում մարզակառույցների պատկանելությանը: Այդպիսի կազմակերպություններից
է «Հայաստան» մարզական միությունը, որի մարզակառույցների մի մասը նույնպես արդեն
հիմնանորոգվել է: Բացի դա, կառավարությունը «Հայաստան» ՄՄ-ին բյուջետային գումարներ
է տրամադրում սպորտը հատկապես մանուկների եւ պատանիների շրջանում զարգացնելու, մարզակառույցները
շահագործելու հետ կապված կոմունալ ծախսերը, մարդկանց աշխատավարձերը վճարելու համար:
Եվ դրանք նպատակային ու արդյունավետ օգտագործելու շնորհիվ է, որ միության համակարգում
գործող 11 մարզադպրոցից չկա մեկը, որ ներկայացուցիչ չունենա Հայաստանի ազգային հավաքական
թիմերի կազմերում: Մարզական այս միության նախագահ, ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ Ռազմիկ
Ստեփանյանը, իհարկե, ոգեւորված է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի նկատմամբ ընդգծված
վերաբերմունքով, սակայն մեզ հետ զրույցում անդրադարձավ մի խնդրի, որը մեծապես խանգարում
է իրենց աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելուն: Խոսքը օրենքով սահմանված
հարկային պարտականությունների կատարման մասին է: «Հայաստան» ՄՄ հասարակական
կազմակերպության մարզակառույցների գործունեությունն ամբողջությամբ նպատակաուղղված
է մանկապատանեկան սպորտի զարգացմանը,- ասում է նա:- Դրանցում, բացի մեր մարզադպրոցների
երեխաներից, մարզվում են նաեւ այլ ենթակայության ՄԴ-ների սաները, ազգային հավաքականները:
Ընդ որում, նրանք դրա համար վճարում չեն կատարում: Մեր միակ այլ եկամուտը գոյանում
է Սպորտպետկոմի կազմակերպած տարբեր մարզական միջոցառումներից ստացվող վարձավճարներից:
Եթե հաշվենք հանրապետության մասշտաբով մեր մարզակառույցների բոլոր գումարային մուտքերը,
դա, լավագույն դեպքում, կկազմի տարեկան 4-4,5 մլն դրամ: Մինչդեռ, սկսած 2005 թվականի
հունվարի 1-ից, շենքերի ու շինությունների կադաստրային արժեքի հսկայական թռիչքի հետեւանքով
գույքահարկն էլ կտրուկ բարձրացել է՝ նախկին տարեկան մոտ 450 հազար դրամից հասնելով
9 մլն 249 հազար 903 դրամի: Ճիշտն ասած, այն ժամանակ էլ դժվարանում էինք այդ վճարումները
կատարել: Դրա համար ամեն տարի դիմում էինք համայնքներին, որպեսզի ավագանիների որոշումներով
մեզ արտոնություն տային՝ գույքահարկ չվերցնեին: Ու շատ համայնքներ (Կենտրոն, Շենգավիթ
եւ այլն) հաշվի առնելով, որ գումարներն այնքան էլ մեծ չէին, ընդառաջում էին: Հիմա
նրանք էլ համայնքային բյուջեն կազմավորելու խնդիրներ ունեն: Եվ ես նրանց մեղադրելու
իրավունք չունեմ: Ընդհակառակը, շնորհակալ եմ ժամանակին մեզ ընդառաջ գնալու համար:
Հանրապետությունում իր հաշվեկշռում մարզակառույցներ ունեցող երեք մարզական
հասարակական կազմակերպություն կա՝ մենք ենք, «Դինամոն» եւ «Աշխատանքային ռեզերվները»:
Ես դիմել եմ Սպորտպետկոմ, եւ Իշխան Զաքարյանը հարցի լուծում գտնելու առաջարկություններով
մտել է կառավարություն: Մենք էլ մեր հերթին մի քանի տարի առաջ մարզական միությունների
նախագահներով դիմել ենք եւ ԱԺ, եւ վարչապետին: Բոլորն էլ համաձայն են մեզ հետ ու
ասում են, որ հարցին ինչ-որ լուծում պետք է գտնել: Բայց սայլն առայժմ տեղից չի շարժվում:
Հարցի լուծման երկու նպատակահարմար տարբերակ կա. կամ օրենքում փոփոխություն
մտցնելով սահմանել, որ շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություններին, որոնց
գործունեությունն ամբողջապես նպատակաուղղված է մանկապատանեկան սպորտի զարգացմանը,
ինչպես շատ երկրներում, գույքային արտոնություն տրվի, կամ կառավարության որոշումով
այդ կազմակերպություններին գույքահարկի համար դոտացիա հատկացվի: Կա նաեւ երրորդ տարբերակը,
որն իմ համոզմամբ սպորտին ավելի շատ վնաս կհասցնի: Օրենքը կատարելու համար ամեն անգամ
այստեղ ու այնտեղ խնդրելու փոխարեն՝ ստիպված պետք է մարզումների դիմաց ծնողներից
գումար գանձենք: Այդ դեպքում երեխաների մեծ մասը կհեռանա սպորտից»: Իրոք,
որ հակասական վիճակ է ստեղծվել: Մի կողմից պետությունը մանկապատանեկան սպորտը զարգացնելու
համար որոշակի գումար է տալիս, որը մի կերպ բավարարում է գոյատեւելուն ու աշխատանք
կազմակերպելուն, մյուս կողմից ասում է՝ չգիտեմ որտեղից գումար հաստատիր ու բեր գույքահարկ
մուծիր: Հակառակ դեպքում դատարան կտամ ու դատավճռով կվերցնեմ: Կարծում ենք, Ռազմիկ
Ստեփանյանի երկու առաջարկներից ցանկացածն էլ կարելի է լուծել, մանավանդ որ, նրա տեղեկացմամբ՝
երեք մարզական միությունների տարեկան գույքահարկի գումարը միասին վերցրած կազմում
է մոտավորապես 18-20 միլիոն դրամ: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930