Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵՆՊԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 29,2006 00:00

Ավելի պարզ եւ հստակ պատկերացնելու համար արժե հաշվեկշռի բերել ամեն ինչը: Ավելի ճիշտ՝ եղածն ու չեղածը: Վերցնենք մի սպիտակ թուղթ, բաժանենք երկու մեծ սյունակի եւ մեկի վերեւում գրենք +, մյուսի վերեւում՝ -:

Սկսենք + ներից: Բայց նախ վերհիշենք վերնագիրը եւ հստակեցնենք ինքներս մեզ համար, որ «բարենպաստություն» ասելով միանգամայն անանձնական՝ պետական, ազգային, մարդասիրական խնդիրների ձեւակերպման եւ իրականացումների մեկնարկներ ենք ենթադրում, ինչում որ ստորեւ կհամոզվեք:

Եվ այսպես՝ թղթի պլյուս վերնագրված հատվածը.

– Երկրում որեւէ քաղաքական բանի (սկզբունք, գործընթաց, մտածողություն) բացակայության պայմաններում ցանկացած քաղաքական քայլ ոչ միայն ներքին, այլեւ արտաքին մեծ արձագանք եւ արդյունք կտա:

– Ժողովրդի, երկրի, սերունդների ապագան համակողմանիորեն եւ մանրամասն օտարին վաճառելու ներկա իրավիճակում ցանկացած քայլ, որը ցույց կտա այս կամ այն մարդու կամ ուժի մտահոգվածությունը պետության ներկայով եւ ապագայով, իրական ցանկությունը եւ, թեկուզ, հիպոթետիկ հնարավորությունը այն երաշխավորելու եւ ապահովելու առումով՝ կարող է ոչ միայն հեղափոխական դառնալ, այլեւ վճռորոշ՝ նույն այդ խնդրի լուծման համատեքստում:

– Իոսիֆ Բրոդսկին գտնում էր, որ ամերիկացիներին ազգ դարձրեց հեռուստատեսությունը: Ներկա իշխանահաճո հեռուստաալիքների համապատկերին պատկերացնո՞ւմ եք թեկուզեւ մի հեռուստաալիք, որն, ընդամենը, ազատ կլինի, օբյեկտիվ եւ լայնախոհ, ինչեր կանի. ոչ միայն ազգը՝ ազգ կդարձնի, երկիրը՝ երկիր, այլեւ, անգամ, թիվը՝ թիվ:

– Աշխարհից հիմնավորապես մոռացված մեր ծակուռում երկար պատեպատ դիպչելուց ոչ միայն մեր մարդկային, այլեւ ինտելեկտուալ ու պրոֆեսիոնալ զգացողությունները այնքան են բթացել, որ չենք էլ պատկերացնում, որ դուրսը ԱՇԽԱՐՀ կա, որն, ի դեպ, ապրում է, բարեբախտաբար, ոչ այն սկզբունքներով, արժեքներով եւ հանրակարգերով, որին մենք ենք սովոր: Եվ պատկերացրեք՝ միայն ինչպիսի մտավոր, հոգեւոր եւ մասնագիտական հեղաշրջումներ կապրենք, եթե այդ աշխարհը կամ կյանքը ինչ-որ մի խիստ մատչելի տեղեկատվամիջոցի շնորհիվ մուտք գործի նաեւ մեր տները:

– Իշխանական այս ամենակարողության եւ, միաժամանակ, ոչնչի ընդունակ չլինելու պայմաններում պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե հանրապետությունում ստեղծվի «երկրորդ իշխանական կենտրոնը», որն անվերապահորեն կունենա ժողովրդի ճնշող մեծամասնության աջակցությունը: Ու «երկրորդից» «առաջին» դառնալու խնդիրն ընդամենը շաբաթների հարց կլինի: Այս եւ մյուս պարագաներում՝ արժե հիշել Լեւոն Տեր-Պետրոսյանի աֆորիստիկ հերթական միտքը. «…նա, ով խառնվում է քաղաքականությանը, պետք է պատրաստ լինի եւ օրհնանք, եւ անեծք լսելու: Ով պարտավորվում է ծառայել ազգին՝ նա ազգից պարգեւներ ակնկալելու կամ նրանից խռովելու իրավունք չունի»:

-Համատարած անհավատության (թե հոգեւոր, թե աշխարհիկ, թե մասնագիտական) այս միջավայրում պատկերացո՞ւմ եք, եթե ինչ-որ մեկը (հավատավոր՝ անշուշտ) ոչ միայն ճանապարհ ցույց տա, ոչ միայն տեսականորեն հիմնավորի այդ ճանապարհի արդյունավետությունը, այլեւ՝ Դանթեի հերոսի նման, որն իր մեջքից էր կախել լապտերը՝ լուսավորելու համար իր հետեւորդների ուղին, առաջնորդի նրան…

-Եվ վերջապես. ակնհայտ է, չէ՞, որ նկարագրված ու չնկարագրված էս անապատում անգամ պոտյոմկինյան գյուղերը լասվեգասյան շքեղությամբ կընկալվեն: Որովհետեւ Հայաստանում, ակնհայտ է, որ մի անորոշ ուրվական, այնուամենայնիվ, շրջում է: Եվ ով շուտ կողմնորոշվեց՝ նա էլ այդ ուրվականը իր ուզած ռեալությանը կվերածի:

Սրանք էին իրավիճակի + ները:

Բայց կա նաեւ մեկ -: Որը եւ պարտավոր ենք գրել մեր առայժմ դատարկ՝ երկրորդ սյունակում:

Դա այն է, որ երկրում կատարվող բոլոր գործընթացները… համապատասխանում են Սերժ Սարգսյանի ծրագրերին:

ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930