Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջ

Ապրիլ 29,2006 00:00

Առողջ սերո՞ւնդ, թե՞ փող Պետությունը հարյուրավոր միլիոններ է ծախսում մանկապատանեկան սպորտը զարգացնելու համար, բայց 20 միլիոնի խնդիր չի կարողանում լուծել: Մարզակառույցների հիմնանորոգման եւ գույքային հարցերի՝ կառավարության իրականացվող ծրագրերը խթանել են հանրապետությունում մասսայական ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացումը: Այսօր առաջնային ուշադրություն է դարձվում այն մարզական օջախներին, որոնք ոչ միայն նպաստում են զանգվածային սպորտի տարածմանը, այլեւ մեծ սպորտի զարգացման ուսումնամարզական պետական ծրագիր են իրականացնում: Հենց դրա համար էլ վերոնշյալ ծրագրերի քննարկման ու հաստատման ժամանակ ոչ մի տարբերություն չի դրվում մարզակառույցների պատկանելությանը: Այդպիսի կազմակերպություններից է «Հայաստան» մարզական միությունը, որի մարզակառույցների մի մասը նույնպես արդեն հիմնանորոգվել է: Բացի դա, կառավարությունը «Հայաստան» ՄՄ-ին բյուջետային գումարներ է տրամադրում սպորտը հատկապես մանուկների եւ պատանիների շրջանում զարգացնելու, մարզակառույցները շահագործելու հետ կապված կոմունալ ծախսերը, մարդկանց աշխատավարձերը վճարելու համար: Եվ դրանք նպատակային ու արդյունավետ օգտագործելու շնորհիվ է, որ միության համակարգում գործող 11 մարզադպրոցից չկա մեկը, որ ներկայացուցիչ չունենա Հայաստանի ազգային հավաքական թիմերի կազմերում: Մարզական այս միության նախագահ, ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը, իհարկե, ոգեւորված է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի նկատմամբ ընդգծված վերաբերմունքով, սակայն մեզ հետ զրույցում անդրադարձավ մի խնդրի, որը մեծապես խանգարում է իրենց աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելուն: Խոսքը օրենքով սահմանված հարկային պարտականությունների կատարման մասին է: «Հայաստան» ՄՄ հասարակական կազմակերպության մարզակառույցների գործունեությունն ամբողջությամբ նպատակաուղղված է մանկապատանեկան սպորտի զարգացմանը,- ասում է նա:- Դրանցում, բացի մեր մարզադպրոցների երեխաներից, մարզվում են նաեւ այլ ենթակայության ՄԴ-ների սաները, ազգային հավաքականները: Ընդ որում, նրանք դրա համար վճարում չեն կատարում: Մեր միակ այլ եկամուտը գոյանում է Սպորտպետկոմի կազմակերպած տարբեր մարզական միջոցառումներից ստացվող վարձավճարներից: Եթե հաշվենք հանրապետության մասշտաբով մեր մարզակառույցների բոլոր գումարային մուտքերը, դա, լավագույն դեպքում, կկազմի տարեկան 4-4,5 մլն դրամ: Մինչդեռ, սկսած 2005 թվականի հունվարի 1-ից, շենքերի ու շինությունների կադաստրային արժեքի հսկայական թռիչքի հետեւանքով գույքահարկն էլ կտրուկ բարձրացել է՝ նախկին տարեկան մոտ 450 հազար դրամից հասնելով 9 մլն 249 հազար 903 դրամի: Ճիշտն ասած, այն ժամանակ էլ դժվարանում էինք այդ վճարումները կատարել: Դրա համար ամեն տարի դիմում էինք համայնքներին, որպեսզի ավագանիների որոշումներով մեզ արտոնություն տային՝ գույքահարկ չվերցնեին: Ու շատ համայնքներ (Կենտրոն, Շենգավիթ եւ այլն) հաշվի առնելով, որ գումարներն այնքան էլ մեծ չէին, ընդառաջում էին: Հիմա նրանք էլ համայնքային բյուջեն կազմավորելու խնդիրներ ունեն: Եվ ես նրանց մեղադրելու իրավունք չունեմ: Ընդհակառակը, շնորհակալ եմ ժամանակին մեզ ընդառաջ գնալու համար: Հանրապետությունում իր հաշվեկշռում մարզակառույցներ ունեցող երեք մարզական հասարակական կազմակերպություն կա՝ մենք ենք, «Դինամոն» եւ «Աշխատանքային ռեզերվները»: Ես դիմել եմ Սպորտպետկոմ, եւ Իշխան Զաքարյանը հարցի լուծում գտնելու առաջարկություններով մտել է կառավարություն: Մենք էլ մեր հերթին մի քանի տարի առաջ մարզական միությունների նախագահներով դիմել ենք եւ ԱԺ, եւ վարչապետին: Բոլորն էլ համաձայն են մեզ հետ ու ասում են, որ հարցին ինչ-որ լուծում պետք է գտնել: Բայց սայլն առայժմ տեղից չի շարժվում: Հարցի լուծման երկու նպատակահարմար տարբերակ կա. կամ օրենքում փոփոխություն մտցնելով սահմանել, որ շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություններին, որոնց գործունեությունն ամբողջապես նպատակաուղղված է մանկապատանեկան սպորտի զարգացմանը, ինչպես շատ երկրներում, գույքային արտոնություն տրվի, կամ կառավարության որոշումով այդ կազմակերպություններին գույքահարկի համար դոտացիա հատկացվի: Կա նաեւ երրորդ տարբերակը, որն իմ համոզմամբ սպորտին ավելի շատ վնաս կհասցնի: Օրենքը կատարելու համար ամեն անգամ այստեղ ու այնտեղ խնդրելու փոխարեն՝ ստիպված պետք է մարզումների դիմաց ծնողներից գումար գանձենք: Այդ դեպքում երեխաների մեծ մասը կհեռանա սպորտից»: Իրոք, որ հակասական վիճակ է ստեղծվել: Մի կողմից պետությունը մանկապատանեկան սպորտը զարգացնելու համար որոշակի գումար է տալիս, որը մի կերպ բավարարում է գոյատեւելուն ու աշխատանք կազմակերպելուն, մյուս կողմից ասում է՝ չգիտեմ որտեղից գումար հաստատիր ու բեր գույքահարկ մուծիր: Հակառակ դեպքում դատարան կտամ ու դատավճռով կվերցնեմ: Կարծում ենք, Ռազմիկ Ստեփանյանի երկու առաջարկներից ցանկացածն էլ կարելի է լուծել, մանավանդ որ, նրա տեղեկացմամբ՝ երեք մարզական միությունների տարեկան գույքահարկի գումարը միասին վերցրած կազմում է մոտավորապես 18-20 միլիոն դրամ: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել