Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ

Ապրիլ 29,2006 00:00

«Որոշ ԶԼՄ-ներ չեն կատարում իրենց ֆունկցիան» Գտնում է «ՀԺ»-ի խմբագիր Նիկոլ Փաշինյանը ՄԱԱ-ի երեկվա հյուրը «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն էր, իսկ քննարկման թեման՝ «ԶԼՄ-ները եւ ժողովրդավարությունը»: Անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին, Ն. Փաշինյանն այն այսպես բնութագրեց. «յուրաքանչյուր քաղաքացի երկրում տեղի ունեցող պրոբլեմները փորձում է օտարել իրենից», մինչդեռ «ժողովրդավարությունը այն է, երբ յուրաքանչյուր ոք հասկանում է, որ երկրում շատ բան կախված է իրենից, ու չկան հարցեր, որոնք իր միջամտության կարիքը չունեն»: Ինչ վերաբերում է քաղաքական դաշտին, ապա «ՀԺ» խմբագրի ասելով, այսօր չկա գաղափարապես ամուր այն քաղաքական ուժը, որը կարողանա ի մի բերել հասարակության մեջ առկա մտահոգությունները եւ դրանց լուծման իմաստով հասնել կոնկրետ արդյունքների՝ ժողովրդավարության կայացում, պետության իրական զարգացում եւ այլն: Ըստ նրա, քաղաքական՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտում հոգեւոր վակուում է. «Պարզ չէ, թե ով՝ ինչ է ուզում: Եթե իշխանության դեպքում հայտնի է, որ այն ունի իշխանությունը պահպանելու խնդիր, ապա ընդդիմությունը չի էլ պատկերացնում իր անելիքը: Եվ սրա մեղավորը ամենեւին էլ հանրությունը չէ, այլ քաղաքականություն մտած այն մարդիկ, ովքեր քաղաքական պրոցեսները միշտ չէ, որ լավ են պատկերացնում»: Ն. Փաշինյանի տպավորությամբ, քաղաքական գործիչների ելույթները լսելով, զգում ես, որ, այնուամենայնիվ, ինչ-որ տեղ ուզում են խաբել, ֆռռացնել: Խոսքը տվյալ դեպքում եւ ընդդիմության, եւ իշխանության մասին էր: Անցնելով իր գլխավորած թերթում գրաքննությանը վերաբերող հարցին, խմբագիրը պատասխանեց, որ «ՀԺ»-ն համարում է բացարձակ ազատ թերթ, քանի որ իրենց մոտ չկան տաբուներ՝ թեմաների ու անձերի առումով: Կարեւորը, ըստ նրա, նյութի որակն է: Նա փաստեց, որ այսօր որոշ լրատվամիջոցներ փոխանակ հասարակությանը տեղեկատվությամբ ապահովելու, հակառակ ֆունկցիա են կատարում՝ մարդկանց ուշադրությունը շեղելով տեղի ունեցող իրադարձություններից: Թեեւ կոնկրետ անուններ չտրվեցին, սակայն Փաշինյանը նշեց, որ հատկապես հեռուստաընկերություններին նկատի ունի: «Երբ լրատվական դաշտում կար «Ա1+»-ի նման հեռուստաընկերություն, դա ստեղծում էր մրցակցություն: Այն մոնոպոլիան, գրաքննությունը, լրատվական ուղղորդվածությունը, որ այսօր տեսնում ենք եթերում, կոտրվում էր: Այսօր քաղաքացին տեղեկացված չէ այն վտանգների մասին, որոնք սպառնում են երկրին»,- ասաց պրն Փաշինյանը՝ հավելելով, որ դրա արդյունքում ԶԼՄ-ները նպաստում են, որպեսզի հանրությունը հայտնվի լեթարգիական քնի մեջ՝ մատուցելով տնտեսական աճի, հաջողությունների մասին ուռճացված տեղեկություններ: Անդրադարձ եղավ նաեւ ԶԼՄ-ների՝ քաղաքականության մեջ ունեցած դերին: Ն. Փաշինյանը համամիտ չէ «այլակերպված գրանտային կազմակերպությունների հնարած այն ձեւակերպմանը», թե լրագրողը չպետք է քաղաքականությամբ զբաղվի: «ԱԺ պատգամավորները մի բան են ուզում՝ ԱԺ-ում անարգել քնել: Եթե լրագրողները չլինեն, ԱԺ-ի աթոռները կհանեն ու լեժանկաներ կփռեն… Եթե քաղաքական գործիչը չի կատարում իր առաքելությունը, ուրեմն լրագրողներս նրան նախ պետք է բզենք, հետո փորձենք արթնացնել, դնել իր ֆունկցիայի մեջ, իսկ եթե այդ ամենը չի անում, իհարկե պիտի տրորենք-անցնենք»,- հայտարարեց Ն. Փաշինյանը: Պատասխանելով իր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ունեցած առնչությունների մասին հարցադրմանը՝ «ՀԺ» խմբագիրն իր կոլեգաներին խնդրեց այլեւս իրեն չկապել այդ կուսակցության հետ. «Դա բացառվում է: Ես Վիկտոր Դալլաքյանը չեմ, որ ասեմ՝ ծրագրի հետ դեռ նոր եմ ծանոթանում, հնարավոր է դուրս գա»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել