Լրահոս
Օրվա լրահոսը

Բուխարեստում ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվելու

Մայիս 30,2006 00:00

Երեկ այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդլայնված կազմի աննախադեպ այցը տարածաշրջան նպատակ ուներ ընդգծել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման կարեւորությունը»,- «Lragir.am»-ի փոխանցմամբ, մայիսի 28-ին այդպիսի հայտարարություն է արել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ պատասխանելով հայաստանցի լրագրողների հարցերին: Նրա գնահատմամբ, ընդլայնված կազմի այցից Ղարաբաղի հակամարտության կարգավորման առանձնակի առաջընթաց սպասել թերեւս չարժե, թեեւ առաջընթաց սպասել միշտ էլ կարելի է:

Ըստ Օսկանյանի, այդ բարձր մակարդակի այցի նպատակը երկու երկրների նախագահների հաջորդ հանդիպման կարեւորությունը շեշտելն է եղել: «Կարծում եմ, դա էր հիմնական պատճառը»,- ասել է Վ. Օսկանյանը՝ հավելելով նաեւ մեկ այլ պատճառ. այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ընդլայնված կազմը տարածաշրջանային հերթական այցի ընթացքում Ղարաբաղի ղեկավարությանը չէր հանդիպել: Ակնկալվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Բուխարեստում կհանդիպեն կամ հունիսի 4-ին, կամ 5-ին, թեեւ ՀՀ արտգործնախարարի ասելով, հանդիպման ավելի հավանական օրը հունիսի 4-ն է: Միաժամանակ, ըստ աղբյուրի, նա հերքել է տարածված տեղեկությունը, թե Բուխարեստում նախատեսվում է ինչ-որ փաստաթղթի ստորագրում: «Ստորագրման հարց չի դրվել, թերեւս, պետք է այդ սկզբունքները համաձայնեցվեն: Որոշները կա, որ համաձայնեցվել են, որոշների վերաբերյալ դեռ պրոբլեմներ կան, դրա համար էլ նախագահները հանդիպում են, որպեսզի լուծեն այդ խնդիրները»,- ասել է Վ. Օսկանյանը: Նա հերթական անգամ հայտարարել է, որ սեղանին դրված է որոշ փաստաթուղթ, բայց այն վերաբերում է միայն կարգավորման սկզբունքներին: «Դրա շուրջ նախագահները աշխատելու են: Եթե համաձայնություն լինի դրա շուրջ, հետո դա պետք է պայմանագրի տեսք ստանա, ավելի ծավալուն»,- հայտարարել է ԱԳ նախարարը՝ հավելելով, թե խոսքը մեկ էջանոց փաստաթղթի մասին է: Նա «զգուշավոր լավատեսությամբ» է սպասում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Բուխարեստում կայանալիք հանդիպման արդյունքներին:

«Ելնելով հենց Փարիզի փորձից՝ պետք է զգուշավոր լավատեսություն ցուցաբերել: Նախագահները եթե հանդիպում են, միշտ էլ հնարավոր է դրական տեղաշարժ: Պետք է հուսալ, որ այդպես լինի: Բայց որեւէ երաշխիք չկա, այնպես որ սպասենք»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է Վ. Օսկանյանը:

Ի դեպ, «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, նախագահների հերթական հանդիպմանը լավատեսությամբ է սպասում ԼՂ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Վերջինս ասել է, թե «երկու հանրապետությունների նախագահներն էլ մաքսիմալ հնարավորության սահմաններում անում են ամեն բան, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցը իրավաբանորեն իր վերջնական լուծումը ստանա»: Նա հույս է հայտնել, թե՝ «ինչ-որ առաջընթաց կլինի, երեւի», ու կարեւորել է, որ

ԼՂ-ն՝ որպես հակամարտության կողմ, մասնակցություն ունենա այս բանակցային գործընթացներին:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել