Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ՈՒՄ ԽՄՈՐՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ

Մայիս 31,2006 00:00

Ասում
է ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը – Առաջիկա օրերին ՀՀ քաղաքական դաշտի
իրադարձությունների կիզակետում են լինելու ԱԺ նախագահի ընտրությունները: Ինչպիսի՞ն
է ԱԺ-ում ամենամեծ խմբակցությունն ունեցող ՀՀԿ-ի դիրքորոշումն այս հարցում: –
Ինչպես հայտնի է, ՕԵԿ-ի՝ կոալիցիայի կազմից դուրս գալուց հետո ԱԺ-ում տեղի են ունեցել
քաղաքական ուժերի որոշակի վերադասավորումներ, որոնք առաջին հերթին պայմանավորված
են օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմինների բնակոնոն գործունեության ապահովմամբ:
Այս համատեքստում բնականաբար զգալի է նաեւ ՀՀԿ-ի դերակատարումը, քանի որ մենք հայտարարել
ենք կոալիցիոն շրջանակներում աշխատանքները շարունակելու մասին եւ հակված ենք մինչեւ
ԱԺ հաջորդ ընտրությունները ապահովել երկրում տեղի ունեցող գործընթացների կայուն եւ
անցնցում զարգացումները: – ՀՀԿ-ն որոշե՞լ է ԱԺ նախագահի իր թեկնածուին: Տեղեկություններ
կան, որ այդ թեկնածուն լինելու է Տիգրան Թորոսյանը: – ԱԺ նախագահի արդեն իսկ
թափուր պաշտոնի համար ՀՀԿ-ն, այո, կառաջադրի ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ փոխնախագահ
պարոն Տիգրան Թորոսյանի թեկնածությունը: – Թեեւ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար
պրն Գալուստ Սահակյանը մի քանի անգամ մերժել է իր առաջադրման հավանականությունը,
այնուամենայնիվ, վերջերս մամուլում խոսվում է ՀՀԿ խմբակցությունում նրա թեկնածությունը
պաշտպանելու մի շարք պատգամավորների նախաձեռնության մասին: Սա նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ում
այս խնդրի շուրջ կան տարբեր տեսակետներ: – Պարոն Սահակյանը ոչ միայն մերժել
է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնում, այլ նաեւ հիմնավորել է այն հանգամանքը, որ ԱԺ-ում
ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում իր գործունեությունը եւ պատասխանատվությունների
շրջանակը ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ առաջիկայում կարեւոր եւ առանցքային
նշանակություն ունեն, եւ ՀՀԿ-ում հենց այնպես պաշտոնների գնալու խնդիր երբեք չի եղել:
ՀՀԿ խորհրդում քննարկվել են այդ հարցերը, խորհրդի բոլոր անդամները համակարծիք են
եւ գտնում են, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար է, որպեսզի ՀՀԿ-ն ԱԺ նախագահի
թափուր պաշտոնի համար առաջադրի իր թեկնածուին: Իսկ ինչ վերաբերում է պարոն Թորոսյանի
թեկնածությանը, ապա ՀՀԿ խորհրդում, նաեւ ԱԺ-ում բոլորն են ծանոթ պրն Թորոսյանի խորհրդարանական
գործունեությանը, ունեցած փորձին եւ հմտությանը, ու նրա թեկնածության առաջադրման
առումով խնդիրներ չեն առաջանա: – Այնուամենայնիվ, ինչո՞վ է պայմանավորված
Գալուստ Սահակյանի թեկնածության առաջադրման շուրջ ընթացող խմորումները: Դրանք կարո՞ղ
են վերածվել ՀՀԿ-ում ներքին հակադրությունների կամ ինչ-ինչ խնդիրների հարուցման պատճառ
դառնալ: – Կարծում եմ, որ դա միայն առանձին պատգամավորների ցանկություններ
են եւ որեւէ կապ չունեն ՀՀԿ որոշման հետ: Չունեն նաեւ այնքանով, որ այդ ցանկություններն
ի զորու չեն ազդելու ՀՀԿ կայացրած որոշման վրա: Որպես այդպիսին՝ ՀՀԿ-ում խմորումներ
այս կամ այլ խնդիրների շուրջ չկան: Ընդհակառակը, գործում է աշխատանքային առողջ մթնոլորտ
եւ խնդիրների ու գործողությունների համաձայնեցված ընթացք: Որպես կայացած քաղաքական
կառույց՝ ՀՀԿ-ում քննարկումները ոչ թե վերածվում են հակադրությունների, այլ, որպես
կանոն, միշտ գտնում են իրենց արդյունավետ լուծումները, իսկ որոշումները կայացվում
են մեծամասնության կարծիքի սկզբունքի վրա: Տվյալ խնդրի շուրջ, ինչպես արդեն ասացի,
կայացվել է ՀՀԿ խորհրդի միաձայն որոշում: – Մամուլում գրվեց այն մասին, որ
իբրեւ այս գործընթացը նպատակ ունի նաեւ բարձրացնել Գալուստ Սահակյանի ներկուսակցական
շահաբաժինը՝ հետագայում ՀՀԿ նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ առավել
ամուր դիրքերից խոսելու համար: Այսպիսի վերլուծությունների համար պարարտ հող կա՞
եւ համապատասխանո՞ւմ են արդյոք դրանք իրականությանը: – Ընդհանրապես ցանկացած
ոլորտին առնչվող վերլուծություն ուշադրության է արժանանում, եթե ունենում է փաստարկված
հիմնավորումներ: Ցավոք, մեր մամուլում երբեմն տեղ են գտնում վերլուծություն կոչվող
այնպիսի հրապարակումներ, որոնք հեռու են նույնիսկ երեւակայական պատկերացումներից:
Չեմ բացառում, որ դրանք լինեն նաեւ պատվիրված հրապարակումներ: Այնուամենայնիվ, անդրադառնալով
ձեր հարցին՝ նշեմ, որ ՀՀԿ որեւէ անդամ չունի ներկուսակցական, այսպես կոչված, շահաբաժին
բարձրացնելու կամ դիրքավորվելու խնդիրներ՝ այն պարզ պատճառով, որ ՀՀԿ անցած ուղին
եւ քաղաքական պայքարի նպատակները համընդհանուր են բոլորի համար եւ երբեք ինքնանպատակ
չեն եղել ո՛չ ՀՀԿ-ի պայքարի ձեռքբերումները, ո՛չ առաջընթացը: Այն պայմանավորվել է
ստանձնած պատասխանատվությամբ ու պետության առջեւ ծառացող խնդիրների լուծման գործընթացներով:
Առավել եւս պարոն Սահակյանը ՀՀԿ շարքերում այդ պայքարի առանցքային դերակատարներից
է արդեն երկար ժամանակ եւ հաճախ հրապարակային քաղաքականության մեջ մարմնավորում է
Հանրապետական կուսակցության դիրքորոշումն ու մոտեցումները: Իսկ կուսակցության նախագահի
գլխավորությամբ ու քաղաքական փորձառություն ունեցող ղեկավար կազմով ՀՀԿ-ն իր որդեգրած
գաղափարախոսությամբ, առօրյա աշխատանքով ու քաղաքական գործունեությամբ էլ ավելի է
համախմբվում ու կարծրանում՝ հիմքում ունենալով պետության կայացման, հզորացման եւ
ամենատարբեր ոլորտներում առաջընթաց ապահովելու նպատակներն ու խնդիրները: Հարցազրույցը
վարեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031