Լրահոս
Օրվա լրահոսը

«Քեզ այդքան դեղ չի հասնում»

Մայիս 31,2006 00:00

Աշտարակի բժիշկներն այսպես են «ցրում» անվճար դեղորայք ստացող հիվանդներին

Վերջին շրջանում մեր խմբագրությունը բազմաթիվ բողոքներ է ստանում թե մայրաքաղաքի, թե մարզերի բնակիչներից՝ այս կամ այն պոլիկլինիկայում «մաղարիչ» ուզելու, անվճար դեղորայք չտրամադրելու հետ կապված: Որպես կանոն, բողոքողները չեն ուզում ներկայանալ կամ ներկայանում են, բայց չեն ուզում իրենց անունը հրապարակել: Գյուղերում եւ ավանատիպ քաղաքներում պոլիկլինիկաներից ու հիվանդանոցներից բողոքողներն առավել եւս չեն ցանկանում ներկայանալ, քանի որ բոլորն իրար ճանաչում են եւ չեն ուզում վատամարդ դուրս գալ:

Ամբուլատոր բուժօգնությունը անվճար դառնալուց հետո ականատես եղանք մի քանի դեպքերի, երբ գումար կամ «շնորհակալություն» պահանջելու համար առողջապահության նախարարությունը հետեւողականորեն պատժեց այս կամ այն բուժհիմնարկի բժշկին՝ աշխատանքից ազատելով կամ որակազրկելով: Սակայն երեւույթը դրանով չի վերանում. ամբողջ խնդիրն այն է, որ քանի դեռ բուժաշխատողների աշխատավարձերը չի բավականացնում վերջիններիս կոմունալ-կենցաղային ծախսերը հոգալու համար, նրանք շարունակելու են կողմնակի եկամուտ ակնկալել՝ նույնիսկ պետության տրամադրած անվճար դեղորայքը հիվանդներին փողով տալու հաշվին:

Այս տարի կառավարությունը 1 միլիարդ 200 միլիոն դրամի դեղորայք է գնել, որոնք պոլիկլինիկաների միջոցով տրամադրվելու են բնակչությանը: Միայն Աշտարակ քաղաքի խոցելի խմբերի համար հատկացվել է 8 միլիոն 136 հազար դրամ, որից 3 միլիոն 384 հազարը փոքրահասակների համար է: Աշտարակ քաղաքում մեր կատարած հարցումներից պարզվեց, որ անվճար դեղորայք ստանալու մասին՝ արտոնություններից օգտվող ոչ բոլոր բնակիչներն են տեղյակ: Ըստ նրանց, անվճար դեղորայքի մասին որեւէ ձեւով պատշաճ ծանուցում չկա, բուժհիմնարկներում այդ մասին տեղեկատվական պաստառներ չեն փակցվում, հայտարարություն չի արվում, որպեսզի հիվանդը տեղեկություն ստանա, այլ ոչ թե այստեղից-այնտեղից ականջի ծայրով լսի. «Եթե հիվանդը տեղյակ չի լինում արտոնություններին, ապա բժիշկներն իրենց կամքով անվճար դեղորայք չեն հատկացնում»:

Աշտարակցիներից մեկի խոսքերով էլ. «Ասթմայով հիվանդ եմ, երբ գնում եմ դեղամիջոցս ստանալու, ասում են՝ շատ ես պահանջում, էդքան քեզ չի հասնում, բայց ես ընդամենը իմ չափաքանակն եմ ուզում: Հետն էլ ընենց քիթ ու մռութ են անում, որ ստիպված դեղը գնում եմ հենց բժշկի դեղատնից: Երկրորդ կարգի հաշմանդամ եմ, թոշակառու, եթե դեղը չօգտագործեմ՝ շնչահեղձ կլինեմ»: «Առավոտի» հետ զրույցում Աշտարակի հիվանդանոցի տնօրեն Արթուր Հովհաննիսյանը թեեւ բացառեց, որ իրենց հիվանդանոցում բժիշկները փող են վերցնում, բայց վերցնողներին էլ չմեղադրեց, քանի որ «նրանց աշխատավարձը շատ ցածր է, մենք էլ հնարավորություն չունենք հիվանդանոցի միջոցներով այն բարձրացնել»: Ըստ տնօրենի, առողջապահության նախարարությունը միայն պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձն է բարձրացնում: Պոլիկլինիկայում կա 161 աշխատող՝ 15-55 հազար դրամ աշխատավարձով, իսկ հիվանդանոցում 28 բժիշկ՝ 15-25 հազար դրամ աշխատավարձով: Աշտարակի հիվանդանոցի տնօրենը ձեռքի հետ էլ դժգոհեց, որ իրենց բուժսարքավորումները 30 տարվա վաղեմության են եւ հիվանդանոցին հատկապես անհրաժեշտ են ֆիզիոթերապեւտիկ եւ ռենտգեն ժամանակակից ապարատներ:

ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել