Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին անպատիժ մահ

Մայիս 31,2006 00:00

Դատախազությունը սատարում է մահվան ելքով բժիշկների գործողություններին

Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի կիսամութ նիստերի դահլիճում շարունակվեց նույն համայնքի դատախազության դեմ Արման Քրմոյանի հայցի քննությունը: Պարոն Քրմոյանը բողոքում է գործը կարճելու դատախազության որոշման դեմ: Այս գործի մասին «Առավոտն» արդեն գրել է. «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունք ընդունված 34-35 շաբաթական հղիություն ունեցող Սյուզաննա Բադալյանի աջ երիկամը հեռացնելու եւ նրա մահվան կապակցությամբ անցյալ տարվա օգոստոսի 16-ին հարուցվել էր քրգործ՝ «բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու» հատկանիշներով: Տուժողի իրավահաջորդ Արման Քրմոյանը (Սյուզաննայի ամուսինը) դատարանին ուղղված դիմումում նշել էր, որ նախաքննությունն իրականացրած համայնքի դատախազությունը խախտել է իր իրավունքները, թույլ չի տվել ստանալ քրեական գործի ողջ նյութերի պատճենները. «Ժամանակ չեն տվել մինչեւ գործի կարճումը ծանոթանալ նյութերին»:

Երեկ Ա. Քրմոյանի ներկայացուցիչ փաստաբան Հայկ Ալումյանը պահանջեց, որ իրենց ներկայացվեն Սյուզաննա Բադալյանի հիվանդության պատմության նկարագիրը, անձնական քարտը եւ բոլոր այն փաստաթղթերը, որոնք չեն կցված գործին: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց միջնորդությունը, իսկ դատախազությունը ներկայացնող պրն Վարդանյանը ընդամենը հաստատեց, որ պահանջվող փաստաթղթերը գտնվում են «դատախազության գրասենյակում»: Սա այն դեպքում, երբ նույն դատախազությունից տուժողի իրավահաջորդ Քրմոյանը պահանջել էր գործի նյութերը, գրավոր պատասխանել էին, թե դրանք ուղարկվել են դատարան:

Դատարանում առկա է գլխավոր դատախազության նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Վ. Գրիգորյանի պաշտոնական (02.03.06թ.) պատասխանը, որը ուղղորդող նշանակություն կարող է ունենալ: Ըստ այդ փաստաթղթի. «Գործով նշանակվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն, հանձնաժողովի կազմում ներգրավվել են բժշկության տարբեր բնագավառների գծով բարձրակարգ մասնագետներ: Հանձնաժողովը եզրակացություն է տվել, որ բժշկական գործողությունները եղել են ճիշտ, ժամանակին եւ պատշաճ: Քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով, որոշումը օրինական է, այն վերացնելու հիմքեր չկան»:

Դատարանը չգիտես ինչ վճիռ կկայացնի այսքանից հետո, սակայն մեզանում տխուր «ավանդույթ» է ձեւավորվում. մահացու ելքերով դժբախտ դեպքերի արդյունքում մահանում են նաեւ հանցակազմն ու քրգործը: Էլ ինչի՞ համար են դատարանները:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031