Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Երիտասարդները չեն հասցրել «փչանալ»

Հունիս 30,2006 00:00

Ընտրություններին պատրաստվեցին «Թռչունների», «Փղերի», «Վարդերի» ու «Ծառերի» կուսակցությունները

Ավարտվեցին «Երիտասարդ առաջնորդների ամառային ակադեմիա-2006»-ի պարապմունքները: Ընտրված 30 լավագույն մասնակիցները հոլանդացի փորձագետներ Լիաննե Րաափի եւ Սիմոն վան Մելիքի հետ միասին կազմակերպեցին քաղաքական ընտրություններ Ծաղկաձորում: Երիտասարդերը բաժանվեցին «Թռչունների», «Փղերի», «Վարդերի» եւ «Ծառերի» կուսակցությունների: Նրանք ընտրեցին կուսակցությունների առաջնորդներ, պատրաստեցին ուղերձներ, զինանշաններ, ոմանք նույնիսկ կրծքանշաններ, հրավիրեցին մամլո ասուլիսներ, նկարահանեցին գովազդային տեսահոլովակներ եւ այլն, սակայն ընտրություններ, ի վերջո, չկայացան (ծրագրով նախատեսված չէր, իսկ ընտրող էլ չկար- Լ.Օ.): Ընդ որում, քաղաքական տարբեր կուսակցություններից, հ/կ-ներից ընտրված գործընկերները ստիպված էին մրցել միմյանց հետ: Իսկ մամլո ասուլիսների ժամանակ հակառակորդ թիմի անդամները հանդես էին գալիս որպես լրագրողներ: Նրանք փորձում էին բարձրացնել այնպիսի հարցեր, որոնց «տակից դուրս գալը» դժվար լիներ: Այս ասուլիսները իրականից տարբերվում էին միայն վերջում հնչող ծափահարություններով եւ գնահատման խոսքերով: Արտակ Զարգարյանը (ՀՅԴ) նշեց, որ մեկ շաբաթվա ընթացքում ընդդիմադիր եւ իշխանամետ կուսակցությունների ներկայացուցիչների մեջ համագործակցությունն իրոք կայացավ: Երիտասարդները նշեցին, որ համագործակցում են նաեւ դասընթացներից դուրս: Նարեկ Մալյանը («Նոր ժամանակներ») նշեց, որ երիտասարդների համագործակցությունն ու թիմային աշխատանքները ավելի լավ է ստացվում, քան ավագներինը. «Ես շատ կուզեի ավելի երկար երիտասարդ մնալ: Քանի որ երիտասարդները, իրենց ավագ գործընկերների համեմատությամբ, ավելի բարոյական են: Դա նրանց միակ առավելությունն է, որի շնորհիվ նրանք կարող են համախմբվել: Օրինակ, առնետավազք եղավ քաղաքական դաշտում, բայց ընդհանուր դաշտը դրանից ձեռնպահ մնաց, ես չտեսա որեւիցե քաղաքական գործչի, որը իր «ամբիցիաները» մի կողմ դնելով, կասեր, որ դա անբարոյականություն էր: Իսկ երբ դրա նախադեպը տեղի ունեցավ երիտասարդական դաշտում, ոտքի կանգնեց ամբողջ երիտասարդությունը, թքեց-մրեց այդ մարդկանց ու անվանեց անբարոյականներ»:

Պարապմունքներն անցկացնում էին հոլանդացի փորձագետները, որոնք տեսական գիտելիքներ էին հաղորդում համաշխարհային ընտրական պրակտիկայից, կուսակցությունների շինարարությունից եւ այլն: Ա. Զարգարյանն ասաց, որ առաջիկա ընտրություններում այս գիտելիքները կօգտագործեն. «Պարտադիր չէ, որ մենք ամբողջությամբ առաջնորդվենք այս մեխանիզմներով: Մենք դրանք կկիրառենք հայկական իրականության մեջ՝ պահպանելով մեր հայեցիությունը, որովհետեւ այդ նյութերը վերցված են եվրոպական երկրների փորձի ուսումնասիրություններից եւ որոշ երեւույթներ չեն համապատասխանում մեզ»:

«Ժողովուրդն է տերը երկրի» հ/կ անդամ Էլինա Շահնազարովան նշեց, որ այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր հետագայում միգուցե կզբաղեցնեն ՀՀ նախագահի, վարչապետի պաշտոնները, բացի այդ, նրանք կարող են առաջնորդներ հանդիսանալ ոչ միայն քաղաքական դաշտում: Նարեկ Մալյանը 30 լիդերից առանձնացրեց երեքին, որոնք այսօր էլ կարող են կայացած համարվել՝ Ռուբեն Աղաբաբյանը (ՀՀՇ), Նարեկ Մանթաշյանը (ՀՀԿ) եւ Լիլիթ Մակունցը («Ազատական առաջադիմական» կուսակցություն). «Նրանք կարող են ունենալ ծայրահեղ կարծիք, որը միանշանակ չընդունվի հասարակության կողմից, բայց հետագայում անել այնպես, որ մարդիկ գնան իրենց հետեւից»:

ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930