Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են գրում ջահելները

Հունիս 30,2006 00:00

Ծաղկաձորում հունիսի 28-ին մեկնարկած Երիտասարդ
գրողների երկրորդ համահայկական համաժողովի ընթացքում վերջիններս ավագ գրչակիցների
հետ քննարկեցին երիտասարդական գրական դաշտում գոյություն ունեցող խնդիրներ։ Այս
առումով այլ է իրավիճակը Սփյուռքում։ «Ցավոք, Պոլսի, ԱՄՆ-ի, եվրոպական գաղթօջախներում
երիտասարդները դարձել են օտարագիր: Բեյրութում վերջերս հնարավորություն ունեցանք
առնչվելու Միջին Արեւելքի երիտասարդության գրական շրջանակների հետ»,- պատմեց Հայաստանի
գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Վրաստանից ժամանած, համաժողովի մասնակիցներից՝
«Վերնատուն» միության «Գրական ծիլեր» ակումբի նախագահ Արաքս Սնխչյանը պատմեց Վրաստանում
տիրող իրավիճակի մասին։ «Նախորդ անգամ, երբ մասնակցում էի համաժողովին, չէի սպասում,
որ Հայաստանում այդքան կքննադատվեմ, թե իմ ստեղծագործություններում նորություն չկա։
Ուղղակի կերա իմ բաժինը։ Հայաստանի սահմաններից դուրս մեզ քաջալերում, երբեմն բերաններումս
բառ են դնում, որ գրենք։ Իսկ այստեղ խփում, նստեցնում են տեղդ։ Նոր գրքի լույսընծայման
դեպքում Վրաստանում միայն հայերն են ծափահարում իրար։ Վրացիներին վախենում ենք ցույց
տալ, քանի որ կարող է դա էլ իրենցը համարեն»,- ասաց երիտասարդ գրողը, որ սովորում
է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում։ Չնայած շատ են խոսում գրականության նկատմամբ
երիտասարդների անտարբերության մասին՝ համաժողովի ժամանակ Լ. Անանյանը նկատեց, որ
Հայաստանում քիչ-քիչ սկսում է ձեւավորվել երիտասարդական գրական դաշտ։ ՀԳՄ-ում ստեղծվել
է երիտասարդական սեկցիա՝ մասնաճյուղ, որը պարբերաբար նիստեր է գումարում: 4 տարի
առաջ բանաստեղծուհի Հռիփսիմէի ջանքերով ստեղծվել է «Ցոլքեր» երիտասարդական խմբակը:
Նկատենք, որ երիտասարդները գրական դաշտ են ձեւավորում ոչ միայն գրելով։ «Երբ ծնունդ
եմ գնում, ինձ հետ գրքեր եմ տանում, ընկերներիս բաժանում, որ կարդան։ Հեշտ ընկալվող
արվեստները, օրինակ՝ կինոն, ընթերցող են խլում, ուստի գրողի դերն ավելի է բարդանում»,-
ասաց գրող Համբարձում Համբարձումյանը։ Սակայն երիտասարդ գրականագետ Հայկ Համբարձումյանն
այլ կարծիք ունի. «Գրականությունն էլիտար բնույթի է: Ինչպես փոփ երաժշտությունը,
այնպես էլ գրականությունը՝ հեշտ ընկալելի է։ Ուղղակի խնդիրը ընթերցողի ընկալունակության
շատ ցածր մակարդակի մեջ է, ցածր՝ քան գրողինը։ Բայց գրողը չի կարող իջնել իր արվեստի
չափանիշներից։ Օրինակ՝ վերջին անգամ դպրոցում Հ. Թումանյան կարդացած ընթերցողը երբեք
չի հասկանա Արտեմ Հարությունյանի պոեզիան»։ Ի՞նչ ժանրով, թեմաներով են գրում
այսօր հայ երիտասարդները։ «Հիմնականում արձակ եւ չափածո։ Դրամայի ժանրում համարյա
թե չեն գրում։ Թեմաներն էլ երիտասարդական են՝ համալսարան, դիսկոտեկներ, երիտասարդական
առօրյա»,- ասաց Հայկ Համբարձումյանը։ Սիրո մասին էլ են գրում։ Օրինակ՝ Համբարձում
Համբարձումյանը գրում է թավշե հեղափոխության մասին։ Նա այդտեղ սեր է տեսնում այնքանով,
որ հեղափոխությունից հետո «խոպան» գնացած տղամարդկանց կանայք մնացին առանց սեր։ ՏԱԹԵՎ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել