Լրահոս
Օրվա լրահոսը

Կայքերը դեռեւս անվերահսկելի են

Հուլիս 28,2006 00:00

Երկու օր առաջ «Երկիր» հասարակական կազմակերպությունների
միության կայքի բաժիններից մեկում տեղադրված տեղեկատվությունը հայտնվեց սեւ ֆոնի
վրա՝ թուրքական դրոշով: Երեկ այդ կապակցությամբ զրուցեցինք կազմակերպության
կայքի եւ ծրագրերի պատասխանատու Ռոբերտ Թաթոյանի հետ: Նա տեղեկացրեց, որ կայքը հայտնաբերվեց
Աթաթուրքի դիմապատկերով՝ «ԲԼԵՔ 21» գրությամբ: Զրուցակիցս տեղեկացրեց, որ նույնը
«վերարտադրվել», կրկնվել էր 5 օր առաջ, եւ իրենք կայքը ամբողջությամբ մաքրել էին:
Ռոբերտ Թաթոյանի կարծիքով, հակերների այսօրինակ հարձակումներից զերծ չէ ցանկացած
կազմակերպության կայք, այդ թվում՝ հասարակական-պետական մարմիններինը: Երեք տարիների
գործունեության ընթացքում իրենք նման խնդրի առաջ չեն կանգնել: «Մենք գիտենք երկու
տիպի ջարդումներ. այն, որ ինչ-որ ձեւով իմանում են սայթ մուտք գործելու ինֆորմացիան
կամ գաղտնագիրը, եւ երկրորդ, երբ առանց գաղտնագիրը իմանալու անցքեր են գտնում եւ
իրենց ֆայլը տեղադրում»,- շարունակում է նա: Մեր այն հարցին, թե ինչը կարող
էր թուրք հակերներին դրդել էլեկտրոնային վայրագության, զրուցակից նկատեց. «Գուցե
մայիսին կազմակերպված ազատագրված տարածքներին նվիրված ցուցահանդեսները»: Ի դեպ, թուրքերն
ունեն հատուկ կայք www.tyrkhacks.com, ուր հակերները մանրամասն իրենց ջարդարարությունների
մասին «հաշվետվություններն» են տալիս: «Երկիր» միությունը հանդես է եկել հայտարարությամբ,
ուր դատապարտել է կատարվածը ազգային ատելության համատեքստում: Երեկ «Առավոտին» իրավաբան
Կարո Սարգսյանը տեղեկացրեց, որ աշխարհի շատուշատ երկրներում քրեորեն հետապնդելի արարք
է համարվում այսօրինակ հանցագործությունը: Եվ քանի որ Հայաստան-Թուրքիա միջպետական
իրավական համաձայնագիր գոյություն չունի, հետեւաբար իրավապահ մարմինները ոչինչ ձեռնարկել
չեն կարող: Մեր այն մտահոգությանը, թե արդյոք հասարակական կազմակերպությունների կայքերից
հետո խոցելի չե՞ն դառնա պետական մարմինների պաշտոնական կայքերը, պրն Սարգսյանը չբացառեց
եւ նաեւ նշեց, որ հարցն այս դեպքում առնչվում է ազգային անվտանգության խնդրի հետ,
տեղեկացրեց, որ ԱԱԾ-ում կա համապատասխան ստորաբաժանում, որ զբաղվում է պաշտպանվածության
խնդրով: Տեղեկացնենք, որ վերջին անգամ հասարակական կազմակերպությունների կայքերից
անմասն չմնացին «Հետաքննող լրագրողներն» ու «2020»-ը: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել