Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՈԼՈՐ ՔՆՆԻՉՆԵՐԸ ԿԴԱՌՆԱՆ ԴԱՏԱԽԱԶ»

Հուլիս 29,2006 00:00

Ասում
է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ՀՀ դատախազության կոլեգիայի երեկվա
ընդլայնված նիստի ժամանակ ամփոփվեց 2006թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ դատախազության
մարմինների գործունեությունը: Ըստ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի,
հանրապետությունում գրանցված հանցագործությունների դեպքերը աճել են 434-ով, ծանրը՝
292-ով, առանձնապես ծանր հանցագործությունները՝ 46 դեպքով: Պետական եւ անձնական ունեցվածքի
գողությունների աճը կազմել է 279 դեպք: Հանրապետությունում հետախուզվել է 2909 մեղադրյալ,
որից հայտնաբերվել է 903-ը: Մ. Սարգսյանը ուշադրություն հրավիրեց այն գողությունների
վրա, որոնք գրանցված չեն ոստիկանությունում եւ մեկ գողությամբ բացահայտվել են մի
շարք տեղերում բազմադրվագ գողությունները: Այսպես ռեկորդային էր Էրեբունի համայնքում,
երբ մեկ խմբի միջոցով պարզվել է 49 դրվագով գողություն, Շենգավիթի համայնքում եւ
Կոտայքի մարզում համապատասխանաբար՝ 32 եւ 23 գողություններ են կատարվել: Գլխավոր
դատախազի հարցին, թե ինչպիսի սպանություններ են տեղի ունեցել առաջին կիսամյակում,
զեկուցողը պատասխանեց, որ կատարվել է 41 սպանություն, որի 85 տոկոսը կենցաղային հողի
վրա է եղել: Գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը անդրադարձավ մեղադրանքի
պաշտպանությանը եւ նկատեց, որ դատախազները, որոնք գործում են դատարանում, «դարն ապրած
գիտելիքներով են եւ շատ հաճախ բավարարվում են մեկ ապացույցով»: Մեղադրանքի պաշտպանության
հաջողության մեջ, նրա կարծիքով, կարեւոր էր անգամ դատախազի «արտաքին տեսքն ու առոգանությունը»:
Գ. Ջհանգիրյանի կարծիքով, որոշ մեղադրողներ չեն տարբերվում հանրային պաշտպանից: Անդրադառնալով
դատարաններ-դատախազություն հակասություններին, նա դրանք որակեց իբրեւ անառողջ մրցավազք:
Նա ասաց, որ 20 օրինական վճռի դեմ բերված բողոքներից բավարարվել է 18-ը: Գագիկ Ջհանգիրյանը
կողմ է «դատի չտալ մարդկանց, որոնց արարքները հասարակական վտանգավորության աստիճանով
մեծ չեն»: Որոշ չափով հակադրվելով արդարադատության նախարարին (քանի որ վերջինս
գլխավորում է դատաիրավական բարեփոխումների մշակմամբ զբաղված աշխատանքային խումբը),
գլխավոր դատախազի տեղակալն ասաց, որ դատախազների լիազորությունները չեն կրճատվելու,
դատախազը լինելու է մեղադրանքի «տերն ու տիրակալը», դրան իբրեւ հավելում, գլխավոր
դատախազ Աղվան Հովսեփյանն էլ ասաց, որ բոլոր քննիչները դառնալու են դատախազ: Վերջինս
նաեւ վրդովված էր, որ իր կողմից հաստատված մեղադրանքը դատախազները դատաքննության
ժամանակ փոխում են. ո՞ր տրամաբանությամբ՝ հարցրեց Ա. Հովսեփյանը: Գլխավոր դատախազի
տեղակալ Գեւորգ Դանիելյանը տեղեկացրեց, որ անցկացվել է պետական շահերի պաշտպանության
գծով 70 ստուգում եւ հայտնաբերվել է 144 իրավախախտում, 22 քրեական գործ է հարուցվել:
506 մլն դրամի բողոք բավարարվել է դատարաններում: Առաջին կիսամյակում դատախազության
մարմիններում ստացվել է 3521 դիմում եւ բողոք: Կոլեգիայի նիստին հետեւեց գլխավոր
դատախազի մամուլի ասուլիսը: «Առավոտի» այն հարցին, թե մարդկանց օրգանների վաճառքի
հետ կապված ի՞նչ քրեական գործ է հարուցվել դատախազությունում եւ ինչպիսի՞ն է նախաքննության
ընթացքը (հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Է. Խուդաբաշյանն է հայտարարել քրեական գործի
մասին), Ա. Հովսեփյանն ասաց. «Մենք չունենք քրեական գործ, որը կվերաբերվի մարդկանց
օրգանների վաճառքին»: Մեր այն հակադարձմանը, թե ասվածը վերաբերել է Վարդենիսի հոգեբուժարանին,
Ա. Հովսեփյանը շարունակեց. «Նման հայտարարություն դատախազությունը չի արել, դա լրագրողների
փայլուն ֆանտազիայի արդյունք է: Չկա նման գործ, չենք էլ ունեցել: Մենք ունենք քրեական
գործ՝ կապված Վարդենիսի ինտերնատ-հիվանդանոցում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ,
գործը հարուցվել էր մի երիտասարդ կնոջ անհետացման փաստով եւ այժմ շարունակվում է
քննությունը»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել