Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքներն ուզում են խոշորացնել

Օգոստոս 26,2006 00:00

Երեկ
Վանաձորի մշակույթի տանը ՀՀ նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովն
ու Լոռու մարզպետարանը նշեցին Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման
10-ամյակը: Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը բավականին բարձր գնահատեց այս
10 տարիների ընթացքում իրենց կատարած աշխատանքները ՏԻՄ-ի ամրապնդման գործում: Սակայն
պարոն Քոչինյանին լուրջ մտահոգության տեղիք է տալիս այն, որ, համաձայն 2002թ. ընդունված
ՏԻՄ-ի մասին օրենքի դրույթներից մեկի, համայնքի նախագահները անընդմեջ երեք անգամ
ընտրվելու իրավունք չունեն, ըստ նրա՝ «2008թ. ընտրություններում մենք համայնքի ղեկավարների
շուրջ 75-85 տոկոսին պետք է փոխենք, այսինքն՝ փորձ, գիտելիք ունեցող մարդիկ այլեւս
ընտրվելու իրավունք չեն ունենա: Մենք սրանով ՏԻՄ-ին լուրջ հարված ենք հասցնում: Եթե
տվյալ 3 տարին համայնքապետն արդյունավետ է աշխատել, համայնքի խնդիրները բավարարել
է, վայելում է ժողովրդի սերն ու հարգանքը, ինչո՞ւ նրան զրկել նորից ընտրվելու իրավունքից,-
հարցրեց պրն Քոչինյանը: Նա ՀՀ նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանին կոչ արեց ստեղծված
իրավիճակը ներկայացնել նաեւ Ռ. Քոչարյանին, որպեսզի տարիներ հետո խնդիրներ չլինեն:
Անդրադառնալով հարկերի հավաքագրմանը՝ մարզպետը բողոքեց, որ «հարկային տեսչությանը
երբեք չի հետաքրքրել ու այսօր էլ չի հետաքրքրում համայնքային բյուջեի կատարման գործընթացը,
քանի որ նրանց ոչ խրախուսում են, ոչ էլ պատժում»: Հ.Քոչինյանի կարծիքով, համայնքն
ինքը պետք է կարողանա իր ուժերով որոշակի խնդիրներ լուծել. «Պետությունը դոտացիաներ
է վճարում նրա համար, որ դուք ապահովեք նախադպրոցական, արտադպրոցական կրթությունը,
գեղագիտական դաստիարակությունը, երիտասարդության հարցերը, սպորտը, գրադարանները»,-
այս կոչով դիմեց մարզպետը դահլիճում նստած համայնքապետերին: Ըստ պարոն Քոչինյանի,
Հայաստանը պետք է ընթանա համայնքների խոշորացման ուղիով, որը կնպաստի մեծ եւ փոքր
գյուղերի միավորմանը մեկ համայնքում: Սակայն խոշորացման մեխանիզմների վերաբերյալ
մարզպետը կանխատեսումներ չարեց: Նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանն իր խոսքում
մասնավորապես ասաց, որ Հայաստանում ՏԻՄ-ի ինստիտուտը շահեկանորեն կայացել է՝ ի հեճուկս
հարեւան երկրների: Պրն Ավագյանը ներկայացրեց ՀՀ նախագահի վճռականությունը՝ «իրականացնել
ապակենտրոնացման քաղաքականություն»: «Պետք է համայնքները խոշորացվեն եւ ամենակարեւորը՝
պետք է ձեւավորվեն միջհամայնքային միավորները»,- նշեց խորհրդականը: Ըստ պաշտոնյայի,
համայնքներում պետք է խթանել ՏԻՄ-ի իրավունքները, սոցիալական խնդիրները վերացնելու
հատուկ քաղաքականություն վարել, մշակութային կյանքի զարգացում ապահովել: «Առավոտը»
զրուցեց որոշ համայնքապետերի հետ, որից պարզ դարձավ, որ մարզի գյուղերն ունեն բնակարանաշինության,
ճանապարհաշինության, տրանսպորտի, հեռախոսակապի, կուլտուրայի տան, մանկապարտեզի, ջրագծի,
մահվան թուղթ ստանալու եւ այլ խնդիրներ, որոնք համայնքներն ի վիճակի չեն լուծել:
«Ֆինանսական առումով ՏԻՄ-ը կայացել է, բայց սպասարկման ոլորտում ՏԻՄ-ը չկա, ոչ էլ
կայացել է, եղածն էլ վերցրեցին մեզանից»,- ասաց Բովաձորի գյուղապետ Էդուարդ Մելիքսեթյանը:
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել