Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԲԵԼՅԱՆ, ՈՐ ՄԻԱՅՆ ԹԱՏՐՈՆԻՆԸ ՉԷ

Օգոստոս 26,2006 00:00

Այն վիրահայության ինքնության պահպանման գրավականն է

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը պատրաստվում է նշել հիմնադրման 150-ամյակը: Այսինքն՝ իր սեփական հոբելյանը, որով հաստատվում է, որ Անդրկովկասում պրոֆեսիոնալ թատրոնի առաջնեկը հենց Պ. Ադամյանի անվան թատրոնն է: Հոբելյանական հանդիսությունների ծրագիրն արդեն պատրաստ է, տոնակատարության օրերին հայաստանյան մի քանի թատրոններ՝ Գ. Սունդուկյանի, Հր. Ղափլանյանի, Գյումրիի եւ Վանաձորի թատրոնները հանդես են գալու մեկական ներկայացումներով: Տպագրության է պատրաստվել թատրոնի ստեղծագործական կյանքին նվիրված գրքույկը: Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ՝ 22 հազար դոլար է տրամադրվել միջոցառումների կազմակերպման, թատրոնում որոշակի կոսմետիկ նորոգումներ իրականացնելու համար: «Թատրոնի հոբելյանը մեզ համար խոշորագույն նշանակության իրադարձություն է,- «Առավոտի» հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն եւ գեղղեկավար, Վրաստանի հայերի միության փոխնախագահ Արմեն Բայանդուրյանը,- այս հոբելյանը միայն թատրոնինը չէ, այն վիրահայության ինքնության հաստատման գրավականն է: Իսկ մեզ այսօր այդ նոր ինքնահաստատումը պետք է, որովհետեւ հիմա այլեւս չենք կարող խոսել այն հզոր համայնքի մասին, որն ունեինք, չենք կարող հպարտությամբ նշել մշակութային ու կրթական այն հաստատությունների մասին, որոնցով մի ժամանակ հպարտանում էինք»:

Մեր զրուցակիցը ցավով նշեց, որ թե ԽՍՀՄ փլուզման, թե Վրաստանում իրական դարձած սոցիալ-տնտեսական ծանր պայմանների, թե որոշ ազգայնամոլ գործիչների անհեռանկար քաղաքականության հետեւանքով Վիրահայքը քանակական ու որակական մեծ կորուստներ է կրում: Թբիլիսին իր քաղաքաշինական ծրագրերն ու խնդիրներն ունի, ուստի ոչ ոք ողբերգություն չի տեսնում այն բանում, որ հատկապես բուն հայկական համարվող Հավլաբար թաղամասն այսօր հայաթափվում է, հայերը բնակարաններ են ստանում կամ գնում այլ թաղամասեր՝ դատարկելով հայկական դպրոցները, պարապ թողնելով թատրոնի շրջապատը: Օր օրի պակասում է թատրոն եկող հայ հանդիսատեսի թիվը: Ինչպես, օրինակ, հայաստանյան մարզերում (Գյումրի, Վանաձոր եւ այլն), Թբիլիսիում եւս հայկական թատրոնը հիմնականում աշխատում է դպրոցականների համար, ժամանակ առ ժամանակ հյուրախաղեր կազմակերպում Վրաստանի հայաբնակ գյուղերում: Հայաստանյան հյուրախաղերի կազմակերպումը խիստ դժվար է դարձել, որովհետեւ այսօր մաքսային խնդիրներ ու ֆինանսական լուրջ հարցեր կան:

Ըստ Ա. Բայանդուրյանի, հայկական թատրոնի համար սահմանված աշխատավարձը ամենացածրն է Վրաստանում՝ միջինը 20-25 լարի (մոտ 15 դոլար): «Չնայած դժվարություններին, մենք միակ թատրոնն ենք, որ տարեկան 4-5 նոր բեմադրություն է հրամցնում հանդիսատեսին: Վրաստանի կառավարությունը խոստացել է 2007թ. վերանայել աշխատավարձը, որովհետեւ այսպես այլեւս անհնար է ապրել: Նշեմ, որ ունենք կայուն ու մեծ դերասանախումբ, գործում է դրամատիկական ստուդիան, որը նաեւ հայապահպանման խնդիրներ է լուծում»: Ա. Բայանդուրյանը համոզված է, որ Հայաստանի իշխանությունները պիտի վճռական դիրքորոշում ունենան, մասնավորաբար՝ Թբիլիսիում միջպետական համաձայնագրերի հիման վրա պիտի բացվի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետինստիտուտի մասնաճյուղ. «Հայերի միությունը կլուծի շենքային հարցերը: Համոզված ենք, մասնաճյուղը կվերածվի հայապահպանման կենտրոնի»:

Պարոն Բայանդուրյանը նշեց նաեւ, որ այսօր հայկական թատրոնի ներկայացումները դիտելու են գալիս հատկապես վրաց թատերական երիտասարդության ներկայացուցիչները, հայկական թատրոնի շատ դերասաններ նկարահանվում են վրացական ֆիլմերում: Ուստի հարկավոր է ամեն ինչ անել, որ թատրոնն ամրապնդի իր դիրքերը: «Վրացական իշխանությունները ձգտում են ստեղծել հզոր Վրաստան, ամենուր հաստատել ազգային ոգին: Խոջիվանքի տարածքում արդեն հառնում է բացառիկ մեծության վանական համալիր՝ խեղճացնելով, գրեթե շրջափակելով հայկական պանթեոնը: Հայերեն լույս տեսնող «Վրաստան» թերթի ընթեցողների թիվն օրեցօր նվազում է, պակասում… Հայաստան-Վրաստան կապերի ամրապնդման նոր երաշխիքներ ու միջոցառումներ են պետք, որովհետեւ որքան հզոր լինի Վիրահայքը, այնքան հզոր թիկունք կունենա Հայաստանը: Սա անառարկելի ճշմարտություն է»,- մտահոգված է պրն Բայանդուրյանը:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել