Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոնստրներ» եւ «գաճաճներ»

Օգոստոս 29,2006 00:00

Երեւանում
կան դպրոցներ, որտեղ դասարանում 35 հոգի է սովորում, իսկ կան այնպիսի դպրոցներ, որտեղ
դասարաններ չեն ձեւավորվում: ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով օգոստոսի
25-30-ը ՀՀ դպրոցներում անցկացվում են օգոստոսյան խորհրդակցություններ: Երեկ
ՀՀ կրթության ոլորտի պատասխանատուները հանդիպեցին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների
միջնակարգ դպրոցների տնօրեններին: Այս տարի վերոնշյալ համայնքների դպրոցներում մինչ
օրս ընդունվել են 1025 ավագ եւ 576 կրտսեր առաջին դասարանցիներ: Ըստ Երեւանի քաղաքապետարանի
կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանի, այս համայնքներում կան դպրոցներ, որոնք ոչ
մի առաջինցի չեն ընդունել, կան նաեւ դպրոցներ, որտեղ քիչ են կամ ընդհանրապես չկան
կրտսեր առաջինցի: Թիվ 41, 81, 23 դպրոցներում ոչ մի կրտսեր առաջինցի չկա, թիվ 3,
72 դպրոցներում 1-ական կրտսեր առաջինցի է դիմել: Սակայն ինչպես նշեց Երեւանի փոխքաղաքապետ
Կամո Արեյանը, դպրոցների ցանկում կան նաեւ «մոնստր» դպրոցներ, որոնք 150-200 երեխա
են ընդունել: «Մոնստր» դպրոցները գլխավորում էին Պուշկինի (215 երեխա), Նիկոլ Աղբալյանի
(140), թիվ 55 (190) եւ թիվ 114 (178) դպրոցները: Կ. Արեյանը նշեց, որ այս դպրոցներում
յուրաքանչյուր դասարանում 35 աշակերտ է սովորում. «Մեկ էլ կտեսնես, որ ամիսը պտտվում
է, բայց երեխայի ձայնը ուսուցիչը այդպես էլ չի լսում. նրան պարզապես հերթ չի հասնում»:
1-5 առաջինցի ունեցող դպրոցների որոշ տնօրեններ առաջարկում են միավորել ավագ
եւ կրտսեր առաջին դասարանները, սակայն քաջ գիտակցում են, որ հնարավոր չէ երկու ծրագրով
համատեղ աշխատել մեկ դասարանում: Կրթության պատասխանատուները նույնպես համամիտ էին
դասարանները չմիացնելու մտքին: Նրանք առաջարկում էին փոքրաքանակ կրտսեր դասարանները
վերաբաշխել մոտակա դպրոցների մեջ: Տնօրենները նշում էին, որ ոչ մի կերպ չեն կարող
համոզել ծնողին՝ երեխային այս կամ այն դպրոց տեղափոխել: Ծնողը երեխային դպրոց տանելիս
հաշվի է առնում ոչ միայն կրթության որակը, այլեւ ներքին հարդարանքը, ջեռուցման պայմանները
եւ այլն: Խորհրդակցության ժամանակ տնօրենները փսփսում էին, որ ոչ մի պատահական
երեխա չի հաճախում Պուշկինի, Նիկոլ Աղբալյան կամ մյուս «մոնստր» դպրոցներ. «Նրանք
կամ մտավորականների երեխաներն են, կամ էլ մեծահարուստներինը: Դե թող նման քանակով
սոցիալապես անապահով խավի երեխաների կրթեն: Այդ ժամանակ մեդալակիր կլինեն»: Նախարար
Լ. Մկրտչյանը նույնպես նշեց, որ ոչ մի ծնողի իրավունք չունեն պարտադրել՝ երեխային
չնախընտրած դպրոցը տանել: Նա ավելացրեց, որ վերոնշյալ «մոնստր» դպրոցները ժողովրդի
վստահությանն են արժանացել թե իրենց տեխնիկական պատրաստվածության եւ թե ուսուցիչների
բարձր որակի պատճառով: Նախարարն առաջարկեց 7 հոգանոց առաջին դասարաններ ձեւավորել:
ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել