Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՎԻՃԵԼԻ ԱՐԺԵՔ

Սեպտեմբեր 22,2006 00:00

\"\"Անկախությունն այսպես են գնահատում ե՛ւ նախկին իշխանության ներկայացուցիչը, ե՛ւ «նախկինների» ընդդիմախոսը

Այսօր Հայաստանի անկախության 15-րդ տարեդարձն է: Ու թեեւ այս տարեդարձը ՀՀ իշխանությունները որոշել են տոնել մեծ շուքով ու զորահանդեսով, իհարկե, ոչ այն պատճառով, որ դա հոբելյանական է, այլ՝ որովհետեւ տարին է նախընտրական, այդուհանդերձ, հայ հասարակությունը տոնական տրամադրություն, ինչպես երեւում է՝ չունի: Գոնե նախօրեին ու երեկ հասարակական տրանսպորտով երթեւեկող մեր համաքաղաքացիներից ոմանք դժգոհում էին, թե՝ «ի՞նչ տոն, էս տոն ա՞, չլներ էս տոնը, սաղ ճամփեքը պրոպկա ա, սենց տոն ա լինո՞ւմ, քթներիցս դուրս եկավ, էն խեղճ զինվորներն էլ երեկ գիշեր ավտոբուսների մեջ էին մնացել, ով գիտի՝ սոված-ծարավ»: Իհարկե, այսպես մտածողները հասարակության մեջ, երեւի, շատ մեծ թիվ չեն կազմում, բայց շատերի համար Հայաստանի անկախությունը ասոցացվում է, ինչպես Արշակ Սադոյանն էր ասում, «խավարի ու ցրտի» դժվարին տարիների ծանր հիշողությունների հետ, առավել եւս, որ այսօր իշխանությունների նկատմամբ էլ հասարակությունը, մեղմ ասած, մեծ հարգանք ու վստահություն չի տածում: Այդուհանդերձ, ինքը՝ թեւավոր արտահայտության ակամա հեղինակ դարձած, ԱԺ պատգամավոր ու ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը երեկ «Առավոտին» փոխանցեց հետեւյալը. «Անկախության տարիները բավական շատ են, իսկ «խավարի ու ցրտի» տարիները՝ ավելի քիչ: Դրանք հիմնականում եղել են 1992-95 թվականները, եւ կարող եմ ասել, անկախության արժեքն ավելի իմաստավորվեց, երբ մարդիկ հասկացան, որ միայն ժողովրդին ծառայող ու ժողովրդական իշխանության միջոցով է հնարավոր հաղթահարել անկախության դժվարությունները: Անկախությունը շատ լավ բան է, շատ կարեւոր, բայց անկախությունը նաեւ պարտադրում է պայքարել ժողովրդի կողմից իշխանություններ ձեւավորելու համար»: ԱԺ պատգամավորը նաեւ հավելեց, որ անկախության համար պայքարը սկսվեց 88-ից, երբ Ղարաբաղի համար սկսված շարժումը շատ արագ դարձավ Հայաստանի անկախության շարժում: Եվ եթե անցած տարիների ընթացքում որեւէ նվաճում կա, ապա դա միայն մեր անկախությունն է, որն այսօր մեր իշխանություններն այնքան ապաշնորհ են ղեկավարում, որ Հայաստանի անկախությունը մաս-մաս անցնում է ուրիշներին, եւ այսօր հանուն անկախության ու ապագայի դարձյալ անհրաժեշտ է պայքարել: «Կարծում եմ, բոլորովին չարժե անկախության գաղափարը ստվերել՝ դա կապելով «խավարի ու ցրտի» տարիների հետ: Դրանք անոմալիաներ էին՝ կապված հենց անկախության նվաճման հետ»:

Հայաստանի անկախության արժեւորման վերաբերյալ պարոն Սադոյանի հայտնած որոշ տեսակետները միանգամայն համահունչ էին նրա քննադատության թիրախը դարձած «նախկին» իշխանությունների ներկայացուցիչ, ԳԽ եւ ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի տեսակետներին: Վերջինս էլ այն կարծիքին էր, որ մեր երկրի անկախությունը շատ ավելի արժեքավոր է, քան մարդկանց հիշողության մեջ տպավորված ցրտի ու խավարի տարիները: Դրանք, ի դեպ, պարոն Ռուբինյանի մատուցմամբ, ավելի քան 90 տոկոսով օբյեկտիվ պատճառներ ունեին, քան սուբյեկտիվ, որովհետեւ Հայաստանը շրջափակման մեջ էր, պատերազմական վիճակում էր գտնվում, իսկ այդ պայմաններում օբյեկտիվորեն դժվար էր միաժամանակ ե՛ւ անկախ պետականության հիմքերը գցել, քայքայված ու քայքայվող տնտեսություն վերականգնել, ե՛ւ պատերազմել: Նորանկախ Հայաստանի խորհրդարանի նախկին փոխխոսնակի ասելով, իհարկե, կային նաեւ ստեղծված իրավիճակի սուբյեկտիվ պատճառներ, որոնք, սակայն, չնչին տոկոս էին կազմում, բայց անգամ դա էլ, նրա համոզմամբ, ոչ թե դիտավորություն էր՝ այդ տարիների իշխանությունների սեփական շահերի հետապնդման արդյունք, որքան նրանց անփորձության հետեւանք: Ըստ նրա, անհամեմատելի են ՀՀ անկախության առաջին տարիներն այսօր տեղի ունեցող գործընթացների հետ: Կ. Ռուբինյանը նաեւ կարծիք հայտնեց, թե այսօր էլ Հայաստանի անկախության համար պայքարն օրակարգային է, որովհետեւ անկախություն ասելով դրա համար պայքարած ռոմանտիկ մարդիկ նկատի ունեին մարդու իրավունքներն ու ազատությունները, երկիրը ժողովրդավարական զարգացման հունով առաջնորդելը: Մի բան, որը, պարոն Ռուբինյանի ասելով, այսօր Հայաստանը աստիճանաբար կորցնում է, որովհետեւ երբեւէ ունեցած մեր այդ կապիտալը ներկայիս իշխանությունները մսխել են: Հենց դա է պատճառը, որ «նախկին» իշխանության ներկայացուցիչը համոզված է, թե այսօր հայաստանցիները ստիպված են նորից, գրեթե զրոյից, պայքարել այդպիսի անկախության ձեռքբերման համար:

Մեր զրուցակցի մատուցմամբ, հասարակությունն անպայման ոտքի է կանգնելու ու միավորվելու է՝ պայքարելու իր իրավունքների եւ ազատությունների համար բոլոր հնարավոր միջոցներով, ընդհուպ մինչեւ անհնազանդության դրսեւորումն ու ապստամբությունը, ինչը պարոն Ռուբինյանը եւս օրինական ճանապարհ համարեց: Նրա համոզմամբ, նախ՝ մարդու իրավունքների եւ ազատությունների համար պայքարի լայն ճակատ պետք է ձեւավորեն հասարակությունն ու քաղաքական ուժերը, որից հետո ճակատ կոչվածը ետ կքաշվի, եւ կկազմակերպվեն ազատ ու արդար ընտրություններ՝ օրինական իշխանություններ ձեւավորելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930