Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Սեպտեմբեր 25,2006 00:00

\"\"Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ ՀՀ անկախության տարիների՝ թվով չորրորդ զինվորական շքերթը եւ զորահանդեսը:

Առաջինը տեղի էր ունեցել 1992-ին, երբ ձեւավորվում էր Հայաստանի անկախ բանակը, եւ զորքը հրապարակից համարյա ուղիղ դեպի ռազմաճակատ էր գնում: Հաջորդը 1996-ին՝ հայկական բանակի ստեղծման հինգերորդ տարեդարձի կապակցությամբ, այդ ժամանակ արդեն հրադադարի պայմանագիր էր կնքված: Մյուսը՝ 1999-ին էր: Սա այն պատմական զորահանդեսն էր, որի ժամանակ տրիբունայում կանգնած վարչապետ Վազգեն Սարգսյանը փոքրիկ տղայի պես արցունքն աչքերին ողջունում էր կարծես իր որդիներին եւ ուրախությունից ու հուզմունքից ձեռքն անընդհատ խփում էր տրիբունային: Այդ զորահանդեսից հետո Վազգենին սիրողներն ավելի սիրեցին նրան, չսիրողները սկսեցին կամաց-կամաց սիրել, իսկ նրանք, ովքեր ատում էին Վազգենին, ավելի ատեցին:

2006թ. սեպտեմբերի 21

Անկախության տոնը ինձ համար սկսվեց որպես աշխատանքային օր, սակայն մի քիչ ավելի վաղ, քանի որ զորահանդեսի պատճառով մայրաքաղաքի ճանապարհները փակվելու էին: Նույն այդ զորահանդեսը լուսաբանելու նպատակով տնից սովորականից շուտ դուրս եկա եւ վաղ առավոտյան ականատես եղա, թե ինչպես է սկսվում Անկախության տոնը իմ քաղաքում: Առաջինը, ինչին բախվեցի, լեփ-լեցուն երթուղային տաքսին էր, որի ուղեւորները բառացիորեն շախմատի ձիու պես ծռված՝ դժգոհում էին փողոցների խցանումներից, բայց երթուղայինի վարորդի չսափրված եւ ջղային դեմքին նայելով՝ լռում էին: Հաջորդը կենտրոնի փողոցները ջրող ավտոմեքենաներն էին, քաղաքն էին մաքրում եւ կարգի բերում, ռազմական տեխնիկան եւ զինվորները շատ ավելի վաղ էին բերվել համապատասխան փողոցներ եւ կազմակերպված սպասում էին իրենց «ելույթին»:

Մեր բանակը

Զորահանդեսը իսկապես հրաշալի էր կազմակերպված: Երեւում էր, որ մեր զինվորները եւ հրամանատարները շատ էին չարչարվել, բանակը իսկապես երեւաց իր ամբողջ փառքով եւ կազմակերպվածությամբ: Նույնիսկ նրանք, ովքեր երբեք զգացմունքային չեն եղել, մեր զինվորների առույգ եւ խրոխտ քայլվածքը, մեր զինվորական տեխնիկան տեսնելով՝ իսկապես հուզվում էին եւ հպարտանում: Այն, ինչ կատարվում էր Հանրապետության հրապարակում, իսկապես արժանի է գովասանքի, եւ լավ էր, որ շարքային քաղաքացիները հնարավորություն ունեցան ազատ եւ անարգել տեսնել այդ ամենը:

Կարմիրները եւ կապույտները

Պարզվեց, որ անկախությունը մենք վաստակել ենք նաեւ նրա համար, որ նույնիսկ մեզ՝ չորրորդ իշխանության ներկայացուցիչներիս բաժանեն երկու գույնի՝ կարմիրների եւ կապույտների՝ չնայած բոլորս, ըստ կարգի, հավատարմագրված էինք: Մեզանից նրանք, ովքեր կապույտ եզրագծով անցաթուղթ ունեին, համարվեցին մերժվածներ (մենք մեծամասնություն էինք) եւ մեզ չթողեցին անգամ մոտիկից նայել շքերթը, միայն Հովհաննես Վարյանի միջնորդությունից հետո մի փոքրիկ անցք բացվեց, որին ճարպիկները կարողացան մոտենալ եւ դիտել շքերթը, իսկ մյուսները մնացին հեռու՝ այդ ամբողջ գեղեցկությունը տեսնելու հաճույքից զրկված: Փոխարենը, նույն այդ շքերթի ժամանակ «թռցրին» մեր գործընկերուհու բջջային հեռախոսը, ծառերին թառած մի փոքրիկ տղայի հազիվ գրկեցինք, որ չշրմփա գետնին, ցայտաղբյուրի ջրով ջրվեցինք եւ հասկացանք, որ իսկապես անկախ ենք. ինչ ուզում՝ անում ենք: Ի տարբերություն մեզ, երկու պատասխանատու հեռուստաընկերություն, հասկանալի է՝ «Հանրային»-ը եւ «հ2»-ը, առոք-փառոք աշխատում էին եւ հետո, երբ նայեցի նրանց պատրաստած ռեպորտաժները, հասկացա, որ նույնիսկ նրանց համար ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այդ օրը հասանելի չի եղել:

Իսկ մենք՝ «կապույտներս», շարունակում էինք լսել մեզ պես մերժվածների դժգոհությունն այն մասին, որ նույնիսկ Անկախության օրը ոմանք իրենց ուզած ձեւով տնօրինեցին: Մեզ պես ճաղերից այս կողմ էին մնացել մի քանի փոխգնդապետներ, մայորներ, մարդիկ, ում թվացել էր, թե տոնը նաեւ իրենցն է: Փոխարենը՝ տրիբունայում կանգնածների անվտանգության աշխատակիցները, նրանց վարորդները, ընկերուհիները, զոքանչների ընկերուհիները եւ էլի անհասկանալի ինչ-որ մարդիկ անցուդարձ էին անում եւ նրանց ոչինչ չէին արգելում, նրանց առաջ չգիտես ինչ զորավոր բառերով բացվում էին ճաղավանդակները, եւ հիմնականում սափրագլուխ պահապանները անցնում էին «ռուբիկոնը»՝ մեզ հրելով եւ «հըլը մի րոպե, քուր ջան» ասելով:

Ի՞նչ տվեց մեզ անկախությունը

Որպեսզի պարապ չմնանք, մենք էլ շարքային քաղաքացիներին էինք հարցնում, թե ինչ տվեց իրենց անկախությունը: Թիվ 114 դպրոցը այս տարի ավարտած Արամն ասաց, որ անկախությունը իրեն մի բան է սովորեցրել. «Հեղափոխությունը ռոմանտիկների մտահղացումն է, իրականացվում է ֆանատների կողմից, հեղափոխության պտուղները ճաշակում են անարժանները»:

Նյու Ջերսիից տուրիստ եկած տիկին Ալիս Վարժապետյանը արցունքն աչքերին հետեւում էր շքերթին եւ ասաց. «Շատ ճոխ հայտագիր է, շատ ուրախ եմ, որ մեր Հայաստանը անկախ է այսչափ տարի, եւ հուսանք, որ շատ ավելի երկար տարիներ, հավիտենական անկախ կլինի»: Հետաքրքիր է, որ նույնիսկ սփյուռքահայ մեր բարեկամներին էին բաժանել երկու սորտի՝ ոմանց համոզել էին, որ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի՝ դեպի հրապարակ նայող սենյակների դռները փակ են լինելու. անվտանգության ծառայողներն են արգելել՝ բացատրելով, որ «նախագահն է եկել», իսկ ավելի ուշ, երբ շքերթն արդեն սկսված էր, նկատեցինք, որ, այնուամենայնիվ, որոշ մարդիկ հենց այդ պատուհաններից էին դիտում զորահանդեսը:

Վարսավիրանոցներից մեկում հավաքարար աշխատող տիկին Անժելան մեր հարցին՝ ի՞նչ տվեց իրեն անկախությունը, ասաց՝ «ավել», երբ խնդրեցինք պարզաբանել, ասաց. «Մինչ հեղափոխությունը ֆիզիկոս էի, աշխատում էի գիտական հիմնարկում, հիմա ավել ունեմ ու մաքրում եմ վարսավիրանոցը»:

Մոտ վաթսուն տարեկան մի մարդ խիստ զայրացավ իմ հարցից՝ ի՞նչ է տվել անկախությունը, եւ ասաց, որ նման հարց տալը ինքը կոռեկտ չի համարում, չմանրամասնեց, թե ինչու: Իսկ ՀՀ քաղաքացի Վահրամ Դարբինյանը հպարտորեն հայտարարեց. «Շատ ուրախ ենք, որ անկախ երկրում ենք ապրում, անկախությունը շատ լավ բան է, իսկ Ղարաբաղի հարցում ոչ մի զիջում չպետք է լինի, հաղթել ենք, մենք հաղթանակած երկիր ենք, թող իրենք մտածեն»:

Սարգսյան Սուսաննային զորահանդեսը բացարձակապես չէր հետաքրքրում, ասաց, որ հրապարակ է եկել միայն լրագրող տեսնելու նպատակով, որ ասի, թե ինչպիսի վատ սոցիալական վիճակում է ինքը իր թոռների հետ ապրում: Ըստ տիկին Սուսաննայի, օգնության համար երկրին տրվող փողերով միայն «սաունաներ են ասում, ինչ են ասում՝ դրանցից եւ մեկ էլ բենզակայաններ են կառուցվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930