Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԱ-Ն ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՏՈՏԱԼԻՏԱՐԻԶՄԻՆ

Սեպտեմբեր 25,2006 00:00

\"\"Երեկ ԳԱԱ նախագահության փակ նիստում քննարկվել են ԳԱԱ կառուցվածքային բարեփոխումներին ուղղված հարցեր, մասնավորապես՝ ինստիտուտների խոշորացման հարցը, որ արդեն մեկ տարի խոսակցությունների
փուլում էր:

Ի վերջո, մշակվել է մի փաստաթուղթ, ըստ որի որոշվել է իրար միացնել ԳԱԱ որոշ ինստիտուտներ ու կենտրոններ: Բնական գիտությունների բաժանմունքում կկատարվեն հետեւյալ փոփոխությունները. Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը կմիանա Մոլեկուլի կառույցի ուսումնասիրությունների կենտրոնին: Ի դեպ, այս միացման մասին խոսակցություններ կային դեռեւս փետրվար ամսին, եւ կենտրոնի տնօրեն Սուրեն Մամյանը ահազանգեց, թե որքան աննպատակահարմար եւ գիտության համար վտանգավոր կարող է լինել այս միացումը: Երեկ մեզ հետ զրույցում պրն Մամյանն ասաց, որ նախագահությունում իրենց խոստացել են ձեւականորեն միացնել, սակայն թողնել որպես առանձին, ինքնուրույն կենտրոն: Ինչի մասին, սակայն, չասաց բաժանմունքի ղեկավար, ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանը: Մյուս միացումը վերաբերում է Միկրոբիոլոգիայի ինստիտուտին եւ Մանրէների ավանդադրման հանրապետական կենտրոնին: Այս 2 կազմակերպությունները գտնվում են Աբովյան քաղաքում, բայց առանձին շենքերում են տեղակայված, այնպես որ՝ այս դեպքում նաեւ մի ամբողջ շենք է ազատվում:

Այս բաժանմունքում կմիանան նաեւ Կենդանաբանության ու Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտները: Հիշեցնենք, որ վերջինս Սեւանից տեղափոխվել էր Երեւան՝ ԳԱԱ հիմնարար գրադարանի շենք, իսկ Սեւանի շենքը վաճառվել էր:

Կմիացվեն նաեւ Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը եւ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը:

Հայագիտության եւ հասարակական գիտությունների, ինչպես նաեւ մաթեմատիկայի, մեխանիկայի եւ ինֆորմատիկայի բաժանմունքներում, մեր տեղեկություններով, փոփոխություններ չեն արվի: Իսկ ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքում կմիացվեն Գյումրիում գտնվող հատուկ փորձարարական ուղղվածությամբ 2 ինստիտուտներ, ինչպես նաեւ՝ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը եւ «Մաշտոց» ճարտարագիտական կենտրոնը:

Վ. Հակոբյանի տվյալներով, այս բոլոր փոփոխությունների հաստատումից հետո միայն նոր տնօրեններ կընտրվեն այն բոլոր ինստիտուտների համար, որոնց տնօրենները, տարիքի հետ կապված, ազատվել էին աշխատանքից: Իսկ տնօրենների ընտրության հարցում առարկություն ունի Մեխանիկայի ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը: «Եթե նախկինում ինստիտուտի տնօրենն ընտրվում էր բազմաստիճան ձեւով, այսինքն՝ գիտխորհուրդը թեկնածություն էր առաջադրում, գիտական կոլեկտիվը քննարկում էր այն, բաժանմունքը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում էր, հետո նախագահությունը հաստատում՝ փակ-գաղտնի քվեարկությամբ, ապա հիմա հարցը ուղիղ ձեւով գնում է նախագահություն»: Սա էլ, ըստ պրն Աղալովյանի, դե ֆակտո նշանակում է, որ նախագահության 9 անդամները տնօրեններին նշանակում են: Եվ դա այն դեպքում, երբ «նրանք նեղ մասնագետներ չեն ու հաշվի էլ չեն առնում մասնագետների կարծիքը: Իսկ դա տոտալիտարիզմ է նշանակում, վերադարձ դեպի հինը, երբ տնօրեններին նշանակում էին, հետո մեկ տարում 5 հոգի փոխվում էր, որովհետեւ գործից բան չէին հասկանում»: Ժամանակին այս նոր ձեւին պրն Աղալովյանը նախագահությունում դեմ է արտահայտվել, իսկ նրան պատասխանել են, որ նախագահությունը լիազորված մարմին է եւ իրավունք ունի ինքը որոշելու այդ հարցը: «Բայց դա դեմոկրատական մոտեցում չէ. վատ բան է կատարվում»,- ասում է ակադեմիկոսը:

Հիշեցնենք՝ ԳԱԱ նախագահությունը որոշել էր նախկին տնօրեններին թողնել իբրեւ խորհրդականներ եւ պահպանել նրանց նախկին աշխատավարձը: Պրն Աղալովյանն այս առիթով ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ տնօրենի աշխատավարձը գրեթե հավասար է առաջատար գիտաշխատողի աշխատավարձին՝ խոսքը 40-45 հազար դրամի մասին է: Իսկ նախագահության ղեկավար կազմը մինչեւ 300 հազար դրամ աշխատավարձ է ստանում. «Ամեն ինչ գլխիվայր է, եթե ուզում եք այս ամենի մեջ իմաստ փնտրել՝ ապարդյուն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930