Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԼԻԿ-ԴԱՍՏԱՆ ՄԱՐԶԱԴԱՇՏ ԿԼՑՆԻ»

Սեպտեմբեր 25,2006 00:00

\"\"Կարծում է Հայկական ժողովրդական խաղերի կենտրոնի խորհրդի անդամ Արմեն Դավթյանը՝ հավաստիացնելով, որ այն բեյսբոլից հետաքրքիր է:

Արդեն քանի տարի է Հայաստանում գործում է Հայկական ժողովրդական խաղերի կենտրոն, որը փորձում է վերակենդանացնել մոռացվող ազգային խաղերը: Կենտրոնի խորհրդի անդամները՝ համագործակցելով ԳԱԱ-ի, մասնավորապես ազգագրագետ Ժենյա Կարապետյանի հետ, ուսումնասիրելով համապատասխան նյութեր, պարզել են, որ 999 ազգային խաղ ենք ունեցել: Ավագ եւ միջին սերունդը դեռ հիշում է դրանց փոքր մասը՝ չլիկ-դաստա, հոլ, լախտի, 7 քար, աքլորակռիվ եւ այլն: Պարզվում է՝ այդ խաղերն իրականում այլ կանոններով պետք է խաղալ, ոչ թե այնպես, ինչպես շատերը խաղացել են երիտասարդ տարիներին: «Օրինակ՝ Վարդավառը հայկական մարտի 8-ն է եղել: Այդ օրը աղջիկներին թույլ է տրվել տղաների վրա ջուր լցնել: Ջահերը վառած՝ 2 գյուղ կանգնել է, տղաները՝ մինչեւ գոտկատեղը մերկ: Նրանք պետք է մարմիններով պահպանեին ջահերի կրակը՝ աղջիկների ջրով լի դույլերից: Խաղը միջոց էր հարսնացու ընտրելու համար: Թրջված, մարմիններին կպած զգեստները հնարավորություն էին տալիս «ուսումնասիրել» աղջիկների բարեմասնությունները ու ընտրել ամենաբարեկազմներին»,- պարզաբանեց կենտրոնի խորհրդի անդամ Արմեն Դավթյանը:

Ի դեպ, Հայկական ժողովրդական խաղերի կենտրոնի առաջին հովանավորը ղազախական բանկն էր, որը եւ հովանավորել է ազգային խաղերի մասին «Վերադարձ դեպի արմատներ» ֆիլմը: Ֆիլմ-տեղեկագրում բացատրվում է, թե ինչպես պետք է խաղալ 7 ազգային խաղերը, այդ թվում՝ հոլը, չլիկ-դաստան, 7 քարը, քաշոցին: «Բոլոր հայկական ժողովրդական խաղերը իրենց հիմքում զինվորական պատրաստության նպատակ ունեին: Դարեր շարունակ օտար տիրապետությունների տակ գտնվող հայ ժողովուրդը դիմել է խաղային հնարքների՝ զինավարժվելն առերես թաքցնելու համար: Լախտին, աքլորակռիվը, քաշոցին, հոլը գերիների՝ կապանքներից ազատվելու պարապմունք են եղել»,- ասում է պրն Դավթյանը ու փաստում, որ ներկայումս աշխարհի 9 երկրում ազգային խաղերի կենտրոններ կան: Օրինակ՝ Անգլիայի էթնիկ խաղերի կենտրոնի նախագահը Ուելսի թագաժառանգն է, մյուս երկրներում եւս պետության առաջին դեմքեր են: Մի բան, որ չես կարող ասել մեր խաղերի մասին: Հայկական ժողովրդական խաղերի կենտրոնը «Վերադարձ դեպի արմատներ» ֆիլմն արդեն ուղարկել է ՀՀ մարզեր, ուր մարզպետարանների աջակցությամբ դրանք ներմուծվել են տեղի ուսումնական հաստատություններ: Որոշ մարզերում արդեն կազմակերպվել են առաջնություններ, կենտրոնը հույս ունի կյանքի կոչել նաեւ Երեւանի առաջնությունը: Երեւանյան դպրոցների հետ այժմ չի ստացվում համագործակցել: Երգահան Արա Գեւորգյանի կապերի շնորհիվ 2 դպրոցում փորձել էին ազգային խաղերը ներդնել ֆիզկուլտուրայի դասերին, սակայն ոչինչ չի ստացվել: Խոչընդոտներ են ծագել ԿԳ նախարարության, Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության կողմից: Վերջերս ֆիլմը ուղարկվել է նաեւ ՊՆ, ու նախարարության թույլտվությամբ զորամասերից մեկում խաղերը փորձարկվել են: Ա. Դավթյանը պատմում է, որ զինվորների ուրախությանը չափ ու սահման չկար: Նույն ոգեւորությանն են հանդիպել զբոսաշրջիկների կողմից՝ հայկական ազգային խաղերի մարզային առաջնությունների ժամանակ:

«Այսօրվա սոցիալական ծանր պայմաններում երեխաների համար խաղալիքներ ձեռք բերելը պրոբլեմ է: Շենքերի բակերն էլ ավտոտնակներն են զավթել: Իսկ ազգային խաղերը ոչ տարածք են պահանջում, ոչ էլ ծախսատար են: Եթե ծանոթանաք, օրինակ, չլիկ-դաստայի իրական օրենքներին, ապա կտեսնեք, որ այն բեսյբոլից բարդ ու հետաքրքիր է: Չլիկ-դաստան կարող է մարզադաշտ լցնել, իսկ բուքմեյքերական գրասենյակներն էլ հաստատ խաղադրույքներ կկատարեն»,- հավաստիացնում է Հայկական ժողովրդական խաղերի կենտրոնի ներկայացուցիչը: Ըստ Ա. Դավթյանի, 999 ազգային խաղերի մեջ չկան այնպիսիք, որ տիպիկ երեւանյան լինեն: Բոլոր խաղերը երեւանցին խաղացել է այլ կերպ, մարզաբնակը՝ այլ: Կան նաեւ խաղեր, որոնք հայկական չեն, բայց շատերին թվում է, թե դրանք ժողովուրդն է ստեղծել: Խոսքը, օրինակ՝ «էշ միլիցիայի» մասին է:

Ազգային խաղերի մասին պատմող «Վերադարձ դեպի արմատներ» ֆիլմը ներկայումս ցուցադրում են մարզային բոլոր հեռուստաալիքները, մինչդեռ «Վարդավառի» մասին պատմող սյուժեն հանրապետական ոչ մի հեռուստաալիք չի ցանկացել ցուցադրել: Դրանից կենտրոնում չեն հուսահատվում. առաջիկայում կկայանա ֆիլմի շքեղ շնորհանդեսը, ուր կրկին կշեշտվի, որ մեր աքլորակռիվը բնավ չի զիջում սումոյին, ոչ էլ քարկտիկը կամ ձիավարությամբ խաղերը՝ այլ ժողովուրդների՝ պետական մակարդակով պրոպագանդվող նմանօրինակ խաղերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անի says:

    ինչպես կարող ենք դիտել ֆիլմը?

Պատասխանել