Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՌԱՆՑ ԿԼԱՆՆԵՐԻ

Սեպտեմբեր 25,2006 00:00

\"\"Ճանաչված ռեժիսոր ու դերասան Միքայել Դովլաթյանը նախընտրում է ստեղծագործել առանց նմանօրինակ «աջակցությունների»:

– Անկախության 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Անկախության կինեմատոգրաֆ»՝ 15 տարիների ընթացքում նկարահանված ֆիլմերի հետահայաց ցուցադրություն, այդ թվում եւ ձեր «Լաբիրինթոսը»:

– 10 տարի առաջ «Հայֆիլմ» կինոստուդիայում եմ նկարահանել «Լաբիրինթոս» գեղարվեստական ֆիլմը՝ չեխերի եւ ֆրանսիացիների հետ համատեղ: Այդտեղ խաղում էր ֆրանսիացի դերասան Սերժ Ավետիքյանը:

Ցավոք, ոչ մի ֆիլմի մասին այս օրերին ոչ մի գովազդ չտեսա, ախր միջոցառումն ափսոս է, Հ1-ով գոնե կես վայրկյանանոց գովազդ գնար: Հետո պիտի ասեն՝ կինո չունենք: Իսկ կինո ունենք, մուտքն էլ ազատ էր, բայց մարդիկ չգիտեին:

– Եղավ մի շրջան, երբ ձեր նման պրոֆեսիոնալը համագործակցում էր էջմիածինցի պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ, ու պատրաստ էր նրա սցենարով ու նրա բանկի («Ագրոբանկի») մասին ֆիլմ նկարահանել՝ «Բեռնարդ շոուի» տղաների հետ…

– Ինչպես ես բանկային գործից բան չեմ հասկանում, այնպես էլ ինքը՝ կինոյից: Սցենարը իրենը չէր, իդեան էր իրենը: Ափսոս, որ ֆինանսական պատճառներով պրոյեկտը կյանքի չկոչվեց, այլապես կունենայինք եւս մեկ կոմեդիա, որտեղ Արտյոմից ու Արմենից բացի, խաղում էր նաեւ Աշոտ Ղազարյանը:

– Դուք նաեւ Գոռ Վարդանյանի հետ եք համագործակցել…

– Այո, նկարել եմ «Ընտրություն» ֆիլմը: Ես ռեկլամ եմ նկարել ու նկարում, տեսահոլովակ, ու երբեք չեմ զղջում իմ արած գործի համար: Կինոյի համար դժվար տարիներ էին, իսկ ես կինոռեժիսոր եմ, ուրիշ գործ անել չգիտեմ: Ես, Էդվարդ Խալդը, Գոռը եւ Ջաղինյան Ռուբենը նյութի վրա աշխատեցինք, որ հնարավորինս համոզիչ լինի, իսկ ֆիլմը պատգամավորական ընտրությունների մասին էր: Գիտենք դա ինչ կեղտոտ պատմություն է: Ի դեպ, Գոռն աշխատող տղա է, ես իրեն լավ եմ վերաբերվում: Այլ հարց է, որ հիմա արվեստագետներից շատերը արտերկրի Ճ կլասի մի քաղաքում ցուցահանդես են անում կամ ինչ-որ անհայտ փառատոնի մասնակցում, որ Հայաստանում իրենց ամենահայտնի հայը երեւակայեն: Մինչդեռ ինտերնետի դարում հաշված րոպեների ընթացքում կարելի է տեղեկանալ՝ որտեղ ինչ փառատոն է կայացել, ով է մրցանակ ստացել, ով՝ մասնակցի վկայագիր: Այնպիսի ժամանակներ են, որ յուրաքանչյուրը մտածում է՝ եթե ինքն իրեն չգովի, ուրիշը չի գովի: Մյուս երկրները դրանով ժամանակին հիվանդացել-բուժվել են, մենք էլ կհիվանդանանք՝ կանցնի-կգնա:

– Այլ բան է շուկայի համար աշխատելը, այլ բան՝ կինոարվեստում մնայուն գործ ստեղծելը, դուք ո՞ր «տեսակի» կողմնակիցն եք:

– Ես երկուսում էլ կամ: Օրինակ, իմ նկարահանած «Լաբիրինթոսը» շատ երկրներ գնաց՝ Բեռլինի փառատոն, Իսպանիա: Դրանից հետո «Շարմի» հետ համագործակցեցինք ու ծնվեց «Մեր բակ-1» տեսաֆիլմը, որը կոմերցիոն նպատակներ էր հետապնդում: Հաճելի էր նաեւ, երբ Ֆրանսիայի մի գյուղում կամ Լոնդոնում տեսա, թե ինչպիսի հաճույքով են դիտում այն: Արդեն 2,5 տարի աշխատում եմ մի գործի վրա, որ կոչվում է «Սողանք»: Հեղինակն է գրող Վահրամ Մարտիրոսյանը: Ֆիլմը հայ-ռուսական համատեղ նախագիծ է, ՀՀ մշակույթի նախարարությունն արդեն գումար է տրամադրել, սպասում ենք ռուսական կողմի աջակցությանը: Վահրամի «Սողանքը» բեսթսելեր է, մինչեւ վերջին գիրքը վաճառվել է, մի բան, որ հաճախ չի լինում: Ես էլ պետք է այնպիսի ֆիլմ նկարեմ, որ ոչ պակաս բեսթսելեր լինի, տոմս վաճառվի: Այս տարի նաեւ միանգամից 2 ֆիլմում եմ նկարվել, գլխավոր դերակատարն եմ Կարո Բորյանի «Լախտիի» եւ Գագիկ Հարությունյանի՝ «Ամենաթանկ պարգեւի»:

– Ըստ ձեզ՝ այսօր ի՞նչ է պետք հայ կինոյին: Չէ՞ որ կարեւորը միայն մեծ գումարները չեն: Օրինակ՝ իտալացիները, առանց մեծ ծախսերի, բջջային հեռախոսի կամերայով էլ են ֆիլմ նկարում:

– Ես դեռ կես տարի առաջ էի կանխատեսել, որ մոբիլ հեռախոսների կամերաներով նկարահանված ֆիլմերի փառատոն է լինելու: Համաձայն եմ, որ գումարը չէ որոշիչը, այլ այն, թե ով է ֆիլմ նկարում, ինչ արժեքային համակարգ ունի: Ափսոսում եմ, որ 90-ականների սկզբից, երբ ազատություն եկավ, թույլ տվեցին ամեն ինչ նկարել: Նախկինում ռեժիսորը պիտի մանեւրեր իրեն թույլատրված սահմաններում, մարդիկ այդ պարագայում հնարամտության էին դիմում, որ այլ «տարածքի» թեմաներն էլ ֆիլմում երեւային, ու դրանից կինոն շահում էր: Հիմա շատերը կորել են, մոլորվել անսահմանափակ ազատության մեջ: Կոնկրետ ես վաղուց երազում եմ զուտ սիրո մասին ֆիլմ նկարել, բայց առայժմ սցենար չունեմ:

– Ինչո՞ւ որեւէ մեկի մոտ ձեր պատկերացրած սցենարը չպատվիրել, եթե ինքներդ չեք ուզում գրել:

– Ցավոք, այսօր Հայաստանի կինոյում մեծ պրոբլեմ կա օպերատորների, սցենարիստների՝ ռեժիսորին շրջապատող: Լավ ռեժիսորներ կան, հետաքրքիր ջահելություն՝ նույնպես: Առաջ գոնե ՎԳԻԿ էին ուղարկում, գնում-գալիս էին, ինչ-որ բան սովորում: Հիմա թատերական ինստիտուտի կինոֆակուլտետը դեռ կայացման փուլում է:

– Ձեզ ինչո՞ւ կոչում չեն տալիս:

– Ինչիս է պետք…տարիներ առաջ մեկը ԱՄՆ-ում հորս՝ Ֆրունզե Դովլաթյանին էր մոտեցել ու թոռանն ասել, որ նա «Մեր բակը» տեսաֆիլմի ռեժիսորի հայրն է: Դրանից լավ կոչում աշխարհը չի հորինել: Կամ փողոցում ինձանից հաճախ ինքնագիր են խնդրում, դա ահագին բան է: Վաստակավորի ու ժողովրդականի կոչումները չէ, որ մարդուն արժանիք են բերում: Ժողովրդական արտիստ, օրինակ, Հենրիկ Մալյանն էր: Առաջին անգամ կինո մտել եմ նրա «Նահապետ» ֆիլմով՝ ռեժիսորի օգնականն էի:

– Ինչո՞ւ կուսակցական չեք, մանավանդ՝ այսօր շատ մոդայիկ է:

– Մի քանի հանդիպում ու զանգեր են եղել, հրաժարվել եմ: Պիտի դառնամ կուսակցակա՞ն, որ լավ ֆիլմ նկարեմ: Ամոթ այն մարդկանց, որ դրա համար են կուսակցական դառնում: Իսկ իմ կուսակցությունը կինոն է, որի մեջ լիքը մարդ կա: Ցավոք, կուսակցությունները ասոցացվում են կլանների հետ, այնպես որ, չէի զարմանա, եթե հարցնեիք՝ ո՞ր կլանի մեջ եմ: Ոչ մի կլանում չկամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել