Լրահոս
Օրվա լրահոսը

Կպայքարեն կենցաղային թմրամոլության դեմ

Հոկտեմբեր 31,2006 00:00

\"\"Մանկական հոգեբույժների եւ հոգեբանների ընկերության նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ին Ազատության հրապարակից կմեկնարկի հակածխախոտային թատերականացված քայլարշավ՝ դեպի Հանրապետության հրապարակ:

Զրուցեցինք ընկերության հոգեբանական ծրագրերի եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի հոգեբանության կուրսի ղեկավար Խաչիկ Գասպարյանի հետ: Մեր զրուցակցի փոխանցմամբ, տղամարդկանց շրջանում ծխելու տարածվածության ցուցանիշով Հայաստանը եվրոպական տարածաշրջանում զբաղեցնում է առաջին տեղը (63,7%), իսկ ծխելու հետեւանքով մահացության ցուցանիշով (22%)՝ երրորդ տեղը, Մոլդովայից եւ Հունգարիայից հետո: Խ. Գասպարյանի խոսքերով՝ «քանի որ կյանքը որոշակի դերերի ամբողջություն է, ծրագիրը կազմելիս մտածեցինք անցկացնել սցենարի մրցույթ: Ներկայացված 40 սցենարից հաղթող ճանաչվեց Անի Գեւորգյանի աշխատանքը: Նկարահանել ենք նաեւ 10 րոպեանոց ֆիլմ՝ «Ծխախոտը կենցաղային թմրամոլություն է» վերնագրով: Կայանալիք ակցիայում ընդգրկել ենք հայտնի արվեստագետների, այդ թվում՝ հեղինակ-կատարող Ռուբեն Հախվերդյանին, դերասաններ Հովհաննես եւ Մարի Բաբախանյաններին, Արմեն, Լիզա Բարսեղյաններին, երգչուհի Զառա Բաբայանին եւ այլոց»:

Հարցին, թե այս ակցիայի կազմակերպիչները ակնկալո՞ւմ են իրենց միջոցառումից դրական արդյունք, պրն Գասպարյանը պատասխանեց. «Հասկանալի է, որ յուրաքանչյուր ոք կարող է ե՛ւ ծխել, ե՛ւ չծխել: Դա անհատի անձնական գործն է: Ավելին, կարելի է արհամարհել հակածխախոտային բոլոր քարոզները, նույնիսկ չծխող մարդկանց բազմաթիվ օրինակներ բերել, որոնք, այնուամենայնիվ, մահացել են ծանր հիվանդություններից: Ի վերջո, կարելի է հանգիստ մտածել, որ կյանքը տրվում է մեկ անգամ եւ պիտի անել այն, ինչ սիրտդ կամենա, բայց պետք է հասկանալ, որ ապրելով առանց նիկոտինի՝ կարող ես բարձրացնել այն ծանրաձողը, որին հետեւելու է ամբողջ երկիրը: Խփել այն գոլը, որից թնդալու է ամբողջ Հայաստանը: Անել այն գյուտը, որի շնորհիվ փրկվելու են բազմաթիվ կյանքեր, գրել այն երաժշտությունը, որ հնչելու է քեզնից հետո: Դառնալ այն պետական գործիչը, որի օրոք բարգավաճելու է երկիրդ, լինել այն մարդը, որ տեսնելու է այս դարի վերջը»: Հետաքրքվեցինք, թե ինչպես կանցկացվի թատերականացված երթը: Խ. Գասպարյանը՝ չբացելով բոլոր գաղտնիքները, հայտնեց, որ երթը կլինի սեւ եւ սպիտակ գույների համադրության սինթեզ. «Լինելու է 50 մ երկարությամբ մահվան սիմվոլը, որն ամբողջ երթի ընթացքում ուղեկցելու է մասնակիցներին, իսկ ավարտին այն կտրորենք ոտքերով: Շատ ենք ուզում, որ բոլորիս գիտակցության մեջ ծխելու փաստը ամրանա որպես բացասական եւ հետամնաց երեւույթ, ինչպես դա շատ քաղաքակիրթ երկրներում է: Եվ, որ ամենակարեւորն է, հակածխախոտային գործընթացը պետք է դառնա ազգային ծրագիր»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031