Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկի մարտական պարգեւները Հայաստանում են

Նոյեմբեր 30,2006 00:00

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Հայաստանի պատմության թանգարանի տնօրինությանը հանձնեց Անդրանիկ Զորավարի թուրն ու շքանշանները:

Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը մանրամասնեց, որ ինքը չգիտի, թե որտեղ են եղել մեծ զորավարի թուրն ու շքանշանները, բայց այն հայտնաբերվել է Ֆրանսիայում եւ գնվել ՀՀ կողմից: «Ես անտարբեր չէի կարող լինել, զեկուցեցի հանրապետության նախագահին, ստացա նրա հավանությունը, եւ, ինչպես տեսնում եք, այս մասունքներն արդեն Հայաստանում են»,- ասաց Ս. Սարգսյանը: Սակայն նախարարը չասաց, թե որքան գումարով է այն ձեռք բերվել, միայն ակնարկեց, որ այն թանկ չի նստել իրենց վրա. «Որեւէ անօրինական բան այստեղ չկա, որեւէ օլիգարխի օգնություն չենք հայցել, բերվել են պաշտպանության նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվին՝ պետական գումարներով: Ես կարծում եմ, որ Անդրանիկն արժանի է, որ պետական գումարներով այս ամենը կատարվի: Կարծում եմ, որ Հայաստանում կգտնվեին առնվազն մի 50 հոգի մարդ, որ իրենք կցանկանային դա անել»: Իսկ թե Պատմության թանգարանին Զորավարի թուրն ու շքանշանները պահ տալը ի՞նչ խորհուրդ ունի, նախարարն ասաց. «Մեր մեծերի մասունքները պետք է հանգրվանեն Հայաստանում: Ուրիշ էլ որտե՞ղ կարող էինք այն հանձնել, հո՛ չէինք տանելու ՊՆ թանգարան: Վերջիվերջո՝ մի տեղ պետք է հավաքենք մեր սրբագույն իրերը»:

Ինչ վերաբերում է թուրն ու շքանշանները փորձագիտական քննության ենթարկելուն, ապա նախարարն ասաց, թե չի կարծում, որ դա իր գործն է եւ չի կարող դրա մասին որեւէ կարծիք հայտնել՝ դրանց փորձագիտական քննությունն ու հավաստիությունը թողնելով Հայաստանի պատմության թանգարանին:

Լրագրողներից մեկի հարցին, թե թուր հանձնելու արարողությունը արդյոք նախընտրական քայլ չի՞ ընկալվի, Ս. Սարգսյանն ասաց. «Մտավախություն չունեմ: Կարծում եմ, որ կարող են ասել, բայց մենք մեր գործը պետք է անենք, չարագործներն էլ իրենց գործը թող անեն: Եթե կարծում են, որ Անդրանիկի մարտական պարգեւները բերել եմ, որպեսզի նախընտրական կամպանիա անեմ, թողնում եմ իրենց խղճին: Երեւակայության առումով դա շատ հնարավոր է, բայց մեկ-մեկ այդպիսի մարդիկ էլ կարող են խղճի խայթ ունենալ, մեկ-մեկ, շատ չէ, իրենք շատ ի վիճակի չեն»:

«Առավոտի» հարցին, թե նախարարն արդյոք ունի՞ մի արժեքավոր իր, որ դարեր հետո եկող պաշտպանության նախարարը կհանձնի Պատմության թանգարանին, ինչպես այսօր դուք հանձնեցիք, նախարարն ասաց. «Երբեք մտքովս չի անցնում, որ կարող եմ համեմատվել Անդրանիկի կամ որեւէ մեկի հետ, երբեք, իրոք, մտքովս չի անցնում, բայց չեմ էլ կարծում, որ Անդրանիկը իր կենդանության օրոք մտածում էր, որ իր սուրը շատ մեծ արժեք ունի կամ իր մարտական պարգեւները շատ մեծ արժեք ունեն, որովհետեւ Անդրանիկն էլ, ինչպես մեր բոլոր հերոսները, անտեղի խարազանվում, մեղադրվում էր»:

Ճեպազրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Քոչարյան-Ալիեւ հանդիպման արդյունքներին: Ս. Սարգսյանն ասաց, որ ինքն արդյունքների մասին ոչինչ ասել չի կարող: Հարցին, թե հնարավո՞ր է բանակցությունների ընթացքում Հայաստանը համաձայնվի զիջել նաեւ Քելբաջարը, նախարարը պատասխանեց. «Ես երբեք որեւէ կոնկրետ տարածքի մասին չեմ խոսել եւ չեմ էլ ցանկանում խոսել: Ես մշտապես խոսել եմ փոխզիջումների մասին, խոսել եմ արժանապատիվ խաղաղության մասին եւ չեմ ասել՝ 20 մետր հանձնենք, 15 մետր հանձնենք, 500 կմ հանձնենք, դա ինձ համար էական չի, էականը այն է, որ լինի փոխզիջում եւ արժանապատիվ խաղաղություն»:

Լրագրողներից մեկի հարցին, թե որքան են հավաստի այն տեղեկությունները, որ արդեն հստակ պայմանավորվածություն կա 7 տարածքների վերադարձման շուրջ, ինչ-որ տեղեկություն ունե՞ք այս մասին, հնարավոր համարո՞ւմ եք, որ նման պայմանավորվածություն կա, Ս. Սարգսյանն ասաց՝ «Ես չունեմ, եթե ունենայի, կասեի: Քիչ հավանական եմ համարում, հնարավոր չեմ համարում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930