Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՊԱԳԱՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ Է»

Նոյեմբեր 30,2006 00:00

\"\"Հաշվի առնելով մեր ընթերցողների հետաքրքրությունը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ ավստրիական «Der Standart» թերթին տված հարցազրույցի նկատմամբ, հարցազրույցի թարգմանությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:

– Դուք այժմ շատ եք շրջագայում Արեւմտյան Եվրոպայում, վերջերս զեկույցով հանդես եք եկել Լոնդոնում եւ այժմ գալու եք Վիեննա: Արդյո՞ք Հայաստանի դիրքորոշումը Եվրոպայում հասկանալի է:

– Արեւմուտքում Հայաստանը քիչ է հայտնի: Չեն հասկանում, թե ինչ ենք մենք ուզում: Արեւմտյան եվրոպացիները ցանկանում են տեսնել ժողովրդավարական Հայաստան, նրանք ուզում են իմանալ, թե ինչպես ենք մենք պատկերացնում մեր ապագան: Մեր արտաքին քաղաքականությունը, սակայն, ակտիվ չէ: Մենք նոր գաղափարների կարիք ունենք:

– Հայաստանի արտաքին գործերի նախարարը միշտ խոսում է «փոխլրացնող քաղաքականության» մասին, Ռուսաստանի, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ լավ հարաբերությունների մասին, որոնք կլրացնեին մեկը մյուսին:

– Մեր արտաքին քաղաքականության մեջ պետք է որոշ բաներ պարզ դարձնել: Վարդան Օսկանյանի բանաձեւը այլեւս չեն հասկանում ո՛չ այստեղ՝ Հայաստանում, ո՛չ էլ արտասահմանում: Իմ տեսլականն է՝ առաջին հերթին ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացում՝ Միությանն անդամակցելու երկարաժամկետ նպատակով, երկրորդ՝ շատ սերտ հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ, ինչը կհզորացնի մեր բանակը, երրորդը՝ քաղաքացիական հասարակության զարգացումը եւ, վերջապես, չորրորդը՝ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ընդ որում, երկու ճանապարհ կա՝ կողմնորոշվել դեպի Արեւմուտք եւ վատացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, կամ կառուցողական հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ: Այն, ինչ կատարվում է այսօր Վրաստանում, ճիշտ ճանապարհ չէ: 2,5 մլն հայեր են ապրում եւ աշխատում Ռուսաստանում: Հայաստանում էներգիայի մատակարարման 80 տոկոսը ռուսական ձեռքերում է: Այս ամենը մենք պետք է հաշվի առնենք, նաեւ ընդհանուր պատմությունը: Սակայն մենք պետք է ոչ թե խոսենք «կոմպլեմենտարության» մասին, այլ հստակեցնենք. Հայաստանի ապագան Եվրոպան է:

– Հայաստանի ներկայիս քաղաքական պայմաններում Դուք այս տեսակետի համար հետեւորդների մեծամասնություն չունեք: Դուք ստիպված էիք հրաժարական տալ խորհրդարանի նախագահի Ձեր պաշտոնից, քանի որ գերմանական թերթերից մեկին տված Ձեր հարցազրույցում հայտարարել էիք, որ Հայաստանի ապագան ՆԱՏՕ-ն է:

– Նախագահի հետ տարաձայնություններ կային երեք կետերում՝ կոռուպցիայի դեմ պայքարում, ժողովրդավարական բարեփոխումներում, արտաքին քաղաքականությունում: Ես, բնականաբար, կարող էի նաեւ լռել եւ մնալ պաշտոնում, սակայն ես հրաժարական տվեցի, որպեսզի շարունակեմ պայքարել այս ցանկության համար: Վերցնենք սեփականաշնորհման օրինակը: Ես ուղղակիորեն քննադատել եմ կառավարությանը, քանի որ որոշակի մարդիկ այս գործարքում շատ փող աշխատեցին: Երեւանում, օրինակ՝ օպերային հարակից 4000 մ տարածքը, որն այսօր արժե 6 մլն դոլար, վաճառվել է մոտավորապես 30 000 դոլարով: Արդյո՞ք կարելի է սա պաշտպանել: Կամ մեր էներգետիկ սեկտորների վաճառքը առանց հրապարակային քննարկման կամ բնակչությանը տեղյակ պահելու:

– Ֆրանսիայի խորհրդարանը հայերի ցեղասպանության մերժման համար դատապատիժ է սահմանել, ինչը Թուրքիայում ուժեղ արձագանք է առաջացրել: Ինչպե՞ս պետք է շարունակվի Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ:

– Մենք մեր տարածաշրջանում որակապես նոր հարաբերությունների կարիք ունենք: Ինչո՞ւ հնարավոր չէ Ադրբեջանից Հայաստան նավթամուղ կառուցել: Ինչո՞ւ Թուրքիայի հետ երկաթուղային կապ չունենք: Հայաստանում որոշ մարդիկ այս հարցերը միգուցե ծիծաղելի կհամարեն: Սակայն սա է ապագան: Դա կնշանակեր. մեր հարեւանները մեր հակառակորդները չեն: Մեր նոր քաղաքական սերունդը այսպես է մտածում: Մենք պետք է խոսենք Թուրքիայի հետ ցեղասպանության մասին, Լեռնային Ղարաբաղի մասին: Երկուստեք պետք է գնանք փոխզիջումների: Պատմությունը կարեւոր է, սակայն ապագան առավել կարեւոր է: Թուրքիան այսօր Եվրոպայի ուղղությամբ է գնում: Եթե նա անդամակցի ԵՄ-ին, մենք ժողովրդավարական հարեւան կունենանք: Մենք պետք է միեւնույն գնացքով գնանք եւ իրար չխոչընդոտենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930