Լրահոս
Օրվա լրահոսը

Բուռն տարի՝ ԿԳ ոլորտում

Դեկտեմբեր 28,2006 00:00

Բուռն տարի՝ ԿԳ ոլորտում

\"\"Անցնող տարին կրթության եւ գիտության ոլորտի համար բավական բուռն էր, եւ լրագրողներիս համար էլ, բնականաբար, ի տարբերություն նախորդ տարիների, գրելու թեմաներն իրենց հաճելի ու տհաճ անակնկալներով՝ շատ-շատ էին: \"\"

Այս հրապարակմամբ լուրջ վերլուծություն անելու հավակնություն չունենք, պարզապես հիշենք, թե ինչ եղավ այս ոլորտում 2006-ին:

Դեռեւս նախորդ տարվա վերջից բուհերում ձեւավորվեցին կառավարման խորհուրդներ ու ընտրվեցին խորհուրդների նախագահները, իսկ հունվար ամսից այդ խորհուրդներն սկսեցին ընտրել ռեկտորների` այն բուհերում, որոնց նախկին ռեկտորների 65 տարին լրացել էր: Այդպիսով՝ ի վերջո, մի քանի տարի ուշացումով կատարվեց ՊՈԱԿ-ի մասին օրենքի պահանջը: Այս պահանջը ավելի ուշ կատարեց նաեւ ԳԱԱ-ն՝ իր ինստիտուտների ղեկավարներին փոխելով: Սակայն երկու դեպքում էլ, ինչպես համոզվեցինք, օրենքի պահանջը կատարվեց ոչ թե նրա համար, որ մեր իշխանությունները խիստ օրինապահ էին, գիշեր-ցերեկ չէին քնում՝ դարդ անելով, որ այ, այս մի պահանջը չեն կատարել, այլ նրա համար, որ դա պետք էր: Ընդ որում՝ պետք էր իրականացնել մտածված, բավական մեծ՝ 3-4 տարվա նախապատրաստական-կազմակերպչական աշխատանք տանելով. հո հենց այնպես օրենքին չէի՞ն ենթարկվելու, պետք էր մի լավ կողմնորոշվել՝ ինչպե՞ս, ո՞ր ուժերով, ի՞նչ չափաբաժնով կիսել այսքան ռեսուրսը՝ ընտրությունների շեմին: Եվ այսպես՝ բուհերն ունեցան ձեւական խորհուրդներ, որոնք մինչ այսօր, ռեկտոր ընտրելուց բացի, ըստ էության ոչինչ չեն արել: Եվ այդ խորհուրդների միջոցով բուհերը բաժանվեցին քաղաքական-իշխանական ուժերի միջեւ. կարիք չկա թվարկել մեկ-առ մեկ՝ մենք այդ արել ենք բազմաթիվ անգամ: Հետո ընտրվեցին ԳԱԱ ինստիտուտների ղեկավարները. տեղավորվեցին բոլոր ազդեցիկ մարդկանց ծանոթ-բարեկամները՝ խնամի, կին, որդի: Արդյունքում՝ որոշ գիտնականներ հրապարակավ հայտարարեցին, որ ակադեմիան իրեն սպառել է, որ իրենք այստեղ անելիք չունեն ու սպառնացին մեկնել արտերկիր: Ակադեմիան 2006-ին մի նորույթ էլ տեսավ. «պրիստիժի համար» համակարգ մուտք գործեցին ու թղթակից անդամ դարձան գիտությունից բավական հեռու մարդիկ. սա եկավ ապացուցելու, թե որքան հեշտ է մեր երկրում հասնել ուզածդ դիրքին ու աստիճանին, որ ամեն ինչ որոշում է ոչ թե տարիների քրտնաջան աշխատանքը, այլ վերեւներից մի զանգ, մեծ գումարներ եւ հասարակ ինտրիգներն ու կեղտոտ տեխնոլոգիաները (իհարկե, սա ոչ բոլոր ընտրվածներին է վերաբերում): Հետո էլ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը լրագրողներին է անվանում «շակալներ»: Ու ասվածը հիմնավորում է այսպես. «Որովհետեւ դուք ոհմակներով եք շրջում, ինչպես շակալները, ոչ թե առյուծների պես՝ միայնակ»: Մեզնից ամենահամարձակ լրագրողը մի անգամ նրան հակադարձեց. «Իսկ գիտնականներն արդյո՞ք ոհմակով չեն շրջում»: «Նրանք էլ…,- համաձայնեց գիտնականը, ապա ավելացրեց,- բայց իսկական գիտնականը պետք է առյուծի պես լինի»:

Անցնող տարվա հիթը կարելի է համարել Սերգո Երիցյան-Լեւոն Մկրտչյան փոխատեղումը: Կոնկրետ ինձ համար շատ հետաքրքիր էր հետեւել այդ իրադարձությանն այն առումով, որ ես հակառակ փոխատեղմանն էլ էի ներկա գտնվել՝ 3 տարի առաջ: Երկու դեպքում էլ մեջտեղում վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր, եւ ինչ որ ասել էր Ս. Երիցյանին 3 տարի առաջ, գրեթե նույնը ասաց Լ. Մկրտչյանին եւ հակառակը. նրա գործն էլ գործ չի՝ այսօր մեկին ուրախացնում է, վաղը ստիպված է այդ նույն մարդուն տխրեցնել… Իսկ Լ. Մկրտչյանի գալով, հենց հաջորդ օրը ԿԳ նախարարությունում արդեն փոփոխություն նկատվեց. սկսեց աշխատել նիստերի դահլիճի մեծ ժամացույցը (նկարում), որը Ս. Երիցյանի պաշտոնավարման 3 տարիների ընթացքում անհույս կանգնած էր:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել