Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆ ԷԼԻՏԱՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐՆ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Դեկտեմբեր 28,2006 00:00

\"\"Կյանքի նոր որակ ապահովող «Էլիտ գրուպը» սեյսմակայուն շինարարության առաջամարտիկն ու ջատագովն է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլեւ ամբողջ տարածաշրջանում: «Էլիտ գրուպը» հակասեյսմիկ տեխնոլոգիաների համաշխարհային ընկերակցության անդամ է: Այն առաջինն ու միակն է Հայաստանում, որ արժանացել է որակի կառավարման միջազգային վկայագրի՝ թոփ մենենջմենտի բնագավառում: «Էլիտ գրուպի» գլխավոր տնօրեն, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արմեն Մկոյանի հետ յուրաքանչյուր զրույց մարդու սիրտ լցնում է հույսով ու հավատով՝ այս երկրի վաղվա օրվա նկատմամբ, հայ մարդու ստեղծագործ ու գործարար կարողությունների, կամքի ուժի ու ազնիվ մետաղի հենքով հոգու կորովի նկատմամբ:

– Պարոն Մկոյան, անցնող 2006 թվականը շինարարության ոլորտում ինչո՞վ էր ձեզ համար կարեւոր:

– Անցնող տարվա հիմնական միտումը շինարարական ոլորտում հախուռն զարգացումը կանոնակարգող հիմքերի պատրաստումն էր: Մրցակցության «պղտոր ջրերն» աստիճանաբար մաքրվում են: Այս տարվա կարեւորագույն փաստերից մեկը, իհարկե, նորմատիվային նոր փաստաթղթերի ի հայտ գալն էր, առաջին հերթին հակասեյսմիկ տեխնոլոգիաների վերաբերյալ գլուխը: Պատկերացնում եք՝ մեծ ծավալի շինարարություն՝ առանց նորմատիվային դաշտի: Նոր օրենքներ դուրս եկան, որոնք հնարավորություն տվեցին այն, ինչ մենք կիրառում էինք, կիրառենք օրինական դաշտում՝ դարպասը բացվեց, որով կարելի է առաջ շարժվել:

Մյուսը՝ օրենսդրության ուղղությամբ, իհարկե հարկային օրենսդրությունն է՝ հաշվի առնելով ստեղծված իրադրությունը, հանրապետությունում շինարարության բուռն աճը, նաեւ ի հայտ եկած թերությունները, հարկային օրենսդրությունը փորձում է դա կանոնակարգել: Հայկական այն բուռն էյֆորիան, որ բոլորն ուզում են շինարարություն անել, կամաց-կամաց սառում է: Մնում են այն մարդիկ, ովքեր փորձում են երկար վազքուղի անցնել, որոնց ծրագրերը, մտքերը երկարատեւ մրցակցության ու ճանապարհի համար են: Էդ իմաստով էլ հղկման պրոցես է ընթանում: Սա մեր կարծիքով դրական երեւույթ է, ձեւավորվում է կառուցապատման կուլտուրան, ձեւավորվում է ճշգրիտ մոտեցումը էլիտարի նկատմամբ:

– Փաստորեն, «Էլիտ գրուպը» ոչ միայն համարձակորեն անցավ նոր տեխնոլոգիաների, այլեւ ստիպված էր հաղթահարել բազում դժվարություններ, այդ թվում՝ հերկել դրա խոպան իրավական դաշտը: Փորձաքննության համար նույնիսկ արտասահմաններ ուղարկեցիք ձեր նախագծերը: Չկար նաեւ էլիտարի հստակ սահմանումը:

– Վերջինը շատ հեշտ էր, ուսումնասիրեցինք միջազգային փորձն ու ներդրեցինք: Ինչ վերաբերում է փորձաքննություններին ու նորմատիվային փաստաթղթերին, բավական դժվարին, բարդ, բայց արագընթաց, ես կասեի՝ սրընթաց ճանապարհ անցանք: Այս տարվա հունիսին, շատերը կհիշեն, աշխարհի լավագույն սեյսմոլոգները հավաքվել էին Երեւանում «Սեյսմամեկուսացված բարձրահարկ շենքեր» թեմայով միջազգային գիտաժողովի:

– Այդ գիտաժողովը, իրոք, երեւույթ էր հանրապետության համար, եւ որ այն անցկացվեց երեւանում, նաեւ ձեր կազմակերպության ավանդը կար, ձեր ներդրումները սեյսմամեկուսացման բնագավառում:

– Մեզ համար մեծ պատիվ էր համաշխարհային հռչակ ունեցող գիտնականների կարծիքն ունենալը եւ վերստին համոզվելը, որ ճիշտ ուղու վրա ենք: Նույնիսկ ճապոնացիներն էին զարմացել, թե մենք ինչքան արագ ու շատ առաջ ենք գնացել. նորմատիվային փաստաթղթերի իրավական դաշտի ստեղծումը շատ երկրներում շատ ավելի դանդաղ ու ցավագին ընթացք է ունեցել: Շնորհակալություն մեր կառավարության իրավասու անձանց, որ արագ ըմբռնեցին ու կանաչ լույս վառեցին փորձագետների ու գործընթացի առաջ: Այսօր հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ իրավական լայն դարպասներ ենք բացել, որով ոչ միայն մենք առաջ անցանք, այլեւ ճամփա բացեցինք բոլոր մյուս ընկերությունների համար:

– Էլիտար ջուր, էլիտար հաց, էլիտար քար… էլիտար… էդ էլիտար բառը ձեզ չի՞ խանգարում:

– «Էլիտ գրուպը» միակն է Հայաստանում, որը մտավոր սեփականության իրավունքով կրում է այդ անունը, եւ դա ոչ միայն պարտավորեցնող է, որ նշաձողը դու միշտ պիտի բարձր պահես, այլ նաեւ լրացուցիչ ուժ ու վստահություն է տալիս՝ նոր ճանապարհ բացելու, նոր բարձունք գրավելու, միշտ առաջին շարքում լինելու:

– Էդ որ էլիտար եք, էդ լավ է, իսկ ինչո՞վ եք առանձնանում մյուսներից:

– Նախ, որ մեր շենքերը կառուցվում են սեյսմաանվտանգ ռետինեմետաղական բարձիկների վրա: Էլի ստիպված եմ հիշեցնել Կոբեի օրինակը. երբ երկրաշարժից քաղաքն ավերվեց, իսկ սեյսմակայուն բարձիկների վրա կառուցած շենքերը մնացին անվնաս: Մենք շատ-շատ նախագծեր ունենք՝ հիմնավոր, հեռանկարային, եւ այսօր աշխարհում հայտնի՝ սեյսմակայունության հետ կապված յուրաքանչյուր տեխնոլոգիա հայտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Այսինքն, համար մեկ խնդիրը մեզ համար շենքերի անվտանգությունն է: Մեր մրցակիցներից հիմնականում տարբերվում ենք նրանով, որ մենք մտածված, նպատակասլաց գնում ենք համալիրների կառուցման: Մարդն ուղղակի ուզում է ոչ միայն էլիտար շենքում ապրել, այլեւ ուզում է, որ իր ամբողջական կյանքը կարգավորված լինի: Այսինքն՝ այդ նույն տեղում նա կարողանա, ասենք, գնալ լողավազան, կարողանա զվարճանալ, հանգիստն անցկացնել: Այսինքն՝ այդ համալիրում ինքն ու իր շրջապատն ամբողջական ներդաշնակ լինեն: Մյուս միտումը, որ կա՝ քաղաքի կենտրոնից դուրս գալն է, որին համահունչ է «Էլիտ-գրուպը» ուզում շարժվել, շարունակում ենք էլի կենտրոնում կառուցել, սակայն հասկանում ենք, որ կրիտիկական խտության է մոտենում կառուցապատումը. շուկան պահանջում է, մարդիկ ուզում են մի քիչ արդեն դուրս գալ քաղաքից, արդեն մի քիչ խաղաղ տեղ ապրել, թոհից ու բոհից հեռու լինել: Այս միտումն էլ կա, մենք զգում ենք, շոշափում: Մենք անընդհատ զարկերակի վրա ենք, թե շուկայում ինչ միտումներ կան եւ փորձում ենք այդ ուղղությամբ գնալ: Հիմա բավական լայն դիվերսիֆիկացիա կա, հիմա «Էլիտ-գրուպի» պես դիվերսիֆիկացիա ոչ ոք չունի, մենք փորձում ենք տարբեր տեղերում կառուցել տարբեր խավերի եւ շուկայի տարբեր սեգմենտների համար: Մեր գնորդներից շատ են նաեւ միջին խավի ներկայացուցիչները: Սրանով աճում է շուկայի ծավալը: Սա էլ է շատ կարեւոր, որը էլի մենք գնում ենք առաջինը, ու խոշոր քայլերով ենք գնում եւ մյուս տարվա ծրագրով դա ավելի ընդգծված կլինի: Իսկ այս տարի մեզ համար խիստ հատկանշական էր, այսպես ասած՝ սյուներից մեկն էր մեր գործունեության, Ամիրյան փողոցի պրեմիում կարգի համալիրի հանձնումը, որը ցույց տվեց, թե ինչ մակարդակ կարելի է ապահովել: Մենք հիմա յուրաքանչյուր շենք կառուցելիս մոտենում ենք այն տեսանկյունից, որ շենքը ինքնատիպ, հիշվող ու ճանաչելի լինի, քաղաքի դեմք ձեւավորողը լինի, եւ ի պատիվ մեր ճարտարապետական խմբի՝ դա մեզ հաջողվում է: Ձեռագիրն այդ առումով շատ հստակ է: Այսինքն՝ ամեն ինչ անում ենք, որ քաղաքի այցեքարտերը դառնան մեր կառուցած շենքերը: Վստահ ենք, որ մի քանի տարի հետո կունենանք լուրջ կերպարանափոխություն: Այսօր Ամիրյանի շենքը այդ կերպարներից մեկն է:

– Իսկ ներդաշնակությունը շրջապատի հետ, հնաոճ ավանդական ճարտարապետության…

– Մենք դա էլ ենք հաշվի առել, մեր նախագծերից մեկը, որ կառուցում ենք գլխավոր պողոտայում՝ մեր կուլմինացիաներից մեկն է եւ այդ ժամանակ կտեսնեք, ինչ համադրություն է կատարվել եւ հիմա ով տեսնում է, զարմանում է, թե ինչքան է հաջողվել մոդեռնը դասական ճարտարապետության հետ դարձնել համադրելի: Դա դասական ճարտարապետության կողմնակիցներին էլ է շատ դուր եկել, այսինքն՝ ճիշտ եզակին է գտնվել, եւ իհարկե մենք կուզենք ներդնել նորագույն ճարտարապետական մոդեռնը, ճարտարապետական նմուշներ եւ անպայման կլինեն: Կյանքը մի պրոցես է եւ հնարավոր չէ անընդհատ կառուցել դասական ճարտարապետական ոճով, եթե ճարտարապետությունն անընդհատ զարգացում է ապրում, ապա պետք է ցուցադրել, որ այստեղ էլ կարող է լինել ժամանակակից, մոդեռն ճարտարապետություն: Պետք է անընդհատ զարգանալ, հո պատմությամբ չենք ապրելու, նաեւ առաջընթաց՝ չմոռանալով այդ ամեն ինչը: Ես համոզված եմ, որ մոդեռն ոճը դասական կդառնա եւ աչքի ընկնող նմուշներից մեկն անպայման կլինի մեր գործարար կենտրոնը՝ էլիտ-պլազան: Մյուս տարի կառուցման ավարտական փուլում կլինենք, սակայն այսօր արդեն մեծ հետաքրքրություն է առաջացնում: Դրսի մարդիկ, հաճախորդները խիստ հետաքրքրված են ու զարմացած: Այսօր մեզ հետ բանակցում է Համաշխարհային բանկը, որ իր գրասենյակն այդտեղ տեղափոխի: Շատ համարձակ մտահղացում է, եւ դրա իրականացումից հետո քաղաքի գործարար տեսքը էականապես կփոխվի: Այսօր առաջին հարկերում օֆիսների կառուցումը ավարտվել է, սակայն կենտրոնացված օֆիսների, որ մի տեղ ներկայացված լինեն ֆիրմաներ, միջազգային կազմակերպություններ, չունենք: Եվ կանգնում ենք պրոբլեմի առաջ:

Հիմա տարվում է նաեւ բիզնես տարածքների դիվերսիֆիկացման գաղափարը. կա լրջագույն պահանջարկ, եւ նույնքան լուրջ, առավել հեռանկարային առաջարկ ներկայացնելու համար մեզ արդեն պատրաստ ենք զգում:

– Եկող տարվա համար ի՞նչ եք թողել:

Եկող տարի հսկայական տարածքով թաղամաս ենք կառուցելու, ոչ թե մի շենք կամ համալիր, այլ մի ամբողջ թաղամաս: Հյուսիսային թաղամաս, Հյուսիսային ճառագայթ, այդ գաղափարը, որ դրվեց քաղաքի նոր զարգացման, քաղաքաշինության հիմքում: Փաստացի դրվեց Հյուսիսային պողոտայի կառուցման խնդիրը, որը ավարտին է մոտենում, բայց ավարտական չէր լինի, եթե չլիներ շարունակությունը՝ Հյուսիսային ճառագայթը:

Նոր միտում է, չենք կառուցում շենք, լուծում ենք կառուցապատման ամբողջական քաղաքաշինական խնդիրը՝ իր ռիսկերով, ծախսերով, իր թարմությամբ: Մենք հիմա գնում ենք այդ ուղղությամբ: Սա մյուս տարվա մեր կարեւորագույն խնդիրներից, նախագծերից մեկն է: Ավելորդ համեստություն չեմ անի՝ Հյուսիսային ճառագայթով կարող է պարծենալ յուրաքանչյուր մայրաքաղաք:

Նման ամբողջական կառույց կունենանք Մյասնիկյանի պողոտային հարող շրջանում, որը եւս չափազանց հետաքրքիր է լինելու:

– Պարոն Մկոյան, շենքեր ու թաղամասեր եք կառուցապատում, նոր տեխնոլոգիաներ եք ներդնում ու նոր արտադրություններ խթանում՝ սեյսմամեկուսիչ բարձիկների, շինանյութերի, խտանյութերի, երեսպատման սալիկների, միջոցներ չեք խնայում ամենաճանաչված ու հեղինակավոր փորձագետների ներգրավելու, երիտասարդներին ուսուցանելու ու ոտքի կանգնեցնելու համար, ՀԷԿ-եր եք կառուցում ու հողմաարեւային էներգիայի հնարավորություններ մոնիտորինգում, էլի շատ ու շատ ներդրումային ծրագրեր կան, դուք էլ եք նշում, որ անշարժ գույքի բիզնեսը խիստ զգայուն է ու ռիսկային, այդքան մե՞ծ է վստահությունը էս երկրի ապագայի նկատմամբ:

– Ճիշտ է՝ ռիսկը կա, ռիսկը բավական մեծ է եւ երկրի նկատմամբ, եւ բիզնեսի նկատմամբ, բայց ասեմ, որ մենք հիմա գտնվում ենք, մեր կարծիքով, խելամիտ ռիսկային գոտում: Աշխատում ենք մնալ այդ ռիսկային գոտում եւ չենք կարծում, որ պրոցեսները կլինեն մեզ համար անկառավարելի: Ընկերության նկատմամբ վստահությունը շատ մեծ է, ընկերությունը շատ լուրջ ճանապարհ է անցել, մեծ աշխատանք է կատարել իմիջի համար եւ լուրջ վստահություն է ձեռք բերել, այն առումով, որ անպայման կանի, անպայման ավարտին կհասցնի սկսած գործը, կկատարի իր բոլոր պարտականությունները, որոնք վերցրել է: Այդ առումով մենք խնդիր չունենք՝ իրացման, հաճախորդի: Հաճախորդը ոչ միայն հայկական շուկան է, այլեւ դրսի, որը այսօր բավական վստահություն ունի մեր նկատմամբ: Ընկերության հաջողության գրավականը ոչ թե ադմինիստրատիվ, վարչական կամ հովանավորչական ռեսուրսներն են, այլ գործի ճիշտ կազմակերպումն ու կառավարումը, եւ բոլորովին էլ պատահական չէ, որ «Էլիտ գրուպը» արժանացավ որակի կառավարման միջազգային վկայականի հենց թոփ մենենջմենտի բնագավառում: Կազմակերպության ամենամեծ հարստությունն իր աշխատակիցներն ու գործընկերներն են՝ հմուտ եւ իրազեկ, գործին նվիրված ու հավատավոր:

Կազմակերպությունն ինքը հուսալի ու փնտրված գործընկեր է շատերի համար: Բոլորովին էլ պատահական չի ձեւավորվել մեր կազմակերպության գլխավոր ուղերձը՝ մենք կառուցում ենք ձեր ապագան: Մենք հավատում ենք մեր երկրի ապագային: Ու փորձում ենք այն կերտել, կառուցապատել որքան հնարավոր է գունեղ ու շքեղ: Շատերն են Հայաստանն անվանում թանգարան բաց երկնքի տակ, որը ձմռանը ծածկվում է ձյան շերտի տակ: Մենք չպեղված գանձեր ունենք՝ Աղվերանը, Ջերմուկը… Դրանք ամռանը գրավիչ հանգստավայրեր են, ձմռանը՝ լքված ու մոռացված իրենց լավ օրին սպասող դատարկ պանսիոնատներ: Մենք Աղվերանում հիմա վեց հեկտարի վրա բարձր կարգի հանգստյան տուն ենք կառուցում: Զարգացման հեռանկարի առումով, մեր կարծիքով, Աղվերանը Ծաղկաձորի ճակատագիրը կունենա, դեռ մի բան էլ ավելին: Աղվերանը դասով շատ ավելի բարձր կլինի:

Տուրիզմի զարգացման առումով լուրջ քայլեր է անում ընկերությունը. այս տարի ծավալային առումով մեծ աշխատանք կատարվեց, եւ մյուս տարի աշխատանքները կսկսվեն նաեւ Ջերմուկում: Ջերմուկում եւս անպայման կսկսվեն հանգստյան տան շինարարական աշխատանքները: Այդպիսի հեռանկարներ կան լեռնադահուկային սպորտի: Հայաստանը հիմնականում ամառային հանգստի համար էր եւ ձմեռային հանգստի համար կառուցապատումը Հայաստանին խիստ անհրաժեշտ է: Ինվեստիցիաների առումով լուրջ դաշտ է, եւ տուրիզմի առումով էլ հետաքրքիր է: Հայաստանն այդ ուղղությամբ արդեն գնում է: Այս առումով ցանկանում ենք համահունչ քայլեր անել: Աղվերանում ու Ջերմուկում շատ լուրջ պանսիոնատներ են կառուցվելու: Սրանք եւ լուրջ ինվեստիցիաներ են, սրանք ոչ միայն շինարարական կամ կառուցապատման բիզնես են, այլեւ տուրիզմի ու գործարարության ակտիվ խթանում, դիվերսիֆիկացիա: Լեռնադահուկային սպորտը Հայաստանում մեծ ապագա ունի:

– Ամանորի ձեր բարեմաղթանքները մեր ժողովրդին:

– Ցանկանում եմ բարելավեն բնակարանային պայմանները: Առաջին հերթին հավատով լինեն, վստահ ապագայի նկատմամբ: Սա մեր երկիրն է, տեր լինենք նրան: Լավ թե վատ, մենք ենք պատասխանատու, փորձենք ավելի լավացնել մեր պայմանները: Ամեն մարդ իր ոլորտում փորձի իր դրական քայլն անել: Սա մեր նշանաբանն է, եւ այսօր մենք մեր ուժերի չափով փորձում ենք քայլեր անել երկիրը շենացնելու առումով. մի քայլ անել, մի քար դնել մյուս քարի վրա եւ կփորձենք ավելին անել: Մյուսներին էլ կփորձենք կոչ անել աշխատել նույն ուղղությամբ գնալ: Կփորձենք լավացնել մեր կյանքը, մեր երկիրը եւ ավելին՝ կառուցենք մեր երկիրը բարեկեցիկ: Առողջություն, երջանկություն, կապույտ երկինք ու բարեկեցություն բոլորին, թող հայ մանուկները խաղաղ, անվտանգ ու երջանիկ մեծանան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել