 |
 |
|
| 17/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ |
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Ինչպես եւ սպասվում էր, Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ զանգվածային միջոցառումները 3 ամսով դադարեցնելու մասին հայտարարությունը միանշանակ չի ընկալվել ընդդիմության կողմից. խուլ, իսկ երբեմն նաեւ բացահայտ բողոքի ձայները լսվում են ընդդիմադիր տարբեր շրջանակներից: Անձամբ ինձ թվում է, որ հանրահավաքների եւ երթերի դադարեցումը ՀՀ առաջին նախագահի միանձնյա որոշումն է, իսկ բոլոր տեսակի առարկություններին նա հնարավորություն ունի պատասխանելու. «Ա՞յլ մարտավարություն եք ուզում՝ գնացեք, իրականացրեք առանց ինձ»: Եվ քանի որ պարզ է, որ առանց Տեր-Պետրոսյանի Կոնգրեսը 5 րոպեում կփլուզվի ու կբաժանվի 15-20 մասի, «ամառային արձակուրդներից» դժգոհների մեծ մասը գերադասում է տրտնջալ նեղ կուսակցական կամ (որը գրեթե նույնն է) ընկերական շրջանակներում:
Ինչպես բոլոր քաղաքական որոշումները, այս մեկն էլ ունի իր «պլյուսներն» ու «մինուսները»: Վերջիններիս թվում կարող է լինել ընդդիմության «շարժիչ ուժի» որոշակի հիասթափությունը: Բանն այն է, որ բողոքական զանգվածը Հայաստանում ինչպես հիմա, այնպես էլ առհասարակ վերջին 18 տարվա ընթացքում կազմում է բնակչության զգալի մեծամասնությունը: Բայց այդ զանգվածի միայն 20-30 տոկոսն է մշտապես գտնվում ակտիվ, մարտական «մարզավիճակում»: Պատմականորեն մեզ մոտ այնպես է դասավորվել, որ այդ «մարտական» ընդդիմության կորիզն են կազմում, այսպես կոչված, «բետեէռ կանայք», որոնք 1988-ին մոտ 40 տարեկան էին, իսկ այժմ՝ չենք ասի, թե որքան, որովհետեւ կանանց տարիքի մասին խոսելն ընդունված չէ: Ի դեպ, այդ կանայք 96-ին նույնքան հակալեւոնական էին, որքան հիմա՝ լեւոնական: 2007-ի վերջում ձեւավորված ընդդիմադիր շարժման անվիճելի նվաճումներից մեկն այն էր, որ այդ շարժմանը միացան հազարավոր երիտասարդներ, որոնք հասունացել են անկախության տարիներին: Այդպիսով, ընդդիմության ակտիվ բողոքի «շարժիչ ուժն» են վերոհիշյալ կանայք եւ ռոմանտիկ պատանիները, մնացած դժգոհներից շատ-շատերը այս կամ այն պատճառով (առաջին հերթին՝ պարզապես վախից) նստած են տանը: «Շարժիչ ուժ» հանդիսացող ընդդիմության ակտիվիստները ամեն օր գործելու, պայքարելու կարիքն ունեն. նրանց «զբաղեցնել» միայն Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքներով»՝ ռեալ չէ: 3 ամսվա ընթացքում նրանց մի մասի ավյունը գուցե մի փոքր մարի:
Բայց Կոնգրեսի համար գուցեեւ ավելի վարկաբեկիչ կլինեին ինքնանպատակ եւ անբովանդակ հանրահավաքները, նստացույցերն ու երթերը: Չեմ պատկերացնում, թե դրանցից բացի՝ փողոցային պայքարի եւ քաղաքացիական անհնազանդության ո՞ր օրինական ձեւերն են Հայաստանում կիրառելի: Ենթադրենք, ամառվա շոգին ժողովուրդը ամիսը երկու անգամ հավաքվում է Մատենադարանի մոտ: Որքանո՞վ է դա նպաստելու ժողովրդավարության եւ օրինականության հաստատմանը: Այնպես որ՝ «պաուզա վերցնելու» Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումը ընդդիմության մարտավարության տեսակետից, հավանաբար, ճիշտ էր: Ուրիշ հարց, թե ինչ է այդ «պաուզային» հետեւելու: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
|
 |
| 2009-06-16 |
| ԿՈՆԳՐԵՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՃԻՇՏ ՉՀԱՍԿԱՆԱԼ |
| |

Հունիսի 12-ին Մատենադարանում տեղի ունեցած հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե՝ «չկայացած ընտրությունների պատճառով
ՀԱԿ-ն իր ծրագրերը, մեթոդները եւ գործելակերպը վերանայելու կամ էապես փոխելու կարիք չունի»:
Ի պատասխան մեր հարցին՝ Կոնգրեսին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը ասաց. «Ես՝ որպես քաղաքացի, կարող եմ ասել, որ եթե մենք բոյկոտում ենք իշխանության մարմիններին, ապա պարտավոր ենք քաղաքացիական անհնազանդության շարժում սկսել: Հակառակ դեպքում բոյկոտը անհասկանալի է, կամ անհասկանալի է անհնազանդության շարժում չսկսելու մեր մարտավարությունը: Ես համարում եմ, որ Երեւանի ավագանու ընտրությունները արմատական փոփոխություն են մտցրել երկրում, որին ադեկվատ պատասխան չի տվել ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը: Իշխանությունը գինարբուքից հետո կունենա գլխացավ, իսկ ընդդիմությունը՝ կորսված հասարակական զանգվածներ»:
Կարդացեք |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| ՊԼԱՏՖՈՐՄԸ ԴԵՌ ՉԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ |
| |
Ե՛վ ՀՅԴ-ն, ե՛ւ «Ժառանգությունը» պատրաստվում են քննարկել ՀԱԿ առաջնորդի առաջարկը համագործակցության վերաբերյալ:
«Այ, եթե կարողանաք նշել, թե ո՛ր հարթությունում է երեւում ՀԱԿ-ի հետ հնարավոր համագործակցությունը՝ ես կասեմ այո կամ ոչ, բայց այդ հարթությունը ես չեմ տեսնում»,- օրեր առաջ լրագրողներին ասել էր ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Հունիսի 12-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց այդ հարթությունը՝ առաջարկելով ընդդիմադիր ուժերին միավորվել 12 կետանոց մի պլատֆորմի շուրջ, եւ հավելելով, թե դրա կապակցությամբ «Հայ ազգային կոնգրեսը պատրաստ է համագործակցել ցանկացա՛ծ քաղաքական ուժի հետ»: Այդ 12 կետերի մեջ բազմաթիվ են այնպիսիք, որոնք կարեւորում է ՀՅԴ-ն՝ ասենք. «Վիժեցնել Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման դավադիր ծրագրի իրականացումը», կամ «Իշխանություններին թույլ չտալ անհարկի զիջումների գնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»: Կա մի կետ էլ, որը ՀՅԴ-ն այս պահին բացառում է՝ «Պահանջել Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը»: Երեկ, երբ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանից փորձեցինք պարզել կուսակցության վերաբերմունքն առաջարկված պլատֆորմի վերաբերյալ՝ ասաց. «Չենք քննարկել այդ հարցը: Կքննարկենք ու կասենք»: Չցանկացավ առայժմ հայտնել նաեւ իր անձնական կարծիքը: Սակայն հիշեցնենք ավելի վաղ Վահան Հովհաննիսյանի հայտնած դիրքորոշումը. «Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա արբանյակները չեն կարող որեւէ մեկի հետ համագործակցել՝ չլինելով պապայի դերում, իսկ նրան պապայի դերում ՀՀ ոչ մի նորմալ քաղաքացի չի կարող տեսնել: Մենք էլ այս պայմաններում նրա հետ համագործակցության որեւէ դաշտ չունենք»:
Հանրահավաքում առաջարկված այդ համագործակցության պլատֆորմը դեռ վարչության նիստում չի քննարկել նաեւ «Ժառանգությունը», սակայն վարչության նախագահ Անահիտ Բախշյանը հայտնեց իր անձնական դիրքորոշումը. «Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած պլատֆորմի 12 կետերից գոնե առաջին 5-6-ը խնդիրներ են, որոնց լուծման ուղղությամբ «Ժառանգությունն» անընդհատ գործել է, եւ այդ հարցերը մշտապես եղել են մեր ուշադրության կենտրոնում՝ թե՛ հայտարարություններով, թե՛ որոշակի քայլեր են արվել այդ ուղղությամբ: Հետեւաբար, կարծում ենք, թե գոնե այդ կետերի շուրջ մենք կարող ենք համագործակցել եւ ավելի զորացնել այդ քայլերը: Այս առաջարկը մենք կքննարկենք վարչության մոտակա նիստում, եւ այդ ուղղությամբ կլինի համապատասխան գործնական քայլ»:
Մեր դիտարկմանը, թե առաջարկված պլատֆորմի որոշ կետեր, ասենք՝ «դատական կարգով պատժի ենթարկել մարտի 1-ի ոճրագործության բուն մեղավորներին», «արմատապես վերափոխել ընտրական համակարգը», «վերացնել տնտեսական մոնոպոլիաները եւ հարկային դաշտ բերել բոլոր խոշոր ձեռնարկատերերին», «Կատարել Եվրադատարանի վճիռն ու ԵԽԽՎ բանաձեւերի պահանջը, եւ անհապաղ վերաբացել «Ա1+»-ը», «Դադարեցնել երթերի, ցույցերի եւ հանրահավաքների ապօրինի խոչընդոտման հանցավոր պրակտիկան»՝ քայլեր են, որոնք կարող են իրականացնել ոչ թե թեկուզ իրար հետ համագործակցող ընդդիմադիր ուժերը, այլ իշխանությունը՝ Անահիտ Բախշյանն այսպես արձագանքեց. «Իսկապես, դրանք քայլեր են, որոնք պարտավոր է անել իշխանությունը: Բայց եթե իշխանությունը դրանք չի անում սեփական կամքով, ապա ընդդիմության ողջ դերակատարությունն այն է, որ ինքը փաստարկներ բերի, հիմնավորի, օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնի՝ իշխանությանը ստիպելով, որ անի այդ քայլերը»:
Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթում նաեւ ասաց. «Ինձ համար անհասկանալի է ընդդիմության դաշտում առաջացած հրմշտոցը։ Այդ դաշտն այնքան ընդարձակ է, որ կարող է տեղավորել բոլորին։ Վերջին հաշվով, քաղաքական որեւէ ուժի ետեւից գնալու որոշումը պատկանում է ժողովրդին։ Հայ ազգային կոնգրեսը, կայացած փաստ լինելով, ինքնահաստատման խնդիր չունի»: Ըստ ամենայնի՝ հենց «Ժառանգությունն» է հասցեատերն այս ակնարկի, եթե հաշվի առնենք, որ այն աղերսվում է Զարուհի Փոստանջյանի ավելի վաղ արած հայտարարությանը, թե ՀԱԿ-ն իբրեւ քաղաքական ուժ կայացած չէ: Մեր այս ենթադրությանն ի պատասխան՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահն ասաց. «Չեմ ուզում շատ փնտրել ու գտնել այդ ակնարկի հասցեատիրոջը: Ընդդիմադիր դաշտն այսօր իրոք մեծ է, եւ բոլորս էլ այնտեղ անելիքներ ունենք: Երկրի ու պետության առջեւ ծառացած այնքա՜ն լուրջ հիմնախնդիրներ կան, որ բոլորս պարտավոր ենք՝ որպես ընդդիմություն, գործել, համագործակցել ու կայացնել մեր պետությունը»: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ ԿԱ |
| |
Ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ
Սուրեն Սուրենյանցը
- Հունիսի 12-ին Հայ ազգային կոնգրեսի հրավիրած համապետական հանրահավաքում Համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որտեղ խոսվում էր Կոնգրեսի՝ քաղաքական պայքարի սահմանադրական ուղին շարունակելու եւ դրան հավատարիմ մնալու մասին, հենց Կոնգրեսի ներսում միանշանակ չի ընկալվել, ու կան այդ մարտավարությունից դժգոհ անհատներ կամ խմբեր, որոնց ակնարկելով՝ նաեւ ՀՀ առաջին նախագահն էր դիմել իր ելույթում:
- Դժգոհներ կլինեն, բայց չեմ կարծում, որ այդ մարդիկ Կոնգրեսի ղեկավարությունից դժգոհ են մեծ իմաստով: Մարդիկ ուզում են արագ փոփոխություններ, ուզում են հնարավորինս շուտ ազատ ու անկախ Հայաստան ունենալ: Դա Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բնական եւ արդարացված ցանկությունն է: Իսկ երբ այդ պրոցեսը երկարաձգվում է մարդկանց մոտ, բնականաբար, առաջանում են տարակույսներ: Ես հասկանում եմ ՀՀ առաջին նախագահի մարտավարությունը, բայց կարծում եմ, որ այն մեր շարժման շարքային մասնակիցներին, թերեւս, ճիշտ չմատուցվեց: Շարքային քաղաքացուն չեն հետաքրքրում մարտավարական հնարքները, նրանց հետաքրքրում է այն, որ երկրում օր առաջ տեղի ունենան փոփոխություններ: Այս իմաստով հարթակի եւ ժողովրդի միջեւ կարող են որոշակի տարակարծություններ առաջանալ, բայց նաեւ կարծում եմ, որ սրանից իշխանությունները չպետք է ուրախանան, որովհետեւ ընդդիմադիր զանգվածի թիվը դրանից չի նվազել եւ չի նվազի:
- Կոնգրեսը հայտարարում է, թե մեկուկես տարվա պայքարի արդյունքում ՀԱԿ-ը հզորացել ու ամրապնդվել է: Բայց արդյոք հասարակությանը մեծ իմաստով հետաքրքի՞ր է՝ շարժումը ամրապնդվե՞լ է, թե՞ ոչ, եթե դրա արդյունքում այդ շարժմանը երկրում որեւէ բան փոխել չի հաջողվում:
- Նախ, բացարձակապես համաձայն չեմ, թե շարժումն ամրապնդվել է, եւ չեմ կիսում այդ տեսակետը, որովհետեւ եթե դու որդեգրել ես սահմանադրական պայքարի ճանապարհը՝ որպես այդպիսի միջոց համարելով նաեւ ընտրությունները, ապա ընտրություններն են ցույց տալիս՝ ընդդիմությունն ուժեղացե՞լ է, թե՞ ոչ: Իսկ այսօր քաղաքային իշխանությունը ձեւավորել են բացարձակապես այլ մարդիկ՝ իշխանության ներկայացուցիչները, եւ այդ համատեքստում չեմ կարծում, թե շարժումն ուժեղացել է: Այլ խնդիր է, որ շարժումը առաջին անգամ ներկայացվել է շատ բարձր ներկայացուցչական մարմնում, որը ես պարտություն չեմ համարում:
- Հիմա ոմանք հեգնում են, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ Ստեփան Դեմիրճյանի նման, որ 2003-2004թթ.-երին բացառապես սահմանադրական ճանապարհով պայքարի կողմնակից էր, գնաց «թեյ խմելու»: Համամի՞տ ես այդօրինակ զուգահեռներին:
- Ես համամիտ եմ այն տեսակետին, որ թե՛ Ստեփան Դեմիրճյանը, թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանն անկեղծորեն ցանկանում են, որ երկրում տեղի ունենան փոփոխություններ: Ես ցավում եմ, որ անցած տասնամյակում գտնվել են մարդիկ, ովքեր նախկին ընդդիմությանը ինչ-ինչ որակումներ են տվել, երբեմն՝ անհարկի, երբեմն՝ չափազանցված, ու, կարծում եմ, կան իրողություններ, որոնց հետ պետք է հաշվի նստել: Ես խորհուրդ կտայի նման համեմատություններ չանել: Փոխարենը՝ բոլորս պետք է կենտրոնանանք ինստիտուցիոնալ կառույցներ ստեղծելու վրա: Ի վերջո, ընտրությունների ժամանակ՝ այո՛, եղել են կեղծիքներ, ահաբեկումներ, բայցեւ ակնհայտ է, որ ընդդիմությունը ունեցել է լուրջ թերացումներ, որոնց համար իշխանություններին մեղադրելը պարզապես անմիտ է:
- Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում պատասխանատուներն ասում են, որ իրենք ընտրությունների ժամանակ չեն թերացել, այլ պարզապես չեն պատկերացրել, որ իշխանությունները, ողջ պետական մեքենան կարող են դիմել այդաստիճան կեղծիքների, ահաբեկումների, ապօրինությունների: Դու կարո՞ղ ես մեկ-երկու թերացում մատնանշել:
- Ես համոզված եմ, որ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում մարդկանց հետ քիչ են շփվում: Իսկ թերացումներից մեկը, օրինակ, այն է, որ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի փուլում Կոնգրեսը ճիշտ մեսիջներ չհասցեագրեց մեր հասարակությանը: Այսինքն՝ մենք առաջադրեցինք խնդիր, որը չկարողացանք լուծել, եւ միեւնույն ժամանակ չբարձրացրեցինք խնդիրներ, որոնք հուզում էին հասարակությանը: Սա միանշանակ բերեց նրան, որ հասարակության այն հատվածը, որը ընդդիմադիր տրամադրություններ ուներ, պարզապես չմասնակցեց ընտրություններին: Սա ընդդիմության գլխավոր թերություններից մեկն էր, եւ պետք չէ ամեն անգամ ակնհայտ ձախողումից հետո այլ դաշտում մեղավորներ փնտրել:
- Նաեւ այս վերջին ընտրությունների փորձը նկատի ունենալով՝ կարծում ես, որ հնարավո՞ր է սահմանադրական ճանապարհով երկրում լուրջ համակարգային փոփոխություններ իրականացնել:
- Վստահ եմ, որ փոփոխությունները պետք է տեղի ունենան միայն սահմանադրական ճանապարհով եւ հավատում եմ միայն քաղաքական գործիքների արդյունավետ օգտագործման հեռանկարին: Ես այսօր ապշած եմ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության վրա: Իշխանությունները խրախճանքի մեջ են, եւ տպավորությունն այնպիսին է, թե հաղթել են արտաքին թշնամու, իսկ ընդդիմությունը տպավորություն է ստեղծում, թե պարտվել է արտաքին թշնամու: Երկուսն էլ ինձ համար բացառելի են: Կարծում եմ՝ երկուսն էլ համապատասխան հետեւություններ պետք է անեն:
- Կարծում ես, որ ընդդիմության որդեգրած մարտավարությունը հեռանկար ունի՞, կամ արդյոք բիրտ ուժի դեմ օրինական դաշտում ծավալվող պայքարը փակուղի չի՞ տանում:
- Կարծում եմ, որ ընդդիմությունը պետք է ինստիտուցիոնալ կառույցներ ստեղծի եւ պատրաստվի ավելի երկարաժամկետ քաղաքական պայքարի:
- Այսինքն՝ հիմա այդպիսի պայքարի ընդդիմությունը պատրա՞ստ չի եւ ի՞նչ ասել է՝ ինստիտուցիոնալ կառույցներ:
- Այսինքն՝ Կոնգրեսը, որպես ինստիտուցիոնալ կառույց, պիտի կայանա: Ընտրությունները ցույց տվեցին, որ մեր կողմից ընտրական տեղամասերում վերահսկողության պատշաճ մակարդակ չի եղել:
- Վերջին հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահը կուսակցություններին համագործակցության 12 կետից բաղկացած առաջարկ արեց: Քանի՞ կուսակցություն կարձագանքի այդ առաջարկին:
- Ես առաջարկված պլատֆորմը շատ նորմալ եմ գնահատում եւ կարծում եմ՝ դա յուրաքանչյուր քաղաքացու համար ընդունելի է, որ հասարակության զգալի մասը այդ առաջարկների ցանկացած կետի տակ պատրաստ է ստորագրել: Բայց մենք պետք է հասկանանք, թե ում է ուղղված այդ մեսիջը: ՀՅԴ-ն դրան երբեք չի միանա, որովհետեւ վստահ եմ, որ այդ կուսակցությունը երբեք չի բարձրաձայնի Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: Նույնը վերաբերում է նաեւ «Ժառանգություն» կուսակցությանը, որի մարտավարությունը հուշում է, որ նա պատրաստվում է հերթական խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: Ես վստահ եմ, որ ՀԱԿ-ը այդ կետերի իրականացման պատասխանատվությունն ինքը պետք է ստանձնի:
- Տպավորություն կա, թե Կոնգրեսն ու նրա առաջնորդներն իրենք են հայտնվել փակուղում, եւ այդ առաջարկները նաեւ նրա համար են, որ դրանց իրագործման պատասխանատվությունը ոչ թե միայնակ կրեն, այլ կիսեն քաղաքական այլ ուժերի հետ:
- Իրականում փակուղում հայտնվել է այն նավակը, որի անունը Հայաստան է, որի իշխանությունը իրականությունից կտրված է ու խրախճանքի մեջ է, որի ընդդիմությունը դնում է խնդիրներ, որոնք այս պահին անիրատեսական են: Ես խորին համոզում ունեմ, որ Հայաստանում քաղաքական բոլոր սուբյեկտները իրականության զգացողությունը կորցրել են: Այդ իմաստով, իհարկե, Հայաստանը անհուսալի վիճակում է: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| Մարզպետը հաստատում է, իսկ հետո՝ հերքում |
| |
Ըստ գյուղացիների՝ մարզպետի եւ պատգամավորի միջեւ «սեւ կատու է անցել»
Այս տարվա մայիսի 29-ից Արագածոտնի մարզպետ նշանակված ՀՀԿ անդամ Սարգիս Սահակյանը «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում հերքել է այն լուրերը, թե օրերս իբր վիճաբանություն եւ քաշքշուկ է տեղի ունեցել իր եւ նույն մարզից ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանի միջեւ:
Մեր տեղեկություններով, վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը, երբ պետական պաշտոնյաները հավաքվել էին պանթեոնում, այնտեղ Խ. Մանուկյանը Ս. Սահակյանին մի քանի անգամ դիմել է «արա»-ով, ինչը դուր չի եկել մարզպետին: Պանթեոնից ՀՀԿ գրասենյակ վերադառնալուց հետո «ռազբորկան» շարունակվել է, որին ներկա են եղել մեծ թվով հանրապետականներ, այդ թվում՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ինչը «Առավոտի» եւ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում մարզպետը հաստատեց (ձայնագրությունը խմբագրությունում է): Հովիկ Աբրահամյանի միջամտության արդյունքում գրասենյակում կրքերը հանդարտվել են:
Մեր տեղեկություններով, նույն օրը երեկոյան միջադեպը շարունակություն է ունեցել, եւ այն պարզաբանելու համար երկու կողմերը հանդիպել են այս անգամ՝ Աշտարակի ձորում: Խոսակցությունը շարունակվել է մինչեւ ուշ երեկո: Հաջորդ օրը կողմերը իրենց հաշիվները մաքրելու նպատակով հանդիպել են Երեւան-Գյումրի ճանապարհահատվածի Թալինի տարածաշրջանում գտնվող «Նարեկ» ռեստորանային համալիրում, որը պատկանում է մարզպետ Ս. Սահակյանին, սակայն գրանցված է եղբոր՝ Նաիրի Սահակյանի անունով: Մեզ հետ զրույցում ականատես գյուղացիները պատմում էին, որ այդքան մեծ թվով արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաներ իրենք տեսել էին մեկ էլ նախագահական ընտրությունների ժամանակ: Իսկ շաբաթ օրը, ժամը 21.30-ից գիշերվա 1-ը, ճանապարհի նշված հատվածը դարձել էր անանցանելի. ռազբորկայի մասնակիցները մեքենաները կայանել էին ոչ միայն ռեստորանի տարածքում, այլեւ ուր հարմար էին գտել՝ փակելով մայրուղին: Այս ամենին ականատես են եղել նաեւ Թալինի ոստիկանապետ Գեւորգ Պողոսյանը, նրա՝ օպերգծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը, ԱԱԾ-ի Թալինի պետ Միհրան Դանիելյանը։ Եթե մեզ հետ զրույցում մարզպետը հաստատեց, որ պատգամավորն իրեն ոչ պատշաճ ձեւով է դիմել, եւ դա իրեն դուր չի եկել, ապա Խաչիկ Մանուկյանը պատասխանեց, թե՝ «ես տեղյակ չեմ, չգիտեմ, մարզպետը կարող ա երազ ա տեսել», եւ որ ինքը չի հիշում, որ ոչ պատշաճ արտահայտություն է թույլ տվել մարզպետի նկատմամբ։
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| ՓԱՍՏԱՀԱՎԱՔԻՆ ՉԷԻՆ ԹՈՂԵԼ ԽՈՐԱՆԱԼ |
| |
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «7 օր» կայքէջին ասել էր, թե փաստահավաք խումբը մի քանի ամսում փաստեր էր հավաքել, որ մարտի 1-ին 950 հոգանոց սադրիչների խումբ է գործել, «որոնք ղեկավարել են 4 օլիգարխ եւ 5 պաշտոնյա։ Գուցե հասել էին նրան, թե ովքեր էին այդ պաշտոնյաները»: Անդրադառնալով այս պնդմանը՝ փաստահավաք խմբում կոալիցիայի նշանակած անդամ Ռոբերտ Ավագյանն «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է. «Դա բացարձակապե՛ս չի համապատասխանում իրականությանը: Եղել է հետեւյալը. Լեւոն Զուրաբյանը մեզ ուղարկել է ցուցակ այն օլիգարխների եւ անձանց, որոնք իր կամ իրենց տեսակետից՝ իբր թե մասնակցել են մարտի 1-ին»: Իսկ փաստահավաք խմբում «Ժառանգության» նշանակած անդամ Սեդա Սաֆարյանը հարցին, թե միայն ՀԱԿ-ի ուղարկած այդ ցուցա՞կն է եղել, թե՞ խումբն էլ է ուսումնասիրություններ կատարել՝ պատասխանել է. «Այդ տեղեկատվության հետ կապված փաստեր ճշտելու նպատակով մենք մեկնեցինք զորամաս: Բայց զորամասը մեզ չընդունեց՝ իմանալով, թե մենք ուր ենք գնացել եւ ինչ ենք պահանջելու: Այնտեղ այդ հագուստներ ստանալու վերաբերյալ մատյաններ կան, որոնք պետք է տեղում զննեինք ու նայեինք: Եվ քաջ հասկանալով, թե դա ինչ իրավական հետեւանք կարող է առաջացնել զորամասի համար՝ նրանք խուսափեցին դրանք մեզ տրամադրելուց... Եթե նրանց մոտ ամեն ինչ մաքուր էր՝ ինչի՞ մեզ չընդունեցին: Մենք էլի ենք զորամաս գնացել եւ դժվարությունների առջեւ կանգ չենք առել՝ մտել ենք ներս, բերել են, հարցաքննել ենք, լսել ենք մարդկանց, կարծիքներ փոխանակել եւ այլն: Ինչո՞ւ այն զորամասը, որտեղ կասկածահարույց էր այդ հանգամանքը, թե մարդիկ կան, որոնք հագուստ են ստացել եւ դրանք օգտագործել մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ՝ այդ հանգամանքի կապակցությամբ չթողեցին, որպեսզի փաստահավաք խումբը խորանար զորամասի մատյաններում եւ անհրաժեշտ փաստաթղթերում»: Ռոբերտ Ավագյանն ի պատասխան ասել է, թե իրենց այդ զորամաս չեն թողել, քանի որ այնտեղ «Անդրանիկ Քոչարյանի դրդմամբ» այցելելով՝ նախապես չեն տեղեկացրել. «Մենք գնացինք, անկոչ հյուրի պես դուռը ծեծեցինք, զորամասի ղեկավարությունն էլ մեզ չընդունեց: Եվ շատ ճի՛շտ արեց»: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| «ԹԱՐՄ ԱՐՅՈՒՆ Է ՊԵՏՔ» |
| |
Գառնիկ Մարգարյանը վերապահումներ ունի առաջին նախագահի առաջարկած համագործակցության կետերի վերաբերյալ
«Վերջապես մեր երկրում կայացել է ընդդիմադիր առողջ ուժ, եւ դա ՀԱԿ-ն է: Սա ինձ եւ մեր կառույցին գոհացնող փաստ է՝ անկախ նրանից, թե ՀԱԿ-ն ինչ քայլեր է անում, ուր է գնում, ինչպես է գնում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում այսպես արձագանքեց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղխորհրդի նախագահ Գառնիկ Մարգարյանը հարցին՝ ի՞նչ տպավորություններ է ստացել վերջին հանրահավաքում առաջին նախագահի ելույթից, ի՞նչ համաձայնություններ եւ անհամաձայնություններ ունեն նրա հնչեցրած համագործակցության 12 առաջարկների վերաբերյալ: «Ժառանգություն»-ՀԱԿ-ՀՅԴ հնարավոր դաշինքը մեր զրուցակիցը կողջունի: Բայց նա առանձնահատուկ վերաբերմունք ունի «Ժառանգության» նկատմամբ. «Դա միակ ուժն է, որի ներկայացուցիչները նախագահական ընտրություններում, դրանից հետո, մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, դատավարություններում պայքար էին տանում եւ շատ անգամ ավելի լուրջ, քան մեր շարքերի առանձին ներկայացուցիչներ: Նրանք առողջ ուժ են եւ միանշանակ կողմ են այդ համագործակցությանը»: Գառնիկ Մարգարյանը շատ էական է համարում այն, որ քաղաքական դաշտն արդեն մաքրվել է: Դրա լրացուցիչ հավաստումն է համարում նաեւ առաջին նախագահի հնչեցրած համագործակցության առաջարկները: Մինչդեռ դա բնավ էլ չի նշանակում, որ իր ղեկավարած քաղաքական կառույցն այդ կետերն ընդունում է «հալած յուղի տեղ»: Թե «Հայրենիք ու պատիվը», թե Մտավորականների ֆորումի ավագանին եւ համակարգող խորհուրդը լուրջ վերապահումներ ունեն արցախյան հարցի կարգավորման՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումների առումով, որոնք արտահայտված էին նաեւ այդ առաջարկներում: «Այդ հարցում զիջողական քաղաքականություն չպետք է թույլ տալ՝ ոչ այս ռեժիմին, ոչ էլ այս իշխանությանը: Պետք է մոբիլիզացնել ազգը, պոտենցիալը եւ թույլ չտալ, որ որեւիցե մեկը համարձակվի մադրիդյան կամ մեկ այլ փաստաթուղթ ստորագրել Արցախի հարցում: Սա պարտվողական քաղաքականություն է: Կարծում եմ, որ Կոնգրեսն ու առաջին նախագահը պետք է այս հարցում փոխեն դիրքորոշումը՝ պահանջելով, որ այս ռեժիմը Արցախի վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չստորագրի ու չգնա զիջումների»,- ասում է մեր զրուցակիցը: Նա նաեւ համոզված է, որ գործող ռեժիմը չի գնա փաստաթղթի ստորագրման, քանի որ հասկանում են, որ՝ «դա իրենց մահն է»: Բայց՝ «Կարող են պարտադրել: Եվ դա արդեն երեւում է. արդեն տնտեսական ոլորտի տարբեր միջազգային ծրագրեր են կանգնեցնում, զգացվում է նաեւ քաղաքական ճնշումների հոտը: Միգուցե Մոսկվայում կայանալիք Օբամա-Մեդվեդեւ հանդիպման ժամանակ Հայաստանի իշխանությանը պարտադրվի ինչ-որ բան ստորագրել: Բայց ո՞վ է ասում, որ Սերժ Սարգսյանի ստորագրած փաստաթուղթը պարտադիր է հայ ժողովրդի ու Հայաստանի համար»: Ի դեպ, այս հարցում երեկ «Առավոտի» հետ մասնավոր զրույցում իր վերապահումները եւս մեկ անգամ բարձրաձայնեց ՀԱԿ մեկ այլ անդամ՝ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, որոնց մասին, սակայն, առայժմ չցանկացավ բարձրաձայն խոսել:
Կոնգրեսի նոր եւ լուրջ որակներն ընդգծելով հանդերձ՝ Գառնիկ Մարգարյանը գտնում է, որ այն պետք է էլ ավելի ուժեղանա, հատկապես տարածքային կառույցներով, եւ «ղեկավար մարմիններում թարմ արյուն է պետք»: Թե ի՞նչ նկատի ունի մեր զրուցակիցը՝ «Կառուցվածքային, կադրային հարցերը նկատի ունեմ: Կոնգրեսը պետք է ղեկավարի եւ քաղաքական որոշումներ կայացնի քաղաքական մարմինը: Իսկ քաղաքական մարմինը որակապես պետք է թարմացվի: Իմ կարծիքով, այնտեղ պետք է ներկայացված լինեն կուսակցությունների առաջին-երկրորդ դեմքերը եւ թարմ ուժերով ու տրամադրությամբ իրավիճակը գնահատելով՝ որոշումներ կայացնեն: Իսկ Կոնգրեսում հակառակն է՝ շտաբն է ղեկավարում»: Այս առիթով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն «Առավոտին» փոխանցեց, որ ՀԱԿ քաղխորհուրդը խորհրդակցական մարմին է եւ ամեն շաբաթ նիստեր է գումարում: Ի դեպ, դրանց «Հայրենիք ու պատիվը» պարտաճանաչ մասնակցում է: Իսկ շտաբում, որը կառույցի որոշումներ կայացնող մարմինն է, ՀԱԿ անդամ ոչ բոլոր կուսակցություններն են ներկայացված:
Մնացյալ հարցերը, Գ. Մարգարյանի գնահատմամբ, առաջին նախագահը բավականին ճկուն է տանում. «Նա ոչ թե փնտրտուքի մեջ է, այլ բավականին ճիշտ է որոշել՝ ժամը, օրը՝ ե՞րբ գնալ ավելի վճռական քայլերի եւ տանել իշխանափոխության: Ավելի մեկնաբանություններ անել չեմ ցանկանում, որովհետեւ բավականին նուրբ հարց է»: «Առավոտի» դիտարկմանը՝ մեծ հաշվով, համամի՞տ եք, որ պայքարը հետաձգվեց մինչեւ սեպտեմբեր, նա պատասխանեց. «Եթե կա աշխարհի խոշորների հանդիպում, որի օրակարգում նաեւ արցախյան հարցն է, երբ սոցիալական ճգնաժամի պատճառով հասարակությունում խորանում է բեւեռացումը, որն իշխանությունը ի վիճակի չէ լուծելու, իսկ ներսում իշխանությունն արդեն բախվում է՝ դա ցույց տվեց եւ ավագանու ընտրությունները, գնալ ավելի վճռական քայլերի՝ անիմաստ է. իշխանությունն ինքն է փլվում»: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| «Սվաղել իրավիճակը» |
| |
Արամ Կարապետյանը՝ Փաստահավաք խմբի, խորհրդարանական հանձնաժողովի եւ առաջին նախագահի ու իր «ունիսոն» ելույթների մասին:
«Ես կարող եմ միանշանակ ասել, որ մարտի 1-ի հանձնաժողովում էլ ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է: Փաստահավաք խմբում դա ուղղակի փակ էր, եւ ավելի ցայտուն էին ներքին բախումները: Նույնն այստեղ է: Միշտ փորձում են ինչ-որ դոզավորել ինֆորմացիան, միշտ փորձում են այնպես ներկայացնել՝ ինչպես իրենց պետք է, հեռուստաալիքները բավականաչափ հաճախ ցույց են տալիս Սամվել Նիկոյանին եւ երկրորդ կարծիք ցույց չեն տալիս: Այսինքն՝ կարող եմ ասել, որ մեղմ, ոչ այնքան կոշտ, իշխանությունը փորձում է մարտի 1-ի հանձնաժողովով նույնպես սվաղել իրավիճակը»,- երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը: Նա տարակուսանք է արտահայտել այն մասին, որ հանձնաժողով չեն հրավիրվել ոչ Ռոբերտ Քոչարյանը եւ ոչ էլ «նախագահականում գործած շտաբի» մյուս անդամները: Ըստ բանախոսի, շտաբը, գործելով 2007 թվականի հոկտեմբերից, նպատակ է ունեցել ամեն գնով ապահովել Սերժ Սարգսյանի նախագահությունը: Իսկ շտաբի հիմնական անդամ են եղել այդ ժամանակվա ոստիկանապետը, ԱԱԾ պետը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Արմեն Գեւորգյանը. նիստերն էլ գումարվել են նախագահական նստավայրում: «Փաստահավաք խումբը փակելով եւ համաներում նախապատրաստելով՝ իշխանությունը ցանկանում է փակել մարտի 1-ի էջը»,- համոզված է Արամ Կարապետյանը: Նա դեմ չէ համաներմանը, բայց՝ «Համաներումն էլ լավ քայլ է, սակայն վատ է, որ նախագահը դա քաղաքական նպատակներից ելնելով փորձում է ներկայացնել իբրեւ հասարակության պահանջ»:
Անդրադառնալով ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում առաջին նախագահի հնչեցրած համագործակցության պլատֆորմին՝ ՆԺԿ նախագահն ասել է. «Բոլոր այն խնդիրները, որոնք դրված են՝ սկսած Սերժ Սարգսյանի հրաժարականից, արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նախագահական եւ այլն, այդ ամենը կա: Շատ նորմալ պլատֆորմ է, մենք դեռ կուսակցությունում չենք քննարկել, բայց կարծում եմ՝ այդ պլատֆորմը շատ աշխատող պլատֆորմ է, որովհետեւ սա ընդդիմադիր գործունեության երկար ժամանակ արդեն, ուղղակի, բեղմնավոր 12 կետով նշված է»: Նա նաեւ ասել է, թե դա չի կարող դառնալ առիթ, որ ՆԺԿ-ն անդամակցի Հայ ազգային կոնգրեսին: Ըստ նրա՝ հունիսի 12-ին իր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներն ունիսոն էին, եւ Տեր-Պետրոսյանն էլ ասել է, որ ընդդիմադիր դաշտը կարող է գործել առանձին, սակայն համախմբված իրար հետ այդօրինակ պլատֆորմի շուրջ:
Լրագրողները հետաքրքրվել են, թե ի՞նչ նկատի ուներ, երբ իր ելույթում խոսում էր ընդդիմության մեջ «պապայի» եւ «երեխայի» կարգավիճակները բացառելու մասին, եւ մինչ այժմ ի՞նչ կարգավիճակում է եղել ՆԺԿ-ն: «Ես չէի ուզենա անդրադառնալ դրան, թե ովքեր էին պապաները, ովքեր էին երեխաները: Միշտ պապաներին են ձերբակալում»,- ասել է Արամ Կարապետյանը: Իսկ նման բաժանման միտում նա տեսնում է թե իշխանության, թե առաջին նախագահի շրջապատում, եւ իր համար դա անցանկալի է: «Ժառանգություն»-ՀՅԴ-ՀԱԿ միությունը նա համարում է «մտացածին, PR ակցիա, վիրտուալ պրոյեկտ»: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| ԱԺ-Ն ԶԲԱՂՎԵԼՈՒ Է ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐՈՎ |
| |
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 15-ին ընդունել է «Հուշամատյան» իրավապաշտպան, պատմա-լուսավորչական եւ բարեգործական ընկերության վարչության անդամներին: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը, պատգամավորներ Գոհար Ենոքյանը եւ Վիկտոր Դալլաքյանը: Հ. Աբրահամյանը նշել է, որ հունիսի 14-ին լրացավ 1949թ.-ին ստալինյան ռեժիմի կողմից բռնադատված հազարավոր հայ ընտանիքներին Ալթայի երկրամաս աքսորելու 60-ամյակը, եւ որ 1955թ.-ից ի վեր ԽՍՀՄ-ը փորձել է վերականգնել նրանց իրավունքները, իսկ 1994թ.-ին արդեն նորանկախ Հայաստանն ընդունեց օրենք, որով փորձեց որոշ արտոնություններ տրամադրել բռնադատվածներին: Հ. Աբրահամյանը հայտնել է իր հյուրերին, որ ստացել է նրանց նամակը եւ տեղյակ է բռնադատվածների համար նախատեսված արտոնությունների շուրջ ստեղծված իրավիճակից: Նա կարեւորել է այդ խնդրի շուրջ ԱԺ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանի, Գոհարիկ Ենոքյանի եւ Վարդան Բոստանջյանի օրենսդրական նախաձեռնությունը, որն արդեն ուղարկվել է կառավարություն եւ ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողով:
Ըստ ՀՀ ԱԺ hասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, հանդիպման մասնակիցները հայտնել են իրենց տեսակետները բռնադատվածների իրավունքների պաշտպանության խնդիրների վերաբերյալ: Հ. Աբրահամյանն առաջարկել է շարունակել այդ խնդրի քննարկումը՝ դրանում ներգրավելով կառավարության եւ բռնադատվածների լիազոր ներկայացուցիչների: Նա նշել է, որ նման երկխոսության ճանապարհով հնարավոր կլինի ստեղծել հանրության եւ բռնադատվածների շահերին լավագույնս համապատասխանող օրինագիծ: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| «ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ՕՅԻՆԲԱԶՈՒԹՅՈՒՆ» |
| |
Ասում են Արթիկի քրեակատարողականում գտնվող քաղբանտարկյալները
Արդեն 9-րդ տարին է՝ Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը «Ելնի Վիրապ» տոնը նշում է բանտարկյալներին այցելելով, գաղութում պատարագ մատուցելով ու մատաղ անելով: Տոնը խորհրդանշում է Գրիգոր Լուսավորչի՝ 13 տարի Խոր վիրապում անցկացնելուց հետո ազատվելը: Շաբաթ օրը սրբազանը եղավ Արթիկի քրեակատարողական հիմնարկում, ուր մոտ 300 բանտարկյալների կողքին գտնվում են նաեւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը եւ ՀՀՇ կառույցի Անիի տարածաշրջանի պատասխանատու Հարություն Ուռուտյանը: Վերջիններս գաղութի պայմաններից չեն դժգոհում, յուրահատուկ հարգանք կա նրանց անձի նկատմամբ, «գերինֆորմացված են», ամեն օր կարդում են օրվա հրապարակումները, մի խոսքով, ամեն ինչ նորմալ է, միայն թե մտահոգված են դրսում ապրողների ճակատագրով: «Մեզ ի՞նչ է եղել, մենք ինչ-որ չափով էս փոքր գաղութում ավելի պաշտպանված ենք, քան մեծ գաղութի ժողովուրդը, ես այդպես ասելով նկատի ունեմ դրսի մարդկանց, ստեղ ինչ-որ ռեժիմ կա, իսկ էնտեղ առանց ռեժիմի է, ամեն մեկն իրենն է դնում՝ ամեն վայրկյան դրսի մարդկանց գլխին, կապ չունի կարգավիճակը, եթե սափրագլուխը մեծահարուստ է՝ էդ դաշտի մեջ է պրոբլեմ ունենալու, եթե սովորական օրվա հացի հարց լուծող է՝ էդ դաշտի մեջ է պրոբլեմ ունենալու, մի խոսքով, մեր սովորական ժողովուրդը դրսում շատ ավելի անպաշտպան է: Ասեմ նաեւ, որ գաղութի տղաները շատ ավելի բարոյական են, քան իշխանությունները»,- ասաց քաղբանտարկյալ Պետրոս Մակեյանը: «Առավոտի» այն հարցին, թե ինչպե՞ս է կուսակցության լիդերը վերաբերվում ազգովի համաներում խնդրելու ձեւին, պարոն Մակեյանը պատասխանեց. «Էդ թատրոն է, դերասանություն է, դերասան Սոս Սարգսյանին են քցել մեյդան, ինքը կրիմինալ հանցագործ է, մի քանի տարի թատրոնը ղեկավարեց, սկսեց տեղեկանքներ վաճառել, անձամբ ես ու մեր ընկերները երկար տարիներ պաշտոնի ենք եղել, 6-րդ վարչությունները տարիներ շարունակ ընկել են հետեւներիցս, ձեւ չգտան, չէ՞, փակելու, դրա համար էլ մարտի 1-ը սարքեցին մարդկանց փակելու համար»: Իսկ Մակեյանը կիսո՞ւմ է իր համախոհների այն կարծիքը, թե համաներումը Եվրախորհրդի առաջիկա վեհաժողովում եվրոպացիների աչքին թոզ փչելու հերթական ձեւերից է: «Ես ոչ միայն կիսում եմ, այլ համոզվում եմ: Ստեղ իրենց բիզնեսն է, չէ՞, ստեղ փող են աշխատում, ամեն մի կալանավորը 13 եվրո է, դրա 80% էլ իրենք մխսում են, փակած ամեն օրը իրենք փող են աշխատում: էդ պատահակա՞ն է, որ Դավիթ Հարությունյանն է գնում՝ եվրոպական ժպիտով խաբում, գալիս է, 10 մեծահարուստներից մեկը չէ՞ էսօրվա նախարարը՝ տղան 100 000 դոլարանոց մեքենա է վարում, սրանց հաշվին է, եթե իրենք կարող են մեզ փակել մի օր ավելի, փակելու են, էդ իմացեք, համոզվեք»,- ասաց Պ. Մակեյանը՝ վստահ լինելով, որ համաներումը ոչ բոլորի վրա կտարածվի, իրենց տղաների մեծ մասին էլ բաց չեն թողնի: Պարոն Մակեյանը նաեւ հավելեց, որ եթե անգամ համաներումը իր վրա տարածվի, ապա ինքը բանտից դուրս չի գալու, համաներման կարիք, ըստ նրա, ունեն այսօրվա իշխանավորները. «Ես ասել եմ, ես ստեղ Սերժին ու Ռոբերտին եմ փոխելու, խցեր եմ պատրաստել իրենց համար, շնորհքով, ադաթով կհանձնեմ իրենց»:
Արթիկի քրեակատարողականում գտնվող մյուս քաղբանտարկյալը՝ Հարություն Ուռուտյանն էլ ասաց, որ իր համար համաներումը հետաքրքիր չէ. «Ի՞նչ ենք արել մենք, ինչի՞ համար են մեզ բռնել, որ հիմա էլ համաներում կատարեն, ինչի՞ համար ուրախանանք, ես տեսնում եմ, որ համաներումը դերասանություն է, ինչ-որ բան են ուզում ցույց տալ թե դրսի հանրապետություններին, թե ներսի ժողովրդին, թե տեսեք, տեսեք՝ մենք լավ գործողություններ ենք կատարում, բայց չեն անում այն, ինչն իրոք պետք է»:
Ի տարբերություն քաղբանտարկյալների, Արթիկի քրեակատարողականում համաներման պահանջ ներկայացնում էին մյուս կալանավորները: Նրանցից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց. «Եթե համաներումը մի 12 հոգու վրա պիտի տարածվի, ապա ո՞ւմ է պետք դա, թող իրենց համաներումն իրենց մնա: Պիտի մարդավարի անի՝ թող անի: Ես գողություն եմ կատարել Ռուսաստանում, բայց լավ չէ՞ր լինի էնտեղ բռնվեի, գոնե 3 տարի կնստեի, ուղարկեցին հայրենիք, ստիպված եմ 5 տարի նստել»: Բանտարկյալները, մոտ 2 ժամ կլանված լսելով թեմի առաջնորդին, հանկարծ տեղից բացականչեցին՝ հարցնելով, թե ինչո՞ւ իրենց համաներում չեն շնորհում: «Մենք բոլորս էլ միջնորդում ենք, որ համաներումը լինի, եւ կլինի վստահաբար, բայց էլի ասում եմ, պետության ներումը մի փնտրեք, Աստծո ներումը փնտրեք, ամենակարեւորը Աստծո ներումն է, պետությունը կարող է ներել կամ չներել, բայց Աստված կարող է ներել»,- ասաց թեմի առաջնորդը: Արթիկի քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանն էլ, անդրադառնալով համաներմանը, մեզ հարցրեց. «Իսկ դուք համաձա՞յն եք, որ շատ հեշտությամբ կիրառվի էդ համաներումը, ու դրսում ուրիշ իրավիճակներ ստեղծվի, չմոռանաք, որ պատարագի մասնակիցների մեծ մասը ծանր հանցագործությունների համար են դատապարտվել՝ մարդասպանություն, ավազակային հարձակում, ժամանակ է պետք, որ դատապարտյալը վերաիմաստավորի իր արածը, իր անցած կյանքը, եւ նաեւ աշխատակազմին է պետք ժամանակ, որ նրանց հետ համապատասխան աշխատանքներ կատարի»: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԱՀԱՑԱՎ 1-ԻՆ ՄԱՐԴԸ |
| |
Եվրոպայում խոզի գրիպից մահացել է առաջին մարդը: Այս մասին հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները: A/H1N1 վիրուսով վարակված կինը մահացել է Շոտլանդիայի հիվանդանոցներից մեկում: Մեծ Բրիտանիայում գրանցվել է 1261 վիրուսակիր, որոնցից 498-ը՝ Շոտլանդիայում: Ընդհանուր առմամբ, ողջ աշխարհում խոզի գրիպից մահացել է 145 մարդ, վիրուսակիր են 29 669 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն, աշխարհում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Վարակը ներխուժել է արդեն 47 երկիր: ԱՄՆ կառավարությունը հունիսի 12-ի դրությամբ հաղորդել է մարդկանց շրջանում 13 217 լաբորատոր հաստատված դեպքի մասին, որից 27-ը մահացել է: Մեքսիկայում՝ 6241 դեպք է արձանագրվել՝ ներառյալ 108 մահվան դեպք:
Լաբորատոր հաստատված դեպքեր են գրանցվել նաեւ Կանադայում՝ 2978, այդ թվում՝ 4 մահվան դեպք, Կոստա Ռիկայում՝ 104 դեպք, այդ թվում 1 մահվան դեպք, Արգենտինայում՝ 343, Ավստրալիայում՝ 1307, Ավստրիայում՝ 7, Բելգիայում՝ 14, Բրազիլիայում՝ 52, Չինաստանում՝ 188, Կոլումբիայում՝ 188, այդ թվում՝ 1 մահվան դեպքով, Կուբայում՝ 6, Դանիայում՝ 11, Էկվադորում՝ 67, Էլ Սալվադորում՝ 69, Ֆինլանդիայում՝ 4, Ֆրանսիայում՝ 73, Գերմանիայում՝ 95, Գվատեմալայում՝ 74, Հնդկաստանում՝ 9, Իռլանդիայում՝ 12, Իսրայելում՝ 68, Իտալիայում՝ 56, Ճապոնիայում՝ 549, Մալայզիայում՝ 5, Նիդեռլանդներում՝ 35, Նոր Զելանդիայում՝ 27, Նորվեգիայում՝ 13, Պանամայում՝ 221, Պերուում՝ 79, Լեհաստանում՝ 7, Պորտուգալիայում՝ 2, ԿԺԴՀ-ում՝ 53, Իսպանիայում՝ 488, Շվեդիայում՝ 19, Շվեյցարիայում՝ 20, Թաիլանդում՝ 8, Թուրքիայում՝ 10, Չիլիում՝ 1694, այդ թվում՝ 2 մահվան դեպք, Հունաստանում՝ 7, Ֆիլիպիններում՝ 77, ՌԴ-ում՝ 3, Հոնդուրասում՝ 89, Քուվեյթում՝ 18, Իսլանդիայում՝ 4, Բահրեյնում՝ 1, Սինգապուրում՝ 18, Չեխիայում՝ 4, Ռումինիայում՝ 11, Ուրուգվայում՝ 36, Դոմինիկյան Հանրապետությունում՝ 91, այդ թվում՝ 1 մահվան ելքով, Սլովակիայում՝ 3, Բահամյան կղզիներում՝ 1, Բոլիվիայում՝ 5, Կիպրոսում՝ 1, Էստոնիայում՝ 3, Հունգարիայում՝ 4, Ճամայկայում՝ 11, Պարագվայում՝ 25, Վենեսուելայում՝ 25, Վիետնամում՝ 23, Նիկարագուայում՝ 56, Եգիպտոսում՝ 10, Բուլղարիայում՝ 2, Լիբանանում՝ 8, Բարբադոսում՝ 3, Լյուքսեմբուրգում՝ 1, Սաուդյան Արաբիայում՝ 1, Սայամյան կղզիներում՝ 2, Տրինիդատ եւ Տոբակո՝ 4, Ուկրաինայում՝ 1, Արաբական Էմիրություններում՝ 1: Հարուցիչը շրջակա միջավայրի առարկաների վրա պահպանվում է մոտ 2 ժամ: Մարդկանց խորհուրդ է տրվում հաճախակի լվանալ ձեռքերը՝ օճառով, եւ գրիպանման հիվանդության ախտանիշների դրսեւորման դեպքում դիմել բժշկական օգնության: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| «ԻՆԱԴՈՒ ԱՊՐԵԼՈՒ ԵՄ» |
| |
80-ամյա Արիստակես Ազարյանի ընտանիքը՝ 2 անչափահաս թոռները, տղան ու հարսը, ապրում է նրա թոշակով: Ճիշտ է, ժամանակին տղան աշխատում էր ու ընտանիքի հոգսը քիչ թե շատ թեթեւացնում, բայց, ինչպես Արիստակես պապն է ասում, հիմա անգործ է ու չի կարողանում աշխատանք գտնել:
«Հողամաս ունենք, մշակում ենք, բայց բերքը քիչ է, հազիվ մեզ է հերիքում, չենք կարող վաճառել, որ գոնե կողմնակի եկամուտ լինի: Այդ հողամասը մշակելու ու ջրելու համար պարտքեր ենք կուտակել: «Երեւան ջուրն» արդեն դատի է տվել մեզ ու պահանջում է վճարել մոտ 310 հազար դրամը: Ախր, որ ես ի վիճակի լինեի վճարելու, կվճարեի, հո չէի թողնի այդքան կուտակվեր: Հազիվ հացի փող էինք հասցնում, դրա համար էլ չէինք կարում ժամանակին վճարել: Ջուրը քիչ էր, մեկ էլ «ՀայՌուսգազարդից» են պարտքը պահանջում, դա էլ մոտ 34 հազար դրամ է: Ես կոմունիստների ժամանակ նորմալ աշխատել եմ, խնայբանկում 4000 ռուբլուց ավելի գումար եմ պահել, հիմա մեր կառավարությունը որոշել է, որ դեռ ինձ չեն վերադարձնելու իմ գումարը, մինչեւ ցուցակներում ընդգրկվածներին չտան: Բայց ես էդ քանի՞ տարվա կյանք ունեմ, որ սպասեմ: Թող իմ ավանդը վերադարձնեն, ես էլ ջրի ու գազի պարտքը վճարեմ: Ես ուրիշ ելք չունեմ»,- «Առավոտին» դժգոհեց Արիստակես Ազարյանը:
Արիստակես Ազարյանի խոսքերով՝ «Ես պարտքս չեմ տա, մինչեւ պետությունն էլ իմ պարտքը չվերադարձնի: Իրենց ինադու ապրելու եմ այնքան, մինչեւ իմ տարիքի ու կարգավիճակի մարդկանց ավանդներն էլ վերադարձնեն: Թե՞ սպասում են մեռնենք, որ այդ փողերը ոնց ուզեն՝ տնօրինեն»: Նշենք, որ առայժմ «Հայխնայբանկի» ավանդատուներն այն անձինք են, ովքեր 2005 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2006թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում անընդմեջ ընդգրկված են եղել ընտանեկան նպաստ ստացողների կազմում:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| 0.25-ՄԻԱՎՈՐՈՎ ԿԲԱՐՁՐԱՑՆԵՆ |
| |
Հայոց լեզվի եւ գրականության առարկայի քննական թեստի խնդրահարույց առաջադրանքների
քննարկման պտուղները
Հայոց լեզու եւ գրականություն առարկայի միասնական քննության թեստի քննարկումները վերջին օրերին հանրապետությունում նույնիսկ փոքր-ինչ լռեցրել են քաղաքական գործընթացներին վերաբերող խոսակցությունները: Այդ քննարկումները հաճախ դուրս են գալիս զուտ մասնագիտական շրջանակներից՝ վերածվելով անձնական բնույթի վիրավորանքների եւ մեղադրանքների: Մի խումբ ուսուցիչներ, տարբեր բուհերի մասնագետներ մամուլում եւ այլ հնարավոր տարբերակներով վերլուծում են թեստի բոլոր առաջադրանքները, տեղ գտած վրիպակները, թեստերը կազմող հեղինակային խմբի անդամներն էլ չեն համաձայնում այդ դիտողությունների հետ:
Իսկ դիմորդները հույս ունեն, որ բողոքարկումից հետո իրենց գնահատականները գոնե 0.25-ով կբարձրացվեն: Դիմորդների եւ նրանց ծնողների շուրթերին է Բ 79 առաջադրանքը, որը վերաբերում է Եղիշե Չարենցի «Խմբապետ Շավարշ» եւ «Դեպի լյառը Մասիս» ստեղծագործություններին: Դիմորդները, ուսուցիչներն ու կրկնուսույցները պնդում են, որ «Խմբապետ Շավարշը» չի ընդգրկված դպրոցական ծրագրում, հետեւաբար այդպիսի առաջադրանք չպիտի տեղ գտներ թեստում: Հասարակության կրքերը հանդարտեցնելու համար օրերս ԳԹԿ-ում հրավիրվեց քննարկում, որին մասնակցում էին թեստը քննադատողները եւ հեղինակային խումբը: Նպատակն էր քննարկել խնդրահարույց հարցերը եւ առաջարկություններ ներկայացնել ԿԳՆ, որից հետո պարզ կդառնար՝ բողոքարկման արդյունքում որոշ առաջադրանքների մասով միավոր կբարձրացվի՞, թե՝ ոչ: Նկատենք, որ քննարկման սկզբից մասնագետները բաժանվեցին երկու ճակատի եւ սկսեցին բանավիճել, ինչը շատ հաճախ դուրս էր գալիս բանավեճ կոչվածի շրջանակներից: ՀՀ վաստակավոր ուսուցչուհի Բեատրիչե Ստեփանյանը նշեց, որ կցանկանար քննարկմանը ԿԳՆ-ի ներկայացուցիչ տեսնել, իսկ թեստի հեղինակային խմբի անդամներից բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեյրան Գրիգորյանն ասաց, որ կարող է իրեն այդ ներկայացուցիչը համարել: Մինչ քննարկումը, «Առավոտը» թեստերի հեղինակային խմբի անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր Յուրի Ավետիսյանին խնդրեց մեկնաբանել այն, որ թեստերի եւ դրանց հեղինակների մասին հնչում են ոչ միայն մասնագիտական, այլեւ ապամասնագիտական կարծիքներ: Նա ասաց. «Պատրաստ եմ մասնագիտական բոլոր կարծիքներին պատասխանելու, եթե դրանք խելամտության եւ բանականության սահմաններում են: Ինչ վերաբերում է ապամասնագիտականին, ապա այլոց փորձով համոզվել եմ, որ հանիրավի մեղադրանքներին ու զրպարտություններին պատասխանելն անիմաստ ու անպատվաբեր գործ է, ուստի բնավ չեմ ուզում անդրադառնալ դրանց»:
Քննարկման ընթացքում Բ. Ստեփանյանը խոսեց թեստերի չափից ավելի բարդացվածության մասին, իսկ Յու. Ավետիսյանը նշեց. «Դա պայմանավորված է նրանով, որ տրամադրվածություն կա գիտելիքների ստուգման շեմը որոշ չափով բարձրացնելու. ոչ թե պիտի հարմարվենք հանրակրթական դպրոցի միջին գիտելիքներ ունեցող շրջանավարտի մակարդակին, այլ փորձենք մի քիչ ավելի լուրջ խնդիրներ առաջադրել, որ բարձր գնահատական կարողանան ստանալ նրանք, որոնք իսկապես տիրապետում են առարկային: Տարիներ շարունակ զավեշտի էր հասնում բարձր միավորները, 4-5 հազար հոգուց 17-20 միավոր էր ստանում 1000-1500-ը: Ինչ է պատահել, թող այս տարի 46-47 միավորով ընդունվեն իրավաբանական, ոչ թե 58-ով դուրս մնան»: Այս խոսքերից հետո թիվ 129 դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Աբազյանն ասաց. «Ապշում եմ ձեր այն նախադասության վրա, որ եթե երեխան իր մայրենի լեզվից բարձր գնահատական է ստանում, դա զավեշտ է: Իսկ որ անգլերենից եւ մաթեմատիկայից 20-ներ են ստանում, նորմա՞լ է: Նույնիսկ ամաչում եմ, որ մայրենի լեզվի քննությունից այդքան դիմորդ տապալվել է»: Բ. Ստեփանյանն էլ ասաց. «Առաջին հարցից սկսած ձեր նպատակն է ծուղակը գցել երեխաներին: Նրանց հանգիստ թողնելու փոխարեն անպայման պիտի շփոթեցնե՞լ»: ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտ Սերժ Սրապիոնյանն էլ հարցրեց. «Դուք անկեղծ համոզվա՞ծ եք, որ ձեր աշակերտների 70%-ը տիրապետում է հայերենին»: Բ. Ստեփանյանը պատասխանեց. «Աշակերտներս, որոնք կարող էին հաղթահարել լավ չորսը, ստացել են 14,15, իսկ հանրապետական, քաղաքային, դպրոցական օլիմպիադաներում տեղ շահած երեխան ստացել է 17,25: Ինչո՞ւ պիտի լավագույնը ստանա 17, 25, բայց դուք ունենաք 20-ներ»: Այդ դիմորդը, ըստ ուսուցչուհու, սխալվել է նաեւ «Խմբապետ Շավարշի» հայտնի առաջադրանքում: Քննարկվեց նաեւ այդ հարցին սխալ պատասխանած դիմորդներին 0.25 միավոր տալու հարցը: Հեղինակային խմբի անդամները կտրականապես դեմ էին, ուստի նախարարությանը առաջարկվելիք հարցերի շարքում այս մեկը տեղ չգտավ:
ԵՊՀ գրականության տեսության եւ քննադատության ամբիոնի դոցենտ Աշխեն Ջրբաշյանը վկայակոչեց ՌԴ-ի թեստերը՝ որակելով դրանք «մարդկային»: Ս. Գրիգորյանն էլ ասաց. «Դե գնայիք Ռուսաստանում անցկացնեիք քննությունը»: Ա. Ջրբաշյանն էլ պատասխանեց. «Բայց պետք է վերցնենք, չէ՞, լավ փորձը»: Բոլոր քննադատություններին ի պատասխան, Սեյրան Գրիգորյանը հայտարարեց. «Թեստերը կազմվել են թեստաբանության համաշխարհային բոլոր կանոններն ուսումնասիրելուց հետո, ըստ որոնց՝ պատասխանի բոլոր տարբերակները պիտի ճիշտ թվան»: Նկատենք, որ քննարկումը հաճախ մասնագիտականից վերածվում էր զուտ կրկնուսույցների լեզվակռվի, որը հաճախ ուղեկցվում էր «ավելի լավ է դուք մտածեք այն մասին, որ ձեր դիմորդներն ընդունվեն» արտահայտությունով: Լեզվակռվի արանքներում քննարկման մասնակիցները երբեմն էլ քննարկում էին այս կամ այն առաջադրանքը: Երբ հասան 16-րդին, ԵՊՀ լեզվի ամբիոնի դոցենտ Փառանձեմ Մեյթիխանյանն ասաց. «Ուղեցույցում ոչ մի ակնարկ չկա, որ երեխաներին պիտի հարցնեն ստուգաբանությունից կամ արմատներից: Այդ դեպքում սակավապետ բառը այս առաջադրանքում ինչո՞ւ պիտի դրվեր, այն պարսկերենից փոխառություն է, ուստի ինչո՞ւ պիտի երեխան ճանաչեր: Անցյալ տարի էլ էիք թեստի հեղինակները դուք, բայց անցյալ տարվա դպրոցական ծրագրից շեղում չկար, հետեւաբար հրապարակային հոդված կամ այսպիսի աղմուկ չեղավ: Ինձ թվում էր՝ «Խմբապետ Շավարշի» հարցը կզիջեք, բայց երբ տեսա, որ կտրականապես եք տրամադրված, զգացի, որ այս քննարկումն ավելորդ է»: Ելույթից հետո Յու. Ավետիսյանն ասաց. «Տիկին Մեյթիխանյանի ասածը հիմք տալի՞ս է, որ 0.25-ով բարձրացվեն երեխաների միավորները»: Քննարկման մասնակիցների մեծամասնությունը դեմ էր: Դրանից հետո տիկին Մեյթիխանյանն ասաց, որ իր ներկայությունն ավելորդ է եւ լքեց դահլիճը: Նրա հեռանալուց հետո տիկին Ջրբաշյանը փորձեց ավելի ռեալ դարձնել քննարկումը: «Եթե գոնե երկու 0.25-ով միավորները բարձրացվեն, հարցը փակվի: Այստեղ միայն ժողովրդին հանգստացնելու հարցը չէ: Ժողովուրդը բոլոր ասպարեզներում իրեն զգում է ոտնահարված, եւ եթե ինքը զգա, որ իր ձայնը մի փոքր լսելի է, հոգեկան բավարարվածություն կզգա»: Ս. Գրիգորյանը պատասխանեց. «Եթե դա կհանգստացնի, կարող ենք բարձրացնել»: Ա. Ջրբաշյանը քննարկման դրեց Ա 45 առաջադրանքը, որում առարկությունը վերաբերում է նրան, որ Հ. Թումանյանի «Փարվանա» լեգենդում անշեջ հուրը փնտրող կտրիճները նախ թիթեռներ են դառնում, հետո պտտվում կրակի շուրջ, իսկ ըստ թեստի՝ պտտվում են կրակի շուրջ եւ դառնում թիթեռներ։ Յու. Ավետիսյանն ասաց, որ առաջադրանքում իսկապես փաստական մի փոքր սխալ կա, չնայած Ս. Գրիգորյանը պնդում էր, որ դա ամենալավ առաջադրանքներից մեկն է: Հարցը դրվեց քննարկման, մեծամասնությունը կողմ էր, որ ԿԳՆ առաջարկ ներկայացվի այս առաջադրանքի մասով 0.25-ով բարձրացնել դիմորդների միավորները: Միաձայն որոշվեց նաեւ առաջարկ ներկայացնել նախարարություն, որ թեստից ընդհանրապես հանվեն գրականությանը վերաբերող հարցերը:
Հ. Գ. Հունիսի 13-ին ԳԹԿ-ում քննարկմանը մասնակցող մասնագետները առաջարկել էին փոփոխություն անել Ա 45, Բ 79 առաջադրանքների միավորներում: Մյուս առաջադրանքների վերաբերյալ առաջարկությունները մերժվել էին մասնագիտական առումով անվիճելի լինելու հիմնավորումով: Ըստ բողոքարկման կարգի՝ մասնագետների առաջարկները քննարկել եւ վերջնական որոշում է կայացրել բողոքարկման հանձնաժողովը: Բողոքարկման հանձնաժողովը որոշեց Ա 45 առաջադրանքում Հովհ. Թումանյանի «Փարվանա» լեգենդին վերաբերող լուծման տարբերակը եւս համարել ճիշտ, որի արդյունքում այդ ենթահարցը՝ որպես ճիշտ պատասխան, նշած դիմորդների գնահատականը կբարձրացնի 0.25 միավորով: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| «Շատ փող ու լավ ծանոթ» |
| |
Ըստ բուհերի դիմորդների՝ հենց դրանք են աշխատանք գտնելու առաջին նախապայմանները՝ անկախ մասնագիտությունից
Մայրաքաղաքի մի շարք պետական բուհերում՝ Պետհամալսարանում, Տնտեսագիտական, Ճարտարագիտական համալսարաններում շրջելով ու դիմորդների հետ զրուցելով՝ փորձեցինք պարզել, թե ինչ սկզբունքներով են առաջնորդվել նրանք մասնագիտության ընտրության հարցում: Ովքե՞ր են նրանց խորհուրդներ տալիս կամ տեղեկատվական ի՞նչ աղբյուրներից են օգտվել կողմնորոշվելու համար: Հարցումներից պարզ դարձավ, որ դիմորդների ընտրությանն ավանդաբար նպաստում են հիմնականում ծնողները կամ ավագ քույրերն ու եղբայրները: Իսկ վերջիններիս կողմնորոշման հիմքում հաճախ սոցիալական դրդապատճառներն են. այս կամ այն ֆակուլտետ դիմելուց առաջ նրանք մանրակրկիտ ծանոթանում են վարձավճարների չափերին: Դիմորդներից ոմանք էլ հետեւում են իրենց ուսուցիչների կամ դպրոցների տնօրենների խորհրդին: Շատ քչերն էին, որ իրականացնում էին իրենց մանկության «կապույտ երազանքը»:
«Ես ընտրել եմ լրագրողի մասնագիտությունը. Դա է իմ տարերքը, եւ ինձ ապագայում պատկերացնում եմ միայն այդ մասնագիտական բնագավառում: Կարծում եմ, որ լավ լրագրողի պահանջարկ միշտ էլ կլինի, եւ վստահ եմ, որ լավ մասնագետ լինելու դեպքում աշխատանք կգտնեմ»,- ասաց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մի դիմորդ: Դիմորդների մեծամասնությունը նույնպես նույնքան լավատես էր, ինչը, սակայն, իրատեսական հիմքեր չունի: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարվա մարտի վերջի տվյալներով, ՀՀ-ում երիտասարդ գործազուրկների թիվը կազմել է 14 900, որը 14,6%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահավածի համեմատությամբ, երբ գործազուրկ էր 13 000 երիտասարդ: Այս տվյալները մեզ տրամադրեց Ազգային վիճակագրական ծառայության աշխատանքի բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը: «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տվյալներով էլ՝ հանրապետությունում գործազուրկների շրջանում կանանց ու երիտասարդների թիվը երեք անգամ ավելի է՝ քան տղամարդկանց:
Իսկ ընդունելության եւ ուսումնառության շրջանում ուսանողների ունեցած լավատեսությունը՝ աշխատանք գտնելու հետ կապված, առաջին իսկ բախումից վերածվում է հուսահատ հոռետեսության: Ի դեպ, սրա նախանշաններն արդեն իսկ նկատելի էին դիմորդների մեծ մասի պատասխաններում, երբ նրանք նշում էին, որ ապագայում աշխատանք գտնելու համար ամենակարեւորը շատ փող եւ լավ ծանոթ ունենալն է: Այս տիրապետող կարծրատիպի պատճառներից մեկն էլ այն է, որ ոչ դպրոցում, ոչ էլ դիմորդների առջեւ դռները բացող բուհերում դեռեւս ձեւավորված չեն գրագետ խորհրդատվություն մատուցելու եւ այդպիսով իրենց աշակերտ-ուսանողներին աջակցելու ու գործազրկությունը կանխարգելելու հստակ, գործուն մեխանիզմներ: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՄԵՐԻԿԱ |
| |
Նախկին սունդուկյանցիներ Ալեքսանդր Խաչատրյանն ու Ալիս Կապլանջյանը առայժմ հայրենիքում են

Ա. Խաչատրյանը տիկնոջ՝ Ա. Կապլանջյանի հետ:
Հայ հեռուստադիտողը վերջին շրջանում բառացիորեն սերիալախեղդ է եղել՝ ամենատարբեր սյուժեներով, լավ ու վատ, պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ դերասանական կատարումներով: Այսօր մեր խնդիրը սերիալների մասին խոսակցություն ծավալելը չէ, մանավանդ որ, այդտեղ կան իսկապես հաջողվածները: «Կյանքի գինը» հեռուստասերիալը մեզ վերստին առիթ տվեց էկրանին տեսնելու մեր թատրոնի եւ կինոյի երբեմնի հերոսներին՝ Ալլա Թումանյանին, Սամվել Սարգսյանին, Ռազմիկ Արոյանին ու նաեւ Ալեքսանդր Խաչատրյանին՝ Սունդուկյանի թատրոնի Ալիկին, որի անունը ներկայացումների ծրագրերից ու կինոէկրանից անհետացավ 1980-ականներին, երբ նա իր կնոջ՝ ճանաչված դերասանուհի Ալիս Կապլանջյանի հետ հեռացավ երկրից: Այն ժամանակ դա որակվում էր հայրենալքություն: 1983-ին թատրոնում կուսակցական ժողով եղավ, ամուսինները վայր դրեցին կուստոմսերը, մինչեւ 1991թ. Հայաստանում դեգերելուց հետո հեռացան ԱՄՆ...
Ա. Խաչատրյանին «Առավոտը» հարցրեց՝ վիրավորված չի՞ զգում, որ ինքը, բնիկ սունդուկյանցի լինելով, երկար ժամանակ Հայաստանում է, սակայն համառորեն չի հրավիրվում թատրոն: «Կոլեգաներս գիտեն, որ եթե որեւէ տեղ աշխատում եմ, անմնացորդ եմ նվիրվում ու կիսատ-պռատ գործել չեմ սիրում: Ականջիս հասել են շշուկներ, որ թատրոնում գուցե սպասում են՝ սերիալն ավարտվի՝ նոր հրավիրեն... Բայց եթե սերիալն ավարտվի ու ոչ մի կոնկրետ առաջարկություն չլինի, գնալու եմ, հո անգործ չե՞մ մնա»,- պատասխանեց մեր զրուցակիցը:
Այսօր արդեն՝ 18 տարի անց Ա. Խաչատրյանը հայտնվեց «Կյանքի գինը» հեռուստասերիալում՝ գուցե շատերի համար որպես նոր անուն, իսկ ավագներն ու նրա սերունդը հիշեցին, ուրախացան ու նաեւ դառնության զգացում ունեցան. ախր ի՞նչ եղան այդ 18 տարիները: Իսկ այդ տարիներին Ա. Խաչատրյանն ու Ա. Կապլանջյանը որեւէ պրոֆեսիոնալ թատրոնում չեն աշխատել: Ասենք, Լոս Անջելեսում որտեղի՞ց պրոֆեսիոնալ թատրոն, ընդ որում, տեղի թատերասերն էլ այնքան մոտ չէ ինտելեկտուալ թատրոնին: Միայն դեպքից դեպք Ա. Խաչատրյանը համագործակցել է հայկական տարբեր թատերախմբերի հետ, երազել խաղալ Ռիչարդի դերը՝ Ջեյմս Գոլդմենի «Առյուծը ձմռանը» պիեսում, որը թարգմանվել է Հայաստանում եւ ուղարկվել նրան...
Թվում էր, թե վերադառնալով Երեւան, Ա. Խաչատրյանը պիտի Մայր թատրոն շտապեր, որտեղ սունդուկյանական ավանդույթներով մեծացած արվեստագետների բացակայությունը զգացվում է: Ինչո՞ւ չգնաց թատրոն: Վերջերս հարցազրույցներից մեկում Ա. Կապլանջյանն էլ ակնարկեց, որ եկել են, հավանաբար դարձյալ կմեկնեն ԱՄՆ, քանի որ որեւէ թատրոնից առայսօր հրավեր չի եղել: Նշենք, որ Ա. Խաչատրյանն այն դերասանն է, որի մի շարք դերակատարումներ, հատկապես Ալեքսանդրը՝ Վ. Աճեմյանի բեմադրած Վրթանես Փափազյանի «Ժայռ» ֆիլմ-ներկայացման մեջ, հրաշալի աշխատանք էր, որը հաստատում էր նոր ու սկզբունքային հերոսի ժամանակը: Մասնագետները միշտ էլ բարձր են գնահատել Ա. Խաչատրյանի նուրբ արտահայտչականությունը, բեմում լռելու եւ դրա միջոցով շատ բան ասելու կարողությունը: Ասենք, ինչի մասին է խոսքը, երբ երկու անգամ Հայաստան եկած եւ այստեղ հաստատվելու ակնկալիքներ ունեցող ճանաչված ու սիրված դերասանուհի Վիոլետա Գեւորգյանը նույնպես որեւէ հրավեր չստացավ, նույնիսկ Դրամատիկականից, որի հիմնադիրներից էր: Իսկ Ալիս Կապլանջյանը՝ Վ. Աճեմյանի գեղեցկուհի սանուհին, 1973թ. առաջին անգամ Սունդուկյանի թատրոն ոտք դնելուց ի վեր իր վրա սեւեռեց ռեժիսորների ուշադրությունը: Խոսքի հարուստ հնչերանգները, կանացիությունը փայլ տվեցին նրա կատարումներին: Նրա դերասանական վայելքը Աննա Անդրեեւնան էր՝ Չեխովի «Ռեւիզորը» աճեմյանական բեմադրության մեջ...
Այսօր ո՞վ է հիշում Ալիս Կապլանջյան անունը: Բայց ոչ միայն հիշել է պետք, այլեւ կազմակերպել վերադարձի «տոներ»: Չէ՞ որ արհեստականորեն ուռճացած Սփյուռքում քիչ չեն Հայաստանից գնացած, բայց ժամանակին հայրենիքում մեր թատրոնի ու կինոյի պատմությանը իրենց ներդրումն ունեցած տաղանդավոր դերասանները: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| ԱՍՏՂԱՅԻՆ ՀՈՆՈՐԱՐՆԵՐ |
| |
Ըստ Forbes-ի, Հարիսոն Ֆորդը ճանաչվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասան: Նա մեկ տարում՝ 2008-ի հունիսից մինչեւ 2009-ի հունիսը, աշխատել է 65 մլն դոլար: Արմատներով Մինսկից այս դերասանի հոնորարները 20-րդ դարի վերջին քառորդից սկսած՝ աճում են: Ֆորդին կինոսիրողները ճանաչում են «Աստղային պատերազմներ» եւ «Ինդիանա Ջոնս ու բյուրեղապակյա գանգի արկածները» ֆիլմերից: ԱՄՆ ամենահայտնի կատակերգու դերասան Ադամ Սենդլերն էլ, ի տարբերություն իր կոլեգայի, մեկ տարում աշխատել է 55 մլն դոլար, իսկ Ուիլ Սմիթն ու Էդդի Մերֆին, համապատասխանաբար՝ 45 եւ 50: Թոփ-հնգյակի վերջին հորիզոնականում Նիլոլաս Քեյջն է՝ իր 40 մլն դոլարով:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| ՇԵՅԽԸ ԿՈՒՅՍԵՐ ԷՐ ՊԱՏՎԻՐՈՒՄ |
| |
Կուրսկի «օպերատիվնիկները» ձերբակալել են 45-ամյա մի կավատուհու, որը հավաքագրում էր կույս աղջիկներին՝ արաբ շեյխի հարեմը համալրելու նպատակով: Անարատ աղջկա հետ մեկ գիշերվա համար կավատուհի Վալենտինա Հասանովային արաբները վճարում էին 5000 եւ ավելի դոլար: Կավատուհին հիմնականում «խելքահան» էր անում գավառեցի աղջիկներին ու շատ պատկերավոր նկարագրում, թե ինչ բարձր են վարձատրում Արաբական Միացյալ Էմիրություններում մատուցողուհիներին ու սպասուհիներին: Նա որեւէ մեկին չէր ասում, թե աղջիկներն իրականում ինչի համար են «նախատեսված»: Հասանովայի վերջին զոհին՝ 15-ամյա ուկրաինուհուն վերջին պահին հաջողվել է փրկել ու օդանավակայանից վերադարձնել հայրենիք: Իրավապահները նաեւ պարզել են, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում կավատուհին Էմիրություններ է «գործուղել» 10 կույսի: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| ԴԵՍՊԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ |
| |
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը հունիսի 23-ին կայցելի Հայ եկեղեցու ԱՄՆ-ի Արեւելյան թեմ: Ըստ «Նոյյան տապանի», դեսպանը կհանդիպի Արեւելյան թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանի հետ: Ընդունելությանը ներկա կլինեն թեմի ծխական անդամներն ու կազմակերպությունները, որոնք նաեւ կունենան դեսպանին հարցեր ուղղելու եւ պատասխաններ ստանալու հնարավորություն: Ընդունելությունը կսկսվի երեկոյան ժամը 19:30 եւ բաց կլինի հանրության առջեւ: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| ԻՍԼԱՄ-ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ |
| |
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ներկայացուցիչ, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը մասնակցել է «Իսլամ-քրիստոնեություն երկխոսությունը դեպի աշխուժացում» թեմայով համագումարին, որը, ըստ «Նոյյան տապանի», վերջերս է կայացել Բեյրութում: Համագումարին մասնակցել են մտավորականներ, հոգեւոր առաջնորդներ եւ այլ պաշտոնական անձինք: Համագումարի ընթացքում անդրադարձ է եղել քրիստոնեություն-իսլամ երկխոսության աշխուժացման եւ ժողովրդականացման անհրաժեշտությանը եւ ընդգծվել այն հիմնական ազդակները, որոնք կարող են նպաստել երկու կրոնների միջեւ երկխոսության առավել արդյունավետությանը: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆԸ՝ ԲԵՄՈՒՄ |
| |
Հունիսի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում հանդես կգա Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը` գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ: Ըստ tert.am-ի, համերգի ընթացքում երգչախմբին կնվագակցի դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Համերգի դիրիժորներն են` Հովհաննես Չեքիջյանը, Կառլեն Ալեքսանյանը եւ Հարություն Օդաբաշյանը: Ակադեմիական երգչախմբի մենահամերգի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Եկմալյանի, Տիգրանյանի, Հարությունյանի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաեւ ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆորեի «Ռեքվիեմը»: Մենակատարներն են` Արծվիկ Դեմուրչյան (սոպրանո), Կարինե Ավետիսյան (սոպրանո), Սարգիս Աղամալյան (տենոր), Սուրեն Մանուկյան (բաս), Հայկուհի Տոնիկյան (երգեհոն), Արամ Թուրաբյան (դաշնամուր): |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| ՄԱԴՈՆՆԱՆ ՍԵՎԱՄՈՐԹ ԴՈՒՍՏՐ ՈՒՆԻ |
| |
Սեւամորթ բալիկի մայրը դառնալը Մադոննայի վրա «նստել» է 20 մլն դոլար: Մալավիի Հանրապետության քաղաքացի Մերսիին որդեգրելու համար փոփ-աստղը ոչ միայն մեծ գումար է ծախսել, այլեւ տարիներ: Բանն այն է, որ, ըստ այդ երկրի օրենքների, որդեգիրը պիտի ապրեր երեխայի հայրենիքում: Ու քանի որ Մադոննան սովոր չէ հանձնվելու, մի քանի անգամ դատարանով փորձել է պաշտպանել «մայրանալու» իր իրավունքը: Եվ, վերջապես, իր փաստաբանների օգնությամբ հասել է ցանկալի արդյունքի: Ինչ վերաբերում է 20 մլն դոլարին, այդ գումարը կուղղվի Մալավիի որբերի եւ ՄԻԱՎ-ՁԻԱՀ վարակակիր երեխաների կարիքները հոգալուն:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| Art Voices-Ը՝ «ՈՒԼԻԽԱՆՅԱՆ» ԱԿՈՒՄԲՈՒՄ |
| |
Կիրակի օրը «Ուլիխանյան» մշակութային ակումբում տեղի ունեցավ Շուշան Պետրոսյանի եւ Art Voices էթնո-ջազ խմբի համերգը: Հիշեցնենք, որ Բուխարեստում վերջերս տեղի ունեցած երաժշտական միջազգային EuropaFest-2009 փառատոնում Art Voices-ը Գրան պրի էր ստացել: Այդ փառատոնում հաղթելու շնորհիվ խումբը առաջարկություն է ստացել մի շարք համերգներով հանդես գալ եվրոպական երկրներում:
Art Voices էթնո-ջազ խումբը գոյություն ունի շուրջ չորս տարի: Խմբի անդամներն են Ավագ Մարգարյանը (բլուլ, զուռնա), Լեւոն Պուչյանը (շեփոր), Արթուր Գրիգորյանը (սաքսոֆոն), Մանուկ Ղազարյանը (դաշնամուր), Էդգար Ավետիսյանը (բաս), Պերճ Նահապետյանը (հարվածային գործիքներ) եւ Համլետ Շաղոյանը (կիթառ):
Ինչ վերաբերում է «Ուլիխանյանին», այն մշակութային եզակի ակումբներից է, որտեղ ներկայացվում է մշակույթն իր տարբեր ճյուղերով՝ պար, երաժշտություն, գեղանկարչություն, գրականություն: Այստեղ անց են կացվում համերգներ, մրցույթներ, «մենամարտեր», ջեմ-սեշըններ, պարերի դասընթացներ, երեխաների համար երաժշտական-ճանաչողական դասեր եւ այլն: Համերգներն ակումբում անցնում են այնպես, ինչպես համերգասրահներում, թեեւ մթնոլորտը ոչ այդքան պաշտոնական է, այն ավելի հանգիստ եւ տրամադրող է: Այստեղ երաժիշտները նվագելուն վերաբերվում են ոչ թե որպես աշխատանքի, այլ որպես ստեղծագործական գործընթացի:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐՋ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ Է |
| |
Հուլիսի 1-12-ը Բելգրադում անցկացվելու է Համաշխարհային ուսանողական մարզական 25-րդ խաղերը, որտեղ, ըստ նախնական հաշվարկների, հանդես կգան աշխարհի 130-ից ավելի երկրներ:
Ինչպես միշտ, նրանց թվում են լինելու նաեւ մեր հանրապետության ուսանող մարզիկները: Մարզաձեւերի եւ մարզիկների, նրանցից սպասվող արդյունքների մասին «Առավոտը» զրուցեց Հայաստանի ուսանողական սպորտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Ռազմիկ Ստեփանյանի հետ:
- Մեր ուսանող մարզիկները ո՞ր մարզաձեւերում են հանդես գալու:
- Չորս մարզաձեւում՝ ձյուդո, թեքվանդո, սեղանի թենիս եւ սուսերամարտ: Ընդհանուր առմամբ՝ 14 ուսանող մարզիկ: Ի դեպ, սեղանի թենիսի ֆեդերացիան իր մարզաձեւի մասնակիցների ճանապարհածախսը վերցրել է իր վրա: Բայց ոչ այն պատճառով, որ պետբյուջեից հատկացված գումարների սղություն է եղել: Պարզապես, նրանք այդպես են ցանկացել:
- Պետության տրամադրած գումարին հետո կանդրադառնանք: Իսկ հիմա ասեք, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել մարզաձեւերը եւ մարզիկները:
- Դեռ մեկ տարի առաջ ուսանողական սպորտի ֆեդերացիան պաշտոնապես տեղեկացրել է առանձին մարզաձեւերի ֆեդերացիաներին՝ առաջարկելով, որպեսզի իրենք ներկայացնեն առաջադրվող մարզիկների թեկնածությունը եւ նրանց մարզատեխնիկական ցուցանիշները: Դրանից հետո եղել են համատեղ քննարկումներ եւ կատարվել է ընտրությունը: Մենք չենք միջամտել ֆեդերացիաների առաջարկություններին: Միայն հաշվի ենք առել, թե նրանք ո՞ւմ են ներկայացնում: Հիմա կարող եմ ասել, որ Սերբիա մեկնելու են միայն ամենաարժանավորները: Ինչ վերաբերում է մարզաձեւերին, այստեղ մեկնաբանության անհրաժեշտություն կա: Ըստ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերի կանոնակարգի, խաղային մարզաձեւերի մրցումների հայտ ներկայացնելու իրավունք ունեն միայն այն երկրները, որոնք տվյալ ձեւում համաշխարհային դասակարգման վարկանիշային ցուցակում տեղ են զբաղեցնում 16 լավագույնների մեջ: Ցավոք, Հայաստանը խաղային ձեւերում նման հաջողություններ չունի: Այնպես որ, եթե անգամ լինեին անսահմանափակ ֆինանսական հնարավորություններ եւ մեծ ցանկություն, միեւնույն է, խաղային ձեւերին մասնակցելու իրավունք չէինք ունենալու: Դրա համար հանդես ենք գալիս անհատական մարզաձեւերում: Բայց այստեղ էլ ընտրել ենք այն մարզաձեւերը, որոնցում ունենք ավանդույթներ, միջազգային ասպարեզներում՝ բարձր ցուցանիշներ, կամ էլ այն մարզաձեւերը, որոնք Հայաստանում մեծ տարածում եւ արդեն իսկ մասսայականության եւ զարգացման որոշակի ճանապարհ են անցել եւ մոտ ապագայում դրանցից ակնկալիքներ կան:
- Այսինքն, կարծում եք, որ սուսերամարտում ու սեղանի թենիսում հնարավոր է լուրջ հաջողություննե՞ր արձանագրենք:
- Անհատական պայքարում՝ ոչ: Սակայն չի բացառվում, որ թիմային պայքարում մտնենք առաջին ութնյակ, ինչը ես շատ մեծ ձեռքբերում կհամարեմ:
- Եթե ձյուդոյից ինչ-ինչ հույսեր ունենք, ըմբշամարտի հետ կապված հույսեր չկա՞ն:
- Համաշխարհային ուսանողական խաղերի ծրագրում ըմբշամարտը միշտ էլ հիմնական մրցաձեւ է համարվել: Մենք մեր հավանական մեդալների հույսը հենց դրա վրա էլ դնում էինք: Սակայն բառացիորեն երեք ամիս առաջ կազմկոմիտեից պաշտոնական տեղեկատվություն ստացանք, որ այս անգամ ըմբշամարտը ծրագրից, ցավոք, հանվել է:
- Զրույցի սկզբում ասացիք, որ կառավարության ֆինանսավորման հետ կապված խնդիրներ չկան:
- Այո: Նույնիսկ ճգնաժամի այս պայմաններում այնքան մեծ կարեւորություն է տրվել մասնակցությանն «Ունիվերսիադային», որ ցանկության դեպքում կարող էինք մի երեք-չորս հոգի ավելի մարզիկներ տանել Բելգրադ: Բայց, կրկնում եմ, որ ընտրել ենք միայն նրանց, որոնք կարող են արժանի պայքար մղել: Իսկ տնտեսվելիք գումարների հետ կապված՝ ուսանողական մարզական ֆեդերացիան մտադիր է կառավարության թույլտվությամբ դրանք նպատակաուղղել հանրապետական ուսանողական խաղերի անցկացումն ավելի լավ կազմակերպելուն: Կարծում եմ, որ խնդիրներ չեն առաջանա:
- Որքան տեղյակ եմ, ԿԳ նախարարը գլխավորում է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան: Նորանշանակ նախարարի մասին ի՞նչ կասեք:
- Մեր ֆեդերացիան, կարեւորելով ուսանողական սպորտի դերը հանրապետությունում սպորտի ընդհանուր զարգացման գործում, դեռ 90-ականներին որոշում է կայացրել, որպեսզի այն գլխավորի ԿԳ նախարարը: Անկեղծորեն եմ ասում: Արմեն Աշոտյանի՝ նախարար նշանակվելու առաջին իսկ օրերին հանդիպել եմ հետը ու զրուցել ուսանողական սպորտի խնդիրների եւ հոգսերի մասին: Նրա դիրքորոշումը հետեւյալն է. ուսանողական սպորտը Հայաստանում խնդիրներ չպետք է ունենա: Նա արդեն հանձնարարել է՝ կազմել աշխատանքների հստակ ծրագիր, կատարել դրանց իրագործման նախահաշվարկ եւ խոստացել եղած հնարավորությունների առավելագույն չափով անել ամեն բան՝ դրանք հետեւողականորեն իրագործելու համար:
- Արժե՞, արդյոք, այդքան միջոցներ, ժամանակ տրամադրել ու կարեւորություն տալ ուսանողական սպորտին ընդհանրապես, համաշխարհային մարզական խաղերին մասնակցելուն՝ մասնավորապես:
- Երկրորդ կարծիք չկա: Նախ, ինչպես մեզ մոտ, այնպես էլ ամբողջ աշխարհում օլիմպիական խաղերի, աշխարհի ու մայրցամաքների չեմպիոնների ու մրցանակակիրների գրեթե 90 տոկոսը ուսանողներ են: Վստահեցնում եմ, որ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերն իրենց մարզատեխնիկական ցուցանիշներով զիջում են թերեւս միայն օլիմպիական խաղերին եւ աշխարհի առաջնություններին եւ մի քանի անգամ գերազանցում մայրցամաքների մեծահասակների առաջնությունները: Համաշխարհային խաղերին հաջող մասնակցելու նպատակը նախ խթանում է մեր հանրապետական նույնանուն խաղերի անցկացման մակարդակը տարեցտարի բարձրացնելուն, ինչից անպայման շահում են սպորտը եւ երիտասարդությունը: Բացի դա, քանի որ Բելգրադում հանդես են գալու հենց նրանք, մրցավայր մեկնող մեր թիմերի անդամները, որոնք Հայաստանի ազգային հավաքականների առաջատարներն են, սա նրանց համար առաջիկա աշխարհի առաջնությունների նախապատրաստության կարեւորագույն փուլ է: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
|
| |
ՄԵՐՈՆՑԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԼԻԼԻԹ ԳԱԼՈՅԱՆՆ ԷՐ

Լիլիթ Գալոյանը (աջից) եւ Նելլի Աղինյանը Դրեզդենի համաշխարհային օլիմպիադայում:
Թբիլիսիում ավարտվեց շախմատի աշխարհի բազմակի չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեի գավաթի միջազգային խաղարկությունը, որին մասնակցեցին տարբեր երկրների 57 առաջատար շախմատիստներ:
Հայաստանը ներկայացնող երեք շախմատիստուհիներից առավել հաջող հանդես եկավ գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը, որը ինը հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ գրավեց 7-րդ տեղը: Մեր մյուս գրոսմայստերը՝ Լիլիթ Մկրտչյանը, 5,5 միավորով հանգրվանեց 12-րդ հորիզոնականում, իսկ միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը 5,0 միավորով հանգրվանեց 19-րդ հորիզոնականում:
Մրցաշարի հաղթող դարձավ տանտերերից Բելա Խոտենաշվիլին, որն իր համերկրացի Լելա Ջավախիշվիլու հետ միասին վաստակեց 7,0-ական միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով արժանացավ գավաթին:
ՄՐՑԵՑԻՆ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ
Շախմատի Հայաստանի վետերանների տղամարդկանց եւ կանանց առաջնությունը, որին ընդհանուր առմամբ մասնակցում էին 40-ից ավելի վետերան շախմատիստներ, Երեւանում հատեց եզրագիծը: Հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեցին վարպետության թեկնածուներ, գյումրեցի Ալեքսան Մանուկյանը՝ 9,0 միավոր եւ մայրաքաղաքի ներկայացուցիչ Աշխեն Սանոյանը՝ 5,0 միավոր:
ԿՄԵԿՆԵՆ ՄԵԿ ՇԱԲԱԹԻՑ
Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի չորս անդամներ՝ Դրեզդենի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը հունիսի 22-ին մեկնում են Փարիզ՝ մասնակցելու արագ շախմատի Ֆրանսիա-Հայաստան ընկերական մրցամարտին: Այնտեղ նրանց կմիանա մեր առաջատարը՝ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որը մրցավայր է մեկնելու Բեռլինից:
ԳՆԱՑ ՀԱՂԹԵԼՈՒ ՀՈՒՅՍՈՎ
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, 69 կգ քաշային Առաքել Միրզոյանը եւ նրա հայրն ու անձնական մարզիչը՝ օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանը երեկ մեկնեցին Ռումինիա: Առաքելը Բուխարեստում հանդես է գալու աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Մարզիկը հոր խորհրդով գերադասել է այդ պատասխանատու մրցմանը նախապատրաստվել Բաղրամյան գյուղում՝ իրենց տանը կահավորված մարզադահլիճում: Երեկ մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, որն այսօր վաղ առավոտյան մեկնեց մրցավայր, մեզ տեղեկացրեց, որ ծանրորդը նախապատրաստությունն անցկացրել է արդյունավետ ու նպատակային եւ Բուխարեստում, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, պայքարելու է իր քաշային կարգում նախ եւ առաջ ոսկե մեդալ նվաճելու համար: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| Հունիսի 16 |
| |
ԽՈՅ (21.03-20.04)- Ժամանակն է մտածել հանգստի մեկնելու մասին, այլապես ուժասպառ կլինեք:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ցանկություն կունենաք ամեն ինչ թողնել եւ առանձնանալ բոլորից ու ամեն ինչից:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հեռու մնացեք կոնֆլիկտներից:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Սթափ գնահատեք ձեր արարքները:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Սառը վերաբերմունք ցուցաբերեք անցանկալի իրադարձությունների նկատմամբ:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր լռակյացությունը կլինի ձեր հաջողության գրավականը:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հեշտությամբ կկարողանաք լուծել առաջացած բոլոր խնդիրները, եթե փոքր-ինչ համբերատար լինեք:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Ավանդույթների հանդեպ ունեցած ձեր հավատարմությունը գործնական շփումներում ձեզ հաջողություն կբերի:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Օրը բարեհաջող է էքստրիմի սիրահարների համար, խենթացեք, որքան ուզում եք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Զուգընկերոջ վերաբերմունքն ու վարքագիծն այսօր ձեզ տարօրինակ կթվան, բայց ձեզ ոչինչ չի սպառնա, եթե փորձեք նրան ուղղել:
ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Ընտանիքում ստեղծված լարված իրավիճակից դուրս գալու համար մեկ անգամ եւս վերանայեք ձեր արարքները:
ՁՈՒԿ (20. 02-20.03)- Ներեք հարազատների կատարած փոքրիկ մեղքերը: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ «ԱԶՆՎԱԳՈՒՅՆ» ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ՑԱՆԿԸ |
| |
Խոշոր գործարարները չեն հավատում, որ հարկային տեսուչները կգործեն ազնիվ ու անկաշառ
Կառավարության կողմից ԱԺ ներկայացված հարկային փաթեթի քննարկման ժամանակ խորհրդարանի գրեթե բոլոր, հատկապես գործարար-պատգամավորները, մեղմ ասած, իրար խառնվեցին: Խորհրդարանականներին առավելապես հետաքրքրում էր օրենսդրական այն կետը, որով նախատեսվում է 4 մլրդ դրամը գերազանցող ձեռնարկություններ հարկային տեսուչ գործուղել, այլ կերպ ասած՝ գործարարների գլխին մարդ նշանակել՝ այն էլ ոչ թե պարզապես «համեստ» ստուգումներ կատարելու համար, այլ այդ տեսուչին իրավունք է տրվում, ստվերի դեմ պայքարի պատրվակով, սրտի ուզած ժամանակ խուզարկել ձեռնարկության բոլոր անկյունները, հետեւել ելումուտին ու, ցանկության դեպքում, տնտղել բոլոր փաստաթղթերը: Առաջին հայացքից գուցե ստվերի դեմ պայքարը լավ մտադրություն է, սակայն գործարար-պատգամավորները դա համարում են տեռոր:
Թե ինչու են գործարարները դժգոհ հարկային փաթեթի հենց այդ կետից, «Առավոտը» փորձեց պարզել ԱԺ որոշ պատգամավորներից եւ գործարարներից:
Մեզ հետ զրույցում «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը նշեց, որ եթե նման կերպ պայքարում են ստվերի դեմ, հարկային վերահսկողությունն են խստացնում կամ բյուջեի ավելացում են ակնկալում, ապա՝ լավ է, բայց նրա խոսքերով՝ «Ո րցՊՖՌ ՍՑՏ?»: Ըստ Հ. Վարդանյանի, շատ կարեւոր է՝ ի՞նչ հնարավորություններ եւ իրավունքներ են տրվելու հսկիչներին եւ ովքե՞ր են նրանք լինելու. «Այս երկու հանգամանքը շատ կարեւոր է: Այնպես չլինի, որ աչքը բուժելու տեղը ունքն էլ հանեն: Դա պետք է լինի օբյեկտիվ մի կազմակերպություն, որը հանրապետության բոլոր խոշոր գործարարներին օբյեկտիվ ու հավասար վերահսկելու վերաբերմունք ունենա, պետք է հսկելու գործընթացը լինի այնպես, որ չխանգարի աշխատանքին: Մյուս կարեւոր պայմանն այն է, որ հավասար պայմաններ ստեղծվեն տեղական արտադրողների եւ ներմուծողների համար, այլ ոչ թե հակառակը: Այնպիսի ձեւ մշակվի, որ չլինի, թե ներմուծողների վրա չազդի, քանի որ մաքսային եւ հարկային համակարգում աշխատողները, որոնք նաեւ գործարար են ու ներմուծմամբ են զբաղվում, այնպես չանեն, որ տեղական արտադրողին խանգարեն, տեղից էլ տեղականը շատ ծանր վիճակում է»:
Եթե գործարարները մաքուր են աշխատում եւ թաքցնելու բան չունեն, ապա ինչո՞ւ են դեմ հարկային հսկիչներին: Ի պատասխան մեր այս հարցին, պարոն Վարդանյանն ասաց. «Այստեղ միայն հսկիչի ստուգման հարցը չէ, հսկիչը կարող է իր աշխատանքով ամբողջ գործարանի աշխատանքին խանգարի, այստեղ ավելի շատ խանգարելու հարցն է, քան՝ ստուգելու: Պատկերացրեք այսպիսի բան. տվեք ինձ այդ օրենքը ու նշանակեք ինձ պետեկամուտների կոմիտեի նախագահի՝ Գագիկ Խաչատրյանի տեղը, ես ձեզ վստահ ասում եմ՝ 6 ամիս հետո ամբողջ Հայաստանը, բնակչության 100%-ը միայն իմ արտադրանքը կուտի, կծխի իմ արտադրած ծխախոտը: Այդ օրենքը հնարավորություն է տալիս մեկին խանգարել, մյուսին օգնել կամ մյուսի նկատմամբ լինեն լոյալ: Դա, իմ կարծիքով, անզոր մարդու իրավիճակն է, որը փրփուրներից է կախվել: Այդ համակարգի աշխատողները, որ չեն կարողանում բյուջեն լցնեն այն թվերով, որը պահանջում են իրենցից, կոպիտ ասած՝ մտել են այդ թվերի տակ ու իրենց բիզնեսներն էլ չեն ուզում դնեն ավելի ազնիվ ռելսերի վրա, հիմա իրենք արդեն այդ փրփուրներից են կախվում եւ ժամանակի վրա են խաղում»: Մեր այն դիտարկմանը, թե ֆինանսների փոխնախախարը վստահեցրել է, որ հսկիչները լինելու են «ազնվագույն մարդիկ, եւ ամենեւին էլ չեն խոչընդոտի գործարարների աշխատանքներին», պարոն Վարդանյանն ասաց. «Թող հրապարակեն այդ ազնվագույն հսկիչների ցանկը, տեսնենք՝ ովքեր են: Կարճ ասեմ՝ եթե հարկային եւ մաքսային կառույցում իրոք կան այնպիսի ազնվագույն մարդիկ, ինչպես փոխնախարարն է ասել, ապա այդ դեպքում հսկիչի կարիք չկա»:
ԱԺ պատգամավոր, «Երեւան գարեջուր» ընկերության համասեփականատեր Հակոբ Հակոբյանն էլ գտնում է, որ հարկային հսկիչն իսկապես կխանգարի ձեռնարկության աշխատանքներին: Մեր այն հարցին, եթե տվյալ գործարարի բիզնեսը առանց ստվերի է, ապա ինչո՞ւ են ցավոտ արձագանքում, պարոն Հակոբյանն ասաց. «Դա հոգեբանորեն է ազդելու: Մինչ այդ էլ տեսուչը ցանկացած ժամանակ, համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում ստուգումներ է իրականացրել, թող ակտ կազմի գնա, նորից գա՝ ստուգի: Վերջին հաշվով, կարող են գնալ խանութները, ստուգեն, թե ինչ գնով ենք ապրանքը բաց թողել եւ այլն: Առհասարակ՝ տեսուչի կարիք չկա: Այսօրվա օրենքով էլ նախատեսված է, որ տարեկան 3 միլիարդ շրջանառություն ունեցող ձեռնարկությունում մոտ 115 օր կարող են ստուգումներ անցկացնել: Մի՞թե այդքանը բավական չէ, ստուգեն ու ստվերը հայտնաբերեն: Այդ փոփոխությունը չպետք է ազդի տեղական արտադրողների վրա եւ անհավասար պայմաններ ստեղծվի տեղական արտադրողի եւ ներմուծողի միջեւ: Արտոնություններ տան ներմուծողներին, այլ ոչ թե տեղական արտադրողներին»: Հարկային տեսուչների անաչառության վերաբերյալ էլ պարոն Հակոբյանն ասաց. «Մենք հոսքագծերի վրա հաշվիչ ենք տեղադրել: Հիմա հարց եմ տալիս, հաշվի՞չն է անաչառ, թե՞ տեսուչը: Ցավոք, մեր երկրում ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ կարելի է գնել, ամեն ինչ կախված է գումարի շատ ու քիչ լինելուց: Իսկ ստվեր ամբողջ աշխարհում կա, մի երկրում՝ շատ, մյուսում՝ քիչ, պարզապես դրա դեմ պետք է ճիշտ պայքարել: Հարկային այդ փոփոխությունով, փաստորեն, խաղի կանոնները փոխվում են, իսկ դա բարոյական չէ: Ստվերի դեմ պայքարի միտքը լավն է, բայց ես դեմ եմ քվեարկելու»: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| Բենզինը դարձյալ թանկացավ |
| |
Երեկ մայրաքաղաքի որոշ բենզալցակայաններում բենզինը թանկացել էր 20-30 դրամով: «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը 330 դրամից դարձել էր 350 դրամ: Թե ինչով է պայմանավորված բենզինի թանկացումը, հանրապետությունում վառելիքի խոշոր ներկրող՝ «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ իրենք «այսօրվանից են պատրաստվում բենզինը 30 դրամով թանկացնել, քանի որ միջազգային շուկայում մեկ տոննա բենզինի գինը հասել է 700 դոլարի»:
Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին սպասվում է բենզինի գնի բարձրացում՝ մինչեւ 1 լիտրը 450 դրամ: Բենզինի հետագա թանկացումների մասին մտավախություն ունի նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը երեկ բենզինի շուկայում վարույթ է հարուցել: Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը: Երեկ հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ շուկայում մոնիտորինգ անցկացրած մասնագետները հայտնել են, որ բենզինի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերությունն իր կողմից իրացվող բենզինի 1 լիտրի գինը բարձրացրել է 20 դրամով: Նկատենք, որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում արդեն 3-րդ անգամ է այս ընկերությունը յուրաքանչյուր անգամ 20 դրամով թանկացրել բենզինը, որի արդյունքում «պրեմիում» տեսակի բենզինի գինը հասել է 370 դրամի:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| ԱՊՀ երկրներից ամենալավը Հայաստանի՞ վիճակն է |
| |
Չնայած այն հանգամանքին, որ 2008-ի ՀՆԱ-ի հավելաճը ծրագրվածից ցածր է, այնուամենայնիվ, տնտեսությունն արձանագրեց 6,8% տնտեսական աճ՝ ԱՊՀ երկրների 5% տնտեսական աճի միջին ցուցանիշի դիմաց: Հայաստանը տնտեսական աճի ցուցանիշով առաջ է անցել Ռուսաստանից (5,6%) եւ Ուկրաինայից (2,1%): Այս մասին ասվում է կառավարության հակաճգնաժամային միջոցառումների իրականացման մասին հաշվետվության մեջ: Ըստ այդ հաշվետվության՝ «Հայաստանին չհաջողվեց խուսափել ճգնաժամի ազդեցությունից, որի հիմնական հարվածն իր վրա ընդունեց տնտեսության իրական հատվածը՝ արձանագրելով անկման միտումներ: Դա պայմանավորված էր մասնավոր տրանսֆերտների կրճատմամբ, համաշխարհային շուկաներում հումքային ապրանքների գների նվազմամբ, Հայաստանից արտահանվող ապրանքների եւ ծառայությունների պահանջարկի անկմամբ: Համաշխարհային շուկաներում անշարժ գույքի շուկայի անկումը հանգեցրեց Հայաստանի շուկայի նկատմամբ հետաքրքրության անկման, որը, զուգորդվելով ներդրումների կրճատմամբ, հանգեցրեց վերջին տարիներին տնտեսության հիմնական շարժիչ ուժը հանդիսացող ճյուղի՝ շինարարության ժամանակավոր սառեցման: Եվ արդեն 2009-ի առաջին 4 ամիսների արդյունքով գրանցվեց 9,7% տնտեսական անկում»:
Ըստ հաշվետվության, գնաճային դաշտը Հայաստանում ամենացածրն է եղել ԱՊՀ-ում. «Տարեվերջյան գնաճը 2008-ին կազմել է 5,2%՝ ԱՊՀ երկրների 14,8%-ի դիմաց: 2009-ի ապրիլին եւ մայիսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է, համապատասխանաբար, 3,2% եւ 1,6% գնաճ, որի պարագայում մայիսի վերջին 12-ամսյա գնաճը կազմել է 3,4%»: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| «Կոլումբոսը»՝ Հայաստանում |
| |
Հունիսի 15-20-ը Երեւանում են Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) փորձագետները՝ մասնակցելու ՀՄԿ-ի «Կոլումբոս» ծրագրի 2-րդ փուլին։ 2006-ից մեկնարկած այս ծրագրի նպատակն է համաշխարհային առեւտրի անվտանգության եւ պարզեցման չափանիշների ներդրման հարցում օգնել ՀՄԿ անդամ-պետություններին։ «7 օր»-ի տեղեկացմամբ, տարեսկզբից սկսած, ՀՄԿ փորձագետները ՀՀ-ում այցելել են մաքսակետեր, ուսումնասիրել ներմուծման եւ արտահանման ընթացակարգերը, տեխնիկական վերազինման եւ աշխատաոճի վերաբերյալ քննարկումներ ունեցել։ |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| Գազամատակարարումը կդադարեցվի |
| |
«Ազատություն» ռադիոկայանից տեղեկանում ենք, որ հունիսի 16-21-ը կդադարեցվի Հայաստան գազի մատակարարումը: Բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին «ՀայՌուսգազարդ» ընկերությանը պաշտոնապես տեղեկացրել է Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը: «ՀայՌուսգազարդ»-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ վրացական ընկերությունը տվյալ ժամանակամիջոցում նախատեսում է իրականացնել Ղազախ-Սագուրամո 1000 միլիմետր տրամագծով 3,6 կիլոմետր երկարությամբ նոր կառուցված հատվածի միացման աշխատանքները: Այդ աշխատանքները, ըստ հաղորդագրության, կնպաստեն Հայաստանի գազամատակարարման հուսալիության բարձրացմանը:
Այս ընթացքում Հայաստանի գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանից` առանց սահմանափակումների: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| ՄԵՐԺՎԵԼ Է ԲԱԴԱԼՅԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ |
| |
Քննչական գործողություններ՝ 10 տարի առաջ կատարվածից հետո
«Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին կասկածյալ, 2003թ. հոկտեմբերից ԱՄՆ-ում բնակվող Նաիրի Բադալյանը վերջերս է վերադարձել Հայաստան: Նա դիմել է ՀՀ գլխավոր դատախազության դատախազական վերահսկողություն իրականացնող դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Զալինյանին: 14 էջանոց դիմումում Ն. Բադալյանը տեղեկացնում է, որ 7 ամիս գտնվել է ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում եւ կալանքի ամիսներին ենթարկվել է անմարդկային խոշտանգումների՝ ստանալով մարմնական վնասվածքներ:
2000թ. հունիսի 27-ին Ն. Բադալյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է, եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Ն. Բադալյանը հայտնում է, որ կալանքից հետո՝ 2000թ. հուլիսին, դիմել է ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողով, 2001թ. սեպտեմբերին՝ ՀՀ ԱԺ հատուկ հանձնաժողով, ՀՀ գլխավոր դատախազին, դատաքննությունն իրականացրած նախագահող դատավոր Սամվել Ուզունյանին:
Հիշեցնենք, որ արդյունքում հարուցվեց քրեական գործ՝ կասկածյալների խոշտանգումների վերաբերյալ: Զուգահեռ ընթանում էր նաեւ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը: Ն. Բադալյանը ստացավ վկայի կարգավիճակ, որին համաձայն չէր, քանի որ նա պետք է վկայեր սեփական խոշտանգումների մասին: Երկու քրեական գործերով վկա, լրագրող Ն. Բադալյանը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, որ խոշտանգումների մասով քրեական գործի վարույթը կասեցվել է, քանի որ ինքն այդ ժամանակ գտնվել է ԱՄՆ-ում: Քննչական մարմինն այդ դիտել էր անհաղթահարելի խոչընդոտ քրգործի քննության համար: «Ես իմ բնակության վայրը գաղտնի չեմ պահել: Դատախազությանն ուղղված իմ դիմումներում մշտապես նշել եմ ԱՄՆ-ի իմ գտնվելու վայրը: Բազմաթիվ են օրինակները, երբ նախաքննական մարմինները քննիչներ են գործուղել ՀՀ սահմաններից դուրս: Հայաստանից իմ՝ վկայի բացակայությունը չէր կարող հիմք դառնալ վարույթի կասեցման համար, եթե հետաքննական մարմինն արդարադատության հետ կապ չունեցող ինչ-ինչ պատճառներով շահագրգռված չլիներ այդ քրգործով»,- ասում է Ն. Բադալյանը:
Վերջինս ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքի վրա, որ իր նախկին բնակության վայրի, նաեւ ԱՄՆ բնակարանի հասցեով մինչեւ այս տարվա հունվարի 1-ը նախաքննական մարմինը որեւէ գրություն, ծանուցում չի ուղարկել: Միակ ծանուցումը Բադալյանը ստացել է փետրվարի 27-ին: Քննչական գործողության մասնակցելու համար Ն. Բադալյանը մարտի 29-ին վերադարձել է Հայաստան: Մայիսին նա մասնակցեց մի քանի քննչական գործողությունների: Հատուկ քննչական վարչության կողմից Ն. Բադալյանը մայիսի 4-ից ստացել է տուժողի կարգավիճակ:
Իբրեւ տուժող, Ն. Բադալյանը դիմել է, որ իրեն ազատությունից տեւականորեն զրկելու համար հետաքննական մարմինը գրավոր ներողություն խնդրի իրենից, փոխհատուցելով իր կրած նյութական, բարոյական, ֆիզիկական վնասները: «Առավոտի» հարցին, թե որքա՞ն է կազմել նյութական վնասը, Ն. Բադալյանը տեղեկացնում է, որ Լոս Անջելես-Մոսկվա-Երեւան ինքնաթիռի երկկողմանի տոմսի արժեքը, ԱՄՆ-ում իր չպահպանված միջին աշխատավարձը եւ Երեւանում վարձակալած բնակարանն ու օրապահիկը (2 859 150 դրամ), հեռախոսային եւ ինտերնետային ծախսերը (74 000 դրամ) կազմել է 4 377 715 դրամ գումար: Օրեր առաջ՝ հունիսի 3-ին, մերժվել են այս միջնորդությունները այսպիսի պատճառաբանությամբ. «Ն. Բադալյանի միջնորդությունը ինքնաթիռի տոմսի, վարձակալած բնակարանի, օրապահիկի, միջին աշխատավարձի…վճարումներն ու այլ ծախսերը ՀՀ պետական բյուջեի հաշվին փոխհատուցելու վերաբերյալ, նախաքննության ներկա փուլում բավարարման ենթակա չէ»: Մինչդեռ, ըստ ՀՀ քրդատօրի 167 հոդվածի 4-րդ մասի, «Քրեական դատավարության մասնակցող անձանց ծախսերի հատուցումը կարող է իրականացվել օրենսդրությանը համապատասխան, վարույթն իրականացնող մարմնի կողմից, սեփական նախաձեռնությամբ»: «Ես հաղթահարել եմ մինչ այդ շահարկվող անհաղթահարելի խոչընդոտն ու վերադարձել եմ Հայաստան: Ուրեմն, ինչո՞ւ եք խաբել ինձ», հարցնում է մեր գործընկերը, որին տեղեկացրել են, որ որոշման հետ համաձայն չլինելու դեպքում կարող է դիմել դատարան:
Ի դեպ, 1 ամսվա ընթացքում Բադալյանը մասնակցել է 8 առերեսման, այդ թվում՝ իրեն «Նուբարաշեն» մեկուսարանում խոշտանգումների ենթարկածների հետ: Որոշման մեջ ակնարկվել էր նաեւ այն, որ Բադալյանը Հայաստան է վերադարձել անձնական նախաձեռնությամբ: «Ես դա համարում եմ ուղղակի վիրավորանք իմ հասցեին: Քանի որ այդ դեպքում ստացվում է, թե ես, բարդացված ընթացքով ծանր հղիություն տանող իմ կնոջը մենակ թողնելով, որոշել եմ մեկնել տուրիստական ճանապարհորդության, իմ ընտանեկան բյուջեի հաշվին հսկայական ծախսեր անելով եկել եմ, հանդիպել մարդկանց հետ, ում չէի ցանկանա հանդիպել»,- ասում է զրուցակիցս: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| Թրաֆիքինգը՝ չարիք |
| |
Զոհերի պաշտպանությունն անհրաժեշտություն է
«Թրաֆիքինգի լուսաբանման հմտություններ» թեմայով Ծաղկաձորում երկօրյա սեմինար էին կազմակերպել ՀՀ տարածքային նախարարությունը, ՄԱԿ-ը եւ ԵԱՀԿ-ն: Թրաֆիքինգի խնդրով ընդունված միջազգային կոնվենցիաների եւ Հայաստանում դրանց կիրառման մասին զեկուցեց ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության վարչության պետ Արա Երեմյանը: Վերջինս անդրադարձավ թրաֆիքինգի հայաստանյան պատկերացումներին, այն, որ մեզանում թրաֆիքինգն ընկալվում է որպես միայն «սեռական ծառայությունների» մատուցում:
Մարդկանց առեւտրի, շահագործման տեսակների եւ ոստիկանության դերի մասին վիճակագրություն ներկայացրեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի թրաֆիքինգի վարչության պետ Տիգրան Պետրոսյանը: Ըստ նրա, 2008-ին հարուցվել է 13 քրեական գործ՝ Թուրքիա, ԱՄԷ, ՌԴ տեղափոխելու համար: Բացահայտվել է Հայաստանում 2 թրաֆիքինգի գործ: Ի դեպ, «Առավոտը» վերջերս անդրադարձել էր դրանցից մեկին՝ Գարիկ Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործին, երբ նա մուրացիկ երեխաներին ապօրինի տեղափոխել էր քաղաքով մեկ, վախեցրել էր նրանց եւ ստիպել էր զբաղվել մուրացկանությամբ, խլելով նրանց աշխատած գումարը:
Ոստիկանության աշխատակցի կարծիքով, թրաֆիքինգի դեմ պայքարը կլինի գործուն, եթե լիցենզիաներից եւ գործունեությունից զրկվեն այն սաունաները, զվարճանքի վայրերը, որտեղ հայտնաբերվեն թրաֆիքինգին նպաստող որջեր:
Իսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության եւ ռեսուրս- կենտրոնի պատասխանատու Էլեոնորա Վիրաբյանի տեղեկացմամբ, զոհերն աջակցություն են ստանում իրենցից: Մասնավորապես, օգտվում են փաստաթղթերի ձեւակերպումից, առաջնային բուժօգնությունից, սոցիալական, հոգեբանական ծառայություններից: Նախատեսվում է թրաֆիքինգի զոհերի համար կառուցել ապաստարաններ: Պետական ծրագրի շրջանակներում այս կարգի օգնությունները կշարունակվեն: «Թրաֆիքինգ երեւույթն արմատախիլ անել հնարավոր չէ: Սակայն ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների միջոցով կարելի է ինչ-որ բան տեղից շարժել»,- ասաց փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, որը համակարգում է թրաֆիքինգի հարցերով աշխատանքային խմբի գործունեությունը:
Անցյալ տարի «Երեխայի առքուվաճառքը» հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական 3 գործ: Մեղադրյալները 5-ն էին: Զոհերը 8 երեխաներ էին: Որդեգրման նպատակով երեխաներ էին վաճառվել: Այս մասին տեղեկացնելով՝ իր հայտը ներկայացրեց նաեւ «People In Need»/PIN/ հայաստանյան մասնաճյուղը, որը զբաղվելու է մարզերում երեխաների թրաֆիքինգի դեպքերի բացահայտմամբ, կանխարգելմամբ:
Ըստ հայաստանյան մասնաճյուղի մամուլի պատասխանատու Գալուստ Նանյանի, մարզերում գոյություն ունի աղքատություն, գործազրկության բարձր ցուցանիշ, տեղեկացվածության ցածր մակարդակ. «Կստեղծվեն մարզային ցանցեր, որոնք կպաշտպանեն երեխաների թրաֆիքինգի կոնկրետ շրջանին ուղղվածներին, ծրագրավորմանը, ռիսկային խմբերին՝ հասարակությանն ու հնարավոր զոհերին, պետական գործիչների երեխաների թրաֆիքինգը կանխարգելելուն»:
Դուբայում նկարահանած՝ հայ կանանց առեւտրին նվիրված իր հետաքննությունը ներկայացրեց «Հետաքննող լրագրողների ընկերակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանը: Նա խոսեց այն դժվարությունների մասին, որին հանդիպել է իբրեւ լրագրող: «Շատ հաճախ լրագրող լինելն ինձ խանգարում էր: Մտածում էի չվնասել մարդուն, որն ինձ վստահում էր»,- ասաց նա, որը կարեւորեց զոհի պաշտպանվածության, գաղտնիության սկզբունքի հարգումը՝ այս խնդրին նվիրված հրապարակումների ժամանակ: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԸ ՄԱՏՉԵԼԻ ՉԵՆ |
| |
Հայաստանում չկա մի համայնք, որ լիարժեք տիրապետի եւ օգտագործի հանրային իրազեկման ժամանակակից բոլոր միջոցները:
«Առավոտի» շաբաթ օրվա համարում համառոտ ներկայացրել էինք Հայաստանի 914 համայքներում հանրային իրազեկման միջոցների՝ ֆիքսված եւ շարժական կապ, պաշտոնական կայքեր, տեղական թերթ, ռադիո եւ հեռուստաընկերություններ, վիճակը: Ուսումնասիրության հեղինակը ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն է, իսկ պատկերն անմխիթարական է:
Ներկայացնում ենք համայքներում հանրային իրազեկման միջոցների վիճակը, ըստ մարզերի:
21-րդ դարում, ըստ պաշտոնական տվյալների, 1996 թվականից անընդմեջ տնտեսական աճ արձանագրող, մի քանի շարունակ երկնիշ վագրային թռիչքներով առաջ սլացող Հայաստանի Հանրապետության 914 համայնքներից 154-ը կամ մոտ 17%-ը չունի ֆիքսված հեռախոսակապ: Ամենաանմխիթարն այս առումով Արմավիրի մարզն է, համայնքների կեսից ավելին՝ 97 համայնքից 56-ը, չունի ֆիքսված հեռախոսակապ: Ու թեեւ բջջային կապ կա 93 համայնքում, սակայն Մարգարա գյուղը զրկված է կապի երկու միջոցներից էլ: Լոռին էլ այս առումով գլուխ գովելու տեղ չունի. մարզի 113 համայնքներից 40-ը չունի ֆիքսված կապ, փոխարենը բջջային կապ ունեն 113-ից 112-ը: Գեղարքունիքում էլ 92-ից միայն մեկը՝ Ազատ գյուղը չունի բջջային կապ:
Ֆիքսված կապ ունեն Արագածոտնի բոլոր 114, Կոտայքի բոլոր 67, Շիրակի բոլոր 119, Սյունիքի բոլոր 109 համայնքները: Շատ ավելի բարվոք է բջջային կապի ապահովվածության աստիճանը: Արարատում, Արագածոտնում, Կոտայքում, Շիրակում, Վայոց ձորում, Տավուշում, Սյունիքում բջջային կապի հարթությունում չկան անկապ համայնքներ:
Կարելի կլիներ ոգեւորվել եւ ուրախանալ, որ Հայաստանի համայնքներում նախապատվությունը տրվում է կապի, հաղորդակցության, հանրային իրազեկման միջոցների ժամանակակից տարբերակներին: Բայց…914 համայնքից ինտերնետը հասանելի է 255 համայնքում՝ կամ մոտ 28%-ում: Առաջատարը Գեղարքունիքն է՝ բոլոր 92 համայնքներում կա ինտերնետ: Հինգ համայնքում ինտերնետ կա ե՛ւ համայնքապետարանում, ե՛ւ դպրոցում: Հետնապահներն են Սյունիքը՝ ինտերնետը հասանելի է միայն վեց քաղաքներում, Լոռիի 113 համայնքից միայն 6-ում է ինտերնետը հասանելի, իսկ Շիրակում ինտերնետը հասանելի է միայն Գյումրի, Արթիկ քաղաքներում եւ Գյումրիին կպած Ախուրյան գյուղում:
Դեռեւս մայիսին անդրադարձել էինք «Գեղարքունիքի մարզի մարդու իրավունքների կենտրոն» հ/կ անցկացրած մոնիտորինգին, ըստ որի, մարզի համայնքներում իրավական ակտերը ձեռք էին բերվում համայնքապետարանի աշխատողների միջոցներով, իսկ ՀՀ օրենսդրության համակարգչային «Իրտեկ» շտեմարան ուներ ուսումնասիրված 12 համայնքներից միայն մեկը՝ Աղբերքը:
Ինտերնետն էլ նույն վիճակում է, չի օգտագործվում, չի արվում ոչինչ՝ ինտերնետի միջոցով կապեր հաստատելու կամ մարզից եւ Հայաստանից դուրս համայնքը ներկայացնելու համար: 914 համայնքից ինտերնետային կայք ունի ընդամենը 20-ը կամ հազիվ 2%-ը: Սրանք հիմնականում քաղաքներ են, կայքերն էլ՝ բացառապես ճանաչողական բնույթ ունեն, չեն ներկայացնում համայնքի ընթացիկ առօրյան, օրվա իրադարձություններն ու նորությունները:
Գաղտնիք չէ, որ ռադիոն զանգվածային մյուս լրատվամիջոցների նկատմամբ մեծ առավելություն ունի: Ի տարբերություն թերթի կամ հեռուստաընկերության, ռադիո լսելուն հատուկ ժամանակ տրամադրելու կարիք չկա: Ռադիո կարելի է լսել ճաշելիս, ճաշ պատրաստելիս, նարդի խաղալիս, տնամերձում աշխատելիս եւ այլ դեպքերում: Դատելով տեղական ռադիոցանցի վիճակից, մենք չենք գիտակցում ռադիոյի հզորությունը. Հայաստանի տասը մարզերից վեցում՝ Արարատ, Արագածոտն, Կոտայք, Վայոց ձոր, Տավուշ, Սյունիք, ոչ մի համայնք չունի տեղական ռադիոցանց: Մյուս չորսում էլ վիճակը առանձնապես գոհացուցիչ չէ: Արմավիրի 97 համայնքից միայն երեքը՝ Մեծամոր, Վաղարշապատ, Արմավիր, Գեղարքունիքի մարզի 92 համայնքից միայն Գավառը, Շիրակի 119 համայնքից միայն Գյումրին, Լոռու 113 համայնքից միայն Վանաձորն ունեն տեղական ռադիոցանց: Այսինքն՝ 914 համայնքից ընդամենը 6-ը կամ 1%-ից էլ քիչը: Վայոց ձորի համայնքներում չկա ոչ տեղական ռադիոցանց, ոչ էլ տեղական հեռուստաընկերություն: Մնացած 9 մարզում կա 22 տեղական հեռուստաընկերություն եւ մոտ չորս տասնյակ տեղական տպագիր լրատվամիջոց:
Եվ, վերջապես, ըստ օրենքի՝ համայնքապետարաններում պետք է լինեն համայնքապետարանի գործունեության մասին տեղեկատվական նյութերի ցուցատախտակներ: 914 համայնքից նման ցուցատախտակ կա 645-ում, 269-ում՝ չկա: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| Բնության չար խաղը |
| |
 
Լոռու մարզի Սպիտակ եւ Տաշիր տարածաշրջանների մի շարք գյուղական վայրեր տուժել են բնության հերթական անակնկալից: Երեսուն րոպեների ընթացքում տեղացած կարկուտը, որի հատիկների տրամագիծը հասնում էր մինչեւ 6 սմ-ի, մեծ վնաս է հասցրել բնակիչներին: Հուսահատված գյուղացիները պատմում էին, որ կարկուտը վնասել է իրենց տների տանիքները, լցվել նկուղներն ու ավիրել ապրուստի միակ միջոց հանդիսացող գյուղատնտեսական բերքի մեծ մասը. «Մեր ապրուստը էս էր, դրանից էլ զրկվեցինք»: Գյուղացիները կարծում են, որ նման իրավիճակից զերծ մնալու համար պետք է ստեղծվեն հակակարկտային կայաններ, ինչը թույլ կտա հնարավորինս զերծ մնալ նման տհաճ անակնկալներից: Այս առաջարկը նրանք արել են նաեւ ստեղծված իրավիճակին ծանոթանալու եւ վնասի չափը պարզելու համար տուժած գյուղեր այցելած Լոռու մարզպետին:
Բնակիչները հույս ունեն, որ հակակարկտային կայաններ տեղադրելու ծրագրի գործընթացը կարագացվի պետության կողմից, եւ այս ծանր պայմաններում իրենք կապահովագրվեն գոնե «չնախատեսված» անակնկալներից: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| Վասն զուգարանի |
| |
Նյու Յորքի քաղաքապետերից մեկը, քաղաքում հասարակական հսկա զուգարանի հանդիսավոր բացումը կատարելով, հայտարարել էր, թե գործարկում է մարդկանց կյանքի համար ամենակարեւոր օբյեկտը: Ի դեպ, ԱՄՆ-ում զուգարանը անգլերենից թարգմանաբար «հանգստի սենյակ» է կոչվում: Դա Միացյալ Նահանգներում է, իսկ մեզ մոտ... Տավուշի մարզկենտրոնի հենց կենտրոնում, Իջեւանի քաղաքապետարանի շենքից ընդամենը 50 մետր հեռավորությամբ, գեղատեսիլ Աղստեւի ափին գտնվող՝ կիսաավերակ տանիքով այս զուգարանը շոկի մեջ է գցում առաջին անգամ այնտեղ այցելողներին: Զուգարանն «անմատչելի» է, որովհետեւ դրա մատույցները ամբողջությամբ աղտեղությունով լցված են: Զուգարանի կարիք ունեցողներից շատերը գերադասում են դրա պատի հետեւում մի կերպ հարմարվել՝ ռիսկ անելով նկատվել ու խայտառակվել: Զուգարանը պատահաբար չէ կառուցված Աղստեւի ափին, կոյուղաջրերը ուղիղ գետ են լցվում: Եթե մի արտասահմանցի տուրիստ հանկարծ սա նկատի, հաստատ հոգեկան ցնցման մեջ կընկնի: Մինչդեռ Աղստեւի ներքեւի հոսանքներում լողում են տարածաշրջանի բնակավայրերի երեխաները: Համալսարանական քաղաք, տուրիզմը որպես զարգացման առաջնահերթություն հռչակած Իջեւանը քիչ թե շատ կարգին հասարակական արտաքնոցի կարիք ունի:
Մարզի Նոյեմբերյան քաղաքն էլ զուգարանի «խնդիր ունի»: Հասարակական զուգարան գործարկելը քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի նախընտրական խոստումներից է: Քաղաքապետն ասաց, որ ինքը հետամուտ է լինելու դրա իրականացմանը: Սակայն՝ ոչ այս տարի: Վ. Ամիրաղյանը հարցի լուծման երկու տարբերակ է տեսնում. կամ քաղաքապետարանը կենտրոնում՝ մշակույթի տանը կից հասարակական զուգարան է կառուցում, կամ էլ՝ մասնավորից գնում է դրա հարակից տարածքում գտնվող, կեղտով լի, ներկայումս չգործող զուգարանը եւ այն գործարկում: Մինչ զուգարանի հարցը չլուծված է մնում, Իջեւան եւ Նոյեմբերյան քաղաքների փողոցներում կարելի է տեսնել մի կեպ զսպված բնական պետքի պատճառով ակնհայտորեն շտապող մարդկանց:
Հ. Գ. Սրանք մասնավոր օրինակներ էին, սակայն դա չի նշանակում, որ մնացյալ մարզերում եւ բնակավայրերում նման խնդիրներ չկան: Յուրաքանչյուր բնակավայրի համար էլ սույն հարցն հրատապ է: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| «ՄԵՆՔ ՆԵՐԿԱ ԵՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴԻՆ» |
| |
Նյու Յորքի ժողովրդավարության համագործակցության ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանել է ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Զաքարյանի՝ հայ-թուրքական հարաբերություններին եւ դրանց հեռանկարներին վերաբերող հարցերին:
- Հայաստանն այսօր աշխարհի ուշադրության կենտրոնում է: Դա սկսվեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի՝ Աբդուլա Գյուլին ուղղված հրավերից: Հայաստանում սկսեցին հնչել հակասական գնահատականներ, եղան այլ որակավորումներ: Շատերը Ս. Սարգսյանի քայլը գնահատեցին համարձակ, նախաձեռնող, որը ծառայելու է նաեւ Հայաստանի շահերին: Այս հարցի վերաբերյալ՝ Ձեր գնահատականը:
- Հայկական ներքին եւ արտաքին քաղաքականությունը միշտ գտնվում է իմ ուշադրության կենտրոնում, հատկապես՝ թուրքական կտրվածքով, որովհետեւ մի քանի տարիների ընթացքում ես եղել եմ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ եւ ունեմ մեծ փորձ բանակցություններ վարելու թուրք հայտնի դիվանագետների հետ: Անկախ արդյունքներից, սա մի բացառիկ երեւույթ է հայկական պետականության համար, քանի որ մինչ այս վերջին իրադարձությունները Հայաստանը ոչ մի անգամ չի եղել սուբյեկտ միջազգային հարաբերությունների մեջ: Նա ունեցել է արձագանք, տարբեր կարծիքներ՝ տարբեր հարցերի շուրջ, սակայն որպեսզի ցուցաբերի նախաձեռնություն եւ այն համընկնի մեծ տերությունների շահերին եւ նրանց արտաքին հարաբերությունների դիվանագիտական կառույցները վերջին ամիսներին հիմնականում զբաղվեն հայ-թուրքական հարաբերություններով, այդպիսի երեւույթ Հայաստանի անկախության ու ողջ պատմության ընթացքում չի եղել: Գիտեմ, որ Հայաստանի նախագահները, քաղաքական գործիչները երազել են, որ Հայաստանը կարողանա իր խնդիրների վրա բեւեռել մեծ տերություններին եւ մոբիլիզացնել պաշտպանությունը հայկական քայլերին եւ նպատակներին: Նախկինում եղել են որոշ գործընթացներ հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ, բայց հիմնականում դա արվում էր Վաշինգտոնի ակտիվ մասնակցությամբ եւ միջնորդությամբ: Այսօր առաջին անգամ շատ ակտիվ եւ կառուցողական դիրք է գրավել այս հարցի շուրջ Ռուսաստանը, նրա դիվանագիտությունը: Հանգամանքների բերումով Հայաստանը միակ պետությունն է, որը Հարավային Կովկասում շահագրգռված է, որ ոչ թե Վաշինգտոնի եւ Մոսկվայի շահերը բախվեն, այլ որ վերջիններս կարողանան համագործակցել այս տարածաշրջանում: Հայաստանի շահերը թելադրում են, որ նրանք համագործակցեն, ոչ թե բախվեն միմյանց եւ մրցակցեն, այլ կարողանան համագործակցել հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների գործընթացում: Ես գիտեմ, որ այսօր եւ Վաշինգտոնը, եւ Մոսկվան ներքաշված են այս գործընթացների մեջ:
- Ոմանց մոտ կա կարծիք, թե քանի որ մենք փոքր պետություն ենք, պետք է լռենք: Մեր նախագահը գալիս է նախաձեռնողական քաղաքականության: Շատերն այստեղ վտանգ են տեսնում: Այսինքն, դուք ողջունո՞ւմ եք, որ Հայաստանը պետք է վարի նախաձեռնողական քաղաքականություն, այլ ոչ թե սպասի եւ պատասխանի դրսի մարտահրավերներին:
- Ոչ միայն ողջունում եմ, այլեւ կարծում, որ նախագահի առջեւ կա մեծ պարտավորություն՝ ճիշտ գնահատելու, թե ինչպիսի հարաբերություններ են ստեղծվում մեծ ուժերի մեջ, նրանք ինչ շահեր ունեն եւ ինչ կարող են անել իրենց շահերն իրականություն դարձնելու համար: Մենք պետք է մտածենք, թե ինչպես կարող ենք մտնել այդ հունի մեջ: Եթե ինքնուրույնության դեպքում չկարողանանք հասնել մեր նպատակներին, ապա մտնենք մեծ տերության ֆորմատի մեջ, որը գնում է իր շահերով, եւ կարողանանք հասնել այն նպատակներին, որոնց չենք կարողացել հասնել միայնակ՝ չունենալով ռեսուրսներ եւ հնարավորություններ:
- ՀՀ նախագահը վերջերս ասաց, որ երբ Գյուլին հրավիրեց Հայաստան, ինքն այնքան էլ ոգեւորված չէր, թե սահմաններն անպայման բացվելու են եւ ասաց, որ եթե ներկայումս այդ ուղղությամբ ոմանք հուսահատ են, ապա ինքն այնքան էլ հուսահատ չէ: Նաեւ նշեց, որ ինքը դեռ հույսը չի կորցրել, որ Թուրքիայի համար կարեւոր են համամարդկային, եվրոպական արժեքները եւ որ Թուրքիան ձգտում է դրանց: Այսինքն՝ եթե Թուրքիան չքայլի այս ուղղությամբ, ապա հետեւանքները եւ պատասխանը պա՞րզ է:
- Պետք է դնել կշեռքի նժարի վրա եւ պարզել, թե հաջողության եւ անհաջողության դեպքում այս նախաձեռնության իրականացումն ինչի է բերելու: Սա մի բացառիկ երեւույթ է: Այսօրվա Հայաստանի ղեկավարությունը եւ դիվանագիտությունը գտնվում են մի բացառիկ դիրքում: Այստեղ կա միայն հաղթելու իրավիճակ: Սա այն վիճակը չէ, երբ պետք է հաղթես կամ կորցնես: Այստեղ մի բացառիկ իրավիճակ է, երբ ամեն արդյունքի դեպքում էլ հայկական կողմը հաղթող է դուրս գալու: Եթե բացվեն սահմանները, Հայաստանի շրջափակումը դրվի մի կողմ, վերահաստատվեն դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունները, սա կլինի մեծ հաղթանակ: Այս քաղաքականության առավելությունները շատ մեծ չափով գերակշռում են մինուսներին: Դեռեւս ոչինչ պարզ չէ, սակայն ես կարող եմ թվարկել այդ առավելությունները. առաջին անգամ հայ-թուրքական հարաբերությունները դարձել են հիմնական հարցերից մեկը միջազգային դիվանագիտության մեջ: Այն եւ Մոսկվայի, եւ Վաշինգտոնի, եւ Բրյուսելի ուշադրության կենտրոնում է:
- Հայաստանում վերաբերմունքը եւ կրքերը բոլորովին այլ են դրսից նայողների համեմատությամբ: Օրինակ՝ ապրիլի 24-ի նախօրեին, երբ համաձայնեցվեց «Ճանապարհային քարտեզ» փաստաթուղթը, այն շատերի մոտ մեծ բողոքներ, կրքեր առաջացրեց, որ դա ստորագրվել է հենց ապրիլի 24-ի նախօրեին: Ոմանք ասում էին, որ մենք խանգարեցինք, որ Օբաման արտասանի «ցեղասպանություն» բառը: Ոմանք ասում են, որ մենք Օբամայից «ցեղասպանություն» բառն արտահայտելու ավելի մեծ հնարավորություններ կունենայինք: Ձեր տեսակետն այս հարցի շուրջ:
- «Ճանապարհային քարտեզ» փաստաթուղթը համաձայնեցվել էր ոչ թե ապրիլի 22-ին, այլ 2-ին: Պարզապես այն հայտարարվել էր ապրիլի 23-ին: Երկրորդ, Թուրքիան դրա հետ ոչ մի կապ չունի՝ այն իմաստով, որ ամերիկյան ամենահավաստի աղբյուրներից ես տեղեկացել էի, որ դեռեւս ապրիլի 23-ից երկու շաբաթ առաջ որոշվել էր, որ Օբաման ոչ մի կերպ չի ճանաչելու Ցեղասպանությունը եւ չի օգտագործելու այդ բառը: Սա միանշանակ հայտնի էր եւ պետդեպարտամենտին, եւ Թուրքիային, եւ Հայաստանին: Կա մի շատ կարեւոր հանգամանք: Անկարայում Օբաման արդեն ասել էր, որ ինքը չի օգտագործի «ցեղասպանություն» բառը: Սակայն այստեղ կար երկու մոտեցում, մեկը տղայական՝ նեղանալու, որը դիվանագիտության մեջ ապուշություն է, եւ երկրորդը՝ մենք պետք է փորձեինք այս իրադրությունից քամել առավելագույնը: ԱՄՆ-ի համար Թուրքիան դեռեւս մնում է շատ կարեւոր գործոն: Նա Իսրայելի համախոհն ու գործընկերն է, միակ աշխարհիկ երկիրն է մահմեդական աշխարհում, աշխարհաքաղաքական իմաստով գրավում է շատ կարեւոր դիրք, ԱՄՆ-ի հետ աշխատում է պահպանել կայունությունը Իրաքում, Աֆղանստանում եւ այն բոլոր կետերում, որոնք ԱՄՆ-ի համար չափազանց կարեւոր նշանակություն ունեն: Դրանց հետ մեկտեղ հայկական դիվանագիտության համար շատ կարեւոր էր, որ եթե Օբաման այս անգամ էլ չընդունի Ցեղասպանությունը, ապա նրանից փորձենք կորզել մի բան, որն ԱՄՆ-ին կներքաշի հայկական խնդիրների ու հայ-թուրքական հարաբերությունների մեջ, որպես մի գործոն, որը Հայաստանի նկատմամբ ունի պարտականություն: Հայաստանում գրեթե ուշադրություն չեն դարձնում կամ փորձում են չնկատել պետդեպարտամենտի հայտարարությունը: Նա ոչ միայն հայտարարեց եւ ողջունեց «Ճանապարհային քարտեզ» փաստաթղթի համաձայնեցումը, այլեւ ընդգծեց առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունը: Պետդեպարտամենտի կողմից արված այդ հայտարարությունները խոսում են այն մասին, որ հայկական դիվանագիտությունն ԱՄՆ-ին ներքաշել է այս հարցի մեջ՝ որպես կողմ, որն իր վրա է վերցնում պարտականություն: Ես համարում եմ սա փայլուն դիվանագիտություն: Այն կարծիքները, թե թուրքերը գուցե խաբում են հայկական դիվանագիտությանը՝ ոչ մի հիմք չունեն: Հայաստանի ղեկավարության հայտարարությունները ցույց են տալիս, որ մենք միամիտ չենք եւ մեզ չեն կարող խաբել:
- Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունները, Ադրբեջանի բարձրացրած հիստերիան շատ խոսուն են. Ձեր կարծիքով հայ-թուրքական հարաբերություններում Ադրբեջանի պահվածքը, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն ի՞նչ դեր են խաղում:
- Իհարկե, Թուրքիան փորձում է ցույց տալ Վաշինգտոնին եւ Բրյուսելին, նույնիսկ Մոսկվային, որ Հայաստանի հետ ինքը չի փորձում քննարկել Ադրբեջանի հարցը. հայ-թուրքական հարաբերությունները զուտ հայ-թուրքական են, բայց դրա հետ մեկտեղ ամեն անգամ ադրբեջանական գործոնը հայ-թուրքական հարաբերությունների մեջ դառնում է հիմնական հանգույցը: Մի կողմից՝ թուրքական դիվանագիտությունն այսօր գտնվում է ոչ այնքան հանգիստ վիճակում: Նա Վաշինգտոնին փորձում է համոզել, որ չի կապում ադրբեջանական հանգամանքը հայ-թուրքական հարաբերությունները նորմալացնելու հետ, մյուս կողմից՝ չի կարող դա չկապել: Այս իմաստով հայկական նախաձեռնողական քաղաքականությունը թուրքական դիվանագիտությանը դրել է ոչ հարմար վիճակի մեջ, դրա հետ միասին ստեղծել է նույնիսկ որոշ լարվածություն թուրք-ադրբեջանական հարաբերություններում: Սա էլ ես համարում եմ հաղթանակ, քանի որ Ալիեւի հիստերիան եւ սպառնալիքները, այցելությունը Մոսկվա՝ ցույց են տալիս, որ այս հայկական նախաձեռնությունը ոչ միայն միջազգային, այլեւ տարածքային կտրվածքով նոր իրադարձություններ եւ իրականություն է ստեղծել: Այս բոլորը, ի վերջո, հօգուտ Հայաստանի է՝ այն իմաստով, որ, համենայնդեպս, Հայաստանը կորցնելու բան չունի եւ կարող է միայն շահել: Եթե Բաքվի եւ Անկարայի, Վաշինգտոնի ու Անկարայի, Բրյուսելի եւ Անկարայի լարվածությունը մեծանա, Հայաստանի համար դա միայն նպաստավոր կլինի: Ուրեմն դիվանագիտական իմաստով հայկական դիվանագիտությունը գտնվում է հարձակողական դիրքում, նախաձեռնությունը նրա ձեռքում է: Վերջիվերջո, թուրքական կառավարությունը կարող է ասել՝ «մենք չենք կարող գնալ այդքան հեռու, որքան պայմանավորվել էինք»: Այդ դեպքում նորից Հայաստանի ղեկավարության համար հնարավորություն կլինի ասելու, որ մենք գնացինք առանց նախապայմանների այս բոլոր քայլերին, հնարավորություն տալով, որ թուրքական կողմը, օգտվելով ամեն ինչից, կարողանա նորմալացնել հարաբերությունները, դառնա մի պետություն, որն անցյալը փորձում է վերանայել եւ նորմալ քաղաքակիրթ հարաբերություններ ստեղծել իր հարեւանների հետ: Երբ Վաշինգտոնն ու Բրյուսելն ունեն պարտականություններ, նրանց գնահատականը կլինի ուժեղացնել ճնշումը Թուրքիայի վրա, որը չի կարող չլինել հայկական դիվանագիտության նպատակներից մեկը: Հանգամանքների բերումով այսօր մենք ունենք եւ նախագահ, եւ նախարար, որոնք գնացին այս համարձակ քայլին՝ հաշվի առնելով եւ մեծ, եւ համեստ նվաճումները: Այս դիվանագիտությունը չունի պարտության եւ կորստի ոչ մի նախանշան, սա մի բացառիկ դիվանագիտություն է Հայաստանի պատմության ընթացքում: Մենք ունենք միայն նվաճում: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| ԾԱՆՈԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ |
| |
Ուրբաթ օրը Իրանում անցկացված նախագահական ընտրություններում, պաշտոնական տվյալներով, հաղթել է գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը՝ ստանալով քվեների 62.6%-ը: Նրա հիմնական մրցակիցը՝ նախկին վարչապետ Միր-Հոսեյն Մուսավին, պաշտոնական տվյալներով, ստացել է ձայների 33.7%-ը: Մուսավին եւ իր կողմնակիցները պնդում են, որ ընտրությունները ուղեկցվել են զանգվածային կեղծիքներով: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ ընդդիմության աջակիցները դուրս են եկել փողոցներ՝ վիճարկելով ընտրությունների պաշտոնական արդյունքները: Թեհրանում եւ այլ քաղաքներում տեղի ունեցած հանրահավաքների եւ ընդհարումների հետեւանքով հարյուրավոր մարդիկ ձերբակալված են, կան վիրավորներ, հրկիզված են մեքենաներ, խանութներ եւ հիմնարկներ: Կիրակի օրը պարբերաբար տեղեկություններ էին ստացվում Մուսավիի ձերբակալության, նրա՝ տնային կալանքի տակ գտնվելու մասին: Անկախ աղբյուրներն այդ տեղեկությունները չհաստատեցին, փոխարենը՝ պաշտոնապես հաստատվեց բախումների ավելի քան 100 մասնակիցների ձերբակալության փաստը: Մուսավին հանդես եկավ հայտարարությամբ. «Ես դիմել եմ Իսլամական հեղափոխության պահապանների խորհրդին՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով: Ես կոչ եմ անում իրանցիներին՝ շարունակել բողոքի գործողությունները խաղաղ ու իրավական մեթոդներով»: Իսկ կիրակի երեկոյան Թեհրանի կենտրոնում հավաքվեցին Ահմադինեջադի տասնյակ հազարավոր կողմնակիցներ:
ԻԻՀ գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին կարգադրել է ստուգել ընտրակեղծիքների մասին ընդդիմության ներկայացրած փաստերը: Այդ խնդիրը նա հանձնարարել է Պահապանների խորհրդին: Հզոր լծակներ ունեցող այդ ատյանը տասնօրյա ժամկետում է հայտնելու իր վճիռը: ԱՄՆ եւ Եվրամիության մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ կասկածի տակ են առել ընտրությունների արդյունքները: Մահմուդ Ահմադինեջադին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՆԿՈՒՄՆ ՈՒ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐԸ |
| |
Անգիրք ու անմշակույթ ժամանակաշրջանի հերոսները
Երկրի, ազգի, պետության ռազմավարները ոչ թե բանակի հրամանատարներն են, այլ գրողները, պատմիչները: Մի՞թե Մաշտոցը, Ագաթանգեղոսը, Խորենացին, Փավստոսը, Եղիշեն, Փարպեցին, Կաղանկատվեցին, Գոշը, Գանձակեցին, Աբովյանը, Րաֆֆին, հայ մշակույթի մյուս ակնառու գործիչները իրենց ստեղծագործություններով չեն հանդիսացել ազգի, երկրի իրական ռազմավարները: Պատկերացրեք, եթե նրանք չգնահատվեին, եթե իշխանավորների, հոգեւոր հայրերի մեջ չլինեին գրքերի, մանրանկարների, պաշտամունքային կառույցների, խաչքարերի հազարավոր պատվիրատուները, այդ ստեղծագործությունները ընթերցող, սեփական մշակույթը գնահատող ու պահպանող ժողովուրդը, մի՞թե հնարավոր կլիներ պետականության վերածնունդը, քաղաքակիրթ աշխարհի հետ համաքայլ ընթանալու ձգտումը: Ու հաստատապես կարելի է ասել, որ մշակույթն է իր մեջ միշտ վառ պահպանել պետականության, ազգի շարունակականության կրակը, օջախը:
Այսօր հայությունը գիրք չի գնում, չի ընթերցում, չի հարգում գրողներին, նրանց ստեղծագործությունները: Հարցնենք երկրի Ազգային ժողովի պատգամավորներին, պետական բարձրաստիճան այրերին, նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին, հանրահայտ օլիգարխներին. ժամանակակից հայ գրողների ստեղծագործություններ կարդո՞ւմ են: Պատասխանը միանշանակ է՝ ոչ: Մշակույթի մարդիկ ետին պլան են մղվել: Խոսքը տարին մեկ-երկու հոգու շքանշան կամ մրցանակ տալու մասին չէ: Գրողը իր գրքերի դիմաց ոչինչ չի վաստակում: Գիրքը հրատարակելիս խմբագիրը, սրբագրիչը, տպագրիչը ինչ-որ չափով վարձատրվում են, բացի հեղինակից: Գրողի աշխատանքը մեր երկրում չի գնահատվում: «Շուշի հիմնադրամ» հրատարակչությունը սկսել է «Արցախյան գոյամարտի համահավաք» 30 հատոր մատենաշարի լույսընծայումը: Այն պատմական կարեւոր ժամանակաշրջանի ճշմարիտ վավերականությունն է, քանի որ պատմում են իրադարձությունների մասնակիցները: Լույս են ընծայվել երկու հատորները: Գրքերի իրացման հասույթով պետք է տպագրվեն հրատարակման պատրաստ հաջորդ հատորները: Սակայն մարդիկ արդեն գիրք չեն գնում, չեն կարդում: Ժողովուրդը կտրվում է սեփական մշակույթից:
Պետպատվերով ամեն տարի բավականին գրքեր են տպագրվում: Սակայն գիրքը ոչ մի կերպ ապրանք չի դառնում: Խորհրդային տարիներին գոյություն ունեին «Հայգիրք» եւ «Երեւանգիրք» կազմակերպությունները, որոնք գրքերն առաքում էին հանրապետությունով մեկ: Իսկ այսօր բոլորն ասես մոռացել են գրատարածման ցանցի անհրաժեշտության մասին: Հանրապետության բոլոր բնակավայրերը գրադարաններ ունեն, սակայն ոչ մի գրադարան, այդ թվում՝ դպրոցական գրադարանները, գիրք չեն ստանում: Պետությունը պարտավոր է գրատարածման ցանց ստեղծել: Պետք է առաջին հերթին գրքից հանվի հարկումը: Մարզերում, նույնիսկ հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում գրախանութ չկա: Իսկ երեւանյան գրախանութները գնորդներ, հաճախորդներ չունեն: Հաճախ ասում են՝ ինչո՞ւ այդ գրքերը սփյուռքահայերին չեն առաքվում: Այստեղ իրոք լուրջ դժվարություններ կան: Առաքման արժեքը մի քանի անգամ թանկ է գրքի արժեքից: Իհարկե, եվրոպական երկրներում գիրքը մի քանի անգամ թանկ արժե:
Շնորհաշատ հեղինակներին անտեսում են ե՛ւ հեռուստատեսային, ե՛ւ կինոֆիլմերի պրոդյուսերներն ու ռեժիսորները: Տասնյակ ֆիլմերի համար ընտրում են խիստ ցածր մակարդակի հեղինակների: Փորձը ցույց է տալիս, որ լավագույն ֆիլմերը նկարահանված են լինում իսկական գրական ստեղծագործութունների վրա: Ժամանակին վրացական կինոն համաշխարհային մակարդակի հասավ գրողների շնորհիվ: Սա պետք է լավ սերտեն մեր պրոդյուսերներն ու ռեժիսորները, այլապես հեռուստաեթերը լցվում է ապաշնորհ, գռեհիկ ու հասարակությանը անբարոյականության վիհը նետող ֆիլմաշարերով: Ու միշտ պետք է հասկանալ, որ հեռուստադիտողն էլ իրավունք ունի բարձրարվեստ ֆիլմեր դիտելու: Իսկ այդ իրավունքը խախտելը պակաս հանցավոր արարք չէ, քան կաշառակերությունը:
Մոսկվայում «111 ակնթարթ Շուշի բերդաքաղաքի կյանքից» լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը եկած մի հայ կին, տեսնելով մասնակիցների նոսրությունը, ասաց. «Տասը տարի ուշացել ես, Ռուսաստանի հայությանը այլեւս Արցախը կամ Հայաստանը չեն հետաքրքրում»: Դեռ ավելին, մի շարք մարդիկ, այդ թվում երեւելի ազգային գործիչներ, ամեն ինչ արեցին, որ ցուցահանդեսը հաջողություն չունենա: Խոսքը ոչ թե կոնկրետ իմ, այլ երկրի քարոզչության աններելի ուշացման, անտարբերության մասին է:
Փող վաստակե՞լն է տեղ գրավել այսօրվա մարդու ուղեղում: Եթե այսօրվա հանրահայտ հայ գարծարարի որդին $35 000 ծախսելով իր ավտոմեքենայի համար երեւելի համարանիշ է գնում, մի՞թե դա չի վկայում նրա ու նրա դաստիարակների հետամնացության, քաղքենիության, չկրթվածության մասին: Հայտնի է, որ ԱՄՆ-ում, ասենք, միայն Հառլեմի քիչ թե շատ փող վաստակած սեւամորթն է վզից ոսկե հաստ ժնջիլ կապում, իր մեքենայի համար աչքի զարնող թվերով համարանիշ գնում: Նա ձգտում է ցույց տալ իր հարուստ լինելը, մտածելով, որ այն կքողարկի իր տգիտությունը: Ռուսաստանում, Եվրոպայում, Ամերիկայում ավելի քիչ փող չեն վաստակում, քան Հայաստանում, բայց նման ցուցամոլություն, գավառամտություն իրենց թույլ չեն տալիս: Դարեր շարունակ մարդկությունը, ազգերը, պետությունները պահպանել, փայփայել են իրենց մշակույթը, օգնել են մշակույթի գործիչներին, գոնե հնարավորություն են ընձեռել ստեղծագործելու համար: Զարգացած երկրներում սեփական մշակույթի զարգացման ընթացքը պահպանելու համար հսկայական միջոցներ են հատկացնում: Ու դա ամենեւին էլ աննպատակ շռայլություն չէ: Քաղաքակրթության հարուստ, դարերի ընթացքում կուտակված փորձը մարդկությանը թելադրում է դրա անհրաժեշտությունը: Քանի որ մշակույթի անընդհատ զարգացումն է բարոյահոգեւոր անկումից, երկրի ներքին քայքայումից խուսափելու ճանապարհը:
Քանի որ հեռուստաեթերում, փողոցային գովազդներում երեւում են իսկական արվեստի հետ կապ չունեցող բիզնեսային երգիչները, ապա իսկական արվեստը, ստեղծագործողները մոռացության են մատնվել: Մշակույթում տոն տվողները ռաբիս երգիչներն են: Հայկական մշակույթը օտարները ճանաչում են կլկլան երգիչներով, անարվեստ երգչուհիներով: Իսկ լավագույն, տաղանդավոր կատարողները հանդես են գալիս օտար բեմերում, որը ամենեւին չի նպաստում հայկական արվեստի զարգացմանը:
Տարիներ շարունակ ներքին պայքար է գնում հայաստանյան ստեղծագործական միությունները վարկաբեկելու, կազմալուծելու ուղղությամբ: Նույն բանը կատարվում է հետխորհրդային բոլոր երկրներում: Ու ամեն տեղ սցենարը նույնն է: Այդ երեւույթը օտարածին է ու կառավարվում եւ ֆինանսավորվում է նույն կենտրոնից: Զանգվածային լրատվական միջոցները ակտիվորեն նպաստում են քայքայիչ այս գործունեությանը: Այս խնդրում հատկապես ակտիվ են իրենց «անկախ» անվանող այն լրատվամիջոցները, որոնք ֆինանսավորվում են միջազգային հիմնադրամներից: Առիթ եմ ունեցել հետաքրքրվել մի թերթի ֆինանսավորման աղբյուրով ու անսպասելիորեն հայտնաբերել եմ, որ այդ թերթը տարին $150 հազար է ստանում «Շիլլերի» անվան հիմնադրամից: Հետո իմ գերմանացի ընկերները ինձ հայտնեցին, որ այս գործարքի ետեւում թուրքական մի կազմակերպություն է, որի ետեւում էլ... Նրանք վարձատրում են ու թելադրում իրենց պայմանները: Երկիրը քայքայելը նրանց մոտ «ժողովրդավարություն» է կոչվում: Այս լրատվամիջոցներին հրահանգված է քայքայել բոլոր տեսակի միությունները, որոնք կարող են երկրում բարոյականության ամրապնդման հիմք հանդիսանալ, խոչընդոտել բարոյահոգեւոր անկմանը երկրում: Խնդիրը ոչ թե միությունը ղեկավարող անձի կամ խմբի մասին է, այլ հենց մշակութային միտքը պահպանող, մշակույթի գործիչներին միավորող կազմակերպությունը պահպանելու մեջ է:
Սեփական մշակույթից կտրվելը անպայման հանգեցնում է բարոյական անկման, բարոյականության ազգային արմատներից տարանջատման, որն էլ պարարտ հող է հանդիսանում բյուրոկրատիայի, կոռուպցիայի աննախընթաց վերելքի համար:
(շարունակելի) |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| ՇԱՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ |
| |
«Ես արհամարհում եմ հայրենիքս», «Հայաստանից հիասթափված ու զզված»... «Առավոտ» օրաթերթում անցած շաբաթ տպագրված երկու հոդվածների այս վերնագրերը նման են նրան, որ դպրոցում ուսուցիչը թեմա է տալիս աշակերտներին եւ նրանք գրում են շարադրություն: Այստեղ, կարծում եմ, օգտագործված է նույն սկզբունքը՝ սկզբից վերնագիրը, հետո դրան համապատասխան շարադրությունը: Բանն այն է, որ շարադրությունը գրելիս հիմնվել են փաստերի վրա, բայց այդպիսի փաստեր կարելի է գտնել ցանկացած գաղափարը հիմնավորելու համար, նայած ինչ նպատակներ ես դրել ի սկզբանե քո առաջ: Դժվար չէ նկատելը, որ այս հոդվածների շարքը ունի շատ պարզ ենթատեքստ, այն է՝ սփուռքահայերին ցույց տալ, թե ինչ լավ արեցին, որ գնացին այս անիրավ երկրից եւ երբեք մտքերով չանցնի, որ մտածեն հետ գալու մասին, իսկ հայաստանցիներին կոչ է անում այլեւս ոչ մի բանի վրա հույս չդնեն եւ մտածեն երկիրը լքելու մասին: Բորբոքում են հուսահատություն, անտարբերություն, սեփական արժանապատվության նսեմացում: Հայրենասիրությունը որպես ցնորք են ներկայացնում: Որովհետեւ բարի նպատակներ ունենալու դեպքում կարելի էր գտնել այն փոքրաթիվ մարդկանց, որոնք իրենց հարմարավետ կյանքը թողել են եւ ի հեճուկս այդ բոլոր դժվարությունների՝ վերադարձել են հայրենիք: Կփորձեինք հասկանալ այդ մարդկանց հոգեբանությունը, թե ինչն է հատկապես դրդել իրենց վերադառնալ, որ բարոյական նորմերով են նրանք առաջնորդվել: Պետք է այնքան սիրեին հայրենիքը, մարդուն, որ հայտնաբերեին մարդկանց հենց հայրենիքում, որոնք երբեք չեն մտածել հեռանալու մասին, չնայած ապրում են բավական ծանր պայմաններում, հայտնաբերեին այն մարդկանց, որոնք պարտադրված վաշխառու-շուկայական պայմաններում մնում են բարեպաշտ, ազնվությունն ու արժանապատվությունը երբեք չեն սակարկում: Եթե բարի լինեին ձեր նպատակները, կփորձեիք բացահայտել այն համեստ հային, որ աշխատելիս անում է ամեն ինչ մեծ պատասխանատվությամբ, ի վերջո՝ իրենցով է պայմանավորված մեր գոյության գրավականը: Դուք գիտակցաբար կամ անգիտակցաբար պարում եք սատանայի նետած շաբաշի տակ, հարգելի լրագրողներ:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| ՅՈԳԱՆ ՕՏԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔ ՉԷ |
| |
Փաստում է դիպլոմավոր յոգը
 
«Դեռ մանկուց իմ մեջ ներքին մղում կար դեպի արեւելյան մշակույթ, արեւելյան գիտություններ: 18 տարեկանում առողջական խնդիրներ ունեցա, ինչի բերումով ծանոթացա մի մարդու հետ, որն էլ հետո դարձավ իմ յոգայի ուսուցիչը. նա Կարեն Ասատրյանն է: Ես սկսեցի յոգա պարապել. 2 ամիս անց իմ առողջական խնդիրները վերացան, իմ մեջ մի բանական հարց առաջացավ, թե ո՞նց այդպես հեշտ ամեն ինչ անցավ: Ես սկսեցի մանրամասն ուսումնասիրել յոգան»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Վահագն Վարդումյանը: Ըստ նրա, այժմ Հայաստանում շատացել են յոգայի խմբակները: Եվ նախկինի համեմատ՝ հայերի հետաքրքրությունը շատ է մեծացել: Վահագնի փոխանցմամբ. «Յոգայի օգտակարությունը շատ ավելին է, քան յոգա պարապելուն հատկացրած ժամանակը: Յոգա պարապել սկսողների հիմնական նպատակն է՝ իրենց առողջության ու ինքնազգացողության բարելավումը: Յոգա՝ նշանակում է կապ, միություն: Դա մարմնի, մտքի ու հոգու միությունն է, մարդու՝ իր շրջապատող աշխարհի, իր հայրենիքի, բնության ու տիեզերքի հետ միությունը: Յոգան մեծացնում է ճկունությունը: Ճկունության մեծացումն էլ կանխում է մկանների ու հյուսվածքների վնասվելը: Յոգան օգնում է նաեւ հավասարակշռությանը: Յոգայի վարժությունների մեծ մասն այս կամ այն չափով ներառում է հավասարակշռություն հաստատելու տարրեր, եւ հաշվի առնելով այն, որ տարիքի հետ մարդկանց մեծամասնությունը սկսում է հավասարակշռության պահպանման խնդիրներ ունենալ, յոգա պարապելը կարող է կարեւորագույն կանխարգելիչ դեր ունենալ: Վարժությունները օգնում են նվազեցնել ցավերը, եթե մարմնում այդպիսիք արդեն կան, քանի որ մկանները ձգելը փափկեցնող ազդեցություն է ունենում դրանց վրա, իսկ մկանային ցավերի զգալի մասը հենց մկաններում եղած լարվածության արդյունք է: Յոգան զարգացնում է մկանները՝ մարմնում ընդհանուր նյութափոխանակության լավացման եւ պրանայով (մարմնում շրջանառող նրբագույն էներգետիկ հոսքերի) մարմնի հարստացման շնորհիվ»: Յոգայի այն ոճը, որով պարապում է Վահագնը՝ կոչվում է աշտանգա յոգա, ինչն էլ, ըստ մեր զրուցակցի, կազմված է ութ ճյուղից. «Աշտանգա յոգան տարբերվում է յոգայի մյուս ոճերից իր ներքին կառուցվածքով, այստեղ մարմնի կեցվածքները չեն դիտարկվում միայն որպես մարմնի զարգացմանը նպաստող գործոններ, որովհետեւ դրանցում կան մտավոր եւ հեգեւոր էլեմենտներ: Աշտանգա յոգայի 8 աստիճանները պետք է հերթով անցնել ու դա տեւում է բավական երկար: Առաջին 5 փուլը կարող է տեւել 7-ից մինչեւ 25 տարի, վերջին 3-ն էլ կարող է ձգվել մինչեւ 48 տարի»: Վահագնը նաեւ նշեց, որ յոգայով զբաղվելու համար սահմանափակումներ չկան: Այսինքն՝ ցանկացած մարդ կարող է զբաղվել յոգայով, անկախ նրանից, թե ինքն ինչ հավատամքներ ունի, ինչ կրոն է դավանում. «Տվյալ մարդը պետք է պատրաստ լինի աշխարհին ավելի բաց աչքերով նայել: Ես զգացել եմ, որ այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, որտեղ քրիստոնեությունը շատ լավ հիմքեր ունի՝ հաճախ այդ երկրներում յոգան դիտվում է որպես օտար կրոնական ուսմունք»:
Վահագնը նաեւ պատմեց, որ 2006 թվին գնացել է Հնդկական Հիմալայներ ու մոտ կես տարի անցկացրել Հնդկաստանում: Նա Դելիի տարբեր հոգեւոր ու մշակութային կենտրոններ այցելելուց հետո հասկացել է, որ յոգան միջնադարից եկած ավանդույթ է, եւ որ տարբեր մարդիկ բնությունից եւ այլ պատճառներից դրդված՝ այդ հսկայական համակարգից վերցրել են մի քանի ծիսակարգեր, մի երկու վարժություն ու մի քանի մեդիտացիոն տարր եւ դրանից հավաքել կրոնական ճյուղեր: Բայց իրականում. «Յոգան ոչ մի կապ չունի կրոնական որեւէ բանի հետ»: Խոսելով Դելիում անցկացրած ամիսների մասին՝ Վահագնը պատմեց նաեւ իր այնտեղ մեկնելու մանրամասները. «Ուսուցիչս որոշել էր գնալ, ես էլ ցանկացա միանալ նրան: Նրա գնալը չստացվեց, եւ ես գնացի մենակ: Ճիշտ է, մենակ Հնդկաստան գնալը մի քիչ խենթություն էր, բայց... Ես ընդունվեցի Վեդայական յոգայի դպրոց, որտեղից էլ ստացա Հիմալայան յոգայի մասնագետի վկայական: Այնտեղ ինձ շատ լավ ընդունեցին ու Հայաստանի մասին գրեթե ոչինչ չգիտեին, իսկ երբ ամեն անգամ սկսում էի պատմել, նրանք աչքները չորս արած լսում էին ինձ: Գիտելիքներս խորացնելու նպատակով Հիմալայներում 62-ամյա ուսուցչիցս հնարավորություն ունեցա լսելու ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանները»: Վահագնի ձեւակերպմամբ, իրականում յոգան մի անհատի զբաղվելու բան չէ, եւ շատերը կարծում են, որ երկարատեւ մեդիտացիաները ապասոցիալականացնող երեւույթ են, որոշ մարդիկ էլ ասում են, թե դա հակասում է քրիստոնեական հավատքին. «Յոգան հիմնված է մարդու սոցիալականացման վրա: Այն մարդը, որը խորանում է դրա մեջ ու հասնում կոնկրետ բաների ու եթե չի շարունակում ավելի շատ շփվել, որովհետեւ ավելի շատ բան է իմացել՝ նա համարվում է սխալ ուղղությամբ զարգացած մարդ, որովհետեւ այդ ամենը էգոն զարգացնելու համար չէ: Չնայած ահագին բարդ է նաեւ չմեծամտանալը, որովհետեւ մարդը սկսում է ինչ-որ հատկություններ ձեռք բերել, կարողանում է կառավարել իր երազները, չնայած այդպիսի մտադրություն չուներ: Քանի որ շատ է խոսվում յոգայի՝ քրիստոնեությանը հակասելու մասին, ասեմ, որ քրիստոնեության մեջ մեծ դեր ունեցող հոգի բառը յոգա բառի հետ ուղիղ լեզվաբանական կապ ունի. նույն հնդեվրոպական արմատն է եւ ցանկացած լեզվաբան էլ գիտե, թե ինչ ճանապարհով է յ-ի, հ-ի ձեւափոխություն լինում»: Վահագնը խոսեց նաեւ սխալ յոգայի օրինակների մասին, որոնք առկա են տարածված մի շարք գրքերում եւ DVD-ներում. «Ես ուսումնասիրում եմ շուկա մտնող ցանկացած գիրք ու DVD եւ դեռ չեմ գտել այնպիսի մեկը, որը կարող եմ տալ ցանկացողներին ու հանգիստ խղճով ասել՝ գնացեք սրանով պարապեք: Որովհետեւ այնտեղ կարող է լինել, օրինակ, այսպիսի միտք. եթե փորձել ես մի քանի անգամ մեդիտացիա անել ու չի ստացվել, գուցե պետք չի սոված փորով նստել, չնայած այնտեղ սկզբում ասվում է, որ պետք է սոված լինել, եւ որպեսզի այդ գիրքը լավ վաճառվի՝ գրում են, որ մեդիտացիայից առաջ կարող ես կաթով սուրճ խմել ու անել շնչառական վարժություններ: Բայց եթե մարդը մոտ 10 անգամ այդպես վարվի, կարող է ուղեղի արյան զեղում ստանալ. շնչառական շատ վարժություններ աշխատում են ուղեղի վրա, նաեւ կարող է մարմնի տարբեր մասերում ծակոցներ սկսել, որովհետեւ շնչառական վարժությունները բացում են էներգետիկ հանգույցները, իսկ եթե քո օրգանիզմում թեկուզ հեղուկ վիճակում սնունդ կա՝ նշանակում է քո էներգիայի մեծ մասն աշխատում է մարսողության համակարգում»: Վահագնի ձեւակերպմամբ՝ յոգան օգնում է բարձրացնել կենսաէներգիայի մակարդակը: Ըստ նրա, յոգայի մյուս օգուտներից է՝ մտավոր դաշտի վրա վերջինիս դրական ներգործությունը. «Այն մաքրում է միտքն ու օգնում է ուշադրությունը կենտրոնացնել: Յոգան նվազեցնում եւ վերացնում է սթրեսները: Խորը շնչառության շնորհիվ հեռացվում են այն հորմոնները, որոնք արտադրվել էին գերհոգնածության, ջղայնության կամ որեւէ այլ նմանատիպ ազդակի պատճառով: Յոգան օգնում է նաեւ ձերբազատվել կուտակված էմոցիաներից: Շատ հաճախ կուտակված բացասական էմոցիաները հորդում են դեպի մեր մարմին ու ներսից լրջորեն վնասում: Յոգայի վարժությունների մեծ մասով որոշ ժամանակ հատկացնում են մեդիտացիային, որը կենտրոնացման ավելի խորը ու նպատակաուղղված վարժություն է: Մեդիտացիան օգնում է սովորել ղեկավարել մեր մտքերի հոսքն ու դրանցում կարգուկանոն հաստատել»: Վահագնը նաեւ հավելեց, որ FACEBOOK-ում մեծ խումբ է բացել, որն էլ կոչվում է «Himalayan Yoga in Armenia», որտեղ արդեն 272 մարդ կա գրանցված: FACEBOOK-ի ցանկացած օգտագործող, այդ խմբով հետաքրքրվելու դեպքում, կարող է փնտրել այն՝ նշված անվամբ ու գրանցվել: Ցանկացած անհատ ոչ միայն այդ խմբում, այլեւ http://yogaarmenia.blogspot.com բլոգում կարող է հարցեր գրել ու քննարկումներ անցկացնել: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| Մեդիտացիան հակաքրիստոնեական է |
| |
Ըստ քահանայի, մեդիտացիան ենթադրում է աշխարհից վերացական վիճակ,
իսկ քրիստոնեությունը հակառակն է քարոզում:
Հայաստանում օրեցօր ավելանում են յոգայի խմբակները, յոգայի պարապմունքներին հաճախողներն ու դրանով հետաքրքրվողները:
Ըստ մասնագետների, յոգան ուղղված է մեդիտացիայի միջոցով հասնելու մարմնի եւ հոգու համահունչության, զարգացնելու մարմնի ճկունությունը, ամրացնելու մեջքի մկաններն ու կարգավորելու շնչառությունը: Յոգա պարապող մասնագետների հավաստմամբ, այն, բացի սովորական վարժանք լինելուց, նաեւ հոգեւոր վարժանք է եւ օգնում է կտրվել աշխարհից:
Իսկ թե ինչ կարծիք ունի Հայ առաքելական եկեղեցին յոգայի մասին, չի՞ հակասում այն քրիստոնեության սկզբունքներին, եւ, արդյոք, հակաքրիստոնեական չէ՞: Այս հարցի ճշգրիտ պատասխանը ստանալու համար «Առավոտը» դիմեց Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Եսայի քահանա Արթենյանին: Քահանան շեշտեց, որ յոգան հակաքրիստոնեական է, քանի որ իրականացվում է մեդիտացիայի միջոցով. «Եթե յոգան դիտարկում ենք որպես կրոնական գաղափարախոսության, գիտակցության՝ բուդդիզմի մի մաս, իհարկե դա հակաքրիստոնեական է: Բայց այսօր մարդիկ շատ հաճախ յոգայով զբաղվում են անկախ բուդդիզմից: Եթե դիտարկում ենք զուտ որպես շնչառության, մարմնի վարժանք՝ ապա այս դեպքում քրիստոնեության հետ ոչ մի կապ չունի եւ սխալ է նույնիսկ համեմատելը, փորձել հասկանալը՝ քրիստոնեությանը հակասո՞ւմ է, թե՞ ոչ»:
Ըստ քահանա Արթենյանի, յոգայի մեջ որոշ սկզբունքներ քրիստոնեության հետ ոչ մի աղերս չունեն, նույնիսկ որոշ սկզբունքների դեմ են. «Այդ սկզբունքներից մեկը եւ ամենակարեւորը մեդիտացիան է: Եթե յոգա ասելով հասկանում ենք մեդիտացիա, ուրեմն այն իրապես հակաքրիստոնեական է: Եվ որքան տեղյակ եմ՝ Հայաստանում եւ ընդհանրապես աշխարհում յոգան առանց մեդիտացիայի չի իրականացվում: Շատ յոգեր արդարանում են, որ իրենք մեդիտացիայի հետ կապ չունեն, իրենք վերցնում են միայն վարժությունները: Բայց փաստն այն է, որ յոգան առանց մեդիտացիայի չի լինում: Իսկ մեդիտացիան լիարժեք հակաքրիստոնեական է: Մեդիտացիան ենթադրում է աշխարհից վերացական վիճակ, իսկ քրիստոնեությունը լրիվ հակառակ բանն է քարոզում՝ քրիստոնեությունը ենթադրում է լրիվ արթուն ու լիարժեք գիտակցական վիճակ այս աշխարհում»:
Իսկ թե ինչպե՞ս է Հայ առաքելական եկեղեցին վերաբերվում Հայաստանում օրեցօր ավելացող յոգայի խմբակներին, տեր Եսային ասաց. «Իհարկե, ցավով ենք արձանագրում, որ նման բաներ կան, բայց եկեղեցին չէ, որ պետք է արգելի: Նույն հարցը կարելի է շրջանառել աղանդների վերաբերյալ, բայց դարձյալ եկեղեցին չէ, որ պետք է ասի՝ լինի դա, թե չլինի: Եկեղեցին միայն կարող է ասել՝ դա ճիշտ է, թե սխալ: Իսկ ընտրությունը մարդկանցն է՝ ուզում են գնալ, թե ոչ: Ինչ վերաբերում է յոգային, եկեղեցին նման բան չի խրախուսում եւ չի ընդունում»: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-16 |
| ՀՐԱԺԱՐՎԵՆՔ ՄԵՂՔ ՀԱՄԱՐՎՈՂ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻՑ |
| |
«Սիրում եմ իմ կնքահոր որդուն: Ի՞նչ անեմ»- այս հարցը տեղ է գտել www.qahana.am կայքի հարցադրման էջում եւ որին պատասխանելով՝ տեր Զգոն քահանա Աբրահամյանն ասել է. «Դուք ձեր կնքահոր ընտանիքի հետ ազգականներ եք, հետեւաբար կնքահոր որդուն պետք է ընդունել որպես եղբայր: Եթե նա լիներ ձեր հարազատ եղբայրը՝ դուք նո՞ւյն կերպ կվարվեիք: Աստվածապաշտության մեջ անհրաժեշտ է ցուցաբերել նաեւ զոհաբերություն: Հաճախ պետք է հրաժարվել մեզ համար ցանկալի, սակայն Աստծո առջեւ մեղք համարվող երեւույթներից: Եվ եթե այդպես վարվենք, ապա Աստված, տեսնելով այդ ամենը, լիարժեք կփոխհատուցի»:
«Ի՞նչ է մենությունը։ Չեմ կարող պատասխանել այս բարդ, նաեւ պարզ թվացող հարցին»,- այս հարցի պատասխանը նույն կայքում տվել է տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը, ասելով. «Ունայնություն, ունայնությանց» /Ժող. 1:2/: Հզոր մի արքա՝ Ժողովողն, այդպես գրեց: Նա մարդկային հարաբերություն, հարստություն, չքավորություն եւ կյանքում ամեն ինչ ունայն համարեց: Թերեւս այդ գաղափարին հանգեց այն պատճառով, որ ինքը հազարավոր բնակիչ ունեցող քաղաքում միայնակ էր: Նա ցավով զգաց, որ կարող է լքվել նույնիսկ ամենամտերիմ մարդկանց կողմից: Բայց հետո հասկացավ, որ Աստված երբեւէ չի թողնում իր ստեղծածին մենության մեջ եւ հենց այդ պահին դարձավ իմաստուն: Աստված ազատում է մարդուն այն ամենից, ինչ նրան վախ եւ անհանգստություն է պատճառում: Հայտնի մի պատմություն կա: Փորձությունների մեջ ընկած մի մարդ կարծում է, թե Աստված իրեն լքել է:
Երազում՝ ավազի վրա, երկու տարբեր ոտնահետք է տեսնում, որոնք կողք կողքի են: Այնուհետեւ մի ոտնահետքն անհետանում է: Աստծուն հարցնում է, թե ի՞նչ պատահեց: Աստված ասում է, որ իրենց երկուսի ոտնահետքերն էին: Այսինքն՝ Աստված ողջ կյանքում նրա կողքին է եղել, իսկ դժբախտությունների եւ փորձությունների ժամանակ երբեք չի լքել: Իսկ թե ինչո՞ւ մի ոտնահետք է մնացել, քանի որ Աստված ամենադժվար պահին արդեն մարդուն իր գիրկն է առել: Դու միայնակ չես, խոսիր Աստծո հետ: Բացիր սիրտդ եւ հոգիդ նրա առջեւ եւ կազատվես այդ մենությունից: Այսուհետ քեզ համարիր Աստծուն սիրող անհատ: Միայն Աստված է հավիտենական»: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2009-06-16 23:47 |
| |
| |
ԴԱՏԱՎՈՐԸ ՔԱՄԱՀՐԱՆՔՈՎ ԷՐ ՆԱՅՈՒՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը երեկ Կենտրոն եւ ... |
| |
 |
|
| 2009-06-16 23:46 |
| |
| |
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
«Ես կարծում եմ՝ հայ քաղաքական դաշտում կան արմատական ընդդիմադիրներ, եւ կան ընդդիմադիրներ՝ ըստ կյանքի: Այսինքն՝ կյանքը ստիպում է՝ ... |
| |
 |
|
| 2009-06-16 23:46 |
| |
| |
ԲՈՂՈՔՈՒՄ Է ՆՈՒՅՆԻՍԿ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ
Մայիսի 31-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների բողոքարկման գործընթացը շարունակվում է: ՀՀ գլխավոր ... |
| |
 |
|
| 2009-06-16 23:46 |
| |
| |
ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՉԵՆ ՆՊԱՍՏՈՒՄ
Մեկնաբանելով «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհրդի որոշումը՝ Հայաստանում գյուղական ճանապարհների ... |
| |
 |
|
| 2009-06-16 23:46 |
| |
| |
ԶԵԿՈՒՅՑԸ ՏԵՂ ՀԱՍԱՎ 3 ՕՐ ԱՆՑ
ԱԺ «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը երեկ է ստացել փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ ... |
| |
 |
|
| 2009-06-16 23:45 |
| |
| |
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿՐԿԻՆ Է ՓՈՐՁՈՒՄ
«Ժառանգություն» խմբակցությունն ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար ստորագրահավաք է սկսել, որի օրակարգում է ԱԺ ... |
| |
 |
|
| 2009-06-16 23:45 |
| |
| |
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
Բարձր գնահատական
ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները բարձր են գնահատել կազմակերպությունում Հայաստանի նախագահության ... |
| |
 |
|
| 2009-06-16 23:45 |
| |
| |
ՎՃԻՌԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
Վերաքննիչ քրեական դատարանում երեկ սկսվեց եւ ավարտվեց «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» օրաթերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի՝ ... |
| |
 |
|
| 2009-06-16 23:44 |
| |
| |
ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ՈՒ ԱՎԱԳԱՆԻՆ ԼԵԳԻՏԻՄ ՉԵՆ
«Ազատականություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը մայիսի 31-ին կայացած ավագանու ... |
| |
 |
|
| 2009-06-16 23:44 |
| |
| |
Կ. ՌՈՒԲԻՆՅԱՆԸ ԸՆԿՃՎԱԾ Է
Զանգվածային միջոցառումները ժամանակավորապես դադարեցնելու Հայ ազգային կոնգրեսի որոշումը Կոնգրեսի անդամ, Հայաստանի քաղկալանավորների ... |
| |
 |
|
| 2009-06-16 23:44 |
| |
| |
ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է
«Առավոտի» տեղեկություններով, երեկ կալանավորվել է Արմավիրի մարզի Արազափի գյուղապետ Մանվել Հարությունյանը: Ըստ մեր աղբյուրների, ... |
| |
 |
|
| 2009-06-16 23:43 |
| |
| |
ՊՏՏԱՀՈՂՄԸ ԹՌՑՐԵԼ Է ԿՏՈՒՐՆԵՐԸ
Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի աշխատասենյակի դիմաց երեկ գյուղովի բողոք էին ներկայացնում Ախուրիկ ու Ղարիբջանյան գյուղերի ... |
| |
 |
|
| 2009-06-16 23:43 |
| |
| |
ՍՊԱՆՎԱԾԸ՝ ՄԱՀՃԱԿԱԼԻՆ
Երեկ ՀՀ ոստիկանությունից «Առավոտին» տեղեկացրին, որ Կոտայքի բաժնում ստացվել է ահազանգ: Ըստ այդ ահազանգի, Արզնի գյուղի 1-ին փողոցի թիվ 1ա ... |
| |
 |
|
| 2009-06-16 23:43 |
| |
| |
ԿԵՂԾ ԷՊԻԿՐԻԶԸ
Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի կողմից հարուցվել է քրեական գործ: Զինակոչիկ Ն. Սարգսյանը մարտին Լոռու մարզի «Վանաձորի թիվ 2-րդ ... |
| |
 |
|
| 2009-06-16 23:43 |
| |
| |
ՊԱՏԱՆԻՆ՝ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐՈՎ
Հունիսի 14-ին Լոռու մարզի Կողես գյուղի մերձակայքում գտնվող ձորն է ընկել Երեւանի Զաքարյան փողոցի 2-րդ շենքի թիվ 27 բն.-ի 17-ամյա բնակիչ ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +20 | +5 |
| Շիրակ | +15 | -3 |
| Արարատ | +20 | +4 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել