Լրահոս
Օրվա լրահոսը

Միակ հույսը նախագահն է

Հունվար 30,2007 00:00

Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովի որոշմամբ, 3000-ից ավելի մարդ գործազուրկ է դառնալու

Երեկ ինտերնետային կապն ապահովող շուրջ 50 ընկերությունների աշխատակիցները հավաքվել էին նախ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ապա՝ նախագահական նստավայրի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու ինտերնետ կապի աշխատանքների դադարեցման կապակցությամբ: «Առավոտն» արդեն բազմիցս անդրադարձել է այդ խնդրին. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (նախագահ՝ Ռոբերտ Նազարյան) հունվարի 8-ի իր մի որոշմամբ այդ ընկերությունների ծառայությունները որակել է որպես ձայնային կապ, որի մենաշնորհը «ԱրմենՏելինն» է: Հունվարի 25-ից հիշյալ ընկերությունները զրկվել են այդ ծառայությունը մատուցելու հնարավորությունից: Ըստ ցուցարարների, անտեսվել է «Էլեկտրոնային հեռահաղորդակցության մասին» օրենքը, որում 400 միլիվայրկյանից բարձր տատանումների դեպքում մատուցվող ծառայությունը չի համարվում ձայնային: Օրենքի այս կետին հղում անելով՝ ինտերնետ կապի մի շարք ծառայությունների աշխատակիցներ հայտնվել էին նախագահականի մոտ. իրենց վերջին հույսը մնացել է այն, որ նախագահականում իրենց կհասկանան: Բայց այստեղ ցուցարարներին ընդունել էր նամակների բաժնի աշխատակիցը, վերցրել էր դիմումը՝ մի քանի օր հետո պատասխանելու խոստումով: Մի շարք ընկերություններ արդեն դիմել են դատարան եւ ակնկալում են դատական ճանապարհով իրենց պահանջների բավարարում: Ըստ ցույցի մասնակիցների, Նազարյանի գլխավորած հանձնաժողովի այս որոշման արդյունքում 3000-ից ավելի մարդ հայտնվել է գործազուրկի կարգավիճակում:

Երեկ նախագահականի մոտ հավաքվածների մեջ էին ինչպես Երեւանի, այնպես էլ Գյումրիի, Արտաշատի, Էջմիածնի համապատասխան ծառայությունների աշխատակիցներ: Ընդ որում, ցույցը բավականին լավ էր կազմակերպված, մարդիկ, ընդդիմության որոշ ցույցերի համեմատ, շատ ավելի գրագետ, փաստարկված եւ նորմալ հայերենով կարողանում էին ներկայացնել իրենց պահանջները: Հավաքվածներից Մուշեղ Միլիտոնյանը երեկ ասաց. «Մեր միջնորդությանը ի պատասխան՝ Ռոբերտ Նազարյանից ստացել ենք մի գրություն, որ իբր մեր միջնորդության համար (այն է՝ համապատասխան օրենքի 57 հոդվածի 2-րդ կետը նշում է, որ եթե հանձնաժողովի որոշումներից տուժում են անհատներ կամ իրավաբանական անձ, դիմում են հանձնաժողովի համապատասախան որոշումը վերանայելու խնդրանքով) հիմքեր չկան: Մենք այսօր ժողովրդի հետ եկել ենք, որ պարոն Նազարյանը հասկանա, որ հիմքը ժողովուրդն է, ժողովուրդը իր համար հիմք չի՞: Նախագահին էլ ենք ասում, որ պարոն Նազարյանի համար հավաքված ժողովուրդը հիմք չի: Եթե հանձնաժողովի որոշումը չվերանայվի, մենք պահանջում ենք Նազարյանի հրաժարականը»:

Հավաքվածները նաեւ նշում էին, որ ինտերնետ կապից հասարակության լայն շերտեր են օգտվում եւ հիմնականում՝ անապահով խավերը: Գումարները տեսուչները հավաքում են խոսելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում, եւ բավականին քիչ գումար է կազմում: Տեսուչները ասում էին. «Մեր ծառայության նման մատչելի ծառայություն տվյալ պահին երկրում չկա, եթե մեզ անջատեն, ժողովուրդը զրկվելու է մատչելի ինտերնետ հեռախոսակապից, իսկ մենք՝ աշխատատեղերից»: «Մենք եկել ենք խնդրելու, որ ՀՀ նախագահը պաշտպանի մեր իրավունքները. հիմա ինտերնետ հեռախոսակապը ուզում են փակել, ինչո՞ւ, դա մեզ համար էժան, հարմար, որակով եւ մատչելի կապ է»,- ասաց շարքային մի քաղաքացի, որ միացել էր բողոքողներին: «Զեբռա» ֆիրմայի ինտերնետ կապի տեսուչ Նոդար Խաչատրյանը ասաց. «Ես էս կառավարությունից ոչինչ չեմ ուզում, միայն թող չխանգարեն, թողնեն հանգիստ աշխատենք, մեր աշխատատեղից չզրկվենք, իրենք չեն ստեղծել՝ թող չխանգարեն»:

Հետաքրքիր էր, որ հավաքվածներ ը եկել էին բավականին պատրաստված, իրենց հետ շրջում էր համապատասխան մեքենա եւ մարդկանց ապահովում էր սուրճով, թեյով, ցուցապաստառների պակաս եւս չկար: Ամեն մանրուք մտածված էր, եւ ակամա զուգահեռները ինքնըստինքյան էին ստացվում՝ իսկ ինչո՞ւ ընդդիմադիր ուժերի բազմաթիվ ցույցեր այս իմաստով այդքան կազմակերպված չէին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել