Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովուրդը գիտի՝ ով ով է

Հունվար 31,2007 00:00

ՕԵԿ-ը պատասխանում է

Որպես կանոն, վերջին շրջանում Արթուր Բաղդասարյանի յուրաքանչյուր ելույթին կամ հանդիպմանը հաջորդում է որեւիցե սեւ PR, որեւիցե պատվիրված հրապարակում: Մարզային հանդիպումներից հետո այն շարունակվեց որոշ մարզային հեռուստաընկերություններով տարածված կանխավ պատրաստված պատվիրատուի նյութերով: Հիմա էլ դա արվում է որոշ թերթերի միջոցով: Մասնավորապես, բրիտանական հայտնի «Foreign Direct Investment» թերթի՝ Ա. Բաղդասարյանի հարցազրույցին հաջորդեց չարակամ մի արձագանք «Առավոտում», որի նպատակը Արթուր Բաղդասարյանի վարկաբեկումն էր՝ կապված վերջինիս միջազգային գործունեության հետ, որի նպատակն, ի վերջո, մեր երկրի ու ժողովրդի շահերի պաշտպանությանն է միտված: Փոխանակ ողջունելու՝ մարդիկ չարախոսում են, փոխանակ կարեւորելու՝ մեղադրում են, թե ինչու է Արթուր Բաղդասարյանը հարցազրույցներ տալիս եվրոպական թերթերին: Հիմա էլ «Երկիր Մեդիա»-ի ելույթից հետո «Առավոտ» օրաթերթում «Ովքեր են դժգոհ սեփականաշնորհումից» վերտառությամբ հրապարակումը, որը լի է կեղծիքներով, որոնց մասին մամուլում գրվել է եւ հերքվել է բազմիցս:

Հայտնի է, որ Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են հսկայական քանակի եւ որոշ դեպքերում ուղղակի խայտառակ սեփականաշնորհման գործարքներ, եւ ՕԵԿ-ը մշտապես եւ կոշտ քննադատել է այս երեւույթը: Միաժամանակ ուղղակի եւ ծիծաղելի, եւ դատապարտելի է Արթուր Բաղդասարյանին ինչ-որ տարածքներ սեփականաշնորհելը հասցեագրելու մոլուցքը ոչ միայն այն պարզ պատճառով, որ դա կեղծիք է, այլ նաեւ այն պատճառով, որ բոլոր հնարավոր եւ անհնար մեթոդներով դա տարբեր ատյանների կողմից ստուգվել է եւ պարզվել, որ այն չի համապատասխանում իրականությանը: Ավելին, նույն թեմաներով արդեն տարբեր թերթերում մի քանի անգամ հրապարակումներ եղել եւ հերքվել են, այնպես որ, թե մենք եւ թե հասարակությունը արդեն ձանձրացել է այս ամենից, «Օրինաց երկիր»-ը, սակայն, չի կարող չդատապարտել սեւ քարոզչության եւ քաղաքական դաշտում բարձր վարկանիշ ունեցող քաղաքական ուժերին եւ գործիչներին վարկաբեկելուն ուղղված հետեւողական քայլերը եւ հայտարարում է, որ ազգային սեփականության վատնմանը եւ թալանին ուղղված սեփականաշնորհման դեմ պայքարել է եւ շարունակելու է պայքարել հետեւողականորեն, ինչպես եւ նախկինում: Ավելին, հենց ՕԵԿ-ի եւ նրա նախագահ Արթուր Բաղդասարյանի հետեւողական ջանքերի եւ պայքարի արդյունքում էր, որ մեր երկրում օրենքի ուժով դադարեցվեց դպրոցների, մանկապարտեզների եւ գրադարանների սեփականաշնորհումը, մեր ժողովրդին հայտնի դարձավ, թե ովքեր են իրականում կանգնած այդ ամենի հետեւում, մի շարք գործեր ուղարկվեց իրավապահ մարմիններին:

Ակնհայտ է մի պարզ ճշմարտություն, որ այդ ժամանակ, երբ Արթուր Բաղդասարյանը իրավացիորեն քննադատում եւ պայքարում էր այս հակաժողովրդական գործընթացի դեմ, ոմանք լռում էին եւ դարանակալված սպասում պատեհ պահի իրենց պատվիրակատար յուրայինների միջոցով սեւ PR ակցիա կազմակերպել ՕԵԿ-ի եւ նրա նախագահ Արթուր Բաղդասարյանի դեմ: Չնայած՝ ինչքան էլ որ ոմանք փորձեն ապակողմնորոշել ժողովրդին, միեւնույն է, դա չի ստացվի, քանզի ժողովուրդը լավ գիտի՝ թե ով ով է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել