Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ ԱԱԾ ՓՈԽԳՆԴԱՊԵՏԸ

Հունվար 31,2007 00:00

Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում արդեն 10-րդ դռնփակ նիստն է ընթանում:

ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ մահափորձ կազմակերպելու եւ իրականացնելու մեղադրանքով ամբաստանվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնը (նույն ինքը՝ «Սերգեյ Իվանով») եւ մանկավարժ Սիլվա Ասատրյանը: Դատական նիստերը, մինչ դռնփակին անցնելը, մշտապես ընթացել են դատարկ դահլիճում, սակայն «Առավոտի» յուրաքանչյուր ռեպորտաժից հետո արտադատարանական գործընթաց է սկսվում՝ կապված Յուրի Վոլֆսոնի դատարանում արված յուրաքանչյուր միջնորդության, հայտարարության հետ:

ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն ամենավրդովվածներից է: Նա իր հարցազրույցներից մեկում («Իրավունք», թիվ 93, 2006թ.) ասել էր, թե Վոլֆսոնը Դավիթ Շահնազարյանի գնալուց հետո «դուրս է շպրտվել» ԱԱԾ-ից: Եվ որ «Վոլֆսոնը ռուսական զինվորական միավորման բեկորներից մեկն է»: Վոլֆսոնը մի քանի օր առաջ «Առավոտին» էր փոխանցել ՌԴ ռազմաբժշկական վարչության կողմից 2003թ. ապրիլի 13-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում որպես ԱԱԾ աշխատակից պետպատվերի շրջանակներում անվճար ստացիոնար բուժում ստանալու համար իրեն տրված ուղեգիրը:

Վոլֆսոնը «Առավոտին» ուղղված իր հերթական նամակում հարցնում է. «Արդյոք բոլոր «բեկորների՞ն» են անվճար բուժում: Ընդ որում, ոչ թե պարզապես բուժում, այլ երեք անգամ վիրահատում, ինչը պետության վրա շատ թանկ է նստում»: «ՌԴ հատուկ ծառայությունների գործունեության մեջ կարծես թե չի մտնում բարեգործությունը, այն էլ այնպիսինի նկատմամբ, ինչպիսին ես եմ, որ 10-11 տարի առաջ իրենց ասելով վռնդվել է համակարգից: Արդյոք վերոնշյալը չի՞ վկայում այն մասին, որ իմ մասին մնացած տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում»,- հարցնում է նախկին հետախույզը: Վոլֆսոնի հարցադրմամբ, եթե «իրականում վռնդվել եմ համակարգից, այդ դեպքում ինչպե՞ս է ինձ հաջողվել հավաքել այդ քանակությամբ «անօրինական» զենք, այն դեպքում, երբ դրա մեծ մասը հատուկ նշանակության է եղել եւ ոչ շատ առանձնահատուկ ստորաբաժանումներ կարող էին պարծենալ դրանց առկայությամբ»:

Նա «Առավոտին» տեղեկացրեց, որ մինչեւ 2005թ. Հայաստանի պետական ուժային կառույցներում նախապատրաստել եւ իրականացրել է հատուկ խմբերի եւ ստորաբաժանումների ռազմական ղեկավարությունը եւ դրանց կազմում մասնակցել Հայաստանի սահմանների մարտական գործողություններին:

Դատական դռնբաց նիստում Վոլֆսոնի կինը հայտարարել էր, թե ԱԱԾ-ում իրեն ու մորը ընդունել է ԱԱԾ նախկին նախարարը՝ Սերժ Սարգսյանը: «Եթե ես իսկապես 1995-ին վռնդվել էի ազգային անվտանգության ծառայություններից, ապա ինչո՞ւ 1997-ին, մինչ իմ ամուսնությունը, ապագա կնոջս ու նրա մորը ընդունել է ոչ այլ ոք, քան Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարը եւ իմ մասին տվել դրական բնութագիր»:

Մեր տեղեկություններով, Յուրի Վոլֆսոնը դռնփակ նիստի ժամանակ անդրադարձել է «Հետախույզ» օպերացիային: «Համարձակվում եմ հիշեցնել, որ ինձ ձերբակալել են 1993-ի ամռանը՝ մեր բոլորի «բարեկամ» Իրանի հետ պետական սահմանը անօրինական անցնելու համար: Իմ հագին եղել է ոչ թե «ռուս զինվորի կիրզովի սապոգներ եւ համազգեստի գլխարկ», այլ իսկական: Ուրիշի անուններով արտասահմանյան անձնագրեր՝ համապատասխան վիզայով եւ «հատուկ» զինամթերք, ինչպես նաեւ փաստաթղթեր՝ «հույժ գաղտնի» մակագրությամբ: Եվ այդժամ իմ հանձնման մասին Հայաստանի հետ փորձում էին համաձայնության գալ, ոչ ավել, ոչ պակաս՝ քան գեներալներ Անդրկովկասյան ռազմական օկրուգի ԳՌՈՒ ղեկավարությունից»:

Վոլֆսոնը պատրաստակամություն է հայտնել ներկայացնել իր հասցեին՝ հատուկ ծառայությունների կողմից հայտարարված «բազմաթիվ ստերի եւ դեզինֆորմացիայի օրինակներ»։ Ավարտելով իր «հեռակա զրույցը» «Առավոտի» հետ, ԱԱԾ փոխգնդապետն ասում է. «90-ականերին նույնիսկ սարսափելի երազում չէի կարող պատկերացնել այն, ինչ հիմա ինձ հետ կատարվում է, առավել եւս Ձեր երկրի ղեկավարության կողմից ինձ տրվող անվտանգության երաշխիքներից եւ Հայաստանի հանդեպ իմ մատուցած բոլոր ծառայություններից հետո: Բայց ես գիտեմ, որ ճշմարտությունը կհաղթանակի, եւ դա կլինի ոչ ուշ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031