Լրահոս
Օրվա լրահոսը

«Հումորը գռեհկացել է՝ ապերոիզմն է իշխում»

Հունվար 31,2007 00:00

Ասում է 60-ամյա դերասան, երգիծաբան եւ լրագրող Գարիկ Ղազարյանը

Ավագ եւ միջին սերնդի հեռուստադիտողները հիշում են 1969թ. ապրիլմեկյան «Միացրեք 13-րդ ալիքը» երգիծական հաղորդաշարը, ուր փայլեց Գ. Ղազարյանը՝ բրյուսովցի իր համակուրսեցիների հետ: Հաջողությունն ակնհայտ էր, եւ դրան հաջորդեց Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանի հրավերը: Դերասանը հարցազրույցի սկզբում ափսոսանք հայտնեց, որ ընդամենը 2 տարի է շփվել մեծանուն ռեժիսորի հետ, քանի որ նախընտրությունը տվել է հեռուստատեսությունում աշխատելուն: Այսօր էլ Գ. Ղազարյանը «Կենտրոն» հեռուստատեսությունում վարում է իր հեղինակային «Օթյակ» շարքը: Սերը բեմի նկատմամբ, սակայն, չի մարել: Ժամանակին դերասանին կարելի էր հաճախ հանդիպել հեռուստաթատրոնի ներկայացումներում ու երգիծական ծրագրերում (Եժի Կուրանդոտ՝ «Հետադարձ կապ», Ն. Էրդման՝ «Մանդատ», Ա. Քալանթարյան՝ «Իմ տունը քո տունն է» եւ այլ բեմադրություններում, «Մենք+մենք+միլիոն», «ABC», «Հումորի բանկ» եւ մյուս երգիծական ծրագրերում): Նա 10 տարի ղեկավարեց ռադիոյի «Երգիծական մանրապատումներ եւ հումոր» ծրագիրը եւ հենց Գ. Ղազարյանի շնորհիվ էր, որ ծրագիրը դուրս եկավ բեմ՝ շրջելով հանրապետության տարբեր մարզեր:

Տարիներ շարունակ մենք երգիծաբանին չենք հանդիպում հումորի երեկոներին, համերգներին: Ըստ պարոն Ղազարյանի՝ «հումորը շատ է գռեհկացել այսօր՝ «ապերոիզմն» է իշխում, լավագույն դեպքում բեմ եւ հեռուստաեթեր են դուրս պրծնում ծեծված, հնամաշ անեկդոտներ եւ, ի զարմանս ինձ, հանդիսատեսն էլ ծիծաղում է»: Եթե այս տեսանկյունից նայենք, արվեստագետը ինքը պետք է բարձրացնի հանդիսատեսի մակարդակը, այնինչ հենց ինքն է իջնում անճաշակ խավի մակարդակին: «Ախր ունենք այդ երգիծական ժանրի բարձրակարգ գրողներ՝ Պարոնյան, Օտյան, Կամսար, Քալանթարյան… դերասաններ՝ Խաչվանքյան, Էլբակյան, Խոստիկյան, Երիցյան, Քոթանջյան…»,- նշեց Ղազարյանը:

Հարցին, թե ի՞նչ պետք է արվի, որպեսզի հայկական հումորը գոնե խորհրդային տարիների մակարդակին հասցվի, մանավանդ այսօր էլ մոսկովյան տարբեր հեռուստաալիքներ հումորային ծրագրերում ընդգրկում են հայկական ռադիոյի մանրապատումները, երգիծաբանը պատասխանեց. «Այս գործում կարեւոր է TV-ների աշխատանքը: Վերջիններս այսօր ողողված են հիմնականում ագրեսիվ ֆիլմերով եւ հաղորդաշարերով: Տեխնիկայի այս դարում, երբ երեխան չի կտրվում ինտերնետից, գոնե հեռուստատեսությունները պետք է հոգ տանեն նրանց մասին, ցուցադրելով գրագետ հումոր, այդ թվում՝ մանկական: Եվ եթե այսօր այդ դաշտում ոչինչ չկա, մնում է մեկ բան՝ վերադառնալ խորհրդային տարիների հումորին, բայց այն մատուցել վարպետորեն ու նորովի»: Անդրադարձ եղավ նաեւ արվեստագետների կուսակցականացվելուն, ինչի շնորհիվ լուծվում են շատ խնդիրներ, այդ թվում՝ մասնագիտական: Այս առիթով էլ Գարիկ Ղազարյանը պատասխանեց. «Ես միշտ եղել եմ անկուսակցական: Իմ կուսակցությունը անուն-ազգանունս է: Մեր օրերի համար ամպագոռգոռ կամ միամիտ թող չհնչի, որ ասեմ՝ արվեստագետը պետք է ազատ ու անկախ լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031