Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱԴՐՎԵՑԻՆ «ԱՄ»-Ն ԵՎ «ԻՄՊԻՉՄԵՆԹԸ»

Փետրվար 28,2007 00:00

\"\"Երեկ ԿԸՀ-ում առաջիկա խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցության հայտ են ներկայացրել մեկ դաշինք եւ մեկ կուսակցություն:

Առաջին հայտը ստացվել է «Իմպիչմենթ» դաշինքի կողմից: Ու թեեւ սպասվում էր, որ այդ դաշինքը պատկառելի կազմ է ունենալու եւ ներառելու է առնվազն մի քանի ընդդիմադիր եւ աջ-ազատական կուսակցություններ, այդուհանդերձ, պարզ դարձավ, որ այդ դաշինքը ներկայացնում են Պետրոս Մակեյանի գլխավորած «Ժողովրդավարական Հայրենիք» եւ Միքայել Հայրապետյանի ղեկավարած «Պահպանողական» կուսակցությունները: Համապատասխան փաստաթղթերը ԿԸՀ-ին ներկայացնելու համար Պ. Մակեյանի հետ միասին ընտրական հանձնաժողով էր եկել նաեւ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Մաթեւոսյանը: Սա նշանակում է, որ եռօրյա ժամկետում այս դաշինքի գրանցման դեպքում «Իմպիչմենթի» ներկայացնելիք համամասնական ցուցակում անկասկած լինելու են նաեւ «Այլընտրանքի» անդամներ: Ի պատասխան «Առավոտի» այն հարցադրմանը, թե ինչո՞ւ է «Իմպիչմենթը» ներկայացնում միայն երկու կուսակցություն՝ Պ. Մակեյանը խոստովանել է, որ ընդդիմադիր մյուս ուժերն իրենց անելիքն ու ընտրություններին մասնակցության ձեւաչափը դեռ չեն որոշել: Հիշեցնենք, որ, ըստ գործող կարգի, գրանցման հայտ ներկայացնելուց հետո դաշինքի ներկայացրած փաստաթղթերում ամրագրված քաղաքական ուժերից զատ այլ քաղաքական ուժեր չեն կարող ներգրավվել, բայց համամասնական ցուցակը կարող է ներառել նաեւ այլ կուսակցությունների անդամների:

Մյուս ընդդիմադիր ուժերն առայժմ խորհրդակցում են։ ԱԺՄ-ն, որն արդեն երկրորդ օրն էր, ինչ իր վարչության նիստում քննարկում էր ընտրություններին մասնակցել-չմասնակցելու կամ մասնակցելու դեպքում հնարավոր ձեւաչափին առնչվող հարցը, առայժմ որեւէ որոշում չէր ընդունել: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն «Առավոտին» փոխանցեց, որ կուսակցության վարչության նիստը շարունակվելու է նաեւ այսօր: Երեկ ուշ երեկոյան գրեթե նույն հարցի շուրջ քննարկումներ է եղել նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նիստում: Հիշեցնենք, որ այս կուսակցությունը մտադրություն ունի ընդդիմադիր ավելի լայն ճակատով ընտրությունների գնալու իր առաջարկած տարբերակի տապալման դեպքում դաշինք կազմել ԱԺՄ-ի եւ ՀՀՇ-ի հետ: Այդ հարցի շուրջ հիշյալ կուսակցությունները, մեր տեղեկություններով, ակտիվ բանակցություններ են վարում:

Քաղաքական մյուս ուժը, որը երեկ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել եւ դիմել է գրանցում ստանալու համար, «Ազգային միաբանություն» կուսակցությունն է: Այդ կուսակցությունը վաղօրոք հայտարարել էր, որ ընտրությունների գնալու է առանձին՝ առանց միավորումների ու դաշինքների եւ «իմպիչմենթի» միասնական համամասնական ցուցակի:

Խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով մասնակցել ցանկացողների կողմից հայտերը անհամեմատ ավելի շատ էին: Այսպես, արդեն հայտնի է, որ Երեւանում Աջափնյակի թիվ 6 ընտրատարածքում քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվելու է Աջափնյակի նախկին թաղապետ, անկուսակցական Պարույր Կարապետյանը՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ: Հիշեցնենք, որ նա 1999-2003թթ. գումարման ԱԺ պատգամավոր էր: 2003-ին նա մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր նույն համայնքի թիվ 9 ընտրատարածքում եւ պարտություն էր կրել: Այն ժամանակ այդ ընտրատարածքից ԱԺ պատգամավոր էր ընտրվել Մանվել Նազարյանը:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 7 ընտրատարածքում քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրման հայտ է ներկայացրել ԱԺ անկուսակցական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը: Սպասվում է, որ այս ընտրատարածքում կառաջադրվի նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը:

Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում երեկ երկրորդ թեկնածուի առաջադրում է եղել: Այս ընտրատարածքում ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանի թեկնածությունն առաջադրել է նրա գլխավորած Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը, թեեւ, մեր ունեցած տեղեկություններով, նա վայելում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակցությունը: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում նախօրեին առաջադրվել էր գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Աշտարակի թիվ 14 ընտրատարածքում երեկ առաջադրման հայտ է ներկայացրել ԱԺ անկուսակցական պատգամավոր, «Ժողպատգամավոր» խմբի անդամ Լյովա Խաչատրյանը: Ու թեեւ քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվելու համար 50 ստորագրություն էր անհրաժեշտ, այդուհանդերձ, նա «Առավոտին» հայտնեց, որ ընտրատարածքի 58 համայնքապետերից 54-ն իր նախաձեռնող խմբի անդամ է, եւ իր առաջադրման օգտին է ստորագրել նաեւ Ապարանի եւ Արագածի հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների գերակշիռ մասը: Պրն Խաչատրյանի առաջադրումից մեկ օր առաջ հայտ էր ներկայացրել նաեւ «Աշտարակի հիվանդանոց» ՓԲԸ-ի բժիշկ, անկուսակցական Գագիկ Օհանյանը:

Թալինի թիվ 15 ընտրատարածքում քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվելու համար դիմել է Թալինի քաղաքապետ, անկուսակցական Մնացական Մնացականյանը: Նա այս ընտրատարածքում առայժմ միակ թեկնածուն է:

Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքում երեկ առաջադրման միանգամից երկու հայտ է ներկայացվել: Մեկը, ինչպես եւ սպասվում էր, քաղաքացիական նախաձեռնությամբ ներկայացրել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Միքայել Վարդանյանը՝ «Գրանդ հոլդինգի» սեփականատեր Հրանտ Վարդանյանի որդին: Առաջադրված մյուս թեկնածուն ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման ՀՀ որակի տեսչության Տավուշի մարզային վերահսկողության բաժնի պետ Կարեն Ալթունյանն է: Ու թեեւ նա ներկայացնում է «Հանրապետական» կուսակցությունը, այդուհանդերձ, առաջադրվել է քաղաքացիական նախաձեռնությամբ: Ասել է թե՝ իշխանական կուսակցություններն, այնուամենայնիվ, որոշել են մեծամասնական ընտրատարածքներում իրար ոտք չտրորել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել