Լրահոս
Օրվա լրահոսը

«ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԴՈՒՌԸ ՔԱՑՈՎ ԵՄ ԲԱՑՈՒՄ»

Փետրվար 28,2007 00:00

Ըստ Լոռու մարզի Քարկոպ համայնքի ավագանու անդամների՝ այսպես է արտահայտվում իրենց գյուղապետ Կամո Ռամազյանը, երբ որեւէ մեկը համարձակվում է դժգոհել իր աշխատանքից:

Քարկոպում լարված մթնոլորտ է, գյուղացիները պահանջում են գյուղապետի հրաժարականը, ավագանին հրաժարվում է աշխատել նրա հետ եւ դիմել են Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին՝ պահանջելով գյուղպետի նկատմամբ անվստահություն հայտնել: Դրա պատճառը գյուղացիները համարում են գյուղապետի կամայականություններն ու անգործությունը: Քարկոպցիների պատմելով, գյուղապետարանից մի տեղեկանք վերցնելը բյուրոկրատական քաշքշուկի առիթ է տալիս, Կամո Ռամազյանը փակել է գյուղի ակումբը, հարուստ գրադարանը եւ, բանալիներն իր ընտանիքի անդամների ձեռքում պահելով, գիրք տալիս է միայն իրենց հաճո մարդկանց, բուժկետը ղեկավարում է գյուղապետի մայրը եւ հրաժարվում է գյուղացիներին որեւէ բանով օգնել, սոցիալական նպաստները արդար չեն բաշխվում, խիստ կարիքավորները դուրս են մնացել նպաստառուների ցուցակից, իսկ իր մտերիմներին գյուղապետն անձամբ է մեքենայով տանում Ալավերդի եւ հարցերը լուծում: Գյուղացիների սեփականությունը հանդիսացող հողերը ապօրինի կերպով վաճառում են՝ առանց տերերին տեղյակ պահելու: Գյուղում մինչ այսօր ջուր չկա: Այս եւ շատ այլ խնդիրներ քարկոպցիներին ստիպել են պահանջել իրենց համայնքի ղեկավարի հրաժարականը: «Առավոտի» հարցին՝ եթե այդքան դժգոհ են, ապա ինչու են երկրորդ անգամ ընտրել Ռամազյանին, գյուղացիները զայրացած պատասխանեցին.

«Ո՞վ է նրան ընտրել կամ ո՞վ էր հաշվի առնում մեր ընտրել-չընտրելը: Դրսից անծանոթ մարդիկ եկան, որոնց երբեք չէինք տեսել գյուղում, ասում էին՝ ալավերդցիներ են, «եկան, ընտրեցին, գնացին»:

Գյուղացիները հավաստում են, որ իրենց դժգոհություններին ի պատասխան, գյուղապետը սպառնացել է իրենց վրա քրեական գործ հարուցել եւ պնդել, որ ինքն անելու է այն՝ ինչ ուզում է: Իսկ «Առավոտի» մյուս հարցին, թե ինչու հենց հիմա են բոլորն սկսել ակտիվորեն բողոքել Ռամազյանի դեմ, գյուղացիներն ու ավագանու անդամները չթաքցրին, որ դա կապված է Լոռու մարզպետի փոփոխության հետ, քանի որ գյուղապետի «տանիքը» եղել է նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը: Գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Կարինե Լուարսաբյանն էլ ասաց. «Միշտ ասում էր, որ ինքը վերեւներում պրոբլեմ չունի, Քոչինյանի դուռը քացով է բացել, իր դեմ ոչ ոք ոչինչ չի կարող անել: Դե, դրա համար էլ մենք ավելորդ էինք համարում որեւէ մեկին բողոքելը: Մարզպետի փոփոխության հետ մենք հույսեր ենք փայփայում, միգուցե մեզ վերջապես հասկանան»:

Ավագանու անդամ Լիանա Անանյանը նույնպես արտահայտելով իր դժգոհությունը՝ ասաց, որ ավագանին գյուղապետի կողմից միշտ արժանացել է արհամարհական վերաբերմունքի, առանց իրենց ներկայության նիստեր են գումարվել, անհայտ ու անհասկանալի որոշումներ կայացվել: Երբ ավագանին հրաժարվել է բյուջեն հաստատել, Ռամազյանն ասել է. «Մի հաստատեք, կառավարությունը կհաստատի»: «Այդ դեպքում ինչի՞ համար է ավագանին»,- զարմանում է Լ. Անանյանը: Գյուղապետից դժգոհ է նաեւ ավագանու անդամ Կամո Օհանյանը. «Առանց ավագանու իմացության՝ ինչ-որ ծրագրեր է ներկայացրել կառավարություն, թե իբր այս ու այն աշխատանքներն ենք կատարել, այսքան գումար ենք ծախսել, բայց բոլորը՝ կեղծ, մենք ոչնչից տեղյակ չենք եւ ոչ մի աշխատանք չենք տեսնում: 100.000 դրամ դուրս է գրել իբր գրենական պիտույքների համար, ասում է՝ ծախսել եմ 22 հազար, հարցնում ենք, թե 78 հազարը ո՞ւր է, ասում է՝ ձեր գործը չի: Ընդամենը երեք աշխատող ունեցող գյուղապետարանի ծախսերի մեջ հսկայական գումարներ է ներկայացնում: Ավերակ գյուղապետարանում աշխատանքային տարրական պայմանններ չկան, վառարան չկա, այն միայն մարզպետարանից հանձնաժողով գալու օրն էր դրվել, բայց ներկայացնում է վառելիքի 500 հազար դրամի ծախս: 100 հազար դրամ՝ իբր գյուղապետարանի հոսանքի վճար, այն դեպքում, երբ անգամ էլեկտրական հաշվիչ չունենք: Հեռախոս չունեցող հիմնարկի վրա ներկայացվում է 250 հազար դրամի հեռախոսավարձ»:

Պարզաբանումների համար դիմեցինք Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին՝ մասնավորապես հետաքրքրվելով՝ «դուք նույնպե՞ս, Հենրիկ Քոչինյանի նման, պաշտպանելու եք գյուղապետին, հաշվի առնելով նրա Հանրապետական կուսակցության անդամ լինելու հանգամանքը»: «Ես չեմ կարծում, թե Հենրիկ Քոչինյանը որեւէ անբան գյուղապետի հովանավորած լինի: Զգում եմ, որ բողոքավորների մոտ էլ շատ բան անձնավորված է եւ բխում է սեփական շահերից՝ մեկի եղբայրը եղել է գյուղապետին մրցակից թեկնածու, մյուսները դիմել են այս կամ այն խնդրանքով եւ մերժվել: Բայց գյուղապետն էլ անմեղ չէ: Վերջին խորհրդակցության ժամանակ առաջարկել եմ մեկ անգամ եւս քննարկել հարաբերությունները, իսկ եթե տեսնենք, որ ավագանու հետ համատեղ աշխատանքը չի ստացվում եւ ժողովուրդը նույնպես դեմ է ղեկավարին, մեր կողմից քայլեր կձեռնարկվեն անվստահություն հայտնելու ուղղությամբ: Գյուղապետը հանրապետական է, բայց դա նրան ոչ մի արտոնություն չի տալիս չաշխատելու: Ընդհակառակը, ես հանրապետականների նկատմամբ ավելի խստապահանջ եմ եւ թեկուզ ինքս ինձ համար դժվարություններ չեմ ցանկանա ստեղծել, որ պատահական, չաշխատող մարդը դառնա եւ մնա համայնքի ղեկավար, չէ՞ որ նրա աշխատանքից եթե հաճախ գալիս են դժգոհություններ, դա գլխացավանք է դառնում ինձ համար: Հարցը դեռեւս կուսումնասիրվի: Ամեն դեպքում ցանկալի չէ նաեւ, ԱԺ ընտրություններից առաջ, մարզում համայնքապետի ընտրության անցկացումը: Դա լրացուցիչ լարվածություն կարող է ստեղծել գյուղում»,- ասաց Ա. Քոչարյանը:

Իսկ քարկոպցիները մինչեւ գարուն սպասելու ցանկություն չունեն եւ պատրաստ են նման ղեկավար ունենալու դեպքում ընտրությունների ժամանակ աշխատել ընդդեմ ՀՀԿ-ի, ինչպես նաեւ ցույցեր կազմակերպել Կառավարության շենքի առջեւ, անգամ՝ փակել գյուղի միջով անցնող երկաթգծի ճամփան:

Քանի որ «Առավոտի» այցելության օրը գյուղապետը տեղում չէր, մենք փորձեցիք հեռախոսով զրուցել նրա հետ, սակայն, ինչպես արդեն նշվեց, գյուղապետարանում հեռախոս չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել