Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ

Մարտ 30,2007 00:00

\"\"Տարեց կինն իր հետ գաղտնիքը տարավ

Այս տարվա հունվարի 2-ին իր տանը՝ Ռոստովյան 27/72 բնակարանում, մահացավ 70-ն անց Աիդա Սարգսյանը: Տարեց կնոջ դեմքին առկա էին կապտուկներ: Հասկանալի էր, որ առաջ քաշվեց նախնական վարկած. այն է՝ կնոջ նկատմամբ կատարվել է բռնություն, եւ նա մահացել է ոչ իր բնական մահով:

Կինն ուներ 30-ն անց որդի՝ Օդիսեյ Մուստիդի: Վերջինս մարտի 15-ից գտնվում է Նուբարաշենի հոգեբուժարանի 8-րդ բաժնում: Նա ապրել է մոր հետ եւ մինչեւ երեկ տեղյակ չէր նրա հետ պատահածին:

Աիդա Սարգսյանի ամուսինը՝ Կոստանդին Մուստիդին, Հունաստանի քաղաքացի է։ Նա այնտեղ է եղել անձնագրերը փոխելու հետ կապված եւ չի կարողացել մասնակցել կնոջ հուղարկավորությանը: Կոնստանդինը օրերս է եկել Հայաստան: Կնոջ թաղումն ու քառասունքը կազմակերպել են ազգականներն ու Սարգսյանի մեծ որդու կնոջ քույրը՝ Անուշ Վարդանյանը:

«Առավոտի» տեղեկություններով, քննությունը վարում է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ոստիկանությունը՝ քննիչ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ: Նա մարտի 28-ին Օդիսեյի համար նշանակել էր դատահոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն, որին, ըստ էության, կասկածում է սպանության մեջ, բայց, քննչական տարածված «խորամանկությունների» ոգով, Օդիսեյին տվել է վկայի կարգավիճակ:

Օդիսեյն ունի ներկայացուցիչ՝ փաստաբանների պալատի անդամ Արմեն Մանուկյանը, որին, սակայն, քննիչն արգելել է մասնակցել նախորդ օրը նշանակված դատահոգեբուժական փորձաքննությանը: Ըստ Քրեադատավարության օրենսգրքի, վկան իրավունք ունի ստանալ իրավաբանական օգնություն, ունենալ փաստաբան, որն էլ կարող է մասնակցել քննչական գործողություններին: Սակայն օրենքով նախատեսված քննչական գործողությունների վայր է համարվում քննիչի մոտ կատարվածը, իսկ, օրինակ, բժիշկների մոտ անցկացվող գործողությունը քննչական «տարածք» չի դիտվել: Բնականաբար, փաստաբանի անհանգստությունը հիմնավոր է. վկա-վստահորդի նկատմամբ իր բացակայությամբ կատարվող գործողությունը օրենքի բացն է:

Այս զարմանալի մահվան հետ կապված շրջանառվում է մեկ այլ վարկած էլ. կնոջ նկատմամբ բռնություն կատարվել է դրսում: Ինչ-որ մեկը նրան փողոցում ծեծել է՝ ձեռքից խլելով բանալիները: Տան տեղազննության ժամանակ նրա բնակարանում եւ պայուսակում չեն հայտնաբերվել տան բանալիները: Հայտնի է, որ կինը հաճախ դուրս է եկել գնումների, իսկ որդին էլ նրան մշտապես զգուշացրել է. լինել զգույշ՝ ավտոմեքենաներից, անցումներից:

Մեր տեղեկություններով, Աիդա Սարգսյանը հայտնաբերվել է սենյակի բազմոցին պառկած: Նա դեռ մահացած չի եղել: Ըստ ազգականուհի Ա. Վարդանյանի՝ տարեց կնոջ դեմքը պատված է եղել կապտուկներով։ Նա կանչել է շտապօգնություն, կնոջը տեղափոխել են ննջասենյակ: Նա չի կարողացել ոչինչ ասել, եղել է թույլ: Սակայն օգնություն ցույց տալուց հետո շտապօգնությունը գնացել է: Չանցած մի քանի օր՝ կինն այդպես էլ ոչինչ չասելով մահանում է՝ իր հետ տանելով կատարվածի գաղտնիքը:

Երեկ փաստաբան Արմեն Մանուկյանից փորձեցինք ճշտել՝ իր վստահորդի հետ հանդիպե՞լ է, թե՞ ոչ: Փաստաբանը հանդիպել էր Օդիսեյին, սակայն, ըստ Ա. Մանուկյանի, իր վստահորդը «չի ընկալում, թե ինչի մասին է խոսքը»: Մինչ Նուբարաշենի հոգեբուժարանը՝ Օդիսեյը հաշվառված է եղել հոգեբուժական այլ հաստատությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031