Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեւորականի խոհերն՝ առ երկիր ու երկինք

Մարտ 30,2007 00:00

\"\"Մի՛ թողեք, որ մարի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու Լուսավորչի կանթեղը

Բոլոր մեծ ու փոքր ազգերն ունեն իրենց հավատքն ու հավատքի տունը, որը միակ ճշմարիտ կապն է երկնքի ու երկրի միջեւ: Երկնավոր տունը կենդանի տաճար է, ուր հավատավոր մարդն առ Տեր է հղում իր աղոթքը, իր խնդրանքը, իր բողոքը: Աստծու տունը չի՛ կարող, երբեք չի՛ կարող Կոթողի վերածվել, զբոսաշրջիկների մի խառնամբոխի այցելավայր դառնալ: Խոսքս Արեւմտյան Հայաստանում առայսօր թաց աչքերով իր հավատացյալներին սպասող Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու ճակատագրի մասին է: Դարեր շարունակ բարբարոս եւ արյունարբու ցեղերն ավերել ու դարերի փոշով են պատել մեր հոյակապ կոթողներն ու Աստծու տները, իսկ շատ դեպքերում էլ հիմնովին ոչնչացրել դրանք: Այժմ Սուրբ Խաչ եկեղեցին վերանորոգումից հետո Թուրքիայի վայ իշխանավորների «բարեհոգի» վերաբերմունքի արդյունքում համաշխարհային հանրությանը ներկայացվում է որպես կոթող եւ ոչ թե գործող հայկական եկեղեցի եւ, ամենակարեւորն ու ցավալին՝ առանց խաչի տեղադրման:

Քրիստոնեության քրիստոնեական հիմքն ու խորհրդանիշը խաչն է, Երկնավոր հոր, Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի՝ մեր մեղքերի համար խաչափայտին խաչվելու եւ համբարձվելու սրբագույն խորհուրդը:

Եթե այսօր մենք արտաքին ուրախություն ենք ապրում մի բարբարոս ցեղի սատանայական «բարեգործությունից» եւ խոնարհություն դրսեւորում մեր Աստծու տան նկատմամբ, ապա վաղը մեր նախնիների երկրի բոլոր եկեղեցիների ու հուշակոթողների լուսանկարներով ենք միայն մխիթարվելու ու հիշելու:

Փրկության խաչն է սպանվում, Քրիստոսի թափած արյունը ջուր են դարձնում եւ ցանկանում են Տիրոջ տան լույսը խավարեցնել:

Այսպես լռելյայն վերաբերվեցինք մեր հոգեւոր մասունքների ոչնչացմանը, մորթվող գառան պես պատրաստ ենք զոհվելու. ոչ մի գործնական քայլ, ոչ մի ահազանգ՝ անցյալի մեր թանկ մասունքները փրկելու սատանայի ճիրաններից:

Սիրելի հավատավոր ժողովուրդ, տեր կանգնենք աշխարհիկ սատանայական արհավիրքներին զոհ գնացող մեր հոգեւոր արժեքներին, քանզի ժամանակը կարճ է, Ամենազորեղի դատաստանը՝ մեծ ու անկանխատեսելի:

Չթողնենք, որ մարի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու Լուսավորչի կանթեղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել