Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ՄԹՆՈԼՈՐՏՆ ԷԼԻ ՇԻԿԱՑԱԾ Է

Ապրիլ 30,2007 00:00

Ապրիլի 26-ին Վանաձորում սպանվել է պատգամավորության թեկնածուներից մեկի թիմակիցը

ՀՀ գլխավոր դատախ

ազության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, ապրիլի 26-ին, ժամը 21:45-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի եւ ազդրի մասերում կտրող-ծակող գործիքից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Հրանտ Հակոբյանը, ով 1982 թվականից հաշվառված է դիսպանսերում՝ էպիլեպսիա, գեներալիզացված նոպաներով ախտորոշմամբ: Հ. Հակոբյանն ի վիճակի չի եղել հայտարարություն տալու եւ ապրիլի 27-ի գիշերը հիվանդանոցում մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ «սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը», հատկանիշներով: Իրավապահներն առայժմ մեղավոր անձանց չեն հայտնաբերել եւ դեպքի բոլոր հանգամանքները չեն պարզել:

Արդեն սովորական դարձած հանցագործություններից այս մեկը արդեն նախադեպերի առկայության, թե սովորույթի համաձայն, երեկ արդեն էլեկտրոնային ԶԼՄ-ներից մեկ-երկուսը դիտարկեցին խորհրդարանական ընտրությունների եւ Վանաձորում առաջադրված երկու ԱԺ պատգամավորության թեկնածուների՝ Վահրամ Բաղդասարյանի եւ Վիկտոր Դալլաքյանի լարված մրցակցության համատեքստում, թեեւ այլ աղբյուրներ փաստում են, որ միջադեպը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա:

«Առավոտի» տեղեկություններով, սպանված Հ. Հակոբյանը ստացել էր դանակի 10 հարված. թե ո՞վ էր հարվածել՝ Գլխավոր դատախազությունը չի պարզաբանել, թեեւ Վանաձորի մեր աղբյուրների ասելով, Հ. Հակոբյանի եւ մի քանի՝ դեռեւս չպարզված անձանց միջեւ «ռազբորկան» սկսվել է Վ. Բաղդասարյանի՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ, որն այնուհետեւ շարունակվել է քաղաքի ռեստորաններից մեկում, իսկ ավելի ճիշտ՝ բիլիարդանոցի հատվածում: Վեճի վերջին ակորդը տեղի է ունեցել «Թեժ լեռի» տարածքում, որտեղ, ըստ «Ա1+»-ի աղբյուրների, Հ. Հակոբյանին տարել են Վ. Բաղդասարյանի թիկնապահները եւ հենց նրանք էլ սպանել են: Մեր տեղեկություններով, տեղանքի զննության ժամանակ իրավապահները հայտնաբերել եւ առգրավել են հինգ հատ 9մմ տրամաչափի ատրճանակի փամփշտակալի պարկուճներ եւ 2 հատ նույն տրամաչափի փամփշտակալի գնդիկներ, ինչպես նաեւ դանակի շեղբի կոտրված ծայր եւ արյան հետքեր:

Լուրերի համաձայն, սպանություն կատարողը Վահրամ Բաղդասարյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, Վանաձոր քաղաքի ավագանու անդամ Սամվել Դիլոյանն է եղել, որին Հ. Հակոբյանը մինչեւ դանակահարությունը հասցրել է հրազենային վնասվածքներ հասցնել: Ս. Դիլոյանն, ասում են, հիմա հիվանդանոցում է:

Մենք կատարվածի եւ շրջանառվող տեղեկությունների մասին մեկնաբանություններ խնդրեցինք Վ. Բաղդասարյանից: Վերջինս հետեւյալն ասաց. «Նախ, ես ամբողջ կյանքում թիկնապահներ չեմ ունեցել, եւ դրա մասին գիտեն բոլորը: Ամոթ է եւ անբարոյական, որ ոմանք մարդկանց դիակի վրա դիվիդենդներ են հավաքում: Հրանտոն եղել է Վարդանանց 56 շենքում իմ պատասխանատուն, իմ ընտրողը եւ իմ նախընտրական շտաբի անդամը: Թե կենցաղային ի՞նչ խնդիրներ են եղել՝ ես տեղյակ չեմ եւ դեռ բավարար տեղեկություններ չունեմ պարզաբանումներ տալու համար: Անհարմար է, մարդիկ նման դեպքում պետք է ձեռնպահ մնան գնահատականներ տալուց եւ դրանից դիվիդենդներ քաղելուց ու փոխարենը պետք է դատապարտեն նման երեւույթները»: Վ. Բաղդասարյանն ասաց, որ կատարվածն ընտրությունների հետ բացարձակապես որեւէ կապ չունի: Թե ո՞վ է սպանել եւ կամ ո՞վ է հրազենային վնասվածքներ ստացել՝ նա տեղյակ չէր: Մեր այն հարցին, թե ո՞վ է ավագանու անդամ Ս. Դիլոյանը՝ Վ. Բաղդասարյանը պատասխանեց՝ «կա նման անդամ, բայց պետք է ճշտել, թե ովքեր են ներգրավված եղել այդ վեճում»: Իսկ ահա Վ. Դալլաքյանը փաստեց, որ Ս. Դիլոյանը «Բաղդասարյան Վահրամի նախաձեռնող խմբի անդամ է եւ նրա շտաբի ներկայացուցիչ»: Նա նաեւ հավելեց, որ դեպքի մասին տեղյակ է խոսակցությունների մակարդակով. «Ասում էին, որ նախընտրական հանդիպումից հետո «ռազբորկա» է եղել, բայց մանրամասներին չեմ տիրապետում եւ կարծում եմ, որ իրավապահ մարմինները պետք է դրանով զբաղվեն»: Թե որքանով է դա առնչվում ընտրություններին՝ Վ. Դալլաքյանը դժվարացավ ասել՝ ձեռնպահ մնալով մեկնաբանություն անելուց:

Որ Վանաձորում ընտրական կրքերը շիկացել էին դեռ մինչեւ այս դեպքը՝ վկայում են նաեւ մեր աղբյուրները՝ օրինակ բերելով Վ. Բաղդասարյանին պատկանող «ՄԻԳ» եւ «ՎաԲա» հեռուստաընկերությունների եթերներում Վ. Դալլաքյանի վրա դրված տաբուն: Վանաձորցիների ասելով, այդ հեռուստաընկերություններով ամբողջ օրը գովազդվում է միայն Վ. Բաղդասարյանը, թեեւ «ՄԻԳ»-ի տնօրեն Սամվել Հարությունյանն էլ իր հերթին էր հանդես գալիս ելույթներով եւ բողոքում, որ Վ. Դալլաքյանը լրագրողներին թույլ չի տալիս մասնակցել իր քարոզարշավին, ինչը «ԶԼՄ-ների մասին» օրենքի խախտում է: Ի պատասխան՝ Վ. Դալլաքյանն ասաց, թե ինքը թույլ չի տալիս այն պարզ պատճառով, որ այդ թիվիների օպերատորներն իր հանդիպումներին ներկա մարդկանց նկարահանում, հետո նրանց կանչում են, սպառնում ու վախեցնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30