Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՐ ԸՆՏՐԵՆՔ, ԼԱՎ ԿԼԻՆԻ՞»

Ապրիլ 30,2007 00:00

\"\"Գեղարքունիքում ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների ժամանակ բնակիչներին հուզում էին բացառապես սոցիալական խնդիրներ:

Երեկ Հանրապետական կուսակցությունը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել էր Գեղարքունիքի մարզ: Քարոզարշավի ընթացքում նրան էին միացել այդ մարզում մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ից առաջադրված Տիգրան Արզաքանցյանը, Մելիք Գասպարյանը եւ Հրանուշ Հակոբյանը, որը ՀՀԿ համամասնական ցուցակում է: Հանրապետականների առաջին կանգառը Վարդենիսն էր: Այստեղ անգամ երեխաներին էր պատասխանատու գործ բաժին ընկել: Նրանք մի ժամ շարունակ թափահարում էին ՀՀԿ-ի «լոգոյով» դրոշակները: Մելիք Գասպարյանը իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն ցուցաբերած վստահության համար, հավաքված բազմությանը խնդրեց մեկ անգամ եւս իրեն հավատալ ու իրենց ձայնը տալ ՀՀԿ-ին: Հիշեցնենք, որ նախորդ ընտրությունների ժամանակ նա ներկայացել էր որպես անկուսակցական, իսկ իր՝ ՀՀԿ-ին անդամակցելը պատճառաբանեց այսպես. «Այդ կուսակցությունը մեր երկրի համար շատ բան է արել, միշտ էլ ձեզ օգտակար լինելու համար ես նրանց եմ դիմել»: Պարոն Սարգսյանն էլ վարդենիսցիներին հավաստիացրեց, որ գյուղական համայնքներն ամենեւին էլ կառավարության կողմից մոռացության մատնված չեն. «Մենք Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի հետ վերանորոգելու ենք քարուքանդ ճանապարհները, բացի այդ, մեծ հեկտարներով հող ունեցող գյուղացուն ամեն հեկտարի դիմաց տրամադրելու ենք 35 հազարական դրամ, որպեսզի նա այդ գումարներով կարողանա իր հողը մշակել: Այս ներդրումները իրականացնողները մեր առջեւ պայման են դնում՝ իրենց տրամադրած վարկերը նպատակային օգտագործել: Կարծում եմ՝ ճիշտ է նման պայմանով աշխատելը, մենք էլ պիտի նպատակային ծախսենք. եթե այդպես աշխատենք, մեծ հաջողությունների կհասնենք: Մենք ձեզ էլ ենք խնդրում պայմանով ընտրություն կատարել, եւ եթե մի կողմը իր խոստացածը չկատարի՝ մեղավոր ճանաչվի»:

Չնայած, որ ներկաներից շատերն էին ուզում վարչապետին հարցեր տալ, բայց նա ելույթն ավարտելով՝ անմիջապես հեռացավ, մի քանի հոգի վազեցին նրա ետեւից, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին մոտենալ: 78-ամյա Անդրանիկ Ղազարյանն էլ իր խնդիրների մասին բարձրաձայն պատմում էր, սակայն նրան լսող չկար: Վարչապետի թիկնապահները Ա. Ղազարյանին զգուշացրեցին, որ իր խնդրանքը պետք է նամակով ներկայացնի: Ա. Ղազարյանը «Առավոտին» պատմեց, որ փախստական է, երբ եկել է Հայաստան, նրան մի վթարային շենքում բնակարան են հատկացրել, որն էլ երկու տարի առաջ փուլ է եկել: Այժմ նա անօթեւան է:

Սերժ Սարգսյանի հաջորդ հանդիպումը Վարդենիկ գյուղում էր: Այստեղ էլ Ս. Սարգսյանին, նախքան ելույթը, կանգնեցրեց 74-ամյա Հասմիկ Մելոյանը՝ բողոքելով, որ 10 երեխաների մայր է, նրա որդիներից 5-ը ծառայել են ազգային բանակում ու մեկն էլ զոհվել է. «Զոհված որդուս կինն ու երեխան տուն չունեն, մինչեւ հիմա չեն ստացել: Համ էլ էդ թոշակը մի քիչ բարձրացրեք, էլի, շատ քիչ է»: Այս առնչությամբ վարչապետն իր օգնականին խնդրեց գրանցել կնոջ տվյալները ու խոստացավ անպայման նրա որդու ընտանիքի տան հարցով զբաղվել, իսկ թոշակների համար էլ ասաց. «Մայրիկ ջան, 2 տարի առաջ 6 հազար էիր ստանում, հիմա 10 հազարի է հասել, էլի է բարձրանալու, մի՛ անհանգստացիր»:

Վարչապետն այցելեց նաեւ Մարտունի, ընտրողների հետ հանդիպեց Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակում: Մարտունեցիներն էլ իրենց բողոքները ներկայացրին նամակի տեսքով: Հանդիպման եկածների միջից մեզ մոտեցավ 6 երեխաների մայր Վերգինե Մանուկյանը, որն ասաց, որ ոչ մի պետական աջակցություն չի ստանում: Զոհված ազատամարտիկի կին Սոնա Ավշարյանն էլ ասաց, որ ինքն էլ մինչեւ այժմ իրեն հասանելիք բնակարանը չի ստացել. «Որ պարոն Սարգսյանին ընտրենք, լավ կլինի՞»,- հարցնում էին նրանք «Առավոտի» թղթակցին:

Գավառ քաղաքում էլ ելույթ ունեցավ Հրանուշ Հակոբյանը: Լինելով գավառեցի՝ նա իր համերկրացիներին կոչ արեց ընտրել հենց ՀՀԿ-ին:

Բոլոր հանդիպումներից առաջ ՀՀԿ-ի պատվին համերգներ էին կազմակերպվել: Սեւանցիներն էլ մեզ բողոքեցին, որ մոտ 1 շաբաթ առաջ իրենց քաղաքի ալրաղացի կոմբինատը փակվել է եւ 200 հոգի մնացել է անգործ: Երիտասարդներից ոմանք էլ դժգոհեցին, որ իրենց քաղաքում չկան ժամանցի վայրեր, եւ որ իշխանությունները երիտասարդներին հայրենի քաղաքներում, գյուղերում պահելու համար պետք է դրա մասին էլ մտածեն: Մինչ երիտասարդներն իրենց դժգոհություններն էին հայտնում՝ Ս. Սարգսյանն իր ելույթում նկատեց. «Եթե ուզում եք դրախտում ապրել, ընտրեք այն կուսակցություններին, ովքեր ձեզ դրախտ են խոստանում, իսկ եթե ուզում եք լավ Հայաստանում ապրել, ընտրեք Հանրապետական կուսակցությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել