Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«ԽՆԱՅԲԱՆԿԻ» ԱՎԱՆԴՆԵՐԸ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ՝ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՒՄ ԵՆ

Ապրիլ 30,2007 00:00

Հաշվառված ավանդատուներից շատերը մահացել են, իսկ թե մյուսները ե՞րբ կստանան իրենց փոխհատուցումը՝ հարց է:

Անցյալ տարի «մեծ շուքով» սկսված «Խնայբանկի» ավանդների վերադարձման պետության նախաձեռնած ակցիան, պարզվում է, ընդամենը աջակցություն է սոցիալապես անապահով ընտանիքներին: Սա ընդգծվեց հատկապես այն ժամանակ, երբ «Օրինաց երկիր» կուսակցությունը, որը նախաձեռնել էր ավանդների վերադարձման հարցը, դադարեց իշխանություն լինելուց: Եթե մեկ տարի առաջ իշխանությունները դիվիդենդներ շահելու համար գործընթացը համարում էին «Խնայբանկի» ավանդների վերադարձ, ապա այժմ շեշտադրումը փոխվել է եւ արդեն պետբյուջեից ավանդատուներին կատարվող վճարումները դիտարկում են ոչ թե որպես ավանդների վերադարձ, այլ՝ օգնություն նպաստառուներին: Այս հանգամանքը խորհրդային ավանդատուների շրջանում խոր հիասթափություններ ու դժգոհություններ է առաջացրել: Բացի այն, որ սեփական քրտինքով վաստակած գումարները վերադարձնելը կառավարությունը դիտում է որպես դրամական աջակցություն սոցիալապես անապահով ընտանիքներին, դեռ մի բան էլ ցանկացած չնչին պատրվակով բազմաթիվ մարդիկ դուրս են մնացել նպաստառուների ցուցակից եւ հետեւաբար՝ զրկվել են նաեւ ավանդի փոխհատուցման իրավունքից: Հիշեցնենք, որ կառավարության սահմանած կարգի համաձայն, ավանդի փոխհատուցման իրավունք ունեն միայն այն մարդիկ, ովքեր 2005 թ. հուլիսի 1-ից մինչեւ 2006 թ. ապրիլի 1-ն անընդմեջ ընդգրկված են եղել նպաստառուների ցուցակում:

Այս տարվա բյուջեից եւս նախատեսվում է 1 միլիարդ դրամ հատկացնել «Հայխնայբանկի» ավանդների փոխհատուցման համար: Ճիշտ այնքան, որքան հատկացված էր նախորդ տարի: Չնայած 2007-ի բյուջեն 2006-ի համեմատությամբ աճել է, սակայն ավանդների համար հատկացվող գումարները չեն ավելանում: Հատկապես որ, անցյալ տարի այդ մեկ միլիարդ դրամն ակնհայտորեն չբավականացրեց անգամ առաջնահերթության ցուցակի 9 կետերից գոնե առաջինում ընդգրկված ավանդատուներին փոխհատուցելու համար: Ի դեպ, այս տարի էլ փոխհատուցման գործընթացի՝ թղթաբանության, կազմակերպչական եւ այլ աշխատանքների ծախսերը նախատեսված է հոգալ այդ մեկ միլիարդից: «Առավոտը» աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետի տեղակալ Գրետա Գրիգորյանից հետաքրքրվեց, թե սոցծառայություններում հաշվառված մոտ 62 հազար ավանդատուից այս պահի դրությամբ որքա՞ն մարդ է փոխհատուցում ստացել: Տիկին Գրիգորյանի տվյալներով՝ շուրջ 8 հազար քաղաքացի: Այսինքն՝ 54 հազար ավանդատու էլ դեռեւս սպասում է փոխհատուցման: Ընդ որում, այդ 8 հազարը առաջնահերթության ցուցակի առաջին կետի ավանդատուների միայն մի մասն է: Հիշեցնենք, որ ցուցակի առաջին տեղում ընդգրկված են 70 տարին լրացած եւ դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուները: Հաշվի առնելով, որ նրանցից 160-ն արդեն մահացել է, չնայած հաշվառված էին եւ շուտով պետք է իրենց ավանդների փոխհատուցումը ստանային, պետության կողմից գումարների տրամադրման գործընթացը տարբեր պատճառաբանություններով ձգձգելը կարող է հանգեցնել նրան, որ այդ կետն ընդհանրապես ցուցակից հանվի եւ ծեր կենսաթոշակառուների համար նախատեսված գումարները տնտեսվեն: Ինչպես հավաստիացրեց Գ. Գրիգորյանը, հաշվառված ավանդատուի մահվան դեպքում անգամ նրա ամենամոտ հարազատները չեն կարող փոխհատուցումը ստանալ, քանի որ «դա աջակցություն է նպաստառուին, այլ ոչ թե նրա հարազատներին»:

Թե այս տարի առաջնահերթության ցուցակով մինչեւ որ կետը կփոխհատուցվի, Գ. Գրիգորյանը չէր կարող ասել. «Անցյալ տարի վիճահարույց հարցեր առաջացան. մարդկանց տվյալները ֆինանսների նախարարության ունեցած տվյալների բազայի հետ չէին համընկնում եւ այդ պատճառով ճշգրտումների կարիք եղավ, ինչի հետեւանքով ցուցակի առաջին կետի ավանդատուների մի մասի փոխհատուցման գործընթացը տեղափոխվեց այս տարի»: Ցուցակի հաջորդ կետը մինչեւ 70 տարեկան նպաստառու կենսաթոշակառուներն են, 3-րդը՝ միայնակ կենսաթոշակառուները, այնուհետեւ՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից եւ նրանց հավասարեցված անձինք, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ընթացքում մարտական գործողություններին մասնակցած անձինք եւ նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաեւ զոհվածի ընտանիքի անդամները եւ այլ խոցելի խմբեր:

Նկատի ունենալով պետության՝ ավանդատուներին փոխհատուցելու դանդաղ տեմպերը, դժվար չէ հաշվարկել, որ ցուցակում ընդգրկվածներն առաջիկա 10-15 տարիների ընթացքում իրենց գումարները հազիվ էլ ստանան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30