Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՁՈՒԿ Է ՍԻՐՈՒՄ

Ապրիլ 30,2007 00:00

\"\"Իսկ ընդհանրապես մեր երկիր այցելած բարձրաստիճան պաշտոնյաները նախընտրում են
գառան միս

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցեր կատարելիս քմահաճ չէ ոչ սննդի, ոչ էլ հյուրանոցների հարցում: Շատ պետությունների ղեկավարներ այլ երկրներ այցելելիս նախօրոք իրենց «մենյուն» են ներկայացնում, նույնիսկ իրենց խոհարարին են հետները տանում, որպեսզի սրտի ուզածով սնվեն: Սակայն մեր նախագահը թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում ուտում է գրեթե ամեն ինչ: Համենայնդեպս, «Առավոտի» հետ զրույցում այդպես էր հավաստիացնում ՀՀ նախագահի արարողակարգի ղեկավար Ֆադեյ Չարչօղլյանը. «Ռոբերտ Քոչարյանը սիրում է փորձել տարբեր ազգերի ուտեստները: Թու, թու, թու, նա առողջականի հետ կապված խնդիրներ չունի: Երբ նախապես գնում եմ հյուրընկալող պետություն՝ ճաշատեսակների ցանկը համաձայնեցնելու, երբեք խնդիր չենք դնում, թե մեր նախագահը ալերգիկ է կամ տվյալ ուտեստը իր սրտով չէ: Դրսում ոչ մի դիետիկ սնունդ չենք պատվիրում»: Ֆ. Չարչօղլյանի ներկայացմամբ, ամեն դեպքում, Ռոբերտ Քոչարյանն ունի նախընտրած ուտեստներ, օրինակ՝ նա շատ է սիրում ձկնեղեն, ծովային ուտեստներ եւ մսից պատրաստված ճաշատեսակներ:

Այլ երկրներից Հայաստան ժամանած բարձրաստիճան պաշտոնյաները եթե նախապես իրենց ճաշացանկը չեն պարտադրում խոհարարներին, ապա նրանց հիմնականում մատուցվում է գառան մսից պատրաստված կերակուրներ՝ խաշլամա եւ այլն: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետ Արմեն Գիչյանը, երբ ՀՀ նախագահը, վարչապետը, արտաքին գործերի նախարարը կամ ԱԺ եւ Սահմանադրական դատարանի նախագահներն այցելում են արտերկիր, Արարողակարգի ծառայությունը նախապես ծանոթանում է բոլոր այն վայրերին, որտեղ պետք է մեկնեն պատվիրակության անդամները, կազմվում է ճաշատեսակների ընտրանին, որոշում են, թե որտեղ պիտի հանգստանան ու գիշերեն պատվիրակները. «Մի խոսքով՝ հետաքրքրվում ենք ամեն ինչով, սկսած օդանավակայանից»:

Նույն գործառույթն էլ իրականացնում են, երբ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներն են մեզ հյուրընկալում: Եթե որեւէ պետության նախագահն է այցելում Հայաստան, նրա դիմավորման պաշտոնական արարողությունը կատարվում է նախագահի նստավայրին հարակից հրապարակում: Վարչապետի դիմավորման արարողությունը կայանում է հենց օդանավակայանում: Ըստ Ա. Գիչյանի, կախված ծրագրից, հյուրի նախասիրություններից, պաշտոնական ճաշը կարող է տեւել 45 րոպեից մինչեւ 1 ժամ 45 րոպե: Սովորաբար պաշտոնական ճաշերի ընթացքում հնչում է կենդանի կատարմամբ դասական հանգիստ երաժշտություն: Գործակալության պետի խոսքերով. «Երաժշտությունը չպետք է ռիթմիկ լինի, որպեսզի չխանգարի ճաշողներին, քանի որ շատ վճռորոշ հարցեր լուծվում են հենց ճաշի սեղանի շուրջ»: Իսկ, ընդհանրապես, Ֆ. Չարչօղլյանի ներկայացմամբ, մեր նախագահը

նախընտրում է ճաշել ջազի հնչյունների ներքո: Ըստ պարոն Գիչյանի, հայկական ճաշատեսակների եւ կերակուրների սիրահար են հատկապես ԱՊՀ երկրների պատվիրակները. «Մեր ժողովուրդներն իրար հետ շատ են շփվել եւ ծանոթ են միմյանց ազգային ճաշատեսակներին: Օրինակ, վերջերս պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ճաշացանկի գերակշիռ մասն ընտրել է հենց հայկական ճաշատեսակներից»: Սովորաբար՝ յուրաքանչյուր հյուրընկալող պետություն ջանում է բարձրաստիճան հյուրերին հյուրասիրել իր ազգային կերակուրները: Սննդի առումով որոշ բացառություններ են արվում Իրանից ժամանած պատվիրակների համար: Ճաշի սեղանին ոչ մի դեպքում չեն դրվում խոզի մսից պատրաստված ուտեստներ եւ ալկոհոլային խմիչքներ: Իսկ Իրանի նախագահի համար ճաշատեսակները պատրաստում են հենց Իրանից ժամանած խոհարարները: Եթե ուտեստը լինելու է մսից, ապա միսը պետք է լինի նոր մորթված:

Բացի այն, որ ՀՀ նախագահը Իրան այցելելիս սննդի հարցում նման սահմանափակումներ չի դնում իրանցի խոհարարների առջեւ, հյուրանոցում մնալիս էլ խիստ քմահաճ պահանջներ չի ներկայացնում: Որքան էլ արարողակարգի գործակալությունը ջանում է, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաների՝ այլ երկրներ այցերի ժամանակ ամեն ինչ տեղը տեղին լինի, երբեմն արարողակարգից շեղումներ լինում են: Օրինակ՝ Ֆ. Չարչօղլյանը պատմեց, որ մի անգամ ՀՀ նախագահի՝ Հնդկաստան այցելության ժամանակ ինչ հնարքների են դիմել նախագահի հողաթափերը ժամանակին տեղ հասցնելու համար. «Նա այցելելու էր Մահաթմա Գանդիի դամբարան, որտեղ մտնում են հողաթափերով: 2 րոպե էր մնացել նախագահի ժամանմանը, բայց միայն վերջին պահին հիշեցինք, որ այն պայուսակը, որի մեջ հողաթափերն էին, մոռացել էինք սենյակում: Երբ նախագահին ուղեկցողներից մեկը զանգեց ինձ, որ իմանա ամեն բան պատրա՞ստ է, կարո՞ղ են արդեն դուրս գալ, խնդրեցի, որ հողաթափերի պայուսակը նախագահի հետ բերեն: Նրանց ժամանելուն պես հողաթափերը վերցրել եմ ու ինչքան ուժ ունեմ վազքով հասցրել եմ դամբարան: Միայն հասցրել եմ շարել նախագահի եւ առաջին տիկնոջ հողաթափերը: Մնացածը հենց այնպես շուռ եմ տվել: Պատվիրակության անդամներից ով ինչ հասցրել է՝ հագել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30